«Գաղաադի» 132-րդ դասարանի ավարտական ծրագիրը
Ճշմարտության ջատագովները
ԵՐԿՈՒ հազար տասներկու թվականի մարտի 10-ը Եհովայի վկաների՝ Պատերսոնի կրթական կենտրոնում (Նյու Յորք) հատուկ օր էր։ Տարբեր երկրներից ժամանած գեղեցիկ հագնված հազարավոր մարդիկ եկել էին մասնակցելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 132-րդ դասարանի ավարտական ծրագրին։ Շատերը հավաքվել էին Պատերսոնի դահլիճում, մյուսներն էլ հեռուստացույցով ծրագրին հետևում էին Բեթելի մյուս շենքերում։ Ընդհանուր հաշվով ծրագրին ներկա եղավ 9042 մարդ։
Մեծ ոգևորություն էր տիրում։ Ի տարբերություն նախկին դասարանների շրջանավարտների՝ այս տարվա շրջանավարտները մինչ «Գաղաադ» դպրոցում սովորելը արդեն մասնակցել են հատուկ լիաժամ ծառայության այս կամ այն ձևին՝ եղել են բեթելցիներ, հատուկ ռահվիրաներ, շրջագայող վերակացուներ, միսիոներներ։ Իսկ ի՞նչ խորհուրդներ էին տրվելու արդեն փորձառու այս շրջանավարտներին։
Ներկաները երկար չսպասեցին։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը, որը ծրագրի նախագահողն էր, ներկայացրեց բացման ելույթը։ Նա մտածելու տեղիք տվող մի հարց ուղղեց. «Դու ճշմարտության ջատագո՞վ ես»։ Եղբայրը բացատրեց, որ քրիստոնյաները ճշմարտության ջատագով են՝ պաշտպանում են քրիստոնեական բոլոր ուսմունքները, սակայն նրանք ոչ միայն ճշմարտությունն են սովորեցնում մարդկանց, այլև օգնում են սիրելու այդ ճշմարտությունը։
Եղբայր Լյոշը հարցրեց. «Իսկ ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ ճշմարտության մեջ ենք քայլում»։ Նա ասաց, որ դա կախված չէ ճշմարտությունը ընդունած մարդկանց քանակից։ Թեև այսօր միլիոնավոր մարդիկ են ընդունել մաքուր երկրպագությունը, սակայն 33թ. Պենտեկոստեին քչերն էին ընդունել ճշմարտությունը։ Նա նշեց մի քանի կետ, թե ինչպես կարող ենք իմանալ՝ արդյոք քայլում ենք ճշմարտության մեջ։ Եթե 1) հետևում ենք Հիսուսի ուսմունքներին, 2) սիրում ենք իրար, 3) կառչած ենք Աստծու բարձր բարոյական չափանիշներից, 4) պահում ենք մեր չեզոքությունը այս անկայուն աշխարհում և 5) Աստծու անունը կրող ընտրված ժողովուրդ ենք։
«Շարունակ հետևիր առաջնորդությանը»
Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը շարժեց ներկաների հետաքրքրությունը, երբ ճամպրուկը ձեռքին մոտեցավ գրակալին։ Նրա ելույթի վերնագիրն էր՝ «Շարունակ հետևիր առաջնորդությանը»։ Ելույթը հիմնված էր Եսայիա 50։5 համարի վրա, որում Հիսուս Քրիստոսի մասին մարգարեաբար ասվում է. «Ես չընդդիմացա, հետ չդարձա»։
