«Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել»
«Ամէնքը անոր համար կը վկայէին ու կը զարմանային անոր բերնէն ելած շնորհալի խօսքերուն վրայ» (ՂՈՒԿԱՍ 4։22, Արևմտ. Աստ.)։
1, 2. ա) Ինչո՞ւ Հիսուսին ձերբակալելու ուղարկվածները ձեռնունայն վերադարձան։ բ) Ինչի՞ց է երևում, որ միայն այդ ծառայողներին չէ, որ տպավորել էր Հիսուսի ուսուցանելու հմտությունը։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ձերբակալելու ուղարկվածները չկատարեցին իրենց առաջադրանքը և ձեռնունայն վերադարձան։ Քահանայապետերն ու փարիսեցիները բացատրություն պահանջեցին՝ հարցնելով. «Ի՞նչու համար նորան չ’բերիք»։ Եվ իրոք, ինչո՞ւ նրանք չէին կարողացել ձերբակալել մի անզեն մարդու։ «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»,— ասացին նրանք։ Այդ մարդիկ այնքան էին տպավորվել Հիսուսի ուսուցանելու հմտությամբ, որ չէին համարձակվել կալանքի տակ վերցնել այդ խաղաղասեր անհատինa (Յովհաննէս 7։32, 45, 46, ԷԹ)։
2 Հիսուսի ուսուցանելու հմտությունը, սակայն, միայն այդ ծառայողներին չէ, որ տպավորել էր։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդիկ հոծ բազմություններով էին գնում նրան լսելու։ Իր հայրենի քաղաքի բնակիչները զարմանք էին ապրում՝ լսելով «նրա բերանից ելած շնորհալի խօսքեր[ը]» (Ղուկաս 4։22, ԷԹ)։ Մի քանի անգամ անհրաժեշտություն առաջացավ, որ Հիսուսը նավակի մեջ կանգնած խոսի մարդկանց առջև, որ հավաքվել էին Գալիլեայի ծովի ափին (Մարկոս 3։9; 4։1; Ղուկաս 5։1–3)։ Իսկ մի անգամ «խիստ շատ ժողովուրդ» էր եկել նրան լսելու։ Այդ մարդիկ օրերով մնացին Հիսուսի հետ՝ չնայած որ ուտելիք չունեին (Մարկոս 8։1, 2)։
3. Ի՞նչն էր հիմնականում օգնում Հիսուսին լինել մեծագույն ուսուցիչ։
3 Ի՞նչն էր Հիսուսին դարձնում մեծագույն ուսուցիչ։ Հիմնականում սերը։b Հիսուսը սիրում էր իր պատմած ճշմարտությունները, ինչպես նաև այն մարդկանց, ում ուսուցանում էր։ Սակայն նա նաև մի արտակարգ ունակություն ուներ՝ արդյունավետ մեթոդներով ուսուցանելու։ «Դիտարանի» այս համարի ուսումնասիրվող հոդվածներում մենք կքննարկենք նրա ուսուցանելու մեթոդներից մի քանիսը։ Նաև կտեսնենք, թե ինչպես կարող ենք գործադրել դրանք։
Պարզ և հասկանալի
4, 5. ա) Ինչո՞ւ էր Հիսուսը խոսում մարդկանց համար մատչելի լեզվով, և այդ կապակցությամբ ի՞նչն է ուշագրավ։ բ) Ինչպե՞ս է Լեռան քարոզի օրինակից երևում, որ ուսուցանելիս Հիսուսը պարզ էր խոսում։
