ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՄԱՐԻԱՄ
Նա դիմացավ սրի պես խոցող ցավին
ՄԱՐԻԱՄԸ ծնկի իջավ. նրա ցավն այնքան խորն էր, որ բառերով անհնար է նկարագրել։ Երկար ժամեր տանջվելուց հետո մահացել էր նրա որդին։ Մարիամի ականջներում դեռ լսվում էր նրա վերջին աղաղակը։ Կեսօրին երկինքը մթնել էր, ու հիմա երկիրը ուժգին շարժվեց (Մատթեոս 27։45, 51)։ Թերևս Մարիամին թվաց, թե Եհովան ինքն է ուզում՝ ողջ աշխարհն իմանա, որ ամենքից շատ իր սիրտն է ցավում Հիսուս Քրիստոսի մահվան համար։
Մինչ կեսօրվա լույսը ցրում էր խավարը, որ պատել էր Գողգոթան, կամ՝ Գանգի վայրը, Մարիամը սգում էր իր որդու համար (Հովհաննես 19։17, 25)։ Հիշողությունները հեղեղել էին նրա միտքը։ Թերևս հիշում էր մոտ 33 տարի առաջ տեղի ունեցած մի դեպք։ Երբ ինքն ու Հովսեփը նոր էին բերել իրենց անգին մանուկին Երուսաղեմի տաճար, Սիմեոն անունով մի ծերունի մարգարեություն արեց։ Նա մեծամեծ բաներ կանխագուշակեց Հիսուսի մասին, բայց նաև ասաց, որ մի օր Մարիամն այնպիսի զգացողություն կունենա, ասես նրա հոգու միջով երկար սուր անցավ (Ղուկաս 2։25–35)։ Միայն հիմա՝ այս օրհասական ժամին, նա լիովին հասկացավ, թե որքան ճշմարիտ էին այդ խոսքերը։
Ասում են՝ զավակ կորցնելը ամենավատ, ամենացավալի կորուստն է, որ մարդը կարող է ունենալ։ Այո՛, մահը սարսափելի թշնամի է, և այս կամ այն կերպ այն ցավ է պատճառում բոլորիս (Հռոմեացիներ 5։12; 1 Կորնթացիներ 15։26)։ Հնարավո՞ր է դիմանալ այդպիսի ցավի։ Եթե քննենք Մարիամի կյանքը՝ Հիսուսի ծառայության սկզբից մինչև մահ և դրանից անմիջապես հետո, շատ բան կսովորենք նրա հավատից, որն օգնեց դիմանալու սրի պես խոցող ցավին։
«ԻՆՉ ՈՐ ՁԵԶ ԱՍԻ, ԱՐԵ՛Ք»
Մտովի երեքուկես տարի հետ գնանք։ Մարիամը զգում էր, որ ինչ-որ փոփոխություն է տեղի ունենալու։ Նույնիսկ Նազարեթի պես փոքր քաղաքում էին խոսում Հովհաննես Մկրտչի և զղջման վերաբերյալ նրա սթափեցնող պատգամի մասին։ Մարիամը նկատում էր, որ իր ավագ որդին այդ լուրը համարում է նշան. ժամանակն է, որ սկսի իր ծառայությունը (Մատթեոս 3։1, 13)։ Մարիամի ու իր ընտանիքի կյանքը կտրուկ փոխվելու էր Հիսուսի բացակայության պատճառով։ Ինչո՞ւ։
Հավանաբար, Մարիամի ամուսինը՝ Հովսեփը, արդեն մահացել էր։ Եթե այդպես է, Մարիամին ծանոթ էր կորստի զգացումըa։ Հիսուսը այդ ժամանակ կոչվում էր ոչ միայն «ատաղձագործի որդի», այլև «ատաղձագործ»։ Ակներևաբար, Հիսուսն իր ձեռքն էր վերցրել հոր գործը և հանձն էր առել ընտանիքը կերակրողի դերը։ Իսկ ընտանիքը կազմված էր առնվազն վեց երեխաներից, որոնք իրենից հետո էին ծնվել (Մատթեոս 13։55, 56; Մարկոս 6։3)b։ Նույնիսկ եթե Հիսուսը իր արհեստը սովորեցրած լիներ Հակոբոսին (թերևս իրենից հետո ծնված Մարիամի ու Հովսեփի որդուն), այդուհանդերձ ավագ որդու հեռանալը դժվարություններ կստեղծեր ընտանիքի համար։ Մարիամի ուսերին արդեն դրված էր ծանր բեռ։ Արդյոք այս փոփոխությունը վախեցրե՞ց նրան։ Միայն կարող ենք ենթադրություններ անել։ Բայց ավելի կարևոր մի հարց կար. ինչպե՞ս էր արձագանքելու նա, երբ Հիսուս նազովրեցին դառնար Հիսուս Քրիստոս՝ խոստացված Մեսիան։ Աստվածաշնչյան արձանագրություններից մեկը այս առնչությամբ մեզ մի տեղեկություն է հայտնում (Հովհաննես 2։1–12)։
