ԳԼՈՒԽ 34
Հիսուսը ընտրում է 12 առաքյալներին
ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ
Արդեն մեկուկես տարի է անցել այն օրից, երբ Հովհաննես Մկրտիչը Հիսուսի մասին ասել էր, որ նա «Աստծու Գառն» է։ Երբ Հիսուսը դեռ նոր էր սկսել իր ծառայությունը, մի քանի ազնվասիրտ մարդիկ դարձել էին նրա աշակերտները, որոնցից էին Անդրեասը, Սիմոն Պետրոսը, Հովհաննեսը, հավանաբար նաև Հակոբոսը (Հովհաննեսի եղբայրը), Փիլիպոսը և Բարթողոմեոսը (որին նաև կոչում էին Նաթանայել)։ Ժամանակի ընթացքում ուրիշ շատ մարդիկ էլ սկսեցին հետևել Քրիստոսին (Հովհաննես 1։45–47)։
Այժմ Հիսուսը պատրաստվում է ընտրել իր առաքյալներին։ Նրանք լինելու են իր մտերիմ համագործակիցները և հատուկ ուսուցում են ստանալու։ Բայց նախքան նրանց ընտրելը Հիսուսը բարձրանում է մի լեռ՝ հավանաբար այն լեռը, որը գտնվում է Կափառնայումից ոչ հեռու՝ Գալիլեայի ծովի մոտ։ Նա ամբողջ գիշեր աղոթում է՝ թերևս խնդրելով Աստծուն, որ իմաստություն տա և օրհնի իրեն։ Հաջորդ օրը Հիսուսը կանչում է իր աշակերտներին և նրանց միջից ընտրում է տասներկու հոգու, որ դառնան իր առաքյալները։
Հիսուսը ընտրում է այն վեց հոգուն, որոնց մասին խոսվեց այս հոդվածի սկզբում, ինչպես նաև Մատթեոսին, որին կանչել էր մաքսատնից։ Իսկ մյուս հինգ առաքյալներն են Հուդան (որին նաև անվանում են Թադեոս, կամ՝ Հակոբոսի որդի), Սիմոն Կանանացին, Թովմասը, Ալփեոսի որդի Հակոբոսը և Հուդա Իսկարիովտացին (Մատթեոս 10։2–4; Ղուկաս 6։16)։
Այս տասներկուսը արդեն որոշ ժամանակ է, ինչ շրջում են Հիսուսի հետ, ուստի նա շատ լավ է ճանաչում նրանց։ Առաքյալներից մի քանիսը նրա ազգականներն են։ Հակոբոսը և նրա եղբայր Հովհաննեսը, ըստ երևույթին, Հիսուսի մորաքրոջ որդիներն են։ Իսկ եթե Ալփեոսը Հիսուսի հոր՝ Հովսեփի եղբայրն է, ինչպես ենթադրում են ոմանք, ապա Ալփեոսի որդին՝ Հակոբոս առաքյալը, Հիսուսի հորեղբոր որդին է։
Ինչ խոսք, Հիսուսը հիշում է իր առաքյալների անունները։ Իսկ դու հիշո՞ւմ ես։ Կարելի է այսպես մտապահել. նրանցից երկուսի անունը Սիմոն է, երկուսինը՝ Հակոբոս և երկուսինը՝ Հուդա։ Սիմոնի (Պետրոսի) եղբոր անունը Անդրեաս է, իսկ Հակոբոսի (Զեբեդեոսի որդու) եղբոր անունը Հովհաննես է։ Այսպես կարելի է հեշտությամբ հիշել առաքյալներից ութի անունները։ Մյուս չորս առաքյալներն են հարկահավաք Մատթեոսը, Թովմասը, որը հետագայում թերահավատություն դրսևորեց, Նաթանայելը, որը ծառի տակ էր նստած, երբ Հիսուսը կանչեց նրան, և Նաթանայելի ընկերը՝ Փիլիպոսը։
Առաքյալներից տասնմեկը Գալիլեայից են՝ Հիսուսի հայրենի շրջանից։ Նաթանայելը Կանայից է։ Փիլիպոսը, Պետրոսը և Անդրեասը Բեթսայիդայից են։ Հետագայում, սակայն, Պետրոսն ու Անդրեասը տեղափոխվում են Կափառնայում, որտեղ, ըստ երևույթին, ապրում էր Մատթեոսը։ Հակոբոսն ու Հովհաննեսը նույնպես ապրում են Կափառնայումում կամ էլ՝ այդ քաղաքի մոտակայքում։ Նրանք այդ տարածքում զբաղվում էին ձկնորսությամբ։ Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում դավաճանում է Հիսուսին, թերևս միակ առաքյալն է, որ Հրեաստանից է։