Ընթերցողների հարցերը
Աստվածաշնչում հիշատակվում է «Ուղիղի գրքի» և «Եհովայի պատերազմների գրքի» մասին (Յեսու 10։13; Թուոց 21։14)։ Դրանք չկան Աստվածաշնչի կանոնի մեջ։ Արդյո՞ք այս գրքերը ներշնչված են եղել, որոնք, սակայն, հետագայում անհետացել են։
Հիմքեր չկան եզրակացնելու, որ այս երկու գրքերը ներշնչված են եղել։ Աստվածաշնչում նշված են նաև շատ այլ գրքեր։ Միանգամայն հնարավոր է, որ դրանցից մի քանիսը Աստվածաշնչի մաս են կազմում, որոնք ժամանակակից ընթերցողին ներկայանում են պարզապես անծանոթ արտահայտություններով։ Օրինակ՝ Ա Մնացորդաց 29։29–ում նշված են «տեսանող Սամուելի հիշատակարանը», «Նաթան մարգարեի հիշատակարանը» և «Գադ տեսանողի հիշատակարանը»։ Հնարավոր է՝ դրանք միասին կազմում են այն գրքերը, որ մենք այսօր գիտենք որպես Ա և Բ «Թագաւորաց» (կամ՝ 1 և 2 «Սամուել») և «Դատաւորաց» գրքեր։
Սակայն որոշ գրքեր, չնայած որ կարող են ունենալ այնպիսի անվանումներ, որոնք նման են Աստվածաշնչի գրքերի անվանումներին, իրականում Աստվածաշնչի մաս չեն կազմում։ Պարզաբանենք չորս հնագույն գրքերի օրինակով։ Դրանք են՝ «Հուդայի թագավորների հիշատակաց գիրքը», «Հուդայի և Իսրայելի թագավորների գիրքը», «Իսրայելի թագավորների գիրքը» ու «Իսրայելի և Հուդայի հիշատակաց գիրքը»։ Թեև անվանումները հիշեցնում են Աստվածաշնչի այն գրքերը, որոնք այսօր հայտնի են «Գ Թագաւորաց» և «Դ Թագաւորաց» անուններով, այս չորս գրքերը ներշնչված չեն եղել և չեն մտնում Աստվածաշնչի կանոնի մեջ (Գ Թագ. 14։29; Բ Մնաց. 16։11; 20։34; 27։7)։ Ըստ ամենայնի, դրանք պարզապես պատմական արձանագրություններ էին, որոնք գոյություն ունեին Երեմիա մարգարեի ու Եզրասի օրերում, երբ նրանք գրեցին այն գրքերը, որոնք այսօր կան Աստվածաշնչում։
Ինչ խոսք, Աստվածաշունչը գրողներից ոմանք կոնկրետ հիշատակել են գոյություն ունեցող, բայց չներշնչված պատմական արձանագրությունների մասին, մյուսներն էլ, թեև ինչ–որ անվանում չեն նշել, օգտվել են դրանցից։ Օրինակ՝ Եսթեր 10։2–ում հիշատակվում է «Մարաց և Պարսից թագավորների ժամանակագրության գրքի» մասին։ Իսկ Ղուկասը իր Ավետարանը գրելու համար «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել էր»։ Այս խոսքերով նա թերևս ուզում էր ասել, որ Հիսուսի ծննդաբանությունը գրելու համար օգտվել է այն ժամանակ գոյություն ունեցող աղբյուրներից (Ղուկ. 1։3; 3։23–38)։ Թեև այդ աղբյուրները չէին գրվել Աստծու ներշնչանքով, սակայն Ղուկասի Ավետարանը, անշուշտ, ներշնչված է և մինչև օրս օգտակար է։
Ինչ վերաբերում է հարցում նշված գրքերին, ըստ ամենայնի, դրանք ժամանակին գոյություն են ունեցել, բայց չեն ներշնչվել Աստծու կողմից։ Դա է պատճառը, որ Եհովան հարկ չի համարել պահպանել դրանք։ Քանի որ «Ուղիղի գիրքը» և «Եհովայի պատերազմների գիրքը» հիշատակվում են Աստվածաշնչում, աստվածաշնչագետները գալիս են այն եզրակացության, որ դրանք բանաստեղծությունների և երգերի ժողովածուներ են, որոնց թեման Իսրայելի և նրա թշնամիների միջև եղած պայքարն է (Բ Թագ. 1։17–27)։ Ըստ մի աստվածաշնչյան հանրագիտարանի՝ այդ գրքերը պարունակում էին «հին իսրայելացի երգիչների՝ հանրածանոթ բանավոր երգացանկը, ովքեր ջանացել են պահպանել Իսրայելի դյուցազներգական և քնարերգական ավանդությունները»։ Նույնիսկ որոշ մարդիկ, ովքեր երբեմն ծառայել են որպես Եհովայի մարգարեներ և տեսանողներ, գրել են բաներ, որոնք Եհովայի կողմից չեն ներշնչվել և որոնք նրա կողմից չեն մտցվել Աստվածաշնչի կանոնի մեջ, որը մեր օրերում «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու» համար (2 Տիմոթ. 3։16; Բ Մնաց. 9։29; 12։15; 13։22)։
Այն փաստը, որ որոշ գրքեր հիշատակվում են Աստվածաշնչում, և որ դրանք օգտակար աղբյուրներ են եղել, չի նշանակում, որ այդ գրքերը ներշնչված են եղել Աստծու կողմից։ Սակայն Եհովա Աստված պահպանել է «[իր] խօսքը» պարունակող բոլոր գրությունները, և դրանք «կմնան հավիտյան» (Ես. 40։8)։ Այո՛, բոլոր 66 գրքերը, որ Եհովայի կամքով մտել են Սուրբ Գրությունների մեջ, հենց այն գրքերն են, որոնց շնորհիվ մենք կարող ենք լինել «լիովին իրազեկ և ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (2 Տիմոթ. 3։16, 17)։