Հիսուսը գնաց Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու, և դարձավ Աստծու Օծյալը, կամ՝ Մեսիան (Ղուկաս 3։21, 22)։ Հետո նա սկսեց ընտրել իր աշակերտներին։ Սակայն որքան էլ հրատապ էր իր գործը, նա ժամանակ տրամադրում էր, որ ընտանիքի ու ընկերների հետ ուրախ առիթների մասնակցի։ Մի անգամ իր մոր, աշակերտների ու եղբայրների հետ Հիսուսը գնաց հարսանեկան խնջույքի, որը տեղի էր ունենալու Կանայում՝ ակներևաբար բլրի վրա կառուցված մի քաղաքում, որը Նազարեթից մոտ 13 կիլոմետր հեռու էր գտնվում։ Խնջույքի ժամանակ Մարիամը մի խնդրի մասին իմացավ։ Հավանաբար նա նկատեց, որ նորապսակների ընտանիքի անդամներից ոմանք տագնապահար միմյանց են նայում և ինչ-որ բան են շշնջում իրար ականջի. գինին վերջացել էր։ Նրանց մշակույթում հյուրասիրության հարցում այսպիսի սայթաքումը խայտառակություն կլիներ ընտանիքի համար և կփչացներ այս իրադարձությունը։ Մարիամը կարեկցանքով լցվեց նրանց հանդեպ և դիմեց Հիսուսին։
«Գինի չունեն»,— ասաց Մարիամը որդուն։ Ի՞նչ էր նա ակնկալում Հիսուսից։ Միայն կարող ենք կռահել։ Բայց Մարիամը գիտեր, որ իր որդին մեծ մարդ է, որը մեծամեծ բաներ է անելու։ Թերևս նա հույս ուներ, որ Հիսուսը այժմ կսկսի գործել։ Նա կարծես ասում էր. «Որդի՛ս, խնդրում եմ, մի բան արա»։ Սակայն Հիսուսի պատասխանը պետք է որ զարմացներ նրան։ Նա ասաց. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ կին»։ Հիսուսի խոսքերը անհարգալից չէին, թեև դրանք այդպես են մեկնաբանվել։ Նրա խոսքերը մեղմ հանդիմանություն էին։ Հիսուսը հիշեցրեց իր մորը, որ նա չէ, որ պիտի ասի, թե ինքն ինչպես պետք է կատարի իր ծառայությունը. դա իրավասու էր անելու իր Հայրը՝ Եհովան։
Մարիամն ընդունեց որդու ուղղումը, քանի որ հասկացող ու խոնարհ կին էր։ Նա դիմեց սպասավորներին և պարզապես ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։ Մարիամը հասկացավ, որ ինքն այլևս իրավասու չէ առաջնորդություն տալու իր որդուն, հակառակը՝ ինքը և ուրիշները պետք է առաջնորդություն ստանան նրանից։ Իր հերթին Հիսուսը ցույց տվեց, որ իր մոր պես՝ ինքն էլ է կարեկցում նորապսակներին։ Նա կատարեց իր առաջին հրաշքը՝ ջուրը գինի դարձրեց։ Արդյո՞ւնքը։ «Նրա աշակերտները հավատացին նրան»։ Մարիամը նույնպես հավատաց։ Նրա համար այժմ Հիսուսը ոչ միայն որդի էր, այլև Տեր ու Փրկիչ։
Այսօր ծնողները շատ բան կարող են սովորել Մարիամի հավատից։ Ճիշտ է, Հիսուսի պես երեխա ոչ ոք չի մեծացրել, բայց երբ ցանկացած երեխա չափահաս է դառնում, անցումային շրջանը ծնողների համար կարող է դժվարություններ ստեղծել։ Նրանք գուցե հակված լինեն շարունակելու իրենց տղային կամ աղջկան վերաբերվել որպես երեխայի, մինչդեռ այսպիսի վերաբերմունքն այլևս տեղին չէ (1 Կորնթացիներ 13։11)։ Ինչպե՞ս ծնողները կարող են օգնել իրենց