«Ով ընթերցում է, թող հասկանայ»
«Երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը.... սրբութեան տեղումը կանգնած.... այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը» (Մատթէոս 24։15, 16, ԱԹ)։
1. Ղուկաս 19։43, 44 համարներում արձանագրված Հիսուսի նախազգուշացումը ի՞նչ արդյունքների բերեց։
ԵԹԵ ԱՉԱԼՈՒՐՋ լինենք մոտեցող աղետի նկատմամբ, կարող ենք խուսափել նրանից (Առակաց 22։3)։ Պատկերացրեք Երուսաղեմի քրիստոնյաների վիճակը մ.թ. 66 թ.–ին հռոմեացիների կողմից քաղաքը նվաճելուց հետո։ Հիսուսը նախազգուշացրել էր քաղաքի շրջապատման և ավերման մասին (Ղուկաս 19։43, 44)։ Հրեաների մեծամասնությունը արհամարհեց այդ նախազգուշացումը։ Սակայն Հիսուսի աշակերտները մտապահեցին նրա խոսքերը։ Իրենց ցուցաբերած զգոնության շնորհիվ՝ նրանք փրկվեցին մ.թ. 70–ին պատահած աղետից։
2, 3. Ինչո՞ւ պետք է մեզ հետաքրքրի Մատթէոս 24։15—21–ում ներկայացված Հիսուսի մարգարեությունը։
2 Այսօր մեզ հետ առնչություն ունեցող մարգարեության մեջ Հիսուսը տվեց բաղադրյալ նշանի նկարագրությունը՝ խոսելով պատերազմների, սովի, երկրաշարժների, համաճարակների և Աստծո Թագավորությունը քարոզող քրիստոնյաների կրած հալածանքների մասին (Մատթէոս 24։4—14; Ղուկաս 21։10—19)։ Հիսուսն իր աշակերտներին տվեց այն «բանալին», որը պետք է օգներ իմանալու վախճանի մոտ լինելը. նա խոսեց ‘սրբության տեղում կանգնած ավերածի պղծության [«ավերում բերող պղծության», ՆԱ]’ մասին (Մատթէոս 24։15, ԱԹ)։ Եկեք այժմ քննենք այս խորիմաստ խոսքերը տեսնելու համար, թե ինչ ներգործություն ունեն դրանք մեր կյանքի վրա՝ թե՛ ներկա և թե՛ ապագա։
3 Նշանի համառոտ նկարագիրը տալուց հետո Հիսուսն ասաց. «Երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. կարդացողը թող մտածէ. այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։ Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չ’գայ մի բան վեր առնելու իր տանիցը։ Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չ‘դառնայ իր հանդերձները վեր առնելու։ Բայց վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։ Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չ’լինի, ոչ էլ շաբաթ օրը։ Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ» (Մատթէոս 24։15—21, ԱԹ)։
4. Ի՞նչն է ցույց տալիս, որ Մատթէոս 24։15–ը իր կատարումն ունեցավ առաջին դարում։
4 Այս առումով Մարկոսի և Ղուկասի արձանագրությունները հավելյալ մանրամասնություններով են մեզ ապահովում։ Այնտեղ, որտեղ Մատթեոսը օգտագործում է «սրբութեան տեղումը կանգնած» արտահայտությունը, Մարկոս 13։14–ում ասվում է՝ «տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր», իսկ Ղուկաս 21։20–ում կարդում ենք Հիսուսի խոսքերի շարունակությունը. «Երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է»։ Այս տեղեկությունն օգնում է հասկանալ, որ մարգարեության առաջին կատարումը վերաբերվում էր մ.