Ունե՞նք արդյոք «Քրիստոսի միտքը»
«Թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք.... ըստ Յիսուս Քրիստոսի» (ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 15։5)։
1. Քրիստոնեական աշխարհում ինչպե՞ս է Հիսուսը պատկերված շատ նկարներում, և ինչո՞ւ դրանք Հիսուսի արտաքին տեսքի ճիշտ նկարագրությունը չեն։
«ՆՐԱՆ երբեք չեն տեսել ծիծաղելիս»։ Այսպես է նկարագրված Հիսուսը մի փաստաթղթում, որի հեղինակը կեղծված է և վերագրվում է հին Հռոմի պաշտոնյաներից մեկին։ Ասվում է, որ այդ փաստաթուղթը, (որն ի դեպ 11–րդ դարից պահպանվել է մինչև մեր օրերը), մեծ ներգործություն է ունեցել շատ նկարիչների վրա։a Մի շարք նկարներում Հիսուսը պատկերված է որպես լրջադեմ անձնավորություն, որը եթե նույնիսկ ժպտում էլ է, ապա շատ հազվադեպ։ Սակայն, հազիվ թե այդ նկարները ճշմարտացիորեն են պատկերում Հիսուսին, որն Ավետարաններում մեր առջև կանգնում է որպես սրտակից, բարի և խորը զգացումներով օժտված մեկը։
2. Ինչպե՞ս կարելի է Հիսուս Քրիստոսի մտածելակերպն ունենալ, և ո՞ր հարցում դա կարող է մեզ համար օգնություն հանդիսանալ։
2 Իսկական Հիսուսին ճանաչելու համար մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչպիսի անձնավորություն էր նա երկրի վրա ապրած ժամանակ։ Ուստի, եկեք քննենք որոշ հաղորդագրություններ Ավետարաններից, որոնք կօգնեն մեզ գաղափար կազմել ‘Քրիստոսի մտքի’ մասին՝ նրա զգացումների, զգայական ընկալման, մտածողության և դատողության մասին (Ա Կորնթացիս 2։16)։ Քննարկման ընթացքում եկեք նկատի առնենք նաև այն, թե ինչպես կարող ենք մենք էլ նրա մտածելակերպն ունենալ (Հռովմայեցիս 15։5)։ Այդպես վարվելով՝ մենք է՛լ ավելի պատրաստ կլինենք մեր կյանքում և մարդկանց հետ ունեցած հարաբերություններում ճշտորեն հետևել մեզ համար թողած նրա օրինակին (Յովհաննէս 13։15)։
Նրան մոտենալը հեշտ էր
3, 4. ա) Ինչպիսի՞ հանգամանքներում տեղի ունեցավ Մարկոս 10։13—16–ում արձանագրված դեպքը։ բ) Ինչպե՞ս է արձագանքում Հիսուսը, երբ աշակերտները փորձում են կանգնեցնել իրեն մոտեցող երեխաներին։
3 Բոլորը ձգտում էին դեպի Հիսուսը։ Տարբեր տարիքի և հասարակության մեջ տարբեր դիրք գրավող մարդիկ ազատ կարողանում էին մոտենալ նրան։ Ահա թե ինչ դեպք է արձանագրված Մարկոս 10։13—16–ում։ Դա տեղի էր ունեցել Հիսուսի ծառայության վերջում՝ այն ժամանակ, երբ նա վերջին անգամ ուղևորվել էր Երուսաղեմ՝ դեմ հանդիման գնալով իր տանջալից մահվանը (Մարկոս 10։32—34)։
