Ի՞նչ կտաս հավիտենական կյանք ստանալու համար
«Ի՞նչ պիտի տա մարդը՝ իր հոգու փոխարեն» (ՄԱՏԹ. 16։26)։
1. Ինչո՞ւ Հիսուսը չընդունեց Պետրոսի հանդիմանությունը։
ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ չէր կարողանում հավատալ իր ականջներին։ Նրա սիրելի Առաջնորդը՝ Հիսուս Քրիստոսը, «բացահայտորեն» ասաց, որ շուտով չարչարվելու և մահանալու է։ Պետրոսը հանդիմանեց Հիսուսին՝ ասելով. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի՛ պատահի»։ Այդ պահին Հիսուսը շրջվեց և նայեց մյուս աշակերտներին։ Հավանաբար, նրանք համաձայն էին Պետրոսի այդ սխալ տեսակետին։ Ինչ խոսք, Պետրոսը լավագույն մղումներից ելնելով ասաց այդ խոսքերը։ Բայց Հիսուսը նրան պատասխանեց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց» (Մարկ. 8։32, 33; Մատթ. 16։21–23)։
2. Ըստ Հիսուսի՝ ի՞նչ է ակնկալվում ճշմարիտ աշակերտից։
2 Հիսուսի հաջորդ խոսքերը թերևս օգնեցին Պետրոսին հասկանալու, թե ինչու նա կտրուկ արձագանքեց։ Հիսուսը «ժողովրդին իր աշակերտների հետ իր մոտ կանչեց» ու ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի։ Որովհետև ով որ ուզում է փրկել իր հոգին, կկորցնի այն, բայց ով որ կորցնի իր հոգին ինձ համար և բարի լուրի համար, կփրկի այն» (Մարկ. 8։34, 35)։ Հիսուսն այստեղ օգտագործում է «հոգի» բառը, որ նշանակում է «կյանք»։ Հստակ է, որ նա պատրաստ էր զոհելու իր կյանքը, բայց նաև իր հետևորդներից էր ակնկալում, որ Աստծու կամքը կատարելու համար պատրաստ լինեն զոհելու իրենց կյանքը։ Այդ դեպքում նրանք կստանային առատ վարձատրություն (կարդա՛ Մատթեոս 16։27)։
3. ա) Հիսուսը ի՞նչ հարցեր տվեց իր ունկնդիրներին։ բ) Քրիստոսի երկրորդ հարցը գուցե ի՞նչ հիշեցներ նրանց։
3 Հիսուսը երկու անչափ հետաքրքիր հարց է տալիս՝ «ի՞նչ օգուտ է մարդուն, որ շահի ողջ աշխարհը, բայց զրկվի իր հոգուց» և «ի՞նչ կտա մարդը՝ իր հոգու փոխարեն» (Մարկ. 8։36, 37)։ Առաջին հարցի պատասխանն ակնհայտ է։ Մարդը ոչ մի օգուտ չունի, եթե ունենա ամբողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը, իր հոգին։ Նա կարող է իր ունեցվածքը վայելել միայն այն ժամանակ, երբ կենդանի է։ Հիսուսի երկրորդ հարցը՝ «ի՞նչ կտա մարդը՝ իր հոգու փոխարեն», գուցե նրա ունկնդիրներին հիշեցներ այն՝ ինչ ասաց Սատանան Հոբի օրերում. «Մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ» (Յոբ 2։4)։ Սատանայի այս խոսքերը գուցե ճիշտ են նրանց համար, ովքեր չեն երկրպագում Աստծուն։ Շատերը ամեն ինչ կանեն, կոտնահարեն ամեն օրենք ու սկզբունք, միայն թե կենդանի մնան։ Սակայն քրիստոնյաները նրանց պես չեն մտածում։
4. Ի՞նչ իմաստ են պարունակում Հիսուսի տված հարցերը քրիստոնյաների համար։