թ. 66 թ.–ին սկսված հռոմեացիների կողմից Երուսաղեմի նվաճմանը, ինչպես նաև հրեաների, բայց այլևս ոչ Եհովայի համար սուրբ համարվող տաճարի ավերմանը։ Վերջնական ամայացումը վրա հասավ մ.թ. 70–ին, երբ հռոմեացիները կործանեցին երկուսն էլ՝ քաղաքն ու տաճարը։ Ո՞րն էր այն ժամանակվա «պղծութիւնը», և ինչպե՞ս էր այն «սրբութեան տեղումը կանգնած»։ Այս հարցերի պատասխանները կօգնեն պարզաբանելու մարգարեության ներկայիս կատարումը։
5, 6. ա) Ի՞նչ պետք է հասկանային Դանիէլի 9–րդ գլուխը կարդացողները։ բ) Ինչպե՞ս կատարվեց «պղծության» վերաբերյալ Հիսուսի տված մարգարեությունը։
5 Հիսուսը կարդացողներին դրդեց հասկացողություն ձեռք բերել։ Ո՞ր խոսքերը կարդացողներին. ամենայն հավանականությամբ, Դանիէլի 9–րդ գլխի։ Այս գլուխը պարունակում է Մեսիայի հայտնվելու ժամանակի մասին մարգարեությունը, որտեղ կանխագուշակվում է, որ նա պետք է երեքուկես տարի անց «մահով դատապարտուի»։ Ահա թե շարունակության մեջ ինչպես է հնչում այդ մարգարեությունը. «Տաճարի ծայրի վերայ աւերածի պղծութիւն կ’լինի [«պղծութեան թեւին վրայ աւերողը պիտի գայ», Արևմտահայերեն Աստվածաշունչ, տողատակի ծանոթագրություն] մինչեւ որ վերջնական եւ նախասահմանեալ պատուհասը կ’թափուի աւերածի վերայ» (Դանիէլ 9։26, 27; տեսեք նաև Դանիէլ 11։31; 12։11)։
6 Հրեաները կարծում էին, թե դա վերաբերվում էր իրենց օրերից շուրջ 200 տարի առաջ Անտիոքոս IV–ի կողմից տաճարի պղծմանը։ Հիսուսը, սակայն, հակառակը ցույց տվեց, քաջալերելով հասկանալ, քանի որ «պղծութիւնը» դեռ պետք է հայտնվեր և կանգներ «սուրբ տեղումը»։ Ակնհայտ է, որ Հիսուսը նկատի ուներ հռոմեական զորքերին, որոնք մ.թ. 66–ին պետք է գային իրենց դրոշակների ուղեկցությամբ։ Հռոմեացիների կողմից երկար ժամանակ գործածվող այդ դրոշակները իրենց կուռքերն էին, որոնք գարշելի էին հրեաների համար։aԲայց զորքը ե՞րբ պետք է ‘կանգներ սուրբ տեղում’։ Դա պատահեց այն ժամանակ, երբ հռոմեական բանակն իր դրոշակներով պաշարեց Երուսաղեմն ու հրեաների սուրբ տաճարը։ Հռոմեացիները նույնիսկ սկսեցին տակից փորել տաճարի տարածքի պատերը։ Եվ իրոք, այն, ինչը երկար ժամանակ գարշելի էր համարվել, այժմ կանգնած էր սուրբ տեղում (Եսայիա 52։1; Մատթէոս 4։5; 27։53; Գործք 6։13)։
Ժամանակակից «պղծութիւնը»
7. Հիսուսի ո՞ր մարգարեությունը պետք է իր կատարումը ունենա մեր ժամանակներում։
7 Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր մենք ականատես ենք դարձել Մատթէոսի 24–րդ գլխում Հիսուսի տված նշանի ավելի լայն կատարմանը։ Բայց հիշենք նրա խոսքերը. «Երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը.... սրբութեան տեղումը կանգնած.... այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը» (Մատթէոս 24։15, 16, ԱԹ)։ Այս խոսքերն իրենց կատարումը պետք է ունենան նաև մեր օրերում։
