Կրո՞նն է մարդկության պրոբլեմների հիմնական պատճառը
«ԵՐԲ կրոնը չի քաջալերում գժտություններ, այն գործում է ինչպես թմրանյութ, որը բթացնում է մարդու խիղճը ու լցնում մարդկային ուղեղը ֆանտազիաներով, որոնք անհատին կտրում են իրականությունից։ ....[Կրոնը] մարդուն դարձնում է նեղ մտածողության տեր, լցնում է նախապաշարումներով, ատելությամբ ու վախով»։ Այս խոսքերի հեղինակը, որ նախկինում մեթոդիստական կրոնի միսիոներ է եղել, այնուհետև ավելացնում է. «Այդ մեղադրանքները արդարացի են. կա լավ և վատ կրոն» («Start Your Own Religion»)։
«Դա անտեղի քննադատություն է»,— գուցե ասեն ոմանք։ Բայցևայնպես, ո՞վ կարող է ժխտել պատմական փաստերը։ Լինելով «Աստծուն կամ գերբնական ուժերին մատուցվող ծառայություն և երկրպագություն», ինչպես որ տրվում է կրոնի նկարագրությունը մի բառարանում՝ այն մեծամասամբ ունեցել է սարսափելի պատմություն. կրոնը պետք է որ լուսավորեր ու ոգեշնչեր մեզ, բայց արի ու տես, որ ավելի հաճախ նրա արածները ծնում են գժտություն, անհանդուրժողականություն և ատելություն։ Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում։
Մոլորեցնող ‘լույսի հրեշտակը’
Համաձայն Աստվածաշնչի՝ պատասխանը շատ պարզ է։ Ներկայացնելով իրեն իբրև ‘լույսի հրեշտակ’՝ Բանսարկու Սատանան միլիոնավոր մարդկանց մոլորեցնում է, որպեսզի հետևեն իր ուսուցումներին և ոչ Աստծո (Բ Կորնթացիս 11։14)։ Հովհաննես առաքյալը ցույց տվեց, թե որքան մեծ է Սատանայի ազդեցության ոլորտը՝ ասելով. «Բոլոր աշխարհքը չարութեան մէջ է [«Չարի իշխանության տակ է», ՆԱ]» (Ա Յովհաննէս 5։19)։ Հովհաննեսը գիտեր, որ Սատանան հանդիսանում է «բովանդակ աշխարհքը մոլորեցնողը» (Յայտնութիւն 12։9)։
Ի՞նչ հետևանքներ է դա ունեցել։ Սատանան առաջ է բերել կրոնական համակարգեր, որոնք արտաքուստ սուրբ են երևում։ Նրանք «աստուածպաշտութեան կերպարանքն» ունեն, սակայն նրանց բուն էությունը բացահայտվում է չար պտուղներով (Բ Տիմոթէոս 3։5; Մատթէոս 7։15–20)։ Այդպիսի կրոնը, մարդկության պրոբլեմները լուծելու փոխարեն, կարող է ինքը պրոբլեմ դառնալ։
Մի՛ շտապեք այս միտքը համարել անբնական կամ անտրամաբանական։ Հիշեք, որ խաբեության էությունը հենց նրանում է, որ խաբված մարդը այդ մասին անտեղյակ է լինում։ Այդպիսի անտեղյակության մի օրինակ բերեց Պողոսը՝ գրելով. «Այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն» (Ա Կորնթացիս 10։20)։ Այդ մարդիկ հավանաբար կցնցվեին, եթե իմանային, որ դևերին են երկրպագություն մատուցում։ Նրանք մտածում էին, որ իրենք երկրպագում են բարի ու լավ աստծո կամ աստվածների։ Սակայն իրականում նրանք խաբվում էին «այն չար հոգիների.... [կողմից] որ երկնաւորների մէջ են», և որոնք Սատանային աջակցում են մարդկությանը մոլորության մեջ գցելու հարցում (Եփեսացիս 6։12)։
Տեսնենք, օրինակ, թե ինչպես է Սատանային հաջողվել խաբել ու մոլորեցնել բազմաթիվ կարծեցյալ քրիստոնյաների, ովքեր իրենց թույլ տվեցին անտեսել Հովհաննես առաքյալի նախազգուշացումը այդ չար ազդեցության վերաբերյալ (Ա Կորնթացիս 10։12)։
Այն, ինչ սովորեցնում էր Հիսուսը, բխում էր Աստծուց
«Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է»,— ասաց Հիսուս Քրիստոսը (Յովհաննէս 7։16)։ Եվ իրոք, այն, ինչ սովորեցնում էր նա, բխում էր Ամենակարող Աստծուց։ Այդ իսկ պատճառով Հիսուսի ուսուցանածը զորեղ, վեհացնող ազդեցություն էր ունենում լսողների վրա։ Դրանք չէին «բթացնում մարդու խիղճը ու լցնում մարդկային ուղեղը ֆանտազիաներով, որոնք անհատին կտրում են իրականությունից»։ Ընդհակառակը՝ Հիսուսի ուսուցումները մարդկանց ազատագրում էին կրոնական կեղծիքից ու մարդկային փիլիսոփայություններից, որոնց սկզբնաղբյուրը աշխարհն է, որը Սատանայի խաբեությունների պատճառով ‘խավարված է մտքով’ (Եփեսացիս 4։18; Մատթէոս 15։14; Յովհաննէս 8։31, 32)։
Ճշմարիտ քրիստոնյաները աչքի էին ընկնում ոչ թե լոկ աստվածապաշտության ցուցադրումով, այլ հավատով, որն արտացոլում էր այն գեղեցիկ հատկությունները, որ առաջ է բերում Աստծո սուրբ ոգին (Գաղատացիս 5։22, 23; Յակոբոս 1։22; 2։26)։ Դրանցից ամենամեծ չափով աչքի ընկնողը սերն է՝ վսեմ մի հատկություն, որը հանդիսանում է նաև ճշմարիտ քրիստոնեությանը բնորոշող հատկանիշ (Յովհաննէս 13։34, 35)։
Ուշադրություն դարձրեք, սակայն, մի շատ կարևոր հանգամանքի վրա. ոչ Հիսուսը և ոչ էլ իր աշակերտները չէին սպասում, թե քրիստոնեական ժողովը կշարունակի գոյություն ունենալ իր նույն այն տեսքով, որն ուներ հաստատման սկզբնական շրջանում։ Նրանք գիտեին, որ հավատուրացությունը գլուխ էր բարձրացնելու, և ճշմարիտ երկրպագությունը որոշակի ժամանակահատվածում մնալու էր ստվերի տակ։
Ճշմարիտ կրոնը՝ միառժամանակ ծածկված
Ցորենի ու որոմների մասին պատկերավոր օրինակի միջոցով Հիսուսը վաղօրոք հայտնեց, որ մի որոշ ժամանակ ճշմարիտ կրոնը ամբողջովին ծածկված է լինելու։ Կարող եք ինքներդ ընթերցել Աստվածաշնչի այդ հատվածը՝ Մատթէոս 13։24–30, 36–43–ը։ Հիսուսը արտում ցորեն ցանեց՝ «բարի սերմ»։ Այս արտահայտությամբ նկարագրվում էին նրա հավատարիմ աշակերտները, որոնցից կազմված էր լինելու սկզբնական քրիստոնեական ժողովը։ Նա զգուշացրեց, որ «թշնամին»՝ Բանսարկու Սատանան, ցորենի արտում ցանելու էր իր «որոմները». դրանք լինելու էին մարդիկ, ովքեր ձևացնելու էին, թե հետևում են Հիսուս Քրիստոսին, բայց իրականում մերժելու էին նրա ուսուցումները։
Շատ ժամանակ չէր անցել Հիսուսի առաքյալների մահից, երբ հայտնվեցին այն անձնավորությունները, որոնք դրսևորեցին իրենց որպես որոմներ՝ գերադասելով ընդունել մարդու կողմից հնարված ծուռումուռ ուսուցումները, քան թե «Տիրոջ խօսքը» (Երեմիա 8։8, 9; Գործք 20։29, 30)։ Հետևանքը եղավ այն, որ մի աղավաղված ու կեղծ քրիստոնեություն հայտնվեց աշխարհի թատերաբեմում։ Այդ քրիստոնեությանը ղեկավարում էր, Աստվածաշնչի խոսքերով ասած, «այն անօրէնը»՝ արատավոր հոգևորական դասը, որ ներծծված էր «անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով» (Բ Թեսաղոնիկեցիս 2։6–10)։ Հիսուսը նախապես հայտնեց, որ այդ իրավիճակը կփոխվի իրերի համակարգի վերջին։ Ցորենի հետ համեմատվող քրիստոնյաները կհամախմբվեն մեկտեղ, իսկ որոմները վերջին հաշվով կոչնչացվեն։