4 Մենք գիտենք, որ Հիսուսը չեկավ երկիր, որ մեզ տա հարստություն, առողջություն և երկար կյանք այս աշխարհում։ Նա եկավ, որպեսզի մեր առաջ նոր աշխարհում հավիտյան ապրելու հնարավորություն բացի, և մենք շատ բարձր ենք գնահատում այդ հեռանկարը (Հովհ. 3։16)։ Հիսուսի առաջին հարցը քրիստոնյան այսպես կհասկանա. «Ի՞նչ օգուտ է մարդուն, որ շահի ողջ աշխարհը, բայց զրկվի հավիտենական կյանքի հույսից»։ Պատասխանը պարզ է՝ ոչ մի օգուտ (1 Հովհ. 2։15–17)։ Որպեսզի պատասխանենք Հիսուսի երկրորդ հարցին, պետք է մտածենք. «Որքանո՞վ եմ պատրաստ զոհողությունների գնալու, որպեսզի նոր աշխարհում ապրելու հույսս իրականանա»։ Մեր ապրելակերպից երևում է, թե ինչ պատասխան ենք տալիս այդ հարցին, և թե հավիտենական կյանքի հույսը որքան խորն է արմատներ գցել մեր սրտում (համեմատի՛ր Հովհաննես 12։25)։
5. Ինչպե՞ս կարող ենք ստանալ հավիտենական կյանքի նվերը։
5 Իհարկե, Հիսուսը չէր ասում, որ հավիտենական կյանքը հնարավոր է վաստակել։ Կյանքը, նույնիսկ անկատար մարդու կարճ կյանքը, նվեր է։ Մենք չենք կարող այն գնել կամ անել մի այնպիսի բան, ինչի շնորհիվ արժանի կլինենք դրան։ Հավիտենական կյանքի նվերը կարող ենք ստանալ միայն այն դեպքում, եթե «Քրիստոս Հիսուսի հանդեպ ունենանք հավատ», ինչպես նաև հավատանք Եհովային, ով «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Գաղ. 2։16; Եբր. 11։6)։ Սակայն հավատը պետք է դրսևորվի գործերով, քանի որ «հավատը առանց գործերի մեռած է» (Հակ. 2։26)։ Ուստի, ի մտի ունենալով Հիսուսի երկրորդ հարցը, պետք է լրջորեն խորհենք, թե որքանով ենք պատրաստ զոհողություններ անելու և թե ինչ ենք պատրաստ անելու սուրբ ծառայության մեջ, որպեսզի փաստենք, որ մեր հավատը կենդանի է։
«Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց»
6. Ի՞նչն էր Հիսուսի համար կարևոր։
6 Հիսուսը չկենտրոնացավ այն բանի վրա, ինչ առաջարկում էր իր օրերի աշխարհը։ Նա չտրվեց հարմարավետ կյանքով ապրելու գայթակղությանը։ Քրիստոսին ավելի շատ հետաքրքրում էին հոգևոր բաները։ Նա հնազանդ էր Աստծուն և նրա կամքը կատարելու համար պատրաստ էր զոհելու իր կյանքը։ Հիսուսն իր ցանկությունները բավարարելու փոխարեն՝ «միշտ Աստծուն հաճելի բաներն էր անում» (Հովհ. 8։29)։ Որքա՞ն մեծ էր Հիսուսի ցանկությունը՝ անելու Եհովային հաճելի բաները։
7, 8. ա) Ի՞նչ զոհեց Հիսուսը, և ի՞նչ պարգև ստացավ դրա համար։ բ) Ո՞ր հարցի շուրջ պետք է մտածենք։
7 Մի անգամ Հիսուսը աշակերտներին ասաց. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը որպես փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ Ավելի վաղ, երբ նա իր հետևորդներին ասաց, որ ինքը շուտով զոհաբերելու է իր կյանքը, Պետրոսը հորդորեց նրան բարի լինել Իր հանդեպ։ Բայց Հիսուսը չտատանվեց։ Նա պատրաստակամորեն տվեց իր կատարյալ կյանքը մարդկության համար։ Քանի որ Քրիստոսը մինչև վերջ ապրեց անձնազոհ կյանքով, նրա ապագան երաշխավորված էր։ Եհովան նրան հարություն տվեց, և «նա բարձրացավ Աստծու աջ կողմը» (Գործ. 2։32, 33)։ Հիսուսը հրաշալի օրինակ է մեզ համար։
8 Պողոս առաքյալը հռոմեացի քրիստոնյաներին խորհուրդ տվեց, որ «չհաճեցնեն իրենք իրենց», և հիշեցրեց, որ «նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց» (Հռոմ. 15։1–3)։ Ուստի հարց է առաջանում, թե որքան լիարժեքորեն կհետևենք առաքյալի խորհրդին, և թե որքան մեծ է մեր ցանկությունը նմանվելու Հիսուսին։
Եհովան լավագույնն է ակնկալում մեզնից