4 Հաճախ կրթված անհատները խոսում են իրենց ունկնդիրների համար անհասկանալի լեզվով։ Սակայն եթե մարդիկ չհասկանան մեր խոսքերը, ինչպե՞ս օգուտ կքաղեն մեր ասածներից։ Ուսուցանելիս Հիսուսը երբեք չէր խոսում ուրիշներին անմատչելի լեզվով։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հարուստ բառապաշար նա պիտի ունենար։ Բայց հսկայական գիտելիքներ ունենալով հանդերձ՝ նա մտածում էր ոչ թե իր մասին, այլ իր ունկնդիրների։ Հիսուսը գիտեր, որ իրեն լսելու եկածներից շատերը «պարզ և անուս մարդիկ [էին]» (Գործք 4։13, ԱՆԹ)։ Ուստի նա խոսում էր այդ մարդկանց համար հասկանալի լեզվով, որպեսզի կարողանար հասնել նրանց սրտին։ Հիսուսը կարողանում էր խոր ճշմարտությունները փոխանցել պարզ խոսքերով։
5 Վերցնենք օրինակ Լեռան քարոզը, որ արձանագրված է Մատթէոսի 5։3–7։27–ում։ Այն ներկայացնելու համար Հիսուսից հավանաբար ընդամենը 20 րոպե է պահանջվել։ Սակայն այնտեղ խորը մտքեր են քննարկվում, որ ցույց են տալիս, թե ինչն է ընկած անբարոյականության, ամուսնալուծության, նյութապաշտության և նման այլ բաների հիմքում (Մատթէոս 5։27–32; 6։19–34)։ Այդքանով հանդերձ՝ այդ քարոզի մեջ բարդ կամ վերամբարձ խոսքեր չկան։ Դժվար թե հնարավոր լինի գտնել գեթ մի բառ, որ անհասկանալի լինի անգամ երեխային։ Պարզ է, թե ինչու էին մարդիկ, հիմնականում՝ հողագործներ, հովիվներ, ձկնորսներ, «զարմանում.... նորա վարդապետութեան վերայ» (Մատթէոս 7։28)։
6. Բերեք Հիսուսի կողմից ասված պարզ, բայց խորիմաստ արտահայտության օրինակներ։
6 Հիսուսը պարզ և կարճ արտահայտությունների միջոցով շատ խորիմաստ բաներ էր ասում։ Չնայած իր ժամանակներում տպագիր գրեր չկային՝ նա կարողացավ այնպես փոխանցել իր լուրը, որ այն անջնջելիորեն տպվեց իր ունկնդիրների մտքում ու սրտում։ Ահա մի քանի օրինակ. «Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել.... Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային», «Մի դատէք, որ չ’դատուիք», «Իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց», «Առողջները բժշկի կարօտ չեն, այլ հիւանդները», «Բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն», «Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն», «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը»c (Մատթէոս 6։24; 7։1, 2, 20, 21; 9։12, 13; 26։52, 53; Մարկոս 12։17, 18; Գործք 20։35, 36)։ Ու թեև այս տպավորիչ խոսքերն ասվել են 2 000 տարի առաջ, մինչև օրս էլ հեշտությամբ են հիշվում։
Հարցերի օգտագործում
7. Ինչո՞ւ էր Հիսուսը հարցեր տալիս։
7 Ուշագրավ է, որ Հիսուսը ուսուցանելիս հարցեր էր օգտագործում, թեև շատ ավելի քիչ ժամանակ կկորցներ, եթե իր ունկնդիրներին միանգամից ասեր պատասխանները։ Ինչո՞ւ էր նա այդպես վարվում։ Երբեմն խորաթափանց հարցերի միջոցով նա պատռում էր իր հակառակորդների դիմակը և այդպիսով լռեցնում նրանց (Մատթէոս 12։24–30; 21։23–27; 22։41–46)։ Շատ դեպքերում, սակայն, Հիսուսը «ժամանակ էր ծախսում» հարցեր տալու վրա, որպեսզի հաղորդեր ճշմարտությունները, մղեր իր ունկնդիրներին պատմելու իրենց սրտում եղածը, ինչպես նաև խթաներ ու մարզեր իր աշակերտների մտածողությունը։ Եկեք քննենք երկու օրինակ. երկուսն էլ՝ Պետրոս առաքյալի հետ կապված։