4 Պատկերացրեք այդ տեսարանը։ Մարդիկ Հիսուսի մոտ են բերում իրենց երեխաներին, նույնիսկ նորածիններին, որպեսզի վերջինս օրհնի նրանց։b Աշակերտները փորձում են խանգարել և թույլ չտալ, որ երեխաները մոտենան Հիսուսին։ Թերևս նրանք մտածում են, որ այդ վճռորոշ շաբաթների ընթացքում նա չի ուզում, որ երեխաներն անհանգստացնեն իրեն։ Բայց իզուր։ Աշակերտների արարքը Հիսուսին դուր չի գալիս։ Նա իր մոտ է կանչում երեխաներին՝ ասելով. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց» (Մարկոս 10։14)։ Նրա հաջորդ արարքի մեջ քնքշություն ու սեր է զգացվում։ Կարդում ենք. «Վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրայ ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց» (Մարկոս 10։16)։ Անշուշտ, երեխաներն իրենց հանգիստ ու ազատ էին զգում Հիսուսի գրկում։
5. Ի՞նչ է Մարկոս 10։13—16–ում ասվում Հիսուսի ինչպիսի մարդ լինելու մասին։
5 Այս կարճ դրվագից շատ բան կարելի է իմանալ այն մասին, թե ինչպիսի մարդ էր Հիսուսը։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, թե որքան մատչելի էր նա։ Չնայած մինչ երկիր գալը երկնքում ունեցած իր բարձր դիրքին, անկատար մարդիկ չէին վախենում նրա կողքին գտնվելուց և նրա ներկայությամբ իրենց ստորացած չէին զգում (Յովհաննէս 17։5)։ Մի՞թե էական չէ այն, որ նույնիսկ երեխաներն էին իրենց անկաշկանդ զգում նրա հետ։ Պարզ է, որ նրանց չէր ձգի մի սառը, տխուր անձնավորություն, որի դեմքին երբեք ժպիտ կամ ծիծաղ չի հայտնվում։ Բոլոր տարիքի մարդիկ գնում էին դեպի Հիսուսը, որովհետև զգում էին նրա ջերմությունն ու հոգատարությունը և վստահ էին, որ նա երբեք թիկունք չի դարձնի իրենց։
6. Ինչպե՞ս կարող են երեցներն ավելի մատչելի դառնալ։
6 Խորհրդածելով այս դրվագի շուրջը՝ կարող ենք ինքներս մեզ հարց տալ. «Ունե՞մ արդյոք «Քրիստոսի միտքը»։ Արդյոք նրա նման մատչելի՞ եմ»։ Մեր այս դժվար ժամանակներում Աստծո գառները մատչելի հովիվների կարիքն ունեն, այնպիսի անհատների, որոնց կարելի է համեմատել «քամիի դէմ եղող պատսպարանի» հետ (Եսայիա 32։1, 2; Բ Տիմոթէոս 3։1)։ Երեցնե՛ր, եթե դուք սրտանց, անկեղծ հետաքրքրություն եք ցուցաբերում ձեր եղբայրների ու քույրերի հանդեպ և պատրաստ եք ձեր ժամանակից ու ձեր ուժերից նրանց հատկացնել, նրանք անպայման կզգան ձեր հոգատարությունը։ Դա կնկատեն ձեր դեմքի արտահայտությունից, կզգան ձեր ձայնից, կտեսնեն մեղմ վարվելակերպից։ Նման անկեղծ ջերմությունն ու հոգատարությունը վստահելի մթնոլորտ է ստեղծում, որի շնորհիվ ուրիշները, այդ թվում նաև երեխաները, հեշտությամբ են դիմում ձեզ։ Մի քրիստոնյա կին պատմում է, թե ինչո՛ւ է նրա համար հեշտ եղել անկեղծորեն զրուցել մի երեցի հետ. «Նա զգուշությամբ ու կարեկցանքով էր խոսում։ Հակառակ դեպքում, ես, երևի թե, ոչ մի բառ չասեի։ Բայց նրան կարողացա վստահել»։
Ուշադրություն ուրիշների հանդեպ
7. ա) Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ ուշադիր է ուրիշների հանդեպ։ բ) Հավանաբար ո՞րն է Հիսուսի կողմից կույր մարդու տեսողությունը աստիճանաբար վերականգնելու պատճառը։