8. Տարիներ շարունակ Եհովայի վկաներն ինչպե՞ս են ճանաչել ժամանակակից «պղծութիւնը»։
8 Մարգարեության կատարման առնչությամբ Եհովայի ժողովրդի համոզվածությունը հանդես բերելով՝ «Դիտարան» ամսագրի 1921 թ. հունվարի 1–ի համարը (անգլ.) կենտրոնացավ դրա վրա՝ կապված Միջին Արևելքում զարգացող իրադարձությունների հետ։ Ավելի ուշ՝ 1929 թ. դեկտեմբերի 15–ի համարում (էջ 374, անգլ.), որոշակիորեն ասվում էր. «Ազգերի Լիգայի մտադրությունն է մարդկանց ուշադրությունը շեղել Աստծուց և Քրիստոսից, ուստի այս կազմակերպությունն ավերող գործիք է Սատանայի ձեռքում ու գարշելի բան Աստծո աչքերում»։ Այսպիսով՝ «ավերածի պղծութիւնը» հայտնվեց 1919 թ.–ին։ Ժամանակի ընթացքում Լիգային փոխարինեց Միավորված Ազգերի Կազմակերպությունը։ Եհովայի վկաները երկար տարիներ մերկացրել են մարդկությանը խաղաղություն բերելու ձգտող այս կազմակերպությունները՝ որպես «պղծութիւն» Աստծո աչքերում։
9, 10. Մեծ նեղության նախկին հասկացողությունը ինչպե՞ս էր ազդել մեր տեսակետի վրա, թե երբ պետք է ‘պղծության՝ սուրբ տեղում կանգնելու’ ժամանակը գար։
9 Նախորդ հոդվածում ամփոփվեց Մատթէոսի 24 և 25 գլուխների պարզաբանումը։ Կա՞ արդյոք որևէ պարզաբանման կարիք ‘սուրբ տեղում կանգնած ավերածի պղծության’ վերաբերյալ։ Անշո՛ւշտ։ Հիսուսի մարգարեության մեջ ‘սուրբ տեղում կանգնելը’ սերտորեն կապվում է կանխագուշակված ‘նեղության’ բռնկման հետ։ Ուստի, չնայած «պղծութիւնը» երկար ժամանակ է, ինչ գոյություն ունի՝ մեծ նեղության և «սուրբ տեղումը» նրա կանգնած լինելու միջև կապը պետք է մեզ մտածելու տեղիք տա։ Ինչո՞ւ։
10 Մի ժամանակ Աստծո ժողովուրդը հասկանում էր, որ մեծ նեղության առաջին փուլը սկսվել է 1914 թ.–ին և որ նրա եզրափակիչ մասը տեղի է ունենալու Արմագեդոնի պատերազմում (Յայտնութիւն 16։14, 16; համեմատեք «Դիտարան» 1939, ապրիլի 1, էջ 110, անգլ.)։ Հետևաբար հասկանալի է, թե ինչո՛ւ էին մի ժամանակ կարծում, որ ժամանակակից «պղծութիւնը» սուրբ տեղում պետք է հայտնված լիներ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո։
11, 12. Մեծ նեղության վերաբերյալ ի՞նչ նոր բացատրություն տրվեց 1969 թ.–ին։
11 Այնուհանդերձ, վերջին տարիների ընթացքում մենք սկսել ենք որոշ բաներ այլ կերպ տեսնել։ 1969 թ. հուլիսի 10–ին՝ հինգշաբթի օրը, Նյու Յորքում «Խաղաղություն Երկրի վրա» վերնագրով միջազգային համաժողովին խիստ սթափեցնող ելույթով հանդես եկավ այդ ժամանակվա «Դիտարան» ընկերության փոխնախագահ Ֆ. Ֆրանցը։ Վերանայելով Հիսուսի մարգարեության նախկին ըմբռնումը՝ եղբայր Ֆրանցն ասաց. «Մինչև այժմ բացատրություն էր տրվել, որ «մեծ նեղութիւնը» սկսվել էր մ.թ. 1914–ին և թույլ չէր տրվել, որ հասնի իր վերջնակետին, այլ 1918–ի նոյեմբերին Աստված դադարեցրել էր պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմից սկսած՝ նախքան Արմագեդոնի պատերազմում ‘մեծ նեղության’՝ իր ավարտին հասնելը, Աստված ժամանակամիջոց է տրամադրել ընտրված քրիստոնյաների օծյալ մնացորդի գործունեության համար»։