8, 9. Ինչպե՞ս Հիսուսը հարցերի միջոցով օգնեց, որ Պետրոսը ճիշտ եզրակացության գա տաճարի հարկի վճարման հարցում։
8 Հիշենք այն դեպքը, երբ հարկահավաքները հարցրին Պետրոսին, թե արդյոք Հիսուսը վճարելու է հարկը։d Պետրոսը, որ մի բան անելուց առաջ հաճախ երկար չէր մտածում, պատասխանեց, թե այո։ Հիսուսը փորձեց դիմել նրա տրամաբանությանը՝ հարցնելով. «Քեզ ի՞նչպէս է երեւում, Սիմօն, երկրի թագաւորներն ումի՞ց են առնում հարկը կամ տուրքը, իրանց որդիների՞ցը թէ օտարներիցը»։ Երբ Պետրոսը պատասխանեց, որ օտարներից, Հիսուսն ասաց. «Ապա ուրեմն ազատ են որդիները» (Մատթէոս 17։23–26)։ Հիսուսի հարցերի նպատակը պիտի որ հասկանալի լիներ Պետրոսին։ Ինչո՞ւ։
9 Հիսուսի օրերում թագավորական ընտանիքի անդամները ազատված էին հարկերից։ Ուստի Հիսուսից չպետք է հարկ գանձվեր, քանի որ նա այդ տաճարում պաշտվող երկնային Թագավորի միածին Որդին էր։ Ուշադրություն դարձրեք, որ Պետրոսին անմիջապես ճիշտ պատասխանն ասելու փոխարեն՝ Հիսուսը վարպետորեն և զգուշությամբ հարցեր տվեց՝ օգնելով, որ վերջինս անձամբ գա ճիշտ եզրակացության ու գուցե նաև տեսնի, որ մի բան ասելուց առաջ հարկավոր է ավելի լավ մտածել։
10, 11. Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը, երբ մ.թ. 33 թ.–ի Պասեքի գիշերը Պետրոսը կտրեց ինչ–որ մեկի ականջը, և ինչպե՞ս է դրանից երևում, որ Հիսուսը մեծ նշանակություն էր տալիս հարցերին։
10 Երկրորդ օրինակը կապված է այն միջադեպի հետ, որը տեղի ունեցավ մ.թ. 33 թ.–ի Պասեքի գիշերը, երբ ամբոխը եկել էր Հիսուսին ձերբակալելու։ Աշակերտները Հիսուսին առաջարկեցին պաշտպանության դիմել (Ղուկաս 22։49)։ Չսպասելով պատասխանի՝ Պետրոսը թրով կտրեց ինչ–որ մեկի ականջը (հավանաբար նա մտադրվել էր ավելի մեծ վնաս հասցնել այդ մարդուն)։ Սակայն Հիսուսը դեմ էր Պետրոսի այդ քայլին, քանի որ պատրաստ էր հանձնվելու։ Ի՞նչ արեց նա։ Իրեն հատուկ հանգստությամբ՝ Հիսուսը երեք հարց տվեց Պետրոսին. «այն բաժակը որ իմ Հայրը տուաւ ինձ, ես այն չ’խմե՞մ», «կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ», «ի՞նչպէս կը կատարուին գրքերը, թէ այսպէս պէտք է լինել» (Յովհաննէս 18։11; Մատթէոս 26։52–54)։
11 Մի պահ մտածեք. Հիսուսը շրջապատված էր մոլեգին ամբոխով, գիտեր որ մոտենում է իր մահը, և որ իրենից է կախված Հոր անվան սրբացումն ու մարդկության փրկությունը։ Այնուամենայնիվ, հենց այն պահին և հենց այնտեղ նա ժամանակ գտավ, որպեսզի հարցերի միջոցով Պետրոսի մտքում տպավորի այդ կարևոր ճշմարտությունները։ Ակնհայտ է ուրեմն, որ Հիսուսը մեծ նշանակություն էր տալիս հարցերին։
