Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Մարկոս» գրքից
ՄԱՐԿՈՍԻ Ավետարանը չորս Ավետարաններից ամենակարճն է։ Այն գրել է Հովհաննես Մարկոսը Հիսուս Քրիստոսի մահից ու հարությունից մոտ 30 տարի անց։ Այս գիրքը, որ լի է դրամատիզմով և ակտիվ գործողություններով, նկարագրում է Հիսուսի երեք ու կես տարվա ծառայությունը։
Մարկոսի Ավետարանը ակներևաբար գրվել է ոչ հրեաների, մասնավորապես հռոմեացիների համար։ Գրքում Հիսուսը ներկայացվում է որպես Աստծու հրաշագործ Որդի, որը եռանդուն քարոզչական գործունեություն է ծավալում։ Առավել ընդգծվում են Հիսուսի գործերը, և ոչ թե խոսքերը։ Մարկոսի Ավետարանն ուշադիր ուսումնասիրելը կամրացնի մեր հավատը Մեսիայի հանդեպ և կմղի մեզ եռանդուն լինել քրիստոնեական ծառայության մեջ (Եբր. 4։12)։
ԾԱՎԱԼՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԳԱԼԻԼԵԱՅՈՒՄ
Ընդամենը 14 համարներում պատմելով Հովհաննես Մկրտչի և Հիսուսի՝ 40 օր անապատում լինելու մասին՝ Մարկոսը սկսում է նկարագրել Հիսուսի ծառայությունը Գալիլեայում։ Գրքում բազմիցս օգտագործված են «անմիջապես» և «իսկույն» բառերը, որոնք ընթերցողին հրատապության զգացումով են համակում (Մարկ. 1։10, 12)։
Երեք տարուց էլ քիչ ժամանակում Հիսուսը երեք քարոզչական շրջագայություն է կատարում Գալիլեայում։ Մարկոսը հիմնականում պատմում է ժամանակագրական կարգով։ Նա իր Ավետարանում չի ներառում Լեռան քարոզը, ինչպես նաև Հիսուսի երկար ելույթներից շատերը։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։15 — Ինչի՞ «նշանակված ժամանակն» էր լրացել։ Հիսուսն ուզում էր ասել, որ եկել է իր ծառայությունը սկսելու ժամանակը։ Նա՝ որպես ապագա Թագավոր, գտնվում էր երկրի վրա, ուստի կարող էր ասել՝ «մոտեցել է Աստծու Թագավորությունը»։ Ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդիկ, արձագանքելով նրա քարոզչությանը, կարող էին քայլեր ձեռնարկել Աստծու հավանությանն արժանանալու համար։
1։44; 3։12; 7։36 — Ինչո՞ւ Հիսուսը չէր ուզում, որ իր կատարած հրաշքների մասին պատմեն ուրիշներին։ Հիսուսը չէր ուզում, որ մարդիկ եզրակացություններ անեն զգայացունց կամ գուցե աղավաղված տեղեկությունների հիման վրա։ Նա ուզում էր, որ նրանք անձամբ համոզվեն, որ ինքը Քրիստոսն է, և դրանից հետո միայն եզրակացություն անեն (Ես. 42։1–4; Մատթ. 8։4; 9։30; 12։15–21; 16։20; Ղուկ. 5։14)։ Բացառություն էր գերասացիների երկրում ապրող նախկին դիվահարի դեպքը։ Հիսուսը նրան ասաց, որ տուն գնա և իր հետ կատարվածի մասին պատմի իր բարեկամներին։ Տեղացիները Հիսուսին խնդրել էին հեռանալ այդ տարածքից։ Ուստի նա քիչ հնարավորություն կունենար կամ ընդհանրապես չէր ունենա կրկին հանդիպելու տեղի բնակիչներին։ Այդ մարդը, ում Հիսուսը բարիք էր արել, կարող էր իր ներկայությամբ ու տված վկայությամբ հակազդել ցանկացած բացասական խոսակցության, որ գուցե լիներ խոզերի կորստյան պատճառով (Մարկ. 5։1–20; Ղուկ. 8։26–39)։