Եղբայր Ջեքսոնը շրջանավարտներին հորդորեց ուշադիր լինել այն առաջնորդությանը, որ Եհովան տալիս է սուրբ ոգու, Աստվածաշնչի և իր կազմակերպության միջոցով։ Մատթեոս 25։14–30-ում խոսվում է մի մարդու մասին, որը իր ծառաներին տաղանդներ է տալիս։ Յուրաքանչյուրին նա տալիս է իր կարողությունների համեմատ, որ այդ գումարը գործի մեջ դնեն, և ակնկալում է, որ կանեն իրենց լավագույնը։ Իսկ երբ վերադառնում է ու հաշիվ պահանջում նրանցից, երկուսին գովում է ու կոչում «բարի և հավատարիմ»։ Հավատարմությունը կախված չէ արդյունքներից, այլ կախված է նրանից, թե որքանով է անհատը հետևում տրված առաջնորդությանը։
Տերը երրորդ ծառային անվանում է «չար և ծույլ», ինչպես նաև «անպիտան»։ Ինչո՞ւ։ Որովհետև ծառան թաքցրել էր իր տաղանդը։ Մեկ տաղանդը համարժեք էր 6000 դինարի և կշռում էր 20 կիլոգրամ։ Այսօր միջազգային չվերթով հենց այդքան ուղեբեռ է թույլատրվում վերցնել։ Մարդուց մեծ ջանք կպահանջվեր 20 կիլոգրամ տարողության ճամպրուկի չափով որևէ բան թաղելու համար։ Փաստորեն, ծառան արեց մի բան, որի համար առաջնորդություն չէր ստացել։ Նմանապես միսիոները կարող է շատ զբաղված լինել, օրինակ՝ գուցե հարազատներին էլեկտրոնային նամակներ գրի, ժամանակի մեծ մասը անցկացնի ինտերնետում, զվարճությամբ տարվի կամ բիզնեսով զբաղվի։ Այդպիսի անհատը օրվա վերջում ուժասպառ կլինի, բայց արդյունքում արած չի լինի այն, ինչ պահանջվում է իրենից։ Եղբայր Ջեքսոնը վերջում ասաց. «Միշտ հետևիր առաջնորդությանը»։
«Թող կասկածները արմատներ չգցեն քո մտքում»
Այսպես էր կոչվում Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսի ելույթը։ Նա ասաց. «Աստվածաշունչը երբեք հավատը և կասկածը չի համատեղում։ Հավատը վանում է կասկածը»։ Սատանային հաջողվեց կասկածներ սերմանել կատարյալ կնոջ՝ Եվայի մտքում, ուստի նա կարող է նույնը անել մեզ հետ։ Եղբայր Մորիսը հորդորեց. «Սնիր հավատդ և կասկածներդ կփարատվեն»։ Նա ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Պետրոս առաքյալի վրա, որը «ջրերի վրայով քայլեց», բայց «փոթորկին նայելով»՝ վախեցավ և սկսեց սուզվել։ Նրա ձեռքը բռնելով՝ Հիսուսը հարցրեց. «Ինչո՞ւ կասկածեցիր» (Մատթեոս 14։29–31)։ «Որպես միսիոներներ՝ դուք զբաղված եք լիաժամ ծառայության մեջ, և ուրիշները թերևս հիանում են ձեր կատարած գործերով, ասես ջրերի վրայով եք քայլում, սակայն երբ փոթորիկների հանդիպեք, տեղ մի՛ տվեք կասկածներին»։
Եղբայր Մորիսը շարունակեց՝ ասելով, որ թեպետ փոթորկալից ժամանակները դժվար են, բայց ի վերջո քամիները կհանդարտվեն։ Իսկ ինչ վերաբերում է դժվար ժամանակներին, նա շրջանավարտներին քաջալերեց, որ անեն այն, ինչ Պողոսն ու Շիղան արեցին, երբ բանտարկված էին Փիլիպպեում։ Գործեր 16։25 համարում գրված է. «Մոտավորապես կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում էին և երգով գովաբանում Աստծուն, իսկ բանտարկյալները լսում էին նրանց»։ Նրանք ոչ միայն աղոթում էին, այլև երգում։ Նրանց ձայնը այնքան բարձր էր, որ մյուս բանտարկյալները լսում էին։ Եղբայր Մորիսը նշեց, որ մեզնից շատերը գուցե այդքան էլ լավ չեն երգում, սակայն դա չպետք է խանգարի մեզ երգել, հատկապես դժվար պահերին։ Եղբայր Մորիսը, իր խոսքն ավարտելով, կարդաց «Գովերգենք Եհովային» երգարանից «Տոկա՛ մինչև վերջ» 135-րդ երգի խոսքերը։
Այլ քաջալերական ելույթներ
«Բազում լավ օրեր կտեսնես» վերնագրով ելույթը ներկայացրեց Ռոբերտ Լուսիոնին, որը ծառայում է առաքման բաժնում։ Թեման հիմնված էր Դավիթ թագավորի խոսքերի վրա՝ արձանագրված Սաղմոս 34։12-րդ համարում։ Եղբայր Լուսիոնին իր ելույթում նշեց, թե ինչպես կարող ենք տոկալ դժվար ժամանակներում և լավ փոխհարաբերություններ պահպանել Եհովայի հետ։ Այս մասին շատ բան կարող ենք սովորել 1 Սամուել 30-րդ գլխում արձանագրված դեպքից։ Դավիթը իր մարդկանց և ընտանիքի հետ թաքնվել էր Սավուղ թագավորից Սիկելակում։ Երբ նրանց ընտանիքներին ամաղեկացիները գերի տարան, ժողովուրդը սկսեց մեղադրել Դավթին և ցանկացավ քարկոծել նրան։ Ինչպե՞ս արձագանքեց Դավիթը։ Նա չհուսահատվեց, բայց «իր Աստված Եհովայով զորացավ» (1 Սամուել 30։6)։ Նա Եհովայից առաջնորդություն խնդրեց, գործեց այդ առաջնորդության համաձայն և փրկեց գերիներին։ Հռետորը վստահեցրեց շրջանավարտներին, որ եթե նրանք վստահեն Եհովային ու հնազանդվեն նրա առաջնորդությանը, բազում լավ օրեր կտեսնեն, ինչպես նաև ուրախություն կստանան՝ իրենց տրված առանձնաշնորհյալ ծառայությունը կատարելով։
«Թող աչքերդ գիշերվա պահերից առաջ զարթնեն». այսպես էր կոչվում «Գաղաադ» դպրոցի ուսուցիչ Մայքլ Բարնետի ելույթը։ Իսրայելացիները գիշերը՝ արևամուտից մինչև արևածագ, բաժանում էին երեք մասի։ Յուրաքանչյուր մաս բաղկացած էր չորս ժամից։ Վերջին հատվածը՝ 2-ից մինչև առավոտյան ժամը 6-ը, շատ մութ էր և շատ ցուրտ, դա արթուն մնալու համար ամենադժվար ժամանակահատվածն էր։ Սաղմոսերգուն իր միտքը զբաղեցնում էր Եհովայի խոսքով, որպեսզի գիշերվա վերջին մասը քնով չանցնի (Սաղմոս 119։148)։ «Դուք պետք է արթուն լինեք,— ասաց եղբայր Բարնետը շրջանավարտներին։— Թերևս «մութ ու ցուրտ օրերի» հանդիպեք այս սառնասիրտ աշխարհում։ Ուստի պետք է նախօրոք իմանաք ձեր քայլերը»։ Հետո ավելացրեց, որ շարունակաբար Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրելը կարևոր է հոգևորապես արթուն մնալու համար։ Եղբայր Բարնետը բացատրեց իր ասածը հետևյալ կերպ. «Ամեն օր դու աղոթում ես Եհովային, քանի որ ցանկանում ես, որ նա քո ընկերը լինի։ Ուստի թույլ տուր, որ Եհովան՝ որպես քո ընկեր, ամեն օր խոսի քեզ հետ Աստվածաշնչի էջերի միջոցով։ Գիշերը բավականին անցել է, ուստի նախօրոք մտածիր, թե ինչպես ես օգտագործելու ժամանակդ։ Այդպիսով աչքերդ գիշերվա պահերից առաջ կզարթնեն»։