Ցայտուն հիպերբոլաներ
12, 13. ա) Ի՞նչ է հիպերբոլան։ բ) Ինչպե՞ս Հիսուսը հիպերբոլայի միջոցով ցույց տվեց, որ անխոհեմություն կլինի քննադատել մեր եղբայրներին իրենց ոչ այնքան լուրջ սխալների համար։
12 Ծառայության մեջ Հիսուսը ուսուցման մեկ ուրիշ արդյունավետ մեթոդ էլ էր օգտագործում. դա հիպերբոլաների գործածությունն էր։ Հիպերբոլան կանխամտածված չափազանցությունն է, որ արվում է ինչ–որ բան ընդգծելու նպատակով։ Այդ մեթոդը կիրառելով՝ Հիսուսը այնպիսի մտապատկերներ էր ստեղծում, որ դժվար էր մոռանալ։ Եկեք քննենք մի քանի օրինակներ։
13 Ուրիշներին դատելու հակվածությունից ձերբազատվելու անհրաժեշտությունը շեշտելով՝ Հիսուսը Լեռան քարոզում ասաց. «Ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում» (Մատթէոս 7։1–3)։ Փորձեք պատկերացնել. քննադատելու հակում ունեցող մեկը առաջարկում է իր եղբորը, որ նրա աչքից հանի ընդամենը մի «շյուղ»։ Այդ անհատը գուցե պնդում է, թե իր եղբայրը այնքան էլ պարզ չի «տեսնում» ճիշտ եզրահանգումներ անելու համար։ Սակայն ճիշտ եզրահանգումներ չի կարող անել հենց ինքը իր «գերանի» պատճառով, որն այնքան մեծ է, որ կարող է օգտագործվել որպես սյուն որևէ շինության համար։ Ինչպիսի՜ անմոռանալի մտապատկեր, որ ցույց է տալիս, թե որքան անխոհեմ կլինի քննադատել մեր եղբայրներին ոչ այնքան լուրջ սխալների համար, երբ մենք ինքներս ավելի մեծ սխալներ ենք գործում։
14. Ինչո՞ւ մժեղին քամելու և ուղտին կուլ տալու մասին Հիսուսի խոսքերը հատկապես տպավորիչ հիպերբոլա են հանդիսանում։
14 Մի անգամ Հիսուսը փարիսեցիներին անվանեց «կոյր առաջնորդներ, որ մժեղը քամում [են], բայց ուղտը կուլ [են] տալիս» (Մատթէոս 23։24)։ Սա առանձնապես տպավորիչ հիպերբոլա էր։ Ինչո՞ւ։ Փոքրիկ մժեղի և ուղտի (հրեաներին հայտնի ամենամեծ կենդանիներից մեկի) հակադրությունը շատ ազդեցիկ էր։ Որոշ հաշվարկներով՝ միջին չափերի ուղտի կշիռը հավասար է 70 միլիոն մժեղի կշռին։ Հիսուսը գիտեր նաև, որ փարիսեցիները կտորի միջոցով քամում էին իրենց գինին։ Կանոններին կառչած այդ մարդիկ դա անում էին հետագայում գինի խմելիս պատահմամբ մժեղ կուլ չտալու նպատակով, որպեսզի ծիսակարգի համաձայն՝ անմաքուր չդառնան։ Սակայն նրանք փոխաբերական իմաստով ուղտ էին կուլ տալիս, որը նույնպես անմաքուր կենդանի էր (Ղեւտացոց 11։4, 21–24)։ Հիսուսի ասելիքը պարզ էր. փարիսեցիները մանրախնդրորեն հետևում էին Օրենքի ամենափոքր պահանջներին, բայց անուշադրության էին մատնում կարևորը՝ «արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը» (Մատթէոս 23։23, ԷԹ)։ Հիսուսը պարզ ցույց տվեց, թե նրանք իրականում ովքեր են. և որքա՜ն լավ ձևով։
