ԳԼՈՒԽ 27
«Որքա՜ն մեծ է նրա բարությունը»
1, 2. Որքա՞ն մեծ է Եհովայի բարությունը, և ինչպե՞ս է այս հատկությունը ընդգծվում Աստվածաշնչում։
ԱՐԵՎԱՄՈՒՏԻ ջերմ շողերի ներքո վաղեմի ընկերները բաց երկնքի տակ վայելում են ընթրիքը։ Նրանք ծիծաղում են, զրուցում ու հիանում իրենց առջև բացված տեսարանով։ Իսկ հեռավոր մի վայրում հողագործը նայում է դաշտերին ու գոհունակությամբ ժպտում. երկնքում կուտակվել են գորշ ամպերը, և անձրևի առաջին կաթիլներն արդեն թափվում են ծարաված արտերի վրա։ Մեկ ուրիշ վայրում ամուսինները հրճվանքով դիտում են, թե ինչպես է իրենց մանկիկը կատարում իր առաջին երերուն քայլերը։
2 Գիտակցաբար թե անգիտակցաբար բոլոր այս մարդիկ օգուտներ են քաղում միևնույն բանից՝ Եհովա Աստծու բարությունից։ Կրոնասեր մարդիկ հաճախ են ասում՝ Աստված բարի է։ Աստվածաշունչը, սակայն, շատ ավելի արտահայտիչ կերպով է ընդգծում այդ միտքը։ Այնտեղ ասվում է. «Որքա՜ն մեծ է նրա բարությունը» (Զաքարիա 9։17)։ Թվում է, թե քչերն են այսօր հասկանում այս խոսքերի իմաստը։ Իսկ իրականում ի՞նչ է Եհովայի բարությունը, և ինչպե՞ս է այն անդրադառնում մեզնից յուրաքանչյուրի վրա։
Եհովայի սիրո վառ դրսևորումը
3, 4. Ի՞նչ է բարությունը, և ինչո՞ւ ճիշտ կլինի Եհովայի բարությունը անվանել նրա սիրո դրսևորում։
3 Ժամանակակից շատ լեզուներում բարությունը ընդհանուր հասկացություն է։ Սուրբ Գիրքը, սակայն, բոլորովին այլ կերպ է ներկայացնում այս հատկությունը։ Ըստ Աստվածաշնչի՝ այն առաքինություն է և բարոյական վեհ հատկություն։ Ուստի կարող ենք ասել, որ Եհովան լցված է բարությամբ։ Նրա բոլոր հատկությունները, այդ թվում նաև զորությունը, արդարությունը և իմաստությունը ներծծված են բարությամբ։ Այդուհանդերձ, ճիշտ կլինի բարությունն անվանել Եհովայի սիրո դրսևորում։ Ինչո՞ւ։
4 Բարությունը ակտիվ, գործերով արտահայտվող հատկություն է։ Պողոս առաքյալի խոսքերով՝ այն ավելի գրավիչ է, քան արդարությունը (Հռոմեացիներ 5։7)։ Արդար կարող է համարվել այն մարդը, որը հավատարմորեն պահում է օրենքի բոլոր կանոնները։ Իսկ բարի մարդն ավելին է անում. նա նախաձեռնություն է վերցնում ուրիշներին օգնելու համար։ Ինչպես դեռ կտեսնենք, այս առումով Եհովան իրոք որ բարի է։ Պարզ է, որ այսպիսի բարությունը գալիս է նրա անսահման սիրուց։
5-7. Ինչո՞ւ Հիսուսը թույլ չտվեց, որ իրեն «Բարի Ուսուցիչ» անվանեն, և այդպես վարվելով՝ ի՞նչ կարևոր ճշմարտություն հաստատեց։
5 Բարություն դրսևորելու հարցում Եհովան իրեն նմանը չունի։ Երբ Հիսուսի երկրային ծառայությունը մոտենում էր իր ավարտին, նրան մոտեցավ մի մարդ և դիմեց «Բարի Ուսուցիչ» խոսքերով։ Հիսուսը պատասխանեց. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում։ Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված» (Մարկոս 10։17, 18)։ Գուցե այս խոսքերը քեզ զարմանալի թվան։ Հիսուսն ինչո՞ւ այդպես ասաց։ Մի՞թե նա իսկապես «Բարի Ուսուցիչ» չէր։