12 Դրան հաջորդեց բավականին ճշտված բացատրությունը. «Եթե համաձայնեցնենք առաջին դարի իրադարձությունների հետ.... ներկայիս «մեծ նեղութիւնը» չսկսվեց մ.թ. 1914–ին։ Ընդհակառակը, այն, ինչ 1914—1918–ի ընթացքում տեղի ունեցավ Երուսաղեմի ժամանակակից զուգահեռի հետ, ընդամենը «ցաւերի սկիզբն» էր.... «Մեծ նեղութիւնը», որի նմանն այլևս չի լինելու, դեռ առջևում է, քանի որ այն նշանակում է կեղծ կրոնի համաշխարհային կայսրության (այդ թվում նաև քրիստոնեական աշխարհի) կործանումը, որին էլ իր հերթին պետք է հաջորդի ‘Ամենակալ Տիրոջ մեծ օրուայ պատերազմը’՝ Արմագեդոնը»։ Դա նշանակում էր, որ ամբողջական մեծ նեղությունը դեռ առջևում էր։
13. Ինչո՞ւ է տրամաբանական ենթադրել, որ «պղծութիւնը» ապագայում դեռ պետք է գա ու ‘կանգնի սուրբ տեղում’։
13 Այս պարզաբանումը ուղղակիորեն օգնում է հասկանալ, թե «պղծութիւնը» երբ է կանգնելու սուրբ վայրում։ Հիշենք, թե ինչ պատահեց առաջին դարում։ Մ.թ. 66–ին հռոմեացիները հարձակվեցին Երուսաղեմի վրա, սակայն անսպասելիորեն նահանջեցին, ինչը քրիստոնյաների «մարմնին» փրկվելու հնարավորություն տվեց (Մատթէոս 24։22)։ Դրան համապատասխան՝ մենք ակնկալում ենք, որ մեծ նեղությունը շուտով վրա կհասնի, սակայն կարճ կտևի հանուն Աստծո ընտրյալների։ Ուշադրություն դարձրեք այս առանցքային պահի վրա. նախկինում ‘սուրբ տեղում կանգնած պղծությունը’ կապված էր մ.թ. 66–ին զորավար Գալլոսի առաջնորդությամբ հռոմեացիների կողմից քաղաքի գրոհման հետ։ Այդ գրոհի, այսինքն՝ մեծ նեղության բռնկման արդի զուգահեռը դեռ առջևում է։ Ուստի, «ավերում բերող պղծութիւնը», որի գոյությունը սկսվել է 1919 թ.–ից ի վեր, ամենայն հավանականությամբ, դեռ պետք է գա և կանգնի սուրբ տեղում։bԻսկ ինչպե՞ս է դա տեղի ունենալու, և ի՞նչ առնչություն այն կարող է ունենալ մեզ հետ։
Ապագա հարձակում
14, 15. Ինչպե՞ս է Յայտնութիւն գրքի 17–րդ գլուխն օգնում մեզ հասկանալ, թե ո՛ր իրադարձությունները պետք է առաջնորդեն դեպի Արմագեդոն։
14 Յայտնութիւն գիրքը ապագայում կեղծ կրոնի վրա կործանարար հարձակման նկարագրությունն է տալիս։ 17–րդ գլուխը ներկայացնում է ‘Մեծն Բաբելոնի՝ երկրի պոռնիկների մոր’, այսինքն՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության վրա գալիք Աստծո դատաստանը։ Քրիստոնեական աշխարհը մեր օրերում կարևոր դեր է խաղում, այն պնդում է, որ ուխտի մեջ է գտնվում Աստծո հետ (համեմատեք Երեմիա 7։4)։ Կեղծ կրոնները, այդ թվում նաև քրիստոնեական աշխարհը, դարեր շարունակ անթույլատրելի հարաբերությունների մեջ են գտնվել «երկրի թագաւորների» հետ, սակայն դա պետք է ավարտվի այդ կրոնների կործանումով (Յայտնութիւն 17։2, 5)։ Ո՞վ է լինելու ավերիչը։