9. Ի՞նչ է նշանակում այն, որ քրիստոնյան իր անձը նվիրում է Աստծուն։
9 Հին Իսրայելում, ըստ Մովսիսական օրենքի, եբրայեցի ծառան պետք է ազատ արձակվեր կա՛մ իր ծառայության յոթերորդ տարում, կա՛մ Հոբելյան տարվա ընթացքում։ Սակայն նա կարող էր նաև չհեռանալ տիրոջից։ Եթե ծառան սիրում էր տիրոջը, կարող էր մնալ և նրան ծառայել իր ամբողջ կյանքում (կարդա՛ Բ Օրինաց 15։12, 16, 17)։ Մենք իր տիրոջը սիրող ծառայի պես ենք վարվում, երբ մեր անձը նվիրում ենք Եհովային։ Մենք հոժարամտորեն ուզում ենք նրա կամքն անել և ոչ թե մեր ցանկությունները։ Այդպես ցույց ենք տալիս, որ շատ ենք սիրում Աստծուն և ուզում ենք հավիտյան ծառայել նրան։
10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մենք Աստծու սեփականությունն ենք, և այս իրողությունն ինչպե՞ս պետք է անդրադառնա մեր մտքերի և գործերի վրա։
10 Եթե այժմ Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, քարոզում ես բարի լուրը և հաճախում ես քրիստոնեական հանդիպումներին, ապա գովասանքի ես արժանի։ Հուսով ենք, որ շուտով կցանկանաս նվիրվել Եհովային և եթովպացու պես ասել. «Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ» (Գործ. 8։35, 36)։ Այդ քայլն անելուց հետո նման կլինես այն քրիստոնյաներին, ում Պողոսը գրեց. «Դուք չեք պատկանում ինքներդ ձեզ, քանի որ մեծ գնով գնվեցիք» (1 Կորնթ. 6։19, 20)։ Անկախ նրանից՝ մեր հույսը երկնային է, թե երկրային՝ եթե մեր անձը նվիրել ենք Եհովային, ուրեմն նա է մեր Տերը։ Ուստի որքա՜ն կարևոր է ճնշել եսասիրական ցանկությունները և «այլևս մարդկանց ծառա չդառնալ» (1 Կորնթ. 7։23)։ Ի՜նչ պատիվ է լինել Եհովա Աստծու ծառան, ով հավատարմորեն կատարում է նրա կամքը։
11. Ինչպիսի՞ զոհ պետք է մատուցեն քրիստոնյաները, և դա ի՞նչ է հիշեցնում մեզ Մովսիսական օրենքից։
11 Պողոսը հավատակիցներին հորդորեց. «Ձեր մարմինները ներկայաց[ր]եք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սրբազան ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմ. 12։1)։ Այս խոսքերը եբրայեցի քրիստոնյաներին հավանաբար հիշեցրին այն զոհաբերությունները, որ նրանք մատուցում էին տաճարում նախքան քրիստոնյա դառնալը։ Ինչ խոսք, այդ եղբայրներն ու քույրերը գիտեին, որ Մովսիսական օրենքով՝ իսրայելացիները պետք է մատուցեին լավագույն կենդանիները։ Հակառակ դեպքում Եհովան դրանք չէր ընդունի (Մաղ. 1։8, 13)։ Նման ձևով՝ մենք մեր մարմինները ներկայացնում ենք Աստծուն որպես «կենդանի զոհ»։ Մենք նրան տալիս ենք լավագույնը և ոչ թե այն, ինչ մնացել է մեր բոլոր ցանկությունները բավարարելուց հետո։ Երբ նվիրվում ենք Եհովային, մենք, առանց որևէ պայմանի, նրան ենք տալիս մեր «հոգին», մեր կյանքը, այսինքն՝ մեր ուժերը, նյութական միջոցները և ունակությունները (Կող. 3։23)։ Ի՞նչ է դա գործնականում նշանակում։
Իմաստնորեն օգտագործիր ժամանակդ
12, 13. Ո՞րն է Եհովային լավագույնը տալու ձևերից մեկը։