6 Ակներևաբար, այս մարդը «Բարի Ուսուցիչ» խոսքերն օգտագործեց որպես տիտղոս Հիսուսին հաճոյանալու և նրան գովաբանելու նպատակով։ Սակայն համեստություն ցուցաբերելով՝ Քրիստոսն այդ փառքը ուղղեց իր երկնային Հորը, որը բարի է գերագույն իմաստով (Առակներ 11։2)։ Միևնույն ժամանակ Հիսուսը մի շատ կարևոր ճշմարտություն հաստատեց. միայն Եհովան է բարության չափանիշը։ Նա միակն է, որն ունի բարին ու չարը որոշելու գերագույն իրավունքը։ Ըմբոստանալով և բարին ու չարը գիտենալու ծառի պտղից ուտելով՝ Ադամն ու Եվան այդ իրավունքը վերագրեցին իրենց։ Ի տարբերություն նրանց՝ Աստծու Որդին խոնարհաբար թույլ էր տալիս, որ իր Հայրը չափանիշներ սահմանի։
7 Բացի այդ՝ Հիսուսը գիտեր, որ Աստված է այն բոլոր բաների Աղբյուրը, որոնք իսկապես բարի են։ Նա է «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» Տվողը (Հակոբոս 1։17)։ Տեսնենք, թե ինչպես է Եհովայի բարությունը երևում նրա առատաձեռնությունից։
Եհովայի մեծ բարության ապացույցը
8. Ինչպե՞ս է Եհովան բարություն դրսևորել բոլոր մարդկանց հանդեպ։
8 Չկա այնպիսի մարդ, որ զգացած չլինի Եհովայի բարությունը։ Ահա թե ինչ է ասվում Սաղմոս 145։9-ում. «Եհովան բարի է ամենքի հանդեպ»։ Ո՞ր օրինակներից է երևում Աստծու բարությունը ամենքի հանդեպ։ Աստվածաշունչը հայտնում է. «Ինքն իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով. անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործեր 14։17)։ Զգացե՞լ ես, թե որքան է բարձրանում տրամադրությունդ, երբ համեղ կերակուր ես ուտում։ Եթե Եհովան, բարությունից մղված, երկիրը չստեղծեր այնպես, որ ջուրը մշտական շրջապտույտ կատարեր, և չհաստատեր «պտղաբեր ժամանակները», մենք այսքան համեղ ուտելիքներ չէինք ունենա։ Աստված այսպիսի բարություն է դրսևորել ոչ միայն իրեն սիրողների, այլև բոլոր մարդկանց հանդեպ։ Հիսուսն ասաց. «Նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթեոս 5։45)։
9. Խնձորի օրինակով ինչպե՞ս կարող ենք տեսնել Եհովայի բարությունը։
9 Սակայն շատերը սովորական բան են համարում մարդկության հանդեպ ցուցաբերվող առատաձեռնությունը՝ արևը, անձրևը, պտղաբեր ժամանակները, քանի որ դրանք միշտ էլ գոյություն են ունեցել։ Ահա մի օրինակ. խնձորը լայնորեն տարածված է չափավոր կլիմա ունեցող գոտիներում։ Այն գեղեցիկ է, համեղ, ջրով և կարևոր սննդարար նյութերով հարուստ։ Իսկ գիտե՞ս արդյոք, որ ամբողջ աշխարհում գոյություն ունի խնձորի մոտ 7 500 տեսակ՝ կարմիր, ոսկեգույն, դեղին, կանաչ, բալի չափ փոքր և թուրինջի չափ մեծ։ Խնձորի փոքրիկ սերմը մարդու ափի մեջ աննշան ու չնչին է թվում։ Սակայն դրանից աճում է ամենագեղեցիկ ծառերից մեկը (Երգերի Երգ 2։3)։ Գարնանը խնձորենին պսակվում է հրաշագեղ ծաղիկներով, իսկ աշնանը պտուղ է տալիս։ Ամեն տարի (մինչև 75 տարի) խնձորի ծառը միջին հաշվով այնքան բերք է տալիս, որը բավական է 19 կիլոգրամ տարողությամբ 20 արկղ լցնելու համար։
Եհովան «անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ»