15 Յայտնութիւն գրքում նկարագրվում է մի «կարմիր գազան», որը ինչ–որ ժամանակ գոյություն ունենալուց հետո անհետանում է, ապա՝ նորից հայտնվում (Յայտնութիւն 17։3, 8)։ Այս գազանին հովանավորում են երկրի իշխանները։ Մարգարեության մեջ օգտագործված մանրամասնություններն օգնում են հաստատելու խորհրդանշական գազանի ինքնությունը՝ որպես խաղաղության կազմակերպություն, որը ստեղծվեց 1919 թ. «Ազգերի Լիգա» անունով («պղծութիւնը») և որն այժմ վերանվանված Միավորված Ազգերի Կազմակերպությունն է։ Յայտնութիւն 17։16, 17 համարները ցույց են տալիս, որ Աստված «գազանի» կողմից երևելի համարվող առանձին կառավարիչների սրտերում դնելու է, որ ոչնչացնեն կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ Այդ հարձակումն էլ հենց կբնորոշի մեծ նեղության սկիզբը։
16. Կրոնի հետ կապված ի՞նչ նշանակալից իրադարձություններ են զարգանում այսօր։
16 Բայց արդյո՞ք ‘պղծության՝ սուրբ տեղում կանգնելը’ դեռ առջևում է այն պատճառով, որ մեծ նեղության սկիզբը նոր պետք է գա։ Ըստ երևույթին, այդպես է։ Մինչ «պղծութիւնը» իր ով լինելը բացահայտեց մեր դարաշրջանի սկզբերին և արդեն տասնամյակներ է, ինչ գոյատևում է, մոտ ապագայում այն առանձնահատուկ ձևով տեղ կզբաղեցնի «սուրբ տեղումը»։ Ինչպես Քրիստոսի՝ առաջին դարի հետևորդները պետք է ուշադիր լինեին, որպեսզի տեսնեին, թե ինչպես են զարգանում ‘պղծության՝ սուրբ տեղը կանգնելու’ իրադարձությունները, այնպես էլ ներկայիս քրիստոնյաներն են այդպես վարվում։ Ինչ խոսք, մարգարեության այս մասի բոլոր մանրամասնություններն իմանալու համար պետք է սպասենք նրա վերջնական կատարմանը։ Սակայն, պետք է նշել, որ որոշ երկրներում կրոնի հանդեպ գնալով աճող հակակրանք է նկատվում։ Քաղաքական որոշ տարրեր, ճշմարիտ հավատքից շեղված երբեմնի քրիստոնյաների հետ միացած, թշնամություն են սերմանում ընդդեմ կրոնի և մասնավորապես ճշմարիտ քրիստոնյաների (Սաղմոս 94։20, 21; Ա Տիմոթէոս 6։20, 21)։ Որպես հետևանք՝ քաղաքական ուժերը արդեն իսկ հիմա ‘պատերազմում են Գառան դեմ’, և, ինչպես ցույց է տալիս Յայտնութիւն 17։14–ը, այդ պայքարն ավելի է սաստկանալու։ Չնայած նրանք բառացիորեն չեն կարող ձեռք բարձրացնել Աստծո Գառան՝ Հիսուս Քրիստոսի վրա նրա բարձրացված, փառավորված դիրքում գտնվելու պատճառով, նրանք իրենց հակառակությունը կբանեցնեն հատկապես Աստծո ճշմարիտ երկրպագուների՝ նրա «սրբերի» դեմ (Դանիէլ 7։25; համեմատեք Հռովմայեցիս 8։27; Կողոսացիս 1։2, 3 ա; Յայտնութիւն 12։17)։ Սակայն Աստծո երաշխիքն ունենք, որ հաղթանակը Գառան ու նրա կողմնակիցների կողմն է լինելու (Յայտնութիւն 19։11—21)։
17. Թեև չենք կարող որևէ բան կտրականորեն պնդել, սակայն ի՞նչ կարելի է ասել այն մասին, թե ինչպես է «պղծութիւնը» կանգնելու սուրբ տեղում։
