ԳԼՈՒԽ 42
Հիսուսը հանդիմանում է փարիսեցիներին
ՄԱՏԹԵՈՍ 12։33–50 ՄԱՐԿՈՍ 3։31–35 ՂՈՒԿԱՍ 8։19–21
ՀԻՍՈՒՍԸ ԽՈՍՈՒՄ Է «ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵԻ ՆՇԱՆԻ» ՄԱՍԻՆ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՄՏԵՐԻՄ ԵՆ ԻՐ ՀԱՄԱՐ, ՔԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Մերժելով այն փաստը, որ Հիսուսը դևերին հանում է Աստծու զորությամբ՝ դպիրներն ու փարիսեցիները կանգնում են աններելի մեղք գործելու՝ սուրբ ոգու դեմ հայհոյելու վտանգավոր սահմանի վրա։ Այսպիսով՝ ո՞ւմ կողմը նրանք դիրք կբռնեն՝ Աստծո՞ւ, թե՞ Սատանայի։ Հիսուսն ասում է. «Կա՛մ ծառը լավը դարձրեք և նրա պտուղը՝ լավ, կա՛մ էլ ծառը փտած դարձրեք և նրա պտուղն էլ փտած, որովհետև ծառը իր պտղից է ճանաչվում» (Մատթեոս 12։33)։
Անհեթեթություն է մտածել, թե Հիսուսի բերած «լավ պտուղը»՝ դևերին հանելը, արդյունք է այն բանի, որ նա Սատանային է ծառայում։ Հիսուսը իր Լեռան քարոզում հստակ նշել է, որ եթե պտուղը լավն է, ուրեմն ծառը նույնպես լավն է։ Իսկ ի՞նչ են ցույց տալիս փարիսեցիների բերած պտուղները՝ Հիսուսի դեմ ուղղած նրանց անհիմն մեղադրանքները։ Դրանք ցույց են տալիս, որ նրանք «փտած ծառ են»։ Հիսուսն ասում է նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ դուք ինքներդ չար եք։ Չէ՞ որ սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթեոս 7։16, 17; 12։34)։
Այո՛, մեր խոսքերը ցույց են տալիս մեր սրտի վիճակը և հիմք են հանդիսանում դատաստանի համար։ Հիսուսը զգուշացնում է. «Ասում եմ ձեզ. ամեն անպետք խոսքի համար, որ մարդիկ խոսում են, հաշիվ պիտի տան Դատաստանի օրը, որովհետև քո խոսքերով պիտի արդար հայտարարվես և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոս 12։36, 37)։
Թեև փարիսեցիներն ու դպիրները տեսնում են Հիսուսի կատարած զորավոր գործերը, սակայն պահանջում են, որ նա ավելին անի։ Նրանք ասում են. «Ուսուցի՛չ, ուզում ենք նշան տեսնել քեզնից»։ Անկախ այն բանից՝ նրանք տեսել են Հիսուսի կատարած հրաշքները, թե ոչ, նրա զորավոր գործերի մասին վկայում են բազմաթիվ ականատեսներ։ Ուստի Հիսուսը ասում է այդ հրեա առաջնորդներին. «Չար և շնացող սերունդը շարունակ նշան է փնտրում, սակայն բացի Հովնան մարգարեի նշանից, ուրիշ ոչ մի նշան չի տրվի նրան» (Մատթեոս 12։38, 39)։
Հիսուսը բացատրում է, թե ինչ նկատի ունի. «Ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց մեծ ձկան փորում, այնպես էլ մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կլինի երկրի սրտում»։ Հովնանին մի մեծ ձուկ կուլ տվեց, սակայն երեք օր անց նա դուրս եկավ ձկան փորից, ասես հարություն առավ։ Այս խոսքերն ասելով՝ Հիսուսը մարգարեանում է, որ ինքը մահանալու է և երրորդ օրը հարություն է առնելու։ Երբ հետագայում դա տեղի է ունենում, հրեա առաջնորդները մերժում են «Հովնան մարգարեի նշանը»՝ չցանկանալով զղջալ ու փոխվել (Մատթեոս 27։63–66; 28։12–15)։ Ի տարբերություն նրանց՝ Նինվեի բնակիչները զղջացին, երբ Հովնանը քարոզեց նրանց։ Այդ պատճառով նինվեցիները կդատապարտեն այս սերնդին։ Հիսուսը նաև ասում է, որ Սաբայի թագուհին նույնպես իր օրինակով «կդատապարտի նրանց»։ Նա շատ էր ցանկանում լսել Սողոմոնի իմաստությունը և հիանում էր դրանով։ Եվ հիմա Հիսուսն ասում է. «Ահա Սողոմոնից էլ մեծն է այստեղ» (Մատթեոս 12։40–42)։
Հիսուսը այս չար սերնդի իրավիճակը նմանեցնում է մի մարդու, ում միջից անմաքուր ոգի է դուրս գալիս (Մատթեոս 12։45)։ Բայց քանի որ այդ մարդը դատարկ մնացած տեղը լավ բաներով չի լցնում, անմաքուր ոգին վերադառնում է յոթ ավելի չար ոգիների հետ և մտնում այդ մարդու մեջ։ Իսրայել ժողովուրդը նույնպես մաքրվել է ու փոխվել, ինչպես այն մարդը, ում միջից դուրս է եկել անմաքուր ոգին։ Բայց այդ ազգը մերժել է Աստծու մարգարեներին և այժմ նույնիսկ հակառակվում է Հիսուսին, որը, ինչպես ակնհայտ երևում է, ունի Աստծու սուրբ ոգին։ Սա հստակ ցույց է տալիս, որ հիմա այդ ազգը ավելի վատ վիճակում է, քան եղել է այն ժամանակ, երբ նոր էր ընտրվել որպես Աստծու ժողովուրդ։
Երբ Հիսուսը խոսում է, նրա մայրն ու եղբայրները գալիս են և կանգնում հավաքված ամբոխի մոտ։ Հիսուսի կողքին նստած մարդկանցից մեկը ասում է նրան. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած ուզում են տեսնել քեզ»։ Այդ պահին Հիսուսը ցույց է տալիս, թե որքան մտերիմ են իր համար իր աշակերտները, ովքեր կարծես իր հարազատ եղբայրները, քույրերը կամ մայրերը լինեն։ Նա, ձեռքը մեկնելով դեպի իր աշակերտները, ասում է. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ լսում են Աստծու խոսքը և կատարում» (Ղուկաս 8։20, 21)։ Այդ խոսքերով նա ցույց է տալիս, որ որքան էլ թանկ լինեն բարեկամական կապերը, աշակերտների հետ ունեցած փոխհարաբերությունները ավելի թանկ են իր համար։ Իսկապես որքա՜ն հաճելի է վայելել նման մտերմություն մեր հոգևոր եղբայրների հետ, հատկապես երբ մեր շրջապատում ուրիշները կասկածամտորեն ու քննադատաբար են վերաբերվում մեզ և մեր արած բարի գործերին։