10, 11. Ինչպե՞ս են մեր զգայարանները վկայում Աստծու բարության մասին։
10 Իր անսահման բարությունից մղված՝ Եհովան մեզ այնպիսի մարմին է պարգևել, որը «զարմանալի կերպով է ստեղծված»։ Այն ունի զգայարաններ, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք գնահատել Աստծու գործերը և բավականություն ստանալ դրանցից (Սաղմոս 139։14)։ Մեկ անգամ ևս հիշենք այս գլխի սկզբում տրված նկարագրությունները։ Ո՞ր տեսարաններն են, որ ուրախություն են պատճառում։ Հրճվանքով լի երեխայի վարդագույն այտերը։ Դաշտերի վրա թափվող անձրևի կաթիլները։ Արևամուտի կարմիր, ոսկեգույն ու մանուշակագույն երանգները։ Մարդու աչքը ստեղծված է այնպես, որ կարողանում է տարբերել հազարավոր և թերևս նույնիսկ միլիոնավոր գույներ։ Իսկ մեր լսողության զգայարանը կարող է ընկալել սիրված մարդու ձայնի ելևէջները, քամուց օրորվող տերևների շրշյունը, մանկիկի հիացական ծիծաղը։ Ինչի՞ շնորհիվ է, որ մենք ուրախություն ենք ստանում այս ամենից։ Աստվածաշունչն ասում է. «Լսող ականջ և տեսնող աչք. երկուսն էլ Եհովան է ստեղծել» (Առակներ 20։12)։ Այսքանը, սակայն, մեր զգայարաններից միայն երկուսի մասին։
11 Հոտառության զգայարանը Եհովայի բարության մեկ ուրիշ ապացույցն է։ Մարդու այս զգայարանը կարող է տարբերել բազմաթիվ հոտեր, ըստ որոշ հետազոտողների՝ հազարավոր և նույնիսկ մինչև մեկ տրիլիոն հոտեր։ Ահա մի քանիսը. սիրված կերակուրի, գետնին թափված տերևների, խարույկից արձակվող ծխի դուրեկան հոտը, ծաղիկների նուրբ բուրմունքը։ Իսկ շոշափելիքի զգայարանի շնորհիվ կարողանում ես զգալ, թե ինչպես է մեղմ զեփյուռը շոյում քո դեմքը, սիրելի անձնավորությունը գրկում քեզ, և թե որքան հարթ է ձեռքիդ մեջ գտնվող միրգը։ Երբ որևէ բան ես ճաշակում, սկսում է գործել քո համի զգայարանը։ Օրինակ՝ հենց միրգ ես ուտում, զգում ես այն հաճելի և յուրահատուկ համը, որ առաջանում է պտղի քիմիական բաղադրության ամենանուրբ առանձնահատկությունների միախառնումից։ Այո՛, մենք բոլոր հիմքերն ունենք Եհովայի մասին ասելու. «Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահում ես քեզանից վախեցողների համար» (Սաղմոս 31։19)։ Սակայն ինչպե՞ս է Եհովան բարություն «պահել» նրանց համար, ովքեր աստվածավախ են։
Բարություն, որ հավիտենական օգուտներ է բերում
12. Եհովայի տված ո՞ր պարգևներն են ամենից կարևոր և ինչո՞ւ։
12 Հիսուսն ասաց. «Գրված է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով»» (Մատթեոս 4։4)։ Եվ իրոք, Եհովայի տրամադրած հոգևոր միջոցները ավելի մեծ օգուտներ են բերում մեզ, քան նրա ֆիզիկական պարգևները, քանի որ առաջնորդում են հավիտենական կյանքի։ 8-րդ գլխում ասվեց, որ այս վերջին օրերում Եհովան գործի է դրել վերականգնելու իր զորությունը՝ հոգևոր դրախտ ստեղծելու նպատակով։ Այդ դրախտի գլխավոր առանձնահատկությունը հոգևոր սննդի առատությունն է։