2։28 — Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում «շաբաթի Տերը»։ «Օրենքն ունի գալիք բարիքների ստվերը»,— գրեց Պողոս առաքյալը (Եբր. 10։1)։ Ըստ Օրենքի՝ մարդիկ վեց օր աշխատում էին, իսկ յոթերորդ օրը Շաբաթ էր, և Հիսուսը շատ անգամ հենց այդ օրն էր բուժումներ անում։ Սա խորհրդանշում է այն խաղաղ հանգիստը և օրհնությունները, որ մարդիկ վայելելու են Քրիստոսի Հազարամյա Իշխանության ներքո, երբ Սատանայի դաժան կառավարումն այլևս չի լինի։ Ուստի այդ Թագավորության Թագավորը նաև «շաբաթի Տերն է» (Մատթ. 12։8; Ղուկ. 6։5)։
3։5; 7։34; 8։12 — Ինչպե՞ս կարող էր Մարկոսը մանրամասներ իմանալ Հիսուսի հուզական վիճակի մասին։ Մարկոսը 12 առաքյալներից չէր, ո՛չ էլ Հիսուսի մտերիմներից էր։ Ըստ հին ավանդության՝ նա հիմնականում տեղեկություններ է քաղել իր մտերիմ ընկերոջից՝ Պետրոս առաքյալից (1 Պետ. 5։13)։
6։51, 52 — Ո՞րն էր «հացերի իմաստը», որ աշակերտները չէին հասկացել։ Ընդամենը մի քանի ժամ առաջ Հիսուսը հինգ հացով և երկու ձկով կերակրել էր 5 000 մարդու՝ չհաշված կանանց ու երեխաներին։ «Հացերի իմաստը», որ աշակերտները այդ դեպքից պիտի հասկացած լինեին, այն էր, որ Եհովա Աստված Հիսուսին հրաշքներ անելու զորություն է տվել (Մարկ. 6։41–44)։ Եթե նրանք հասկանային, թե ինչ մեծ զորությամբ է օժտված Հիսուսը, այդ աստիճան չէին զարմանա, երբ նա հրաշքով քայլեց ջրի վրայով։
8։22–26 — Ինչո՞ւ Հիսուսը երկու փուլով վերականգնեց կույր մարդու տեսողությունը։ Նա այդպես վարվեց՝ հավանաբար ելնելով այդ մարդու հանգամանքներից։ Կույր մարդն արդեն երկար ժամանակ էր, ինչ սովորել էր խավարին, և տեսողության աստիճանական վերականգնումը թերևս հնարավորություն տվեց նրան հարմարվելու լույսի պայծառությանը։
Դասեր մեզ համար
2։18; 7։11; 12։18; 13։3. Մարկոսը բացատրում է սովորություններ, բառեր, հավատալիքներ և նկարագրում է վայրեր, որոնք թերևս անծանոթ էին ոչ հրեա ընթերցողներին։ Նա ընթերցողին տեղեկացնում է, որ փարիսեցիները «ծոմ էին պահում», որ կորբանը «Աստծուն նվիրված ընծա» է, որ սադուկեցիները «ասում էին, թե հարություն չկա», և որ տաճարը «երևում էր Ձիթենյաց լեռան վրայից»։ Քանի որ Մեսիայի ծննդաբանությունը կհետաքրքրեր հիմնականում հրեաներին, Մարկոսն այդ մասին ընդհանրապես չի խոսում։ Այդպիսով նա մեզ օրինակ է թողել։ Երբ քարոզում ենք կամ ժողովի հանդիպմանը հանդես ենք գալիս ելույթով, մենք պետք է հաշվի առնենք, թե ովքեր են մեր ունկնդիրները։
3։21. Հիսուսի հարազատները անհավատներ էին։ Ուստի նա կարող է հասկանալ նրանց, ովքեր իրենց հավատի պատճառով ընտանիքի անհավատ անդամների կողմից բախվում են հակառակության կամ ծաղրուծանակի են ենթարկվում։
3։31–35. Մկրտվելով՝ Հիսուսը դարձավ Աստծու հոգևոր Որդին, իսկ «վերին Երուսաղեմը» դարձավ նրա մայրը (Գաղ. 4։26)։ Այդ օրվանից՝ Հիսուսի համար իր աշակերտներն ավելի մտերիմ ու հարազատ էին, քան իր արյունակից բարեկամները։ Այստեղից սովորում ենք, որ մեր կյանքում հոգևոր բաները պետք է միշտ առաջին տեղում դնենք (Մատթ. 12։46–50; Ղուկ. 8։19–21)։
8։32–34. Մենք պետք է իսկույն նշմարենք և մերժենք ուրիշների կողմից ցուցաբերվող ցանկացած ոչ տեղին բարություն։ Քրիստոսի հետևորդը պետք է պատրաստ լինի «իր անձն ուրանալու», այսինքն՝ ինքն իրենից հրաժարվելու և «ոչ» ասելու սեփական ցանկություններին ու ձգտումներին։ Նա պետք է կամենա «վերցնել իր տանջանքի ցիցը»՝ տառապել, խայտառակվել, հալածվել և նույնիսկ մահանալ քրիստոնյա լինելու համար։ Նա պետք է «շարունակ հետևի» Հիսուսին՝ ապրելով նրա պես։ Եթե ուզում ենք Հիսուս Քրիստոսի աշակերտը լինել, ապա նրա պես պետք է անձնազոհ ոգի մշակենք մեր մեջ և միշտ դրսևորենք այն (Մատթ. 16։21–25; Ղուկ. 9։22, 23)։