17 Մենք գիտենք, որ կեղծ կրոնին ամայացում է սպասվում։ Մեծն Բաբելոնը ‘հարբած է սրբերի արյունով’ և գործում է որպես թագուհի, սակայն նրա կործանումը կանխորոշված է։ Աշխարհի թագավորների վրա ունեցած նրա պիղծ ազդեցությունը դրամատիկորեն կփոխվի, երբ այդ հարաբերությունը վերածվի «գազանի տասը եղջիւրների» կողմից սաստիկ ատելության (Յայտնութիւն 17։6, 16; 18։7, 8)։ Երբ «կարմիր գազանը» հարձակվի կրոնական այդ «պոռնիկի» վրա, հենց այդ ժամանակ էլ «պղծութիւնը», քրիստոնեական աշխարհին սպառնալիք հանդիսանալով, կկանգնի նրա, այսպես կոչված, սուրբ տեղում։cԱյսպիսով իրեն սուրբ ներկայացնող, ուխտադրուժ քրիստոնեական աշխարհի վրա կսկսվի ամայացումը։
«Փախչել». իսկ ինչպե՞ս
18, 19. Ինչպիսի՞ հիմքեր են բերվում ցույց տալու համար, որ ‘լեռները փախչելու’ հորդորը կրոնափոխ լինելուն չի ակնարկում։
18 ‘Պղծության՝ սուրբ տեղում կանգնելու’ մասին գուշակելուց հետո Հիսուսը նշանը ճանաչողներին զգուշացրեց, որ որոշակի քայլեր ձեռնարկեն։ Նկատի ունե՞ր արդյոք նա, որ վերջին պահին, երբ «պղծութիւնը» արդեն ‘կանգնած կլինի սուրբ տեղում’, շատերը պիտի փախչեն կեղծ կրոնից և թիկունք կանգնեն ճշմարիտ երկրպագությանը։ Հազիվ թե։ Եկեք դարձյալ անդրադառնանք մարգարեության առաջին կատարմանը։ Հիսուսն ասել էր. «Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու։ Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին։ Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա» (Մարկոս 13։14—18)։
19 Հիսուսը չասաց, թե միայն Երուսաղեմում գտնվողները պետք է փախչեին, որպես թե դուրս են գալիս հրեական երկրպագության կենտրոնից. այս նախազգուշացումը չէր վերաբերվում նաև կրոնը փոխելուն՝ փախչել կեղծ կրոնից և ընդունել ճշմարիտը։ Հիսուսի աշակերտները կրոնը փոխելու նման զգուշացման կարիքը չունեին, քանի որ արդեն ճշմարիտ քրիստոնեության կողմն էին դիրք բռնել։ Իսկ մ.թ. 66 թ. հարձակումը Երուսաղեմում և ողջ Հուդայում հուդայականության կողմնակիցներին չդրդեց լքել իրենց կրոնը և քրիստոնեությունն ընդունել։ Պրոֆեսոր Հայնրիխ Գրեթսը գրում է, որ հռոմեացիներին հետապնդողները վերադարձան քաղաք։ «Զելոտները,— ասում է նա,— ցնծալի, պատերազմական երգեր երգելով, (հոկտեմբերի 8–ին) մտան Երուսաղեմ. նրանց սրտերը բաբախում էին ազատության ու անկախության ուրախալի հույսով.... Մի՞թե Աստված նույնքան գթառատորեն չէր աջակցել նրանց, ինչպես ժամանակին իրենց հայրերին։ Զելոտները վախ չէին ճանաչում ու ապագայից երկյուղելու միտք չունեին»։
20. Առաջին դարի աշակերտներն ինչպե՞ս արձագանքեցին լեռները փախչելու Հիսուսի տված նախազգուշացմանը։
20 Այդպիսի պայմաններում Հիսուսի խորհրդին ինչպե՞ս արձագանքեց ընտրյալների համեմատաբար փոքր խումբը։ Թողնելով Հուդան և փախչելով սարերը՝ Հորդանանի հակառակ կողմը՝ նրանք ցույց տվեցին, որ հրեական համակարգի մասը չեն կազմում ո՛չ քաղաքական, ո՛չ էլ կրոնական առումով։ Նրանք լքեցին իրենց դաշտերն ու տները՝ ձեռք չտալով նույնիսկ իրենց կարողությանը։ Վստահ լինելով Եհովայի պաշտպանության և աջակցության վրա՝ այդ քրիստոնյաները նրա երկրպագությունը կարևոր թվացող ամեն բանից վեր դասեցին (Մարկոս 10։29, 30; Ղուկաս 9։57—62)։