7 Հիսուսն ուշադիր էր ուրիշների հանդեպ։ Ինչ վերաբերում է մարդկանց զգացումներին, այդ հարցում նա չափազանց նրբանկատ էր։ Տանջված ժողովրդի միայն տեսքից արդեն ազդված՝ Հիսուսը պատրաստ էր թեթևացնելու նրանց տառապանքները (Մատթէոս 14։14)։ Նա նաև նրբանկատ էր ուրիշների սահմանափակ կարողությունների ու կարիքների նկատմամբ (Յովհաննէս 16։12)։ Մեկ անգամ Հիսուսի մոտ են բերում մի կույրի ու աղաչում, որ բժշկի նրան։ Հիսուսը վերականգնում է նրա տեսողությունը, բայց՝ աստիճանաբար։ Սկզբում կույրը տեսնում է «մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառերը», այսինքն՝ սկսում է աղոտ տեսնել իր շրջապատում գտնվողներին, ապա Հիսուսը լրիվ վերականգնում է նրա տեսողությունը։ Ինչո՞ւ է նա աստիճանաբար բժշկում կույրին։ Լիովին հավանական է, որ նա այդպես է վարվում այն պատճառով, որ խավարի մեջ ապրած մարդը հեշտությամբ կարողանա տանել արևի պայծառ լույսով ողողված աշխարհը տեսնելու առաջին ցնցումը (Մարկոս 8։22—26)։
8, 9. ա) Ի՞նչ է պատահում այն բանից հետո, երբ Հիսուսն իր աշակերտների հետ միասին մտնում է Դեկապոլիս։ բ) Նկարագրիր, թե ինչպես է նա բուժում խուլ մարդուն։
8 Ահա թե ինչ է պատահում նաև մ.թ. 32–ի Պասեքից հետո։ Հիսուսն ու իր աշակերտները մտնում են Գալիլիայի ծովից դեպի արևելք գտնվող Դեկապոլիս գավառը։ Շուտով մի մեծ բազմություն գտնում է նրանց և Հիսուսի մոտ բերում հիվանդների, հաշմանդամների, և նա բժշկում է բոլորին (Մատթէոս 15։29, 30)։ Հետաքրքրական է, որ Հիսուսը նրանցից մեկին հատուկ ուշադրություն է դարձնում։ Ահա թե ինչ է ասում Մարկոսը՝ ավետարանագիրներից միակը, որը գրի է առել այդ դեպքը (Մարկոս 7։31—35)։
9 Այդ մարդը խուլ էր ու համարյա չէր խոսում։ Հիսուսը, հավանաբար, զգում է, որ մյուսների համեմատ նա հուզված ու շփոթված է երևում։ Այս անգամ Հիսուսը սովորականից այլ կերպ է վարվում։ Նա այդ մարդուն տանում է բազմությունից հեռու, առանձնացած մի տեղ։ Ապա նշաններով ցույց է տալիս, թե ինչ է մտադիր անելու։ Նա ‘մատները նրա ականջների մեջ է դնում, հետո թքում և դիպում նրա լեզվին’ (Մարկոս 7։33, ՆԿ–ի նոր աշխարհաբ. թարգմ.)։ Այնուհետև Հիսուսը նայում է դեպի երկինք և հառաչում, կարծես դիմում է Աստծուն։ Այդ գործողություններով Հիսուսը կարծես ասելիս լիներ. «Ինչ որ քեզ համար կանեմ հիմա, դա կլինի Աստծո զորության շնորհիվ»։ Ի վերջո, Հիսուսն ասում է. «Բացուի՛ր» (Մարկոս 7։34)։ Այդ խոսքերից հետո խուլ մարդու լսողությունը վերականգնվում է, և նա սկսում է ազատ խոսել։
10, 11. Ինչպե՞ս կարելի է ժողովում և ընտանիքում հաշվի առնել ուրիշների զգացումները։