15. Որո՞նք են այն դասերից մի քանիսը, որ Հիսուսը սովորեցրել է հիպերբոլաների միջոցով։
15 Հիսուսը իր ծառայության ընթացքում հաճախ էր օգտագործում հիպերբոլաներ։ Ահա ևս մի քանի օրինակ։ «Մանանեխի հատի չափ հաւատք», որ կարող է սար տեղաշարժել. դժվար է ավելի լավ ձև պատկերացնել շեշտելու համար այն ճշմարտությունը, որ նույնիսկ փոքր հավատ ունենալու դեպքում մարդ շատ բան կարող է անել (Մատթէոս 17։19)։ Եվս մեկը. մեծ ուղտ, որը փորձում է խցկվել ասեղի անցքի մեջ. որքան լավ է այս օրինակը ցույց տալիս, թե հարուստ մարդու համար ինչ դժվար կլինի ծառայել Աստծուն, եթե նա կառչած մնա նյութապաշտական ապրելակերպից (Մատթէոս 19։24)։ Հիացմունք չի՞ պատճառում արդյոք Հիսուսի վառ և պատկերավոր լեզուն ու քիչ խոսքերով մեծ արդյունքների հասնելու ունակությունը։
Անժխտելի տրամաբանական փաստարկներ
16. Ի՞նչ նպատակով էր Հիսուսը միշտ օգտագործում իր մտավոր կարողությունները։
16 Կատարյալ ուղեղի տեր լինելով՝ Հիսուսը վարպետ էր տրամաբանական փաստարկների միջոցով մարդուն ճիշտ եզրահանգումների մղելու մեջ։ Սակայն նա երբեք սխալ կերպով չէր գործածում իր այդ ունակությունը։ Ուսուցանելիս նա իր մտավոր կարողություններն օգտագործում էր ի նպաստ ճշմարտության։ Երբեմն նա տրամաբանական ուժեղ փաստարկների միջոցով հերքում էր իր հակառակորդների կեղծ մեղադրանքները։ Սակայն մեծամասամբ Հիսուսն իր տրամաբանությունը գործի էր դնում աշակերտներին կարևոր դասեր սովորեցնելու նպատակով։ Եկեք տեսնենք, թե ինչ հիանալի հմտությամբ էր նա անում այդ։
17, 18. Տրամաբանական ի՞նչ ուժեղ փաստարկներ բերեց Հիսուսը՝ իր դեմ ուղղված կեղծ մեղադրանքները հերքելու նպատակով։
17 Քննենք այն դեպքը, երբ Հիսուսը բուժեց մի դիվահար մարդու, որը կույր էր և չէր կարողանում խոսել։ Լսելով այդ մասին՝ փարիսեցիներն ասացին. «Դա դեւերն ուրիշ բանով չէ հանում, բայց միայն դեւերի իշխան Բէեղզեբուղի [Սատանայի] ձեռովը»։ Ուշադրություն դարձրեք, որ փարիսեցիներն ընդունեցին, որ դև հանելու համար գերմարդկային զորություն է հարկավոր։ Սակայն որպեսզի մարդիկ չսկսեն հավատալ Հիսուսին, փարիսեցիները վերագրեցին նրա զորությունը Սատանային։ Ցույց տալով, որ նրանց բերած փաստարկը տրամաբանական չէ՝ Հիսուսը պատասխանեց. «Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դէմ բաժանուած է՝ չի մնալ։ Եւ թէ որ սատանան սատանային հանում է, իր դէմ բաժանուեցաւ. էլ ի՞նչպէս նորա թագաւորութիւնը կ’կենայ» (Մատթէոս 12։22–26)։ Փաստորեն Հիսուսն ասաց, որ եթե Սատանայի գործակալը քանդում է նրա իսկ գործերը, ուրեմն Սատանան գործում է իր իսկ շահերի դեմ և շուտով ընկնելու է։ Հզոր տրամաբանություն, այնպես չէ՞։