չափահաս երեխային։ Կերպերից մեկը անկեղծ վստահություն արտահայտելն է, որ հավատարիմ որդին կամ աղջիկը կշարունակի ապրել Աստվածաշնչի սովորեցրածին ներդաշնակ և արդյունքում կստանա Եհովայի օրհնությունը։ Ծնողների՝ հավատ ու համոզվածություն արտահայտող խոսքերը, որոնք ասելու համար խոնարհություն է պահանջվում, շատ օգտակար կլինեն արդեն մեծացած երեխայի համար։ Հիսուսն, անկասկած, բարձր գնահատեց Մարիամի աջակցությունը իրադարձություններով լի հետագա տարիների ընթացքում։
«ՆՐԱ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՉԷԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՆՐԱՆ»
Ավետարանները համեմատաբար քիչ բան են հայտնում Մարիամի մասին Հիսուսի ծառայության երեքուկես տարիների ընթացքում։ Սակայն հիշենք, որ նա հավանաբար այրի էր՝ միայնակ մայր, որն այդ ժամանակ թերևս իր պատանի երեխաներին էր մեծացնում տանը։ Ուստի հասկանալի է, թե ինչու նա չէր կարողանում հետևել Հիսուսին, երբ վերջինս քարոզում էր իր ծննդավայրում (1 Տիմոթեոս 5։8)։ Բայց Մարիամը շարունակում էր խորհրդածել հոգևոր բաների շուրջ, որոնք իմացել էր Մեսիայի վերաբերյալ, և այցելել տեղի ժողովարան, ինչը միշտ եղել էր իր ընտանիքի սովորությունը (Ղուկաս 2։19, 51; 4։16)։
Ուստի հնարավոր է, որ երբ Հիսուսը խոսում էր Նազարեթի ժողովարանում, Մարիամը ունկնդիրների թվում էր։ Որքա՜ն հուզվեց նա, երբ լսեց, թե ինչպես է իր որդին հայտարարում, որ դարեր առաջ Մեսիայի մասին ասված մարգարեությունը այժմ կատարվում է իր վրա։ Բայց որքա՜ն վշտացավ՝ տեսնելով, որ իր համաքաղաքացիները չեն ընդունում Հիսուսին, նույնիսկ փորձում են սպանել նրան (Ղուկաս 4։17–30)։
Մարիամին մտահոգում էր նաև իր մյուս որդիների արձագանքը։ Հովհաննես 7։5 համարից իմանում ենք, որ Հիսուսի չորս եղբայրները չունեին այնպիսի հավատ, ինչպիսին որ ուներ իրենց մայրը։ Այնտեղ կարդում ենք. «Նրա եղբայրները չէին հավատում նրան»։ Իսկ Հիսուսի քույրերի մասին (որոնք առնվազն երկուսն էին) Աստվածաշունչը լռում է։ Ամեն դեպքում Մարիամը իր փորձից գիտեր, թե ինչ ցավ է պատճառում այնպիսի ընտանիքում ապրելը, որի անդամները կրոնական տարբեր տեսակետներ ունեն։ Նա պետք է ջանք գործադրեր հավասարակշռություն պահպանելու համար, որպեսզի և՛ հավատարիմ մնար աստվածային ճշմարտությանը, և՛ ձգտեր շահել իր ընտանիքի անդամների սրտերը՝ առանց նրանց վրա իշխանություն բանեցնելու կամ կռիվ անելու։
Մի անգամ Հիսուսի ազգականները, որոնց թվում, անկասկած, նրա եղբայրներն էին, որոշեցին գնալ ու «բռնել» նրան։ Նրանք ասում էին՝ խելագարվել է (Մարկոս 3։21, 31)։ Մարիամն, ինչ խոսք, այդպես չէր կարծում, բայց գնաց իր որդիների հետ՝ թերևս հույս ունենալով, որ նրանք կլսեն մի բան, ինչը կօգնի իրենց հավատ զարգացնելու։ Բայց այդպես եղա՞վ։ Թեև Հիսուսը շարունակում էր ապշեցուցիչ գործեր անել ու հրաշալի ճշմարտություններ սովորեցնել, Մարիամի մյուս որդիները դեռևս չէին հավատում նրան։ Արդյոք նա սրտնեղված մտածո՞ւմ էր, թե ինչն ի վերջո կհասնի նրանց սրտերին։