10 Ինչպիսի՜ ուշադրություն էր ցույց տալիս Հիսուսը ուրիշներին։ Կարեկցանքից դրդված՝ նա խնայում էր իրեն շրջապատողների զգացումները և շատ զգույշ էր վարվում նրանց հետ։ Այս առումով մենք՝ քրիստոնյաներս, նույնպես պետք է Քրիստոսի միտքն ունենանք և այն ցուցաբերենք։ Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Ամենագլխաւորը, եղէ՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնուագութ, խոնարհ» (Ա Պետրոս 3։8)։ Անշուշտ, մեզանից պահանջվում է խոսելիս ու գործելիս հաշվի առնել ուրիշների զգացմունքները։
11 Ժողովում ուրիշների հանդեպ կարող ենք նրբանկատություն ցուցաբերել՝ հարգելով նրանց ինքնասիրությունը և վարվելով իրենց հետ այնպես, ինչպես որ կուզեինք, որ մեզ հետ վարվեն (Մատթէոս 7։12)։ Դրա մեջ է մտնում նաև մեր չափված–ձևված խոսքը (Կողոսացիս 4։6)։ Մի մոռացեք, որ «անմիտ խօսքերը սուրի պէս կը խոցոտեն» (Առակաց 12։18, Արևմտ. Աստ.)։ Իսկ ընտանիքո՞ւմ. իրար իսկապես սիրող ամուսինն ու կինը հարգում են միմյանց զգացումները (Եփեսացիս 5։33)։ Նրանք խուսափում են կոպիտ բառերից, իրար անդադար քննադատելուց և կծու ծաղրանքից. չէ՞ որ այդ ամենը կարող է այնքան խորը վիրավորել, որ վերքը երկար ժամանակ չապաքինվի։ Երեխաները նույնպես զգացումներ ունեն, և սիրող ծնողները հաշվի են առնում այդ հանգամանքը։ Երբ նրանց խրատելու անհրաժեշտություն է առաջանում, այդ ծնողները, հարգելով երեխաների արժանապատվության զգացումը, չեն ստիպում նրանց չափից դուրս անհարմար զգալ իրենց արարքի համարc (Կողոսացիս 3։21)։ Այսպիսով, հաշվի առնելով ուրիշների զգացումները, մենք ցույց ենք տալիս, որ Քրիստոսի միտքն ունենք։
Ուրիշներին վստահելու պատրաստակամությունը
12. Ի՞նչ հավասարակշռված և ռեալ մոտեցում ուներ Հիսուսը իր աշակերտների նկատմամբ։
12 Հիսուսը հավասարակշռված ու ռեալ մոտեցում ուներ հանդեպ իր աշակերտները։ Նա շատ լավ գիտեր, որ նրանք կատարյալ չեն։ Բացի այդ, նա ընդունակ էր տեսնելու մարդկանց սրտերը (Յովհաննէս 2։24, 25)։ Նույնիսկ այդ պարագայում Հիսուսն իր աշակերտների մեջ տեսնում էր ոչ միայն զուտ նրանց անկատար կողմերը, այլև լավ հատկությունները։ Նա նաև նկատում էր Եհովայի կողմից իրեն մոտեցված այդ մարդկանց պոտենցիալ հնարավորությունները (Յովհաննէս 6։44)։ Այն, որ Հիսուսը դրականորեն էր նայում իր աշակերտներին, երևում էր նրանց հանդեպ ունեցած իր վերաբերմունքից։ Օրինակ՝ նա ցույց տվեց, որ պատրա՛ստ է նրանց վստահել։
13. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ վստահում է իր աշակերտներին։
13 Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց այդ վստահությունը։ Երկիրը թողնելիս նա իր օծյալ աշակերտներին բավականին պատասխանատու հանձնարարություն տվեց. նրանց ձեռքը հանձնեց իր Թագավորության շահերը հոգ տանելու համաշխարհային գործը (Մատթէոս 25։14, 15; Ղուկաս 12։42—44)։ Իսկ ծառայության ընթացքում Հիսուսն իր վստահությունը ցույց էր տալիս անգամ շատ փոքր բաներում՝ ոչ ուղղակիորեն։ Օրինակ՝ երբ հրաշքով շատացրեց հացն ու ձուկը հսկայական բազմությանը կերակրելու համար, նա աշակերտներին հանձնարարեց բաժանել այն (Մատթէոս 14։15—21; 15։32—37)։