Այս կեղծ քրիստոնեությունն է պատասխանատու հետագայում վրա հասած հոգևոր խավարի ու «անհուսալի բարբարոսության հարյուրամյակների» համար, որ պարուրեց քրիստոնյա աշխարհին։ Կանխատեսելով սա և մյուս բոլոր գարշելի ու վայրագ գործողությունները, որ այդ ժամանակից ի վեր կատարվել են կրոնի անունով՝ Պետրոս առաքյալը ճշգրիտ կերպով ասաց, որ «[կարծեցյալ քրիստոնյաների] պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի» (Բ Պետրոս 2։1, 2)։
«Մոլեգնության և ատելության աստվածաբանություն»
Անշուշտ միայն քրիստոնեական աշխարհը չէ, որ վատ համբավ է ստեղծել կրոնի վերաբերյալ։ Հիշենք, օրինակ, «ագրեսիվ աստվածապաշտության» ֆունդամենտալիստական տարատեսակները, որ ըստ նախկին միանձնուհի Քերըն Արմսթրոնգի՝ ծնվել են «բոլոր հիմնական կրոնական ավանդույթներից»։ Նրա կարծիքով՝ ցանկացած կրոնի որոշիչ հատկանիշ պետք է լինի այն հանգամանքը, թե որքանով է նա առաջնորդում դեպի «գործերով դրսևորվող գթության»։ Այս հարցում ի՞նչ է ցույց տվել ֆունդամենտալիստական կրոնների պատմությունը։ «Ֆունդամենտալիզմը,— գրում է Արմսթրոնգը,— լինի դա հուդայական, քրիստոնեական թե մահմեդական, չի համապատասխանում այդ կարևոր չափանիշին, եթե վերածվում է մոլեգնության ու ատելության աստվածաբանության» («The Battle for God—Fundamentalism in Judaism, Christianity and Islam»)։ Արդյո՞ք միայն ֆունդամենտալական կրոնների ամբողջությունն է, որ թերացել է դրանում ու վերածվել «մոլեգնության և ատելության աստվածաբանության»։ Պատմությունը ցույց է տալիս, որ՝ ոչ։
Սատանան, փաստորեն, կառուցել է կեղծ կրոնի համաշխարհային կայսրություն, որն աչքի է ընկնում մոլեգնությամբ, ատելությամբ և գրեթե անվերջանալի արյունահեղություններով։ Այս կայսրությունը Աստվածաշունչն անվանում է «Մեծ Բաբիլոն.... երկրի գարշելիների մայրը», և այն նկարագրվում է որպես մի անառակ կին, որն ընթանում է՝ գազանանման քաղաքական համակարգի մեջքին նստած։ Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ նա պիտի պատասխան տա ‘երկրի վրա բոլոր սպանվածների արյան’ համար (Յայտնութիւն 17։4–6; 18։24)։
Բոլորը չէ, որ մոլորվեցին
Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են ընկել մոլորության մեջ։ Նույնիսկ ամենախավար ժամանակներում, ինչպես նկատում է Մելվին Բրագը, «բազմաթիվ հիանալի անձնավորություններ բարին են գործել, այն դեպքում, երբ նրանց շրջապատի մարդիկ զբաղվում էին չարագործությամբ»։ Ճշմարիտ քրիստոնյաները շարունակեցին երկրպագել Աստծուն «հոգով եւ ճշմարտութիւնով» (Յովհաննէս 4։21–24)։ Նրանք հեռու մնացին այն համաշխարհային կրոնական համակարգից, որը փաստորեն պոռնկությամբ էր զբաղվում՝ հանդես գալով որպես «պատերազմների ջատագով»։ Նրանք մերժեցին գործակից լինել եկեղեցուն և պետությանը, որոնք, ինչպես պատմությունն է ցույց տալիս, «ավելի շատ Սատանայի կողմից են հովանավորվում, քան Հիսուս Նազովրեցու» («Two Thousand Years—The Second Millennium։ From Medieval Christendom to Global Christianity»)։
Համեմատաբար վերջերս Եհովայի վկաները ճանաչում են գտել հասարակության վրա իրենց թողած դրական ներգործությամբ։ Կեղծ կրոնի որևէ «հիվանդությամբ» չվարակվելու համար նրանք իրենց հավատալիքներն ու գործերը հիմնել են միմիայն Աստվածաշնչի՝ Աստծո ներշնչմամբ գրված Խոսքի վրա (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Առաջին դարի քրիստոնյաների նման՝ նրանք հետևել են Հիսուսի այն պատվերին, ըստ որի՝ նրանք պետք է ‘աշխարհից չլինեին’ (Յովհաննէս 15։17–19; 17։14–16)։ Նացիստական Գերմանիայում, օրինակ, նրանք մերժեցին փոխզիջումների գնալ իրենց քրիստոնեական սկզբունքների հարցում և նացիստական գաղափարախոսության կողմնակիցների համար դարձան անընդունելի։ Այդ էր պատճառը, որ Հիտլերը ատում էր նրանց։ Դպրոցական մի դասագրքում այսպես է ասվում. «Եհովայի վկաները.... հետևում էին աստվածաշնչյան ուսուցմանը այն բանի վերաբերյալ, որ ոչ մի դեպքում չպետք է զենք վերցնել։ Նրանք մերժում էին ծառայել բանակում կամ նացիստների հետ գործ ունենալ։ Ի պատասխան՝ էսէսականները բանտարկում էին Եհովայի վկաների ամբողջ ընտանիքների։ [Գերմանիայում բնակվող] բոլոր Եհովայի վկաների գրեթե մեկ երրորդ մասը սպանվեց համակենտրոնացման ճամբարներում» («Germany—1918–45»)։
Իհարկե եղել են նաև այլ կրոնների պատկանող բազում խիզախ անհատներ, որ հալածանքներ են կրել իրենց համոզմունքների համար։ Սակայն Եհովայի վկաները ենթարկվել են հալածանքների որպես մեկ միասնական կրոնական ընտանիք։ Նրանց բացարձակ մեծամասնությունը մնացել է ամուր կառչած աստվածաշնչյան այն հիմնական սկզբունքին, ըստ որի՝ «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» (Գործք 5։29; Մարկոս 12։17)։
Պրոբլեմի արմատը
Այսպիսով՝ միայն մասամբ է ճիշտ, որ կրոնն է մարդկության բոլոր պրոբլեմների արմատը։ Կեղծ կրոնն է, որ ընկած է մարդկային բոլոր պրոբլեմների հիմքում։ Սակայն Աստված մտադիր է շատ շուտով վերջ դնել ամեն տեսակ կեղծ կրոններին (Յայտնութիւն 17։16, 17; 18։21)։ Բոլոր նրանց, ովքեր սիրում են արդարություն և իրավունք, նա պատվիրում է. «Դուրս եկէք դորանից [այսինքն՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից՝ Մեծ Բաբելոնից], ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք. վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները» (Յայտնութիւն 18։4, 5)։ Այո, Աստծուն խորապես վրդովեցնում է այնպիսի կրոնը, որ «քաջալերում է գժտություններ, բթացնում է մարդու խիղճը ու լցնում մարդկային ուղեղը ֆանտազիաներով, որոնք անհատին կտրում են իրականությունից։.... [Կրոնը] մարդուն դարձնում է նեղ մտածողության տեր, լցնում է նախապաշարումներով, ատելությամբ ու վախով»։
Միևնույն ժամանակ, բոլոր նրանց, ովքեր սիրում են ճշմարտությունը, Աստված համախմբում է մեկտեղ՝ մաքուր կրոնի մեջ։ Դա այն կրոնն է, որի սկզբունքներն ու դավանած ուսուցումները գալիս են Արարչից, որը սիրող է, արդար և կարեկից (Միքիա 4։1, 2; Սոփոնիա 3։8, 9; Մատթէոս 13։30)։ Դուք էլ կարող եք գալ դեպի այդ կրոնը։ Եթե կցանկանայիք ավելի շատ տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է գտնել անարատ կրոնը, կարող եք ազատորեն դիմել այս պարբերագրի հրատարակչությանը կամ խնդրել Եհովայի վկաներից որևէ մեկին օգնել ձեզ այդ հարցում։
[նկար 7–րդ էջի վրա]
Ամենատարբեր ծագումի տեր մարդիկ ուրախություն են գտել մաքուր կրոնի մեջ