21. Մենք ի՞նչ չպետք է ակնկալենք, երբ «պղծութիւնը» հարձակման անցնի։
21 Այժմ եկեք քննարկենք մարգարեության ավելի մեծ կատարումը։ Արդեն մի քանի տասնամյակ շարունակ մենք հորդորում ենք մարդկանց դուրս գալ կեղծ կրոնից և ճշմարիտ երկրպագության կողմը դիրք բռնել (Յայտնութիւն 18։4, 5)։ Միլիոնավոր անհատներ այդ քայլին են դիմել։ Հիսուսի մարգարեությունը չի ակնարկում այն մասին, թե մեծ նեղության սկսվելուն պես բազմությունները կդառնան դեպի մաքուր երկրպագությունը. այդպիսի մասսայական դավանափոխություն տեղի չի ունեցել մ.թ. 66–ին։ Բայց և այնպես, ճշմարիտ քրիստոնյաները լուրջ դրդապատճառ ունեն լսելու Հիսուսի նախազգուշացումը և փախչելու։
22. Լեռները փախչելու Հիսուսի տված խորհուրդը մեր կողմից կիրառելն իր մեջ ի՞նչ կարող է ընդգրկել։
22 Հիմա դեռ չենք կարող ամենայն մանրամասնությամբ պատկերացնել մեծ նեղությունը, սակայն կարելի է տրամաբանորեն եզրակացնել, որ մեզ համար Հիսուսի ասած «փախուստը» չի նշանակում աշխարհագրական իմաստով փախուստ։ Աստծո ժողովուրդը սփռված է ողջ աշխարհով մեկ՝ երկրի բոլոր ծայրերում։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ երբ «փախուստի» անհրաժեշտությունը զգացվի, հարկ կառաջանա, որ քրիստոնյաները որոշակիորեն ցույց տան իրենց և կեղծ կրոնական կազմակերպությունների միջև եղած տարբերությունը։ Ուշադրության արժանի է նաև Հիսուսի այն զգուշացումը, որ ոչ ոք ետ չդառնա տուն՝ հանդերձներ կամ այլ իրեր վերցնելու նպատակով (Մատթէոս 24։17, 18)։ Ուստի, առջևում փորձություններ կարող են սպասվել դեպի նյութականը մեր ունեցած տեսակետը որոշակի դարձնելու համար՝ արդյո՞ք նյութականը մեզ համար ամենակարևորն է կյանքում, թե՞ Աստծո բերած փրկությունն է կյանքում մեզ համար գլխավոր տեղ զբաղեցնում։ Այո՛, մեր փախուստը կարող է որոշ նեղությունների և զրկանքների հետ կապված լինել։ Մենք պետք է պատրաստ լինենք անելու ինչ էլ որ պահանջվի, ինչպես վարվեցին առաջին դարում համանման վիճակում գտնվող մեր հավատակիցները, երբ Հուդայից փախան Հորդանանի հակառակ կողմը՝ Պիրեա։
23, 24. ա) Միայն որտե՞ղ կարող ենք պաշտպանություն գտնել։ բ) Ինչպիսի՞ ազդեցություն պետք է մեր վրա գործի ‘սուրբ տեղում կանգնած պղծության’ մասին Հիսուսի տված նախազգուշացումը։