14. Համառոտակի ներկայացրեք Մարկոս 4։35—41–ում արձանագրված դեպքը։
14 Նկատի առնենք նաև Մարկոս 4։35—41–ի հաղորդագրությունը։ Հիսուսն աշակերտների հետ միասին նավակ է նստում և լողում դեպի Գալիլեայի ծովի արևելյան ափը։ Ափից հեռանալուց քիչ հետո Հիսուսը պառկում է նավախելին և խորը քուն մտնում։ Շուտով, սակայն, «մեծ հողմամրրիկ» է բարձրանում։ Այդպիսի փոթորիկներ հաճախ էին պատահում Գալիլեայի ծովում։ Պատճառն այն է, որ այն ծովի մակարդակից բավականին ցածր է գտնվում (մոտ 200 մետր), ուստի օդը ծովի վրա ավելի տաք է, քան շրջակա տարածքներում, ինչը և մթնոլորտային խանգարումներ է առաջացնում։ Դրան գումարած, Գալիլեայի ծովից դեպի հյուսիս գտնվող Հերմոն սարից Հորդանան գետի հովտով սաստիկ քամիներ են փչում։ Մի ակնթարթում անդորրը կարող է փոխարինվել կատաղի փոթորկով։ Իսկ այժմ մտածենք. Գալիլեայում մեծացած Հիսուսը պետք է որ քաջատեղյակ լիներ հաճախակի պատահող փոթորիկներին։ Չնայած դրան, նա հանգիստ քուն էր մտել՝ վստահելով իր աշակերտների փորձառությանը, որոնցից ոմանք ձկնորսներ էին (Մատթէոս 4։18, 19)։
15. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել աշակերտներին վստահելու Հիսուսի պատրաստակամությունը։
15 Ինչպե՞ս կարելի է ընդօրինակել աշակերտներին վստահելու Հիսուսի պատրաստակամությունը։ Ոմանք դժվարանում են իրենց պատասխանատվությունները կիսել ուրիշների հետ։ Ամեն հարցում, այսպես ասած, ղեկը միշտ ցանկանում են իրենց ձեռքում պահել։ Նրանք մոտավորապես այսպես են մտածում. «Եթե ուզում ես, որ ամեն ինչ ճիշտ արվի, ինքդ պիտի անես»։ Բայց եթե մենք ստիպված լինենք ամեն բան ինքներս անել, պարզապես ուժասպառ լինելու վտանգի առջև կկանգնենք ու գուցե օգտագործենք նաև այն ժամանակը, որ պետք է հատկացնենք մեր ընտանիքին։ Բացի այդ, ուրիշներին զրկելով այն աշխատանքից, որը նրանք հնարավորություն ունեն կատարելու և նրանց ուսերին պատասխանատվություններ չդնելով՝ զրկում ենք իրենց համապատասխան ունակություններ և անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հնարավորությունից։ Ողջամիտ կլինի, որ ուրիշներին աշխատանք հանձնարարելիս սովորենք վստահել նրանց։ Լավ կլինի, որ անկեղծորեն ինքներս մեզ հարց տանք. «Վարվո՞ւմ եմ արդյոք այս հարցում այնպես, ինչպես կվարվեի «Քրիստոսի միտքն» ունենալիս։ Պատրաստակամությա՞մբ եմ արդյոք ուրիշներին հանձնարարություններ տալիս՝ վստահելով, որ իրենց կարողությունների չափով կանեն ամեն ինչ»։
Իր խոսքերով նա հասկացնում էր, որ հավատում է աշակերտներին
16, 17. Ի՞նչ բանում Հիսուսը վստահեցրեց առաքյալներին իր երկրային կյանքի վերջին գիշերը, թեպետ գիտեր, որ լքելու են իրեն։