13, 14. ա) Ի՞նչ տեսիլք տեսավ Եզեկիելը, և ի՞նչ է այն նշանակում մեզ համար այսօր։ բ) Կյանք պարգևող ի՞նչ հոգևոր միջոցներով է Եհովան օրհնել իր հավատարիմ ծառաներին։
13 Վերականգնման մասին աստվածաշնչյան մարգարեություններից մեկի համաձայն՝ Եզեկիել մարգարեն տեսավ վերականգնված ու փառավորված տաճարի տեսիլքը։ Տաճարից ջուր էր հոսում, որը գնալով ընդարձակվում էր ու խորանում՝ ի վերջո վերածվելով հեղեղատի։ Ուր էլ այն հոսեր, ամենուրեք օրհնություններ էր բերում։ Ափերին ծաղկում էին բազմաթիվ փարթամ ծառեր, որ պտղատու էին ու բուժիչ։ Գետը կյանք ու կենդանություն պարգևեց նույնիսկ աղի և անկենդան Մեռյալ ծովին (Եզեկիել 47։1-12)։ Սակայն ի՞նչ էր նշանակում այդ ամենը։
14 Տաճարի տեսիլքը ցույց էր տալիս, որ Եհովան վերականգնելու էր ճշմարիտ երկրպագությունը, և մարդիկ նորից հնարավորություն էին ունենալու ճիշտ ձևով երկրպագելու Եհովային։ Տեսիլքում նկարագրված գետի նման՝ Աստծու տված կյանք պարգևող միջոցները «հոսելու» են դեպի իր ժողովուրդը ավելի ու ավելի մեծ առատությամբ։ 1919 թ.-ին ճշմարիտ երկրպագության վերականգնումից ի վեր Եհովան իր ժողովրդին տալիս է կյանք պարգևող այդ միջոցները։ Ինչպե՞ս։ Աստվածաշնչի, աստվածաշնչյան գրականության, ժողովի հանդիպումների ու համաժողովների օգնությամբ միլիոնավոր մարդիկ ծանոթանում են կարևոր ճշմարտություններին։ Դրանց միջոցով Եհովան իր ժողովրդին սովորեցնում է կյանք տվող իր մեծագույն պարգևի՝ Քրիստոսի քավիչ զոհի մասին, որի շնորհիվ Աստծուն անկեղծորեն սիրող ու նրանից վախեցող բոլոր մարդիկ հնարավորություն են ստանում Եհովայի առաջ մաքուր լինելու և հավիտենական կյանքի հույս ունենալու։a Ուստի այս վերջին օրերի ընթացքում, երբ ամբողջ աշխարհում հոգևոր սով է, Եհովայի ժողովուրդը հոգևոր խնջույքի մեջ է (Եսայիա 65։13)։
15. Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում Եհովայի բարությունը ի՞նչ իմաստով «կհոսի» դեպի իր հավատարիմ ծառաները։
15 Եզեկիելի տեսած գետը չի դադարի հոսելուց նույնիսկ այն ժամանակ, երբ այս հին համակարգը հասնի իր վախճանին։ Ընդհակառակը՝ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում այն ավելի առատորեն կհոսի։ Այնուհետև Մեսիական Թագավորության միջոցով Եհովան կկիրառի Հիսուսի զոհի ողջ արժեքը՝ իր հավատարիմ ծառաներին աստիճանաբար կատարելության հասցնելով։ Այդ ժամանակ որքա՜ն կցնծանք Եհովայի բարության համար։
Եհովայի բարության մյուս դրսևորումները
16. Աստվածաշունչը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովայի բարությունն ընդգրկում է մի շարք հատկություններ, և որո՞նք են դրանցից մի քանիսը։
16 Եհովայի բարությունը առատաձեռնությունից առավել է։ Աստված Մովսեսին ասաց. «Իմ ողջ բարությունը ես կանցկացնեմ քո երեսի առջևով և կհռչակեմ Եհովայի անունը քո առաջ»։ Նույն արձանագրության մեջ այնուհետև կարդում ենք. «Եհովան անցավ նրա երեսի առջևով ու հռչակեց. «Եհո՛վա, Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի»» (Ելք 33։19; 34։6)։ Այո՛, Եհովայի բարությունը ընդգրկում է մի շարք հոյակապ հատկություններ։ Քննենք դրանցից երկուսը։
