ԳԼՈՒԽ 33
Կատարվում է Եսայիայի մարգարեությունը
ՄԱՏԹԵՈՍ 12։15–21 ՄԱՐԿՈՍ 3։7–12
ՀԻՍՈՒՍԻ ՇՈՒՐՋԸ ՄԵԾ ԱՄԲՈԽ Է ՀԱՎԱՔՎՈՒՄ
ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԵՍԱՅԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
Իմանալով, որ փարիսեցիները և Հերովդեսի կողմնակիցները ծրագրում են սպանել իրեն, Հիսուսը իր աշակերտների հետ գնում է Գալիլեայի ծով։ Որոշ ժամանակ անց մեծ ամբոխ է հավաքվում Հիսուսի շուրջը։ Մարդիկ գալիս են տարբեր տեղերից՝ Գալիլեայից, Տյուրոս և Սիդոն առափնյա քաղաքներից, Հորդանան գետի արևելյան կողմից, Երուսաղեմից և Իդումեայից, որը Հրեաստանից հարավ է ընկած։ Հիսուսը բուժում է շատերին։ Ուստի նրանք, ովքեր լուրջ հիվանդություններ ունեն, առաջ են անցնում և չեն սպասում, որ Հիսուսը դիպչի իրենց, այլ իրենք են փորձում «դիպչել նրան» (Մարկոս 3։9, 10)։
Մարդիկ գնալով շատանում են, և ամբոխը սկսում է նեղել Հիսուսին։ Այդ պատճառով Հիսուսը պատվիրում է իր աշակերտներին մի նավակ բերել, որ կարողանա ափից փոքր-ինչ հեռանալ։ Այդպես նա կարող է նավակից ուսուցանել մարդկանց, ինչպես նաև ափի երկայնքով նավարկել, որ ուրիշներին էլ օգնի։
Մատթեոս աշակերտը նշում է, որ Հիսուսը իր գործերով իրականացնում է «Եսայիա մարգարեի միջոցով ասված խոսքը» (Մատթեոս 12։17)։ Ո՞ր մարգարեությունն է կատարվում։
«Ահա իմ ծառան, որին ես ընտրել եմ, և իմ սիրելին, որին իմ հոգին հավանել է։ Ես իմ ոգին կդնեմ նրա վրա, և նա ազգերին կբացահայտի, թե ինչ է արդարությունը։ Նա չի հակաճառի, չի բղավի, և որևէ մեկը հրապարակներում չի լսի նրա ձայնը։ Վնասված եղեգը չի կոտրի և մարող պատրույգը չի հանգցնի, և արդարությունը նա կհասցնի իր հաղթանակին։ Ազգերը իրենց հույսը նրա անվան վրա կդնեն» (Մատթեոս 12։18–21; Եսայիա 42։1–4)։
Ինչ խոսք, Հիսուսը Աստծու սիրելի ծառան է և վայելում է Աստծու հավանությունը։ Հիսուսը հստակ ցույց է տալիս, թե ինչ է իսկական արդարությունը, որը, սակայն, խեղաթյուրվում է կրոնական կեղծ ավանդույթների պատճառով։ Փարիսեցիները Աստծու Օրենքը իրենց ուզած ձևով են մեկնաբանում և շաբաթ օրը չեն օգնում անգամ հիվանդ մարդուն։ Հստակ բացատրելով, թե որն է Աստծու արդարությունը, Հիսուսը մարդկանց ազատում է կեղծ ավանդությունների ծանր բեռից և այդպիսով ցույց է տալիս, որ Աստծու ոգին իր վրա է։ Այս ամենի պատճառով կրոնական առաջնորդները ցանկանում են սպանել նրան։ Ինչպիսի՜ ստոր քայլ։
Ի՞նչ է նշանակում այն, որ «նա չի հակաճառի, չի բղավի, և որևէ մեկը հրապարակներում չի լսի նրա ձայնը»։ Երբ Հիսուսը բուժում է հիվանդներին կամ դիվահարներին, նա խստորեն պատվիրում է նրանց, ինչպես նաև դևերին, որ «իր ով լինելը չհայտնեն» (Մարկոս 3։12)։ Նա չի ցանկանում, որ մարդիկ իր մասին իմանան փողոցներում հնչող լուրերից կամ բերնեբերան փոխանցվող աղավաղված տեղեկություններից։
Հիսուսը իր մխիթարական լուրը հայտնում է այնպիսի մարդկանց, որոնք փոխաբերական իմաստով կարծես վնասված եղեգ լինեն՝ կռացած ու կոտրված։ Նրանք նման են մարող պատրույգի, որի վերջին կայծը, ասես, ուր որ է կհանգչի։ Հիսուսը «չի կոտրում վնասված եղեգը» և «չի հանգցնում մարող պատրույգը». նա քնքշությամբ ու սիրով զորացնում է հեզերին։ Իսկապես, Հիսուսը այն անձնավորությունն է, ում վրա ազգերը կարող են իրենց հույսը դնել։