«Մարզված ենք՝ գործը կատարելու համար» վերնագրով ելույթը, որը հիմնված էր 1 Պետրոս 5։10 համարի վրա, ներկայացրեց «Գաղաադ» դպրոցի մեկ այլ ուսուցիչ Մարկ Նումարը։ Նա շրջանավարտներին հետևյալ հարցը տվեց. «Դուք փորձառու ծառայողներ եք, այդ դեպքում ինչո՞ւ են ձեզ հրավիրել «Դիտարանի» կրթական կենտրոն»։ Եվ ինքն էլ պատասխանեց. «Պատճառն այն է, որ դուք ձեր գործում պրոֆեսիոնալ եք։ Շատ մասնագետներ մասնակցում են վերապատրաստման կուրսերի՝ իրենց ընդունակությունները բարելավելու համար։ Ուստի Եհովան այս անցած հինգ ամիսների ընթացքում ձեզ ավելի ամուր և ուժեղ է դարձրել իր Խոսքի խոր ուսումնասիրության և կազմակերպության միջոցով, որպեսզի կարողանաք կրել ձեզ տրված լուրջ պատասխանատվությունը։ Ամուր գերանը ճնշման տակ չի ճկվում, չի ճեղքվում և չի կոտրվում։ Ձեր վերապատրաստման արդյունքները կերևան հավատակիցների հետ համագործակցելու ընթացքում։ Արդյոք դժվարությունների բախվելիս և ճնշման տակ կխախտե՞ք Աստծու սկզբունքները, թե՞ կշարունակեք մնալ ամուր և ուժեղ՝ վարվելով Աստծու Խոսքի համաձայն։ Միայն ամուր հիմքի վրա է հնարավոր բեռ դնել։ Գերանի ամրությունը կախված է նրանից, թե որքան ամուր են միահյուսված նրա միջուկի մանրաթելերը։ Իսկ ձեր «ամրությունը» կախված է նրանից, թե ինչպիսին են ձեր փոխաբերական մանրաթելերը՝ ներքին անձնավորությունը։ Եհովան բերել է ձեզ այստեղ, որպեսզի ամուր ու վստահելի դարձնի իր գործը անելու համար։ Ուստի նա կատարել է իր խոստումը, մնում է, որ դուք էլ ձերը անեք՝ թույլ տաք, որ «Մեծ Ուսուցիչը» ավարտին հասցնի այս կրթությունը»։
Դեպքեր ծառայությունից և հարցազրույցներ
Շրջանավարտների պատմած դեպքերը միշտ թարմացնող են։ Եվ այս անգամ էլ բացառություն չեղավ։ Ծրագրի ընթացքում շրջանավարտները ներկայացրին ծառայության ժամանակ իրենց հետ վերջերս պատահած դեպքերը։ Ֆրանսիացի մի զույգ պատմեց, որ «Գաղաադ» գալու ճանապարհին ստիպված էր վեց ժամ օդանավակայանում սպասել։ Նրանք օդանավակայանի ռեստորանում զրույց սկսեցին երկու տղամարդու հետ, որոնք նույնպես սպասում էին իրենց թռիչքին։ Երբ նրանցից մեկն ասաց, որ Մալավիից է, զույգը սկսեց չիչևա լեզվով խոսել նրա հետ։ Տղամարդը զարմացած հարցրեց, թե ինչպես են ամուսինները սովորել իր լեզուն։ Նրանք պատասխանեցին, որ իրենք Մալավիում միսիոներներ են եղել։ Իսկ երբ մյուս տղամարդը ասաց, որ ինքը Կամերունից է, զույգը սկսեց նրա հետ ֆրանսերեն խոսել։ Այդ երկու տղամարդիկ լավ կարծիք ունեին Եհովայի վկաների մասին, ուստի միսիոներները հրաշալի վկայություն տվեցին նրանց։