17. Ի՞նչ է նշանակում լինել գթառատ, և ինչպե՞ս է Եհովան դրսևորել այս հատկությունը անկատար մարդկանց նկատմամբ։
17 «Գթառատ»։ Այն ծագում է մի բառից, որը թարգմանվում է նաև «կարեկցող»։ Այս հատկությունը շատ բան է հայտնում Եհովայի վերաբերմունքի մասին իր ստեղծած արարածների հանդեպ։ Ի տարբերություն իշխանությամբ օժտված բազում անհատների՝ Աստված կտրուկ, սառը կամ բռնասեր անձնավորություն չէ։ Ընդհակառակը՝ նա մեղմ է ու բարի։ Օրինակ՝ մի առիթով Աբրահամի հետ խոսելիս նա ասաց. «Բարձրացրու, խնդրեմ, աչքերդ և քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս ու հարավ, արևելք ու արևմուտք» (Ծննդոց 13։14)։ Շատ թարգմանություններում «խնդրեմ» բառը բաց է թողնված։ Սակայն աստվածաշնչագետները նշում են, որ եբրայերեն բնագրում այս բառին այնպիսի ածանց է ավելացված, որը հրամանը դարձնում է խնդրանք և խոսքերին քաղաքավարության երանգ է հաղորդում։ Աստվածաշնչում նման ուրիշ համարներ էլ կան (Ծննդոց 31։12; Եզեկիել 8։5)։ Պատկերացնո՞ւմ ես՝ տիեզերքի Գերիշխանը խնդրանքով է դիմում չնչին մարդ արարածին։ Այս բիրտ ու դաժան աշխարհում ապրողներիս համար մի՞թե թարմացուցիչ չէ խորհել այն մասին, որ մեր Աստվածը՝ Եհովան, գթառատ է։
18. Ի՞նչ իմաստով է Եհովան «ճշմարտությամբ լի», և ինչո՞ւ են այդ խոսքերը մխիթարական։
18 «Ճշմարտությամբ լի»։ Անազնվությունը դարձել է ներկայիս աշխարհի բռնած ուղին։ Աստվածաշունչը, սակայն, հետևյալ հիշեցումն է անում. «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի» (Թվեր 23։19)։ Հետաքրքիր է, որ Տիտոս 1։2-ում ասվում է, որ «Աստված.... չի կարող ստել»։ Նա այնքան բարի է, որ չի կարող նման բան անել։ Հետևաբար Եհովայի խոստումները կատարելապես վստահելի են. անհնար է, որ նրա խոսքերը չիրականանան։ Եհովան նույնիսկ կոչվում է «ճշմարտության Աստված» (Սաղմոս 31։5)։ Նա ոչ միայն հեռու է ստից, այլև առատորեն ճշմարտություն է տալիս։ Եհովան առեղծվածային ու փակ անձնավորություն չէ, հակառակը՝ նա առատաձեռնորեն անսահման իմաստությամբ լուսավորում է իր հավատարիմ ծառաներին։b Դեռ ավելին՝ Աստված սովորեցնում է նրանց, թե ինչպես ապրեն իր հայտնած ճշմարտությունների համաձայն, որպեսզի «շարունակեն քայլել այդ ճշմարտության մեջ» (3 Հովհաննես 3)։ Իսկ ինչպե՞ս պետք է ազդի Եհովայի բարությունը անձամբ քեզ վրա։
«Կշողան՝ տեսնելով Եհովայի բարությունը»
19, 20. ա) Ինչպե՞ս Սատանան փորձեց թուլացնել Եվայի վստահությունը Եհովայի բարության հանդեպ, և ինչի՞ հանգեցրեց դա։ բ) Եհովայի բարությունը ի՞նչ ազդեցություն պետք է թողնի մեզ վրա և ինչո՞ւ։