9։24. Մենք չպետք է ամաչենք ուրիշներին մեր հավատի մասին պատմելուց կամ աղոթելուց, որ մեր հավատն ավելանա (Ղուկ. 17։5)։
ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍԸ
Մ.թ. 32–ի վերջում Հիսուսը գալիս է «Հրեաստանի սահմանները և Հորդանանի մյուս կողմը», և ժողովուրդը դարձյալ հավաքվում է նրա մոտ (Մարկ. 10։1)։ Այստեղ քարոզելուց հետո նա գնում է Երուսաղեմ։
Նիսանի 8–ին Հիսուսը Բեթանիայում է։ Նա թիկնել է սեղանի շուրջ։ Մի կին ներս է մտնում և անուշահոտ յուղ լցնում նրա գլխին։ Դեպքերը շարադրվում են ժամանակագրական կարգով՝ սկսած Հիսուսի հաղթական մուտքից Երուսաղեմ, մինչև նրա հարությունը։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
10։17, 18 — Ինչո՞ւ Հիսուսը ուղղեց այն մարդուն, որն իրեն անվանեց «Բարի Ուսուցիչ»։ Մերժելով այդ քծնական արտահայտությունը՝ Հիսուսը ցույց տվեց, որ հարկավոր է Եհովայի՛ն փառաբանել, և որ ճշմարիտ Աստվածն է ամեն բարիքի աղբյուրը։ Ավելին, Հիսուսը շեշտեց այն հիմնարար ճշմարտությունը, որ միայն բոլոր բաների Արարիչը՝ Եհովա Աստված, իրավունք ունի բարու և չարի չափանիշներ սահմանելու (Մատթ. 19։16, 17; Ղուկ. 18։18, 19)։
14։25 — Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ իր հավատարիմ առաքյալներին ասաց. «Այսուհետև այլևս չեմ խմի որթատունկի այս բերքից մինչև այն օրը, երբ նորը կխմեմ Աստծու թագավորության մեջ»։ Հիսուսը չէր ուզում ասել, որ երկնքում բառացի գինի կա։ Քանի որ գինին երբեմն խորհրդանշում է ուրախություն, նա ի նկատի ուներ այն ուրախությունը, երբ ինքը հարություն առած իր օծյալ հետևորդների հետ կլինի երկնային Թագավորության մեջ (Սաղ. 104։15; Մատթ. 26։29)։
14։51, 52 — Ո՞վ էր այն երիտասարդը, որ «մերկ փախավ»։ Միայն Մարկոսն է այս մանրամասնությունը նշում, ուստի տրամաբանական է եզրակացնել, որ նա խոսում էր իր մասին։
15։34 — Արդյո՞ք Հիսուսի խոսքերը՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր», մատնանշում են նրա հավատի թերի լինելը։ Ո՛չ։ Մենք չգիտենք, թե ինչու Հիսուսն այդպես ասաց, սակայն նրա խոսքերից կարելի է մտածել, որ նա հասկացավ, որ Եհովան վերցրել է իր պաշտպանությունը, որպեսզի իր Որդու անարատությունը մինչև վերջ փորձվի։ Հնարավոր է նաև՝ այս խոսքերն ասելով՝ Հիսուսն ուզում էր կատարել Սաղմոս 22։1–ում իր մասին գրված մարգարեությունը (Մատթ. 27։46)։
Դասեր մեզ համար
10։6–9. Աստծու նպատակն է, որ ամուսիններն իրար կառչած մնան։ Ուստի երբ խնդիրներ են ծագում, նրանք պետք է ձգտեն կիրառել Աստվածաշնչի սկզբունքները և ոչ թե մտածեն, որ խնդիրը կարելի է լուծել միայն ամուսնալուծությամբ (Մատթ. 19։4–6)։
12։41–44. Աղքատ այրու օրինակից սովորում ենք, որ պետք է անշահախնդրորեն թիկունք կանգնենք ճշմարիտ երկրպագությանը։
[նկար 29–րդ էջի վրա]
Ինչո՞ւ Հիսուսն այս մարդուն ասաց, որ բարեկամներին պատմի իր հետ կատարվածի մասին