Դու է՞լ ես ապրում կրոնապես բաժանված ընտանիքում։ Մարիամի հավատից շատ բան կարող ես սովորել։ Նա հույսը չկտրեց իր հարազատներից, որոնք իր համոզմունքները չունեին։ Ընդհակառակը՝ որոշեց թույլ տալ նրանց տեսնել, որ իր հավատը ուրախություն է պատճառում իրեն ու միտքը խաղաղությամբ է լցնում։ Մյուս կողմից՝ նա շարունակեց աջակցել իր հավատարիմ որդուն։ Կարոտո՞ւմ էր Հիսուսին։ Երբեմն ուզո՞ւմ էր, որ նա տանը լիներ իր ու իր ընտանիքի հետ։ Եթե այո, ապա նա կարողանում էր կառավարել իր զգացմունքները։ Հիսուսին աջակցելն ու քաջալերելը Մարիամը առանձնաշնորհում էր համարում։ Կարո՞ղ ես նույն կերպ օգնել քո երեխաներին, որ Աստծուն իրենց կյանքում առաջին տեղում դնեն։
«ՔՈ ՀՈԳՈՒ ՄԻՋՈՎ ՄԻ ԵՐԿԱՐ ՍՈՒՐ ԿԱՆՑՆԻ»
Վարձատրվե՞ց արդյոք Մարիամի հավատը, որ դրսևորեց Հիսուսի հանդեպ։ Եհովան երբեք չի մոռանում վարձատրել իր ծառաներին իրենց հավատի համար, և, ինչ խոսք, Մարիամը բացառություն չէր (Եբրայեցիներ 11։6)։ Միայն պատկերացրու, թե ինչ նշանակություն ուներ նրա համար այն, որ լսում էր, թե ինչպես էր իր որդին խոսում, կամ թե ինչպես էին խոսում նրա քարոզների մասին ուրիշ մարդիկ, ովքեր անձամբ էին լսել նրան։
Հիսուսի բերած օրինակները մի՞թե Մարիամին չէին հիշեցնում որդու մանկությունը, մինչ նա մեծանում էր Նազարեթում։ Երբ Հիսուսը խոսեց այն կնոջ մասին, որն ավլում էր տունը, որպեսզի գտներ կորած դրախման, կամ այն կնոջ, որը ալյուր էր աղում հաց թխելու համար կամ որ ճրագ էր վառում և դնում ճրագակալի վրա, մի՞թե Մարիամը չմտածեց այն փոքր տղայի մասին, որը իր հետ էր այդ առօրյա գործերն անելիս (Ղուկաս 11։33; 15։8, 9; 17։35)։ Երբ Հիսուսն ասաց, որ իր լուծը հարմար է ու իր բեռը՝ թեթև, մի՞թե Մարիամը չհիշեց անցած-գնացած այն երջանիկ օրը, երբ ինքը նայում էր, թե ինչպես էր Հովսեփը սովորեցնում պատանի Հիսուսին այնպիսի լուծ պատրաստել, որը հարմար կլիներ կենդանու համար (Մատթեոս 11։30)։ Անշուշտ, Մարիամը մեծ բավարարվածություն էր զգում, երբ խորհում էր այն առանձնաշնորհման մասին, որ Եհովան տվել էր իրեն՝ օգնել մեծացնելու և կրթելու այդ որդուն, որը պետք է դառնար Մեսիան։ Նա թերևս յուրահատուկ ցնծություն էր ապրում՝ լսելով Հիսուսին՝ երբևէ ապրած մեծագույն ուսուցչին, որը ծանոթ առարկաների ու տեսարանների միջոցով շատ խոր ճշմարտություններ էր սովորեցնում։
Այդուհանդերձ, Մարիամը խոնարհ մնաց։ Նրա որդին երբեք չէր մեծարել նրան, ուր մնաց երկրպագության արժանացներ։ Մի անգամ Հիսուսի ծառայության ընթացքում ժողովրդի միջից մի կին բացականչեց, որ նրա մայրը պետք է որ իսկապես երջանիկ լինի նրան ծնելու համար։ Սակայն նա պատասխանեց. «Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11։27, 28)։ Իսկ երբ բազմության միջից որոշ մարդիկ Հիսուսին ասացին, որ նրա մայրն ու եղբայրները մոտակայքում են, նա նշեց, որ իրականում հավատ ընծայող մարդիկ էին իր մայրերն ու եղբայրները։ Մարիամը չվիրավորվեց, այլ անկասկած հասկացավ, թե ինչ նկատի ուներ Հիսուսը. հոգևոր կապերը ֆիզիկական կապերից շատ ավելի կարևոր են (Մարկոս 3։32–35)։