16 Դեպի աշակերտներն ունեցած Հիսուսի դրական տեսակետն ի հայտ է գալիս նաև մեկ այլ կարևոր հարցում։ Նա նրանց հասկացնում էր, որ հավատում է նրանց։ Դա շատ պարզ երևում է իր երկրային կյանքի վերջին գիշերը առաքյալներին ուղղված իր վստահություն ներշնչող խոսքերից։ Ահա թե ինչ պատահեց այդ երեկո։
17 Հիսուսի համար այդ երեկոն լի էր իրադարձություններով։ Լվանալով առաքյալների ոտքերը՝ նա խոնարհության դաս է տալիս նրանց։ Ապա մի հատուկ երեկո է սահմանում, որը հետագայում պետք է նշվեր ի հիշատակ իր մահվան։ Դրանից հետո առաքյալների միջև կրկին վեճ է ծագում, թե իրենցից ով է ավելի մեծ։ Միշտ համբերատար Հիսուսը, նրանց հանդիմանելու փոխարեն, փորձում է դատել ու խորհել նրանց հետ միասին։ Եվ ահա նա պատմում է նրանց, թե ինչ է պատահելու. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն» (Մատթէոս 26։31; Զաքարիա 13։7)։ Նա գիտեր, որ իր մտերիմ ընկերները լքելու են իրեն հենց այն պահին, երբ ամենից շատ է զգալու նրանց կարիքը։ Բայց, փոխանակ նրանց կշտամբելու, ասում է. «Իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա» (Մատթէոս 26։32)։ Այո՛, Հիսուսը վստահեցնում է իր աշակերտներին, որ, թեպետ նրանք լքելու են իրեն, սակայն նա երբեք չի թողնի նրանց. երբ դաժան փորձություններն արդեն ետևում կլինեն, նա կրկին նրանց հետ կհանդիպի։
18. Ի՞նչ պատասխանատու առաջադրանք է իր աշակերտներին տալիս Հիսուսը Գալիլեայում, և ինչպե՞ս են նրա առաքյալները կատարում այն։
18 Հիսուսը պահում է իր խոսքը։ Ավելի ուշ, Գալիլեայում, հարություն առած Հիսուսը հայտնվում է իր տասնմեկ հավատարիմ առաքյալներին, որոնց հետ, ըստ երևույթին, շատ ուրիշներն էլ են լինում (Մատթէոս 28։16, 17; Ա Կորնթացիս 15։6)։ Այնտեղ նա նրանց բավականին լուրջ հանձնարարություն է տալիս. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Գործք Առաքելոց գրքից ակնհայտ է դառնում, որ առաքյալները ճշգրտորեն կատարում են այդ առաջադրանքը։ Նրանք հավատարմորեն քարոզում են բարի լուրը առաջին դարում (Գործք 2։41, 42; 4։33; 5։27—32)։
19. Հարությունից հետո Հիսուսի կատարած գործերից ի՞նչ ենք իմանում «Քրիստոսի մտքի» մասին։
19 Ի՞նչ է այս պատմությունը մեզ սովորեցնում «Քրիստոսի մտքի» վերաբերյալ։ Հիսուսը տեսավ իր առաքյալների բավականին տգեղ արարքները, սակայն նա «իսպառ սիրեց նրանց» (Յովհաննէս 13։1)։ Չնայած նրանց թերություններին՝ Հիսուսը ցույց էր տալիս, որ հավատում է իրենց։ Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ Հիսուսի վստահությունն անտեղի չէր։ Իր աշակերտների հանդեպ նրա ցուցաբերած վստահությունն ու հավատը, ինչ խոսք, ուժ տվեցին նրանց, որպեսզի վճռականորեն տրամադրվեն իրենց հանձնարարված գործն առաջ տանելու համար։
20, 21. Ինչպե՞ս կարող ենք դրական տեսակետ զարգացնել մեր հավատակիցների հանդեպ։