12 Եհովային լավագույնը տալու ձևերից մեկը ժամանակը իմաստնորեն օգտագործելն է (կարդա՛ Եփեսացիներ 5։15, 16)։ Դրա համար ինքնատիրապետում է անհրաժեշտ։ Աշխարհը և մեր անկատարությունը դրդում են մեզ, որ ամբողջ ժամանակն օգտագործենք հաճույքների և անձնական օգտի համար։ Անշուշտ, ճիշտ է այն խոսքը, որ «ամեն բանի ժամանակ կայ», և դա նաև վերաբերում է ինչպես հանգստին, այնպես էլ աշխատանքին, որն օգնում է մեզ կատարել մեր քրիստոնեական պարտականությունները (Ժող. 3։1)։ Նվիրված քրիստոնյան պետք է հավասարակշռված լինի և իր ժամանակը իմաստնորեն օգտագործի։
13 Երբ Պողոսը եկավ Աթենք, նա նկատեց, որ «բոլոր աթենացիները և այնտեղ մնացող օտարականները իրենց ազատ ժամանակը ուրիշ ոչնչի վրա չէին վատնում՝ որևէ նոր բան ասելուց կամ լսելուց բացի» (Գործ. 17։21)։ Այսօր շատերը նույնպես վատնում են իրենց ժամանակը։ Նրանք, օրինակ, շատ ժամանակ են տրամադրում հեռուստացույց դիտելուն, համակարգչային խաղերին և Ինտերնետին։ Ավելի ու ավելի շատ ժամանցի ձևեր են մրցում իրար հետ, թե նրանցից «ով» կկարողանա ավելի շատ խլել մեր ժամանակը։ Եթե կուլ գնանք նրանց, մեր հոգևորը հետին պլան կմղվի։ Նույնիսկ գուցե սկսենք մտածել, թե այնքան շատ ենք զբաղված, որ ժամանակ չունենք «ավելի կարևոր» բաների համար, բաներ, որոնք կապված են Եհովային ծառայելու հետ (Փիլիպ. 1։9, 10)։
14. Ո՞ր հարցերը պետք է լրջորեն քննենք։
14 Ուստի, քանի որ Եհովային նվիրված ծառա ես, ինքդ քեզ հարցրու. «Օրվա մեջ ժամանակ հատկացնո՞ւմ եմ Աստվածաշնչի ընթերցանությանը, խորհրդածելուն և աղոթքին (Սաղ. 77։12; 119։97; 1 Թեսաղ. 5։17)։ Ժամանակ տրամադրո՞ւմ եմ քրիստոնեական հանդիպումներին պատրաստվելուն։ Քաջալերո՞ւմ եմ հավատակիցներիս՝ մեկնաբանություններ տալով հանդիպումներին (Սաղ. 122։1; Եբր. 2։12)։ Աստծու Խոսքն ասում է, որ Պողոսը և Բառնաբասը «բավականին ժամանակ մնացին [Իկոնիոնում]՝ համարձակորեն խոսելով Եհովայի իշխանությամբ» (Գործ. 14։3)։ Կարո՞ղ ես գործերդ այնպես դասավորել, որ սովորականից ավելի շատ ժամանակ և նույնիսկ «բավականին ժամանակ» անցկացնես քարոզչության մեջ։ Գուցե կարողանաս ռահվիրա՞ ծառայել (կարդա՛ Եբրայեցիներ 13։15)։
15. Ինչպե՞ս են երեցները իրենց ժամանակը իմաստնորեն օգտագործում։
15 Երբ Պողոս առաքյալը և Բառնաբասը եկան Անտիոքի քրիստոնեական ժողով, «նրանք բավականին երկար ժամանակ աշակերտների հետ անցկացրին» նրանց ոգևորելու նպատակով (Գործ. 14։28)։ Այսօր երեցները, որ սիրում են իրենց հավատակիցներին, նույն ձևով բավական ժամանակ են տրամադրում նրանց քաջալերելուն։ Բացի քարոզչական ծառայությունից՝ երեցները նաև մեծ ջանքեր են թափում, որ հովվեն հոտը, փնտրեն կորած գառնուկին, օգնեն թույլին, ինչպես նաև ժողովի հետ կապված այլ գործեր անեն։ Դու մկրտված եղբա՞յր ես։ Հանգամանքներդ թո՞ւյլ են տալիս, որ ձգտես ստանձնելու այս կարևոր պարտականությունները։
16. Ինչպե՞ս կարող ենք «բարին գործել նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ»։