Անհնար է բառերով նկարագրել, թե ինչ ցավ էր զգում Մարիամը, երբ տեսնում էր, թե ինչպես է իր որդին տառապում տանջանքի ցցի վրա։ Մահապատժի ականատեսներից մեկը՝ Հովհաննես առաքյալը, հետագայում հետևյալ ազդեցիկ մանրամասնությունն ընդգրկեց իր արձանագրության մեջ՝ այդ ծանր պահին Մարիամը կանգնած էր «Հիսուսի տանջանքի ցցի մոտ»։ Ոչինչ չէր կարող հետ պահել այս նվիրված, սիրող մորը իր որդու կյանքի վերջին րոպեներին նրա կողքին լինելուց։ Հիսուսը տեսավ նրան, ու թեև ամեն անգամ շունչ առնելը տանջանք էր նրա համար, և շատ դժվար էր մի բառ անգամ արտասանել, նա խոսեց։ Հիսուսն իր մորը հանձնեց իր սիրելի առաքյալի՝ Հովհաննեսի հոգածությանը։ Քանի որ Հիսուսի եղբայրները այդ ժամանակ դեռ չէին հավատում նրան, Մարիամին նա հանձնեց ոչ թե նրանց, այլ իր անկեղծ հետևորդի խնամքին։ Այդպիսով Հիսուսը ցույց տվեց, թե որքան կարևոր է, որ հավատացյալ մարդը հոգ տանի յուրայինների մասին, հատկապես հոգա նրանց հոգևոր կարիքները (Հովհաննես 19։25–27)։
Երբ Հիսուսը մահացավ, Մարիամը զգաց այն ցավը, որի մասին տարիներ առաջ մարգարեացվել էր՝ ասես նրա հոգու միջով մի երկար սուր անցավ։ Եթե մեզ համար դժվար է պատկերացնել, թե ինչ ցավ նա ապրեց, ապա չենք էլ պատկերացնի, թե որքան ուրախացավ նա երեք օր հետո։ Մարիամը տեսավ հրաշքների հրաշքը՝ Հիսուսը հարություն էր առել։ Նրա ուրախությունը կրկնապատկվեց, երբ ավելի ուշ Հիսուսը երևաց իր եղբայր Հակոբոսին, անկասկած առանձին (1 Կորնթացիներ 15։7)։ Այս հանդիպումը մեծ ազդեցություն ունեցավ Հակոբոսի, ինչպես նաև Հիսուսի մյուս եղբայրների վրա։ Հետագայում իմանում ենք, որ նրանք հավատացին, որ Հիսուսն է Քրիստոսը։ Շուտով նրանք իրենց մոր հետ սկսեցին հաճախել քրիստոնեական հանդիպումներին և «հարատևել աղոթքներում» (Գործեր 1։14)։ Նրանցից երկուսը՝ Հակոբոսն ու Հուդան, հետագայում գրեցին գրքեր, որոնք դարձան Աստվածաշնչի մի մասը։
Մարիամի մասին վերջին հիշատակումն այն մասին է, որ նա իր որդիների հետ աղոթում էր հանդիպումների ժամանակ։ Որքա՜ն տեղին է ավարտվում նրա մասին արձանագրությունը, և ի՜նչ լավ օրինակ է նա թողել մեզ։ Իր հավատի շնորհիվ նա դիմացավ սրի պես խոցող ցավին և ի վերջո փառահեղ վարձատրություն ստացավ։ Եթե ընդօրինակենք Մարիամի հավատը, մենք նույնպես կդիմանանք այն ցավերին, որ այս դաժան աշխարհը կպատճառի մեզ, և այնքան մեծ վարձատրություն կստանանք, որ պատկերացնել անգամ չենք կարող։
a Այն դեպքից հետո, որը տեղի ունեցավ, երբ Հիսուսը 12 տարեկան էր, Հովսեփի մասին Ավետարաններում այլևս ոչինչ չի ասվում։ Դրանից հետո խոսվում է Հիսուսի մոր ու նրա երեխաների մասին, բայց ոչ Հովսեփի։ Հիսուսի մասին խոսելիս մեկ անգամ մարդիկ նրան կոչեցին «Մարիամի որդի» և ոչ մի հիշատակում չարեցին Հովսեփի մասին (Մարկոս 6։3)։
b Հովսեփը Հիսուսի կենսաբանական հայրը չէր, ուստի նրա մյուս զավակները Հիսուսի եղբայրներն ու քույրերն էին մայրական կողմից (Մատթեոս 1։20)։