Նիկոլաս Ահլադիսը, որը ծառայում է թարգմանչական խմբերի սպասարկման բաժնում, հարցազրույց անցկացրեց երկու զույգի հետ։ Զույգերից մեկը Ավստրալիայից տեղափոխվել էր պատերազմից ավերված Արևելյան Թիմոր՝ միսիոներական ծառայություն կատարելու նպատակով։ Իսկ մյուս զույգը Կորեայից գնացել էր Հոնկոնգ։ Երկու զույգերն էլ անհամբերությամբ սպասում էին, թե երբ են վերադառնալու և իրենց նշանակման մեջ կիրառելու դպրոցում սովորածը։
Երբ շրջանավարտները ստացան վկայականները, ուսանողներից մեկը ընթերցեց դասարանի շնորհակալական նամակը։ Այնուհետև եղբայր Լյոշը իր եզրափակիչ խոսքում մի քանի հետաքրքիր համեմատություններ բերեց։ Օրինակ՝ նա ասաց, որ ճշմարտությունը նման է ծիածանի, այն ասես անապատում օազիս լինի և խարիսխ՝ փոթորկոտ ծովում։ «Ճշմարտությունն իմանալը ի՜նչ մեծ օրհնություն է,— ասաց նա։— Եղիր ճշմարտության ջատագով և օգնիր այդ հարցում նաև ուրիշներին»։
[գծապատկեր/քարտեզ 31-րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 12
Միջին տարիքը՝ 36
Տարիների միջին թիվը մկրտությունից հետո՝ 20
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 15
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Շրջանավարտները նշանակվել են հետևյալ երկրներ
ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
ՍԱՆ ԹՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ
ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐ
ՍԱՄՈԱ
ԼԻԲԵՐԻԱ
ԲԵԼԻԶ
ՊԵՐՈՒ
ԳԱԲՈՆ
ԲԵՆԻՆ
ՄԱԼԱՎԻ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԻՄՈՐ
ԳՎԻՆԵԱ
ՎՐԱՍՏԱՆ
ԿԱԲՈ ՎԵՐԴԵ
ԶԻՄԲԱԲՎԵ
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԷԿՎԱԴՈՐ
ԿԱՄԲՈՋԱ
ՀՈՆԿՈՆԳ
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
ԿԱՄԵՐՈՒՆ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
[նկար 31-րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 132-րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։
1) Յեփ Ռ., Յեփ Ջ., Ընգ Թ., Ընգ Պ., Լորինո Ֆ., Լորինո Բ., Ուոն Ս., Ուոն Ս.։
2) Մորալես Ն., Մորալես Մ., Զանուտու Հ., Զանուտու Մ., Ռամֆ Ի., Ռամֆ Ջ., Ժերման Դ., Ժերման Ն.։
3) Ատչադե Ի., Ատչադե Ի., Թոմաս Ք., Թոմաս Է., Էստիժան Ք., Էստիժան Փ.։
4) Էռման Դ., Էռման Ա., Բրեյ Ջ., Բրեյ Ա., Էմորին Մ., Էմորին Դ., Սո Յ., Սո Յ.։
5) Սիմոն Ժ., Սիմոն Ք., Սիլ Ք., Սիլ Դ., Էրիքսոն Ջ., Էրիքսոն Ռ.։
6) Մըքլասկի Դ., Մըքլասկի Թ., Բրաուն Ա., Բրաուն Վ., Մարիանո Դ., Մարիանո Ս., Լոյոլա Յ., Լոյոլա Ք.։
7) Ռետգերս Ֆ., Ռետգերս Ն., Ֆուկո Ֆ., Ֆուկո Շ., Վունջա Ջ., Վունջա Է.։