18 Այնուհետև Հիսուսը շարունակեց փաստարկներ բերել։ Տեղյակ լինելով, որ հենց փարիսեցիների դասին պատկանող որոշ անհատներ դևեր են հանում, նա պարզ, բայց ջախջախիչ մի հարց տվեց. «Եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերը, ձեր որդիքն [կամ աշակերտներն] ի՞նչով են հանում» (Մատթէոս 12։27)։ Հիսուսի բերած փաստարկն, ըստ էության, հետևյալն էր. եթե ես Սատանայի ուժով եմ դևեր հանում, ուրեմն ձեր աշակերտներն էլ են նույն զորությամբ անում այդ։ Ի՞նչ պիտի պատասխանեին փարիսեցիները. իհարկե չէին ասի, որ իրենց աշակերտները գործում են Սատանայի ազդեցությամբ։ Այսպիսով՝ անժխտելի տրամաբանական փաստարկների միջոցով Հիսուսը ցույց տվեց, որ իր դեմ հարուցված մեղադրանքները անհեթեթ էին։
19, 20. ա) Տրամաբանական փաստարկների միջոցով ի՞նչ օգնություն էր մարդկանց ցույց տալիս Հիսուսը։ բ) Ինչպե՞ս Հիսուսն օգտագործեց «որքան ավելի» տրամաբանությունը աղոթել սովորեցնելու մասին իր աշակերտների խնդրանքը կատարելիս։
19 Իր հակառակորդներին լռեցնելուց բացի, Հիսուսը համոզիչ տրամաբանական փաստարկների օգնությամբ սիրտ ջերմացնող և ոգևորություն պատճառող ճշմարտություններ էր սովորեցնում Եհովայի մասին։ Շատ անգամ նա տրամաբանական փաստարկների մի շղթա էր օգտագործում, որը կարելի է անվանել «որքան ավելի»։ Դրա շնորհիվ նա կարողանում էր օգնել իր ունկնդիրներին իրենց ծանոթ ճշմարտությունների միջոցով ուրիշ ճշմարտություններ հասկանալու։ Քննենք երկու օրինակ։
20 Աղոթել սովորեցնելու մասին իր աշակերտների խնդրանքը կատարելով՝ Հիսուսը օրինակ բերեց մի մարդու, որը հաստատակամության շնորհիվ ի վերջո մղեց իր ընկերոջը կատարել իր խնդրանքը, թեև ընկերն այդ անելու ցանկություն չուներ։ Հետո Հիսուսը նաև ցույց տվեց, թե ինչ պատրաստակամությամբ են ծնողները «բարի պարգեւներ տալ[իս]» իրենց երեխաներին։ Ապա նա արեց հետևյալ եզրակացությունը. «Եթէ դուք որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։1–13)։ Այս համեմատությունների միջոցով Հիսուսը ոչ թե նմանություն էր ցույց տալիս, այլ հակադրություն։ Եթե օգնություն ցույց տալու ցանկություն չունեցող ընկերը ի վերջո կատարում է իր մերձավորի խնդրանքը, եթե անկատար ծնողները հոգ են տանում իրենց երեխաների համար, առավել ևս՝ մեր սիրառատ երկնային Հայրը. նա պատրաստ է սուրբ ոգի պարգևել իրեն խոնարհաբար աղոթքով մոտեցող իր հավատարիմ ծառաներին։
21, 22. ա) Տրամաբանական ի՞նչ փաստարկներ բերեց Հիսուսը, երբ տվեց նյութականով մտահոգված լինելու վերաբերյալ իր խորհուրդը։ բ) Հիսուսի ուսուցանելու մեթոդներից մի քանիսը քննելով՝ ի՞նչ եզրակացության կարող ենք գալ։