19 Եդեմի պարտեզում Եվային փորձության ենթարկելիս Սատանան նախ աննկատորեն սկսեց թուլացնել նրա վստահությունը Եհովայի բարության հանդեպ։ Աստված Ադամին պատվիրել էր. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես»։ Այգին զարդարող հազարավոր ծառերից միայն մեկի վրա էր Եհովան արգելք դրել։ Ուշադրություն դարձրու, սակայն, թե Սատանան ինչպես ձևակերպեց Եվային ուղղված իր առաջին հարցը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք» (Ծննդոց 2։9, 16; 3։1)։ Սատանան աղավաղեց Եհովայի խոսքերը, որպեսզի Եվան մտածի, թե Աստված ինչ-որ լավ բան է թաքցնում իրենից։ Ցավոք, դա նրան հաջողվեց։ Եվան իրենից հետո ապրած բազմաթիվ մարդկանց նման սկսեց կասկածել Աստծու բարությանը, այն Աստծու, որը տվել էր նրան ամեն բան։
20 Մենք լավ գիտենք, թե որքան ցավ ու տառապանք առաջ բերեցին այդ կասկածները։ Ուստի տեղին կլինի, որ միշտ հիշենք Երեմիա 31։12 համարը. «Նրանք.... կշողան՝ տեսնելով Եհովայի բարությունը»։ Իրոք որ, Եհովայի բարությունը մեզ պետք է մղի ցնծալու ուրախությունից։ Երբեք չպիտի կասկածի ենթարկենք բարությամբ լի մեր Աստծու մղումները։ Մենք կարող ենք ամբողջովին վստահել Եհովային, քանի որ իրեն սիրողներին նա միայն բարիք է ցանկանում։
21, 22. ա) Ի՞նչ կերպերով կարձագանքես Եհովայի բարությանը։ բ) Ո՞ր հատկության մասին կխոսվի հաջորդ գլխում, և ինչո՞վ է այն տարբերվում բարությունից։
21 Երբ Աստծու բարության մասին ուրիշների հետ խոսելու առիթ ենք ունենում, դա ուրախություն է պատճառում մեզ։ Եհովայի ժողովրդի վերաբերյալ սաղմոսներից մեկում ասվում է. «Քո մեծ բարության մասին պիտի խոսքեր բխեցնեն» (Սաղմոս 145։7)։ Եհովայի բարությունից մենք այս կամ այն կերպ օգուտ ենք քաղում յուրաքանչյուր օր։ Թող որ սովորություն դարձնենք ամեն օր երախտագիտության խոսքեր ասել Աստծուն իր բարության համար։ Եթե խորհենք այդ հատկության շուրջ, ուրիշներին պատմենք դրա մասին և ամեն օր Եհովային շնորհակալություն հայտնենք նրա բարության համար, կընդօրինակենք մեր բարի Աստծուն։ Ու մինչ Եհովայի նման ձգտում ենք բարին գործել, ավելի ենք մտերմանում նրա հետ։ Ահա թե ինչ է գրել տարեց Հովհաննես առաքյալը. «Սիրելի՛ եղբայր, ընդօրինակիր ոչ թե չարը, այլ բարին։ Ով բարիք է գործում, Աստծուց է» (3 Հովհաննես 11)։
22 Եհովայի բարությունը կապ ունի նաև նրա մյուս հատկությունների հետ։ Օրինակ՝ Աստված լի է «սիրառատ բարությամբ», կամ՝ նվիրված սիրով (Ելք 34։6)։ Այս հատկությունը շատ ավելի նեղ կիրառություն ունի, քան բարությունը, որովհետև Եհովան այն դրսևորում է մասնավորապես իր հավատարիմ ծառաների հանդեպ։ Հաջորդ գլխից կիմանանք, թե ինչպես է Աստված դա անում։
a Եհովայի բարության մասին վկայող մեծագույն օրինակը քավիչ զոհն է։ Միլիոնավոր ոգեղեն արարածների միջից Եհովան ընտրեց իր սիրելի, միածին Որդուն, որպեսզի վերջինս մահանա մեզ համար։
b Աստվածաշունչը ճշմարտությունը կապում է լույսի հետ։ «Ուղարկի՛ր քո լույսն ու ճշմարտությունը»,— երգեց սաղմոսերգուն (Սաղմոս 43։3)։ Եհովան առատորեն հոգևոր լույս է սփռում նրանց վրա, ովքեր ուզում են ուսուցանվել, կամ՝ լուսավորվել (2 Կորնթացիներ 4։6; 1 Հովհաննես 1։5)։