20 Ինչպե՞ս կարելի է եղբայրների հանդեպ հավատ ցուցաբերելիս «Քրիստոսի միտքն» ունենալ։ Պետք չէ հոռետեսորեն նայել մեր հավատակիցներին։ Եթե նրանց մասին վատն ենք մտածում, ապա դա, ամենայն հավանականությամբ, կարտահայտվի մեր խոսքերում և արարքների մեջ (Ղուկաս 6։45)։ Մինչդեռ Աստվածաշունչն ասում է, որ սերն «ամէն բանի հաւատում է» (Ա Կորնթացիս 13։7)։ Սերն իր էությամբ դրական հատկություն է, ոչ թե բացասական. այն շինում է, ոչ թե կործանում։ Մարդիկ սիրով արձագանքում են սիրուն, ոչ՝ սպառնալիքներին։ Մենք կարող ենք քաջալերել ու ոգևորել ուրիշներին՝ ցույց տալով, որ հավատում ենք նրանց (Ա Թեսաղոնիկեցիս 5։11)։ Եթե Քրիստոսի նման մենք էլ մեր եղբայրների հանդեպ դրականորեն տրամադրվենք, ապա մեր վերաբերմունքով կամրացնենք նրանց և իրենց սրտերում նոր եռանդ կարթնացնենք։
21 «Քրիստոսի միտքը» զարգացնելն ու այն ցուցաբերելը Հիսուսին ընդօրինակելուց ավելին է իր մեջ ընդգրկում։ Ինչպես արդեն ասվեց նախորդ հոդվածում, Հիսուսին իսկապես ընդօրինակելու համար հարկավոր է նախևառաջ սովորել ամեն ինչին նայել նրա աչքերով։ Ավետարաններն օգնում են մեզ տեսնել Հիսուսի անձնավորության մեկ այլ կողմը ևս. այդ գրքերը օգնում են ավելի շատ տեղեկություն ունենալ, թե ինչ էր մտածում և զգում նա իրեն հանձնարարված գործի հանդեպ։ Այս մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Կեղծ փաստաթղթի հեղինակը նկարագրում է Հիսուսի երևակայական արտաքինը, ներառյալ նաև մազերի, մորուքի ու աչքերի գույնը։ Աստվածաշնչի թարգմանիչ Էդգար Գուդսպիդը բացատրում է, որ կեղծիքի «նպատակն էր հանրամատչելի դարձնել նկարիչների համար նախատեսված տեղեկագրքերում տրված Հիսուսի արտաքին նկարագիրը»։
b Ամենայն հավանականությամբ, այդ երեխաները տարբեր տարիքի էին։ «Մանուկներ» թարգմանված բառը օգտագործված է նաև Հայրոսի տասներկուամյա աղջկա համար (Մարկոս 5։39, 42; 10։13)։ Սակայն դրան զուգահեռ հաղորդագրության մեջ Ղուկասն օգտագործում է հունարեն մի բառ, որը վերաբերում է նաև նորածիններին (Ղուկաս 1։41; 2։12; 18։15)։
c Տեսեք «Դիտարանի» 1998 թ. ապրիլի 1–ի համարի «Հարգո՞ւմ եք ուրիշների արժանապատվությունը» հոդվածը (ռուս.)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչպե՞ս Հիսուսը արձագանքեց՝ տեսնելով, որ աշակերտները արգելում էին երեխաներին մոտենալ իրեն։
• Ինչպե՞ս էր Հիսուսը ուշադրություն ցուցաբերում ուրիշների հանդեպ։
• Ինչպե՞ս կարելի է ընդօրինակել աշակերտներին վստահելու Հիսուսի պատրաստակամությունը։
• Ինչպե՞ս կարելի է ընդօրինակել առաքյալների նկատմամբ Հիսուսի տածած հավատին։
[նկար 12–րդ էջի վրա]
Երեխաներն իրենց անկաշկանդ էին զգում Հիսուսի հետ։
[նկար 13–րդ էջի վրա]
Հիսուսը կարեկցանքով էր վերաբերվում ուրիշներին։
[նկար 14–րդ էջի վրա]
Մատչելի երեցները իսկական օրհնություն են մեզ համար։