21 Նյութականով մտահոգված լինելու վերաբերյալ իր խորհուրդը տալու ժամանակ ևս Հիսուսը տրամաբանական փաստարկներ բերեց։ Նա ասաց. «Մտիկ արէք ագռաւներին. որ ոչ սերմում են եւ ոչ հնձում են. որոնք ոչ շտեմարաններ ունին եւ ոչ ամբարներ, եւ Աստուած կերակրում է նորանց. դուք ո՞րքան աւելի արժէք ունիք թռչուններիցը։ Մտիկ արէք շուշաններին. ինչպէս են մեծանում. ոչ ջանք են անում եւ ոչ մանում.... Իսկ եթէ յանդի խոտն, որ այսօր կայ եւ էգուց փռան մէջ է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, ո՞րքան եւս առաւել ձեզ, թերահաւատներ» (Ղուկաս 12։24, 27, 28)։ Այո՛, եթե Եհովան հոգ է տանում թռչունների ու ծաղիկների համար, առավել ևս նա հոգ կտանի իր ծառաների մասին։ Ջերմ խոսքերով ներկայացված այս ազդեցիկ տրամաբանությունը անկասկած հասավ Հիսուսի ունկնդիրների սրտերին։
22 Հիսուսի ուսուցանելու մեթոդներից մի քանիսը քննելուց հետո հեշտությամբ կարող ենք եզրակացնել, որ նրան ձերբակալելու եկած, բայց իրենց հանձնարարությունը չկատարած ծառայողները ոչ մի դեպքում չէին չափազանցնում, երբ ասում էին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։ Պետք է նշել սակայն, որ որպես ուսուցիչ՝ Հիսուսը հատկապես հայտնի է իր օրինակներով կամ առակներով։ Ինչո՞ւ էր նա օգտագործում այդ մեթոդը։ Ինչի՞ շնորհիվ էին նրա օրինակներն այդքան տպավորիչ։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Ուղարկվածները, ըստ երևույթին, Ատյանի աշխատողներ էին ու ենթակա էին քահանայապետերին։
b Տե՛ս «Ես ձեզ օրինակ տուի» և ‘Եկ իմ ետևից’ հոդվածները «Դիտարան» պարբերագրի 2002 թ. օգոստոսի 15–ի համարում։
c Այս վերջինը, որ գտնվում է Գործք 20։35–ում, հիշատակվել է միայն Պողոս առաքյալի կողմից։ Այնուամենայնիվ, Ավետարաններում արտացոլված է այդ խոսքերի ոգին։ Հավանաբար, Պողոսին դրանք հայտնել է Հիսուսին տեսած մեկ այլ աշակերտ, կամ՝ հենց հարություն առած Հիսուսը, կամ էլ գուցե նա իմացել է դրանք աստվածային հայտնությամբ (Գործք 22։6–15; Ա Կորնթացիս 15։6, 8)։
d Հրեաները ամեն տարի երկու դրախմայի (երկու օրվա աշխատավարձ) չափով հարկ էին վճարում տաճարին։ Վերցված գումարն օգտագործվում էր տաճարի շենքը բարվոք վիճակում պահելու, այնտեղ իրականացվող ծառայությանը աջակցելու և ժողովրդի համար ամեն օր մատուցվող զոհաբերությունները ապահովելու նպատակով։
Հիշո՞ւմ եք
• Ո՞ր օրինակներից է երևում, որ Հիսուսը խոսում էր պարզ ու հասկանալի լեզվով։
• Ինչո՞ւ էր Հիսուսը ուսուցանելիս հարցեր օգտագործում։
• Ի՞նչ է հիպերբոլան, և ինչպե՞ս էր Հիսուսն օգտագործում ուսուցման այդ մեթոդը։
• Ինչպե՞ս էր Հիսուսը գործածում տրամաբանական փաստարկների մեթոդը, որպեսզի իր աշակերտներին սովորեցներ Եհովայի մասին սրտագրավ ճշմարտությունները։
[նկար 9–րդ էջի վրա]
Հիսուսը խոսում էր հասարակ մարդկանց համար պարզ ու հասկանալի լեզվով
[նկար 10–րդ էջի վրա]
Փարիսեցիները «մժեղը քամում [էին], բայց ուղտը կուլ [էին] տալիս»