ԳԼՈՒԽ 25
Հիսուսը բուժում է մի բորոտի
ՄԱՏԹԵՈՍ 8։1–4 ՄԱՐԿՈՍ 1։40–45 ՂՈՒԿԱՍ 5։12–16
ՀԻՍՈՒՍԸ, ԿԱՐԵԿՑԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՎ, ԲՈՒԺՈՒՄ Է ՄԻ ԲՈՐՈՏԻ
Երբ Հիսուսը իր չորս աշակերտների հետ «ողջ Գալիլեայով մեկ քարոզում է» ժողովարաններում, նրա արած զորավոր գործերի մասին լուրը տարածվում է ամենուրեք (Մարկոս 1։39)։ Այդ լուրը հասնում է նաև մի քաղաք, որտեղ ապրում է բորոտությամբ տառապող մի մարդ։ Բժիշկ Ղուկասը նկարագրում է, որ նա «բորոտությամբ լեցուն» էր (Ղուկաս 5։12)։ Այս հիվանդությունը, աստիճանաբար խորանալով, այլանդակում է մարդու մարմնի տարբեր մասերը։
Այդ բորոտ մարդը սարսափելի վիճակում է և ստիպված է ապրել մարդկանցից հեռու։ Իսկ երբ մոտակայքում մարդիկ են լինում, նա պետք է բարձրաձայն բղավի՝ «անմաքո՜ւր, անմաքո՜ւր», որպեսզի նրանք չմոտենան ու չվարակվեն իրենից (Ղևտական 13։45, 46)։ Բայց ի՞նչ է անում այդ մարդը՝ տեսնելով Հիսուսին։ Նա մոտենում է նրան ու խոնարհվելով նրա առաջ՝ ասում. «Տե՛ր, եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ» (Մատթեոս 8։2)։
Ինչ խոսք, նա մեծ հավատ է դրսևորում Հիսուսի հանդեպ։ Միայն պատկերացրու, թե ինչ սարսափելի ու խղճալի տեսք ունի այդ բորոտ մարդը։ Ինչպե՞ս կվարվի Հիսուսը։ Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր։ Կարեկցանքից մղված՝ Հիսուսը մեկնում է ձեռքը և դիպչում նրան՝ ասելով. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր» (Մատթեոս 8։3)։ Հենց այդ պահին հիվանդ մարդը մաքրվում է բորոտությունից, թեև դա գուցե անհավատալի թվա։
Կցանկանայի՞ր ունենալ մի թագավոր, որը Հիսուսի նման կարեկից ու զորեղ լիներ։ Այս բորոտ մարդու հանդեպ Հիսուսի վերաբերմունքը վստահեցնում է մեզ, որ երբ Հիսուսը թագավորի ողջ երկրի վրա, կիրականանա աստվածաշնչյան հետևյալ մարգարեությունը. «Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի» (Սաղմոս 72։13)։ Այո՛, այդ ժամանակ Հիսուսը կանի այն, ինչ փափագում է անել ողջ սրտով. կօգնի բոլոր տառապող մարդկանց։
Մինչ բորոտին բուժելը Հիսուսի ծառայությունը արդեն իսկ մեծ ոգևորություն էր առաջացրել ժողովրդի մեջ։ Եվ հիմա մարդիկ կիմանան նաև նրա կատարած այս հրաշքի մասին։ Սակայն Հիսուսը չի ցանկանում, որ մարդիկ իրեն հավատան պարզապես իրենց լսած տեղեկությունների հիման վրա։ Հիսուսը գիտի այն մարգարեությունը, որում ասվում է, որ նա «փողոցում իր ձայնը լսել չի տա», այսինքն՝ ինչ-որ ցնցող ձևով չի հայտնի իր մասին (Եսայիա 42։1, 2)։ Ուստի նա բորոտությունից բուժված մարդուն պատվիրում է. «Ոչ ոքի չպատմես, այլ գնա, ցույց տուր քեզ քահանային և մատուցիր Մովսեսի պատվիրած ընծան» (Մատթեոս 8։4)։
Բայց այդ մարդն այնքան երջանիկ է, որ չի կարողանում չխոսել կատարվածի մասին։ Նա գնում է և ամենուրեք պատմում է այդ մասին։ Արդյունքում մարդկանց մեջ այնպիսի մեծ հետաքրքրություն է առաջանում, որ Հիսուսը չի կարողանում բացահայտ կերպով քաղաք մտնել։ Ուստի նա միառժամանակ մնում է մեկուսի վայրերում։ Բայցևայնպես, մարդիկ բոլոր տեղերից գալիս են, որ Հիսուսը ուսուցանի և բուժի իրենց։