23 Մենք միշտ պետք է համոզված լինենք, որ մեր փրկությունը Եհովան է և իր լեռանման կազմակերպությունը (Բ Թագաւորաց 22։2, 3; Սաղմոս 18։2; Դանիէլ 2։35, 44)։ Ահա թե որտեղ պետք է պաշտպանություն փնտրենք, և չնմանվենք մարդկային այն ամբոխներին, որոնք կթաքնվեն «քարայրներում եւ ժայռերի ծերպերում», որոնք ներկայացնում են Մեծն Բաբելոնի ամայացումից հետո ընդամենը մի կարճ ժամանակ գոյատևելիք մարդկային կազմակերպություններին և հաստատություններին (Յայտնութիւն 6։15; 18։9—11)։ Ճիշտ է, ժամանակները թերևս գնալով ավելի դժվարանան, ինչպես որ դժվար էին մ.թ. 66–ին հղիների կամ էլ ցուրտ ու անձրևոտ եղանակին Հուդայից փախչողների համար։ Բայց մենք կարող ենք հաստատապես համոզված լինել, որ Աստված հոգ կտանի փրկության համար։ Եկեք այսօր արդեն ավելի ամրապնդենք մեր վստահությունը դեպի Եհովան և դեպի այժմ իշխող Թագավորության Թագավոր իր Որդին։
24 Ոչ մի պատճառ չունենք վախով ապրելու՝ մտահոգվելով, թե ինչ է տեղի ունենալու ապագայում։ Հիսուսը չէր ցանկանում, որ իր աշակերտները վախով ապրեին և ոչ էլ ուզում է, որ մենք այսօր երկյուղենք ներկայից ու գալիքից։ Նա սթափեցրեց մեզ, որպեսզի թե՛ սրտով, թե՛ մտքով պատրաստ լինենք։ Վերջ ի վերջո, հնազանդություն ցուցաբերող քրիստոնյաները չեն պատժվելու, երբ կեղծ կրոնի և մնացյալ չար համակարգի վրա կործանումը հասնի։ Դրա փոխարեն՝ նրանք պետք է հասկացողություն ցուցաբերեն և ուշադրություն դարձնեն ‘սուրբ տեղում կանգնած պղծության’ վերաբերյալ նախազգուշացմանը։ Պետք է վճռականորեն գործեն համաձայն իրենց անվարան հավատի։ Երբեք չմոռանանք Հիսուսի տված խոստումը. «Ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի» (Մարկոս 13։13)։
[ծանոթագրություններ]
a «Հռոմեական դրոշները ակնածանքով պահվում էին Հռոմի տաճարներում, իսկ հռոմեացիների հարգանքը դեպի իրենց դրոշն աճում էր նրանց տարած յուրաքանչյուր հաղթանակի հետ զուգընթաց.... [Զինվորի համար այն] թերևս աշխարհում ամենասուրբ բանն էր համարվում։ Հռոմեացի զինվորը երդվում էր իր դրոշով» (Բրիտանական հանրագիտարան, 11–րդ հրատարակություն, անգլ.)։
b Հարկ է նշել, որ մ.թ. 66—70 թթ.–ն ընկած ժամանակամիջոցում Հիսուսի խոսքերի իրականացումն օգնում է մեզ հասկանալ, թե դրանք ինչ կատարում կունենան մեծ նեղության ժամանակ. բայց և այնպես, այդ երկու կատարումները չեն կարող իրար ճիշտ և ճիշտ նման լինել, քանի որ տեղի են ունենում բոլորովին տարբեր իրավիճակներում։
c Տեսեք «Դիտարան» ամսագրի 1975 թ. դեկտեմբերի 15, էջ 741—744 (անգլ.)։
Հիշո՞ւմ եք
◻ Առաջին դարում ինչպե՞ս իրեն բացահայտեց «ավերում բերող պղծությունը»։
◻ Ինչո՞ւ է տրամաբանական ենթադրել, որ ժամանակակից «պղծութիւնը» դեռ պիտի կանգնի սուրբ տեղում։
◻ ‘Պղծության’ ո՞ր հարձակման մասին է մարգարեացված Յայտնութիւն գրքում։
◻ Ինչպիսի՞ «փախուստ» է մեզանից հավանաբար դեռ պահանջվելու։
[նկար 24–րդ էջի վրա]
Մեծն Բաբելոնը կոչվել է «մայր երկրի պոռնիկների»։
[նկար 25–րդ էջի վրա]
Յայտնութիւն 17–րդ գլխում ներկայացված կարմիր գազանը Հիսուսի հիշատակած «պղծութիւնն» է։
[նկար 26–րդ էջի վրա]
Կարմիր գազանը կործանարար հարձակում է գործելու կրոնի վրա։