16 Շատերն են զգացել այն ուրախությունը, որ մարդ ստանում է՝ օգնելով աղետի ժամանակ տուժածներին։ Օրինակ՝ 60–ն անց մի քույր, որ ծառայում է Բեթելում, մի քանի անգամ երկար տարածություններ է անցել՝ օգնելու համար տուժածներին, ընդ որում նա դա արել է իր արձակուրդի հաշվին։ Ինչո՞ւ է քույրը իր ժամանակը, որ կարող էր տրամադրել հանգստին, այդպես օգտագործել։ Նա ասում է. «Թեև չունեմ հմտություններ, սակայն անչափ ուրախ եմ, որ կարողացա ինչ–որ բանով աջակցել եղբայրներիս և քույրերիս։ Նրանք նյութական շատ մեծ կորուստներ էին ունեցել, բայց նրանց հավատը չէր սասանվել։ Ինձ համար անչափ քաջալերական էր դա տեսնելը»։ Հազարավոր եղբայրներ ու քույրեր էլ ամբողջ աշխարհում մասնակցում են Թագավորության սրահների և Համաժողովների սրահների շինարարությանը։ Այս և նման այլ գործերի մասնակցելով՝ մենք անձնազոհաբար «բարին ենք գործում նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ» (Գաղ. 6։10)։
«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»
17. Անձամբ դու ի՞նչ կտայիր հավիտենական կյանք ստանալու համար։
17 Աստծուց օտարացած մարդկությունը շուտով անցնելու է։ Մենք ճշգրտորեն չգիտենք, թե դա երբ տեղի կունենա։ Բայց գիտենք, որ «մնացած ժամանակը կարճացել է», և «այս աշխարհի տեսարանը փոխվում է» (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։29–31)։ Այս հանգամանքը էլ ավելի լուրջ է դարձնում Հիսուսի տված հարցը՝ «ի՞նչ կտա մարդը՝ իր հոգու փոխարեն»։ Անշուշտ, որպեսզի ստանանք «իսկական կյանքը», մենք կանենք ցանկացած զոհողություն, որ Եհովան ակնկալում է (1 Տիմոթ. 6։19)։ Այո՛, շատ կարևոր է Հիսուսի ասածն անել՝ «շարունակ իրեն հետևել» և «նախ թագավորությունը փնտրել» (Մատթ. 6։31–33; 24։13)։
18. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել և ինչո՞ւ։
18 Ինչ խոսք, Հիսուսին հետևելը միշտ չէ, որ հեշտ է։ Ոմանք դրա համար նույնիսկ իրենց կյանքն են զոհում, ինչպես որ հենց Հիսուսն էր ասել։ Այդուհանդերձ, Քրիստոսի նման՝ մենք չենք ուզում «բարի լինել մեր հանդեպ»։ Մենք հավատում ենք այն հավաստիացմանը, որ նա տվեց առաջին դարի իր օծյալ հետևորդներին. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև իրերի համակարգի վախճանը» (Մատթ. 28։20)։ Ուստի եկեք, ինչքան հնարավոր է, մեր ժամանակն ու կարողությունները տրամադրենք սուրբ ծառայությանը։ Վարվելով այդպես՝ մենք կփաստենք, որ վստահ ենք՝ Եհովան կպահպանի մեզ մեծ նեղության ժամանակ, իսկ եթե մինչ այդ մահանանք, հարություն կտա նոր աշխարհում (Եբր. 6։10)։ Այդպիսով ցույց կտանք, որ շատ բարձր ենք գնահատում նվերը՝ կյանքը։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը լիովին պատրաստ էր ծառայելու Աստծուն և մարդկանց։
• Ինչո՞ւ անհատը պետք է ուրանա իր անձը, և նա ինչպե՞ս է դա անում։
• Հին Իսրայելում միայն ինչպիսի՞ զոհերն էր Եհովան ընդունում, և ի՞նչ ենք սովորում դրանից։
• Ինչպե՞ս կարող ենք ժամանակն իմաստնորեն օգտագործել։
[նկարներ 26–րդ էջի վրա]
Հիսուսը միշտ անում էր Աստծուն հաճելի բաները
[նկար 28–րդ էջի վրա]
Երախտագետ իսրայելացիները ճշմարիտ երկրպագությանն աջակցելու համար տալիս էին լավագույնը
[նկարներ 29–րդ էջի վրա]
Աստծուն հաճելի է, երբ ժամանակը իմաստնորեն ենք օգտագործում