ԳԼՈՒԽ 131
Տառապանքներ է կրում ցցի վրա
ՄԱՏԹԵՈՍ 27։33–44 ՄԱՐԿՈՍ 15։22–32 ՂՈՒԿԱՍ 23։32–43 ՀՈՎՀԱՆՆԵՍ 19։17–24
ՀԻՍՈՒՍԻՆ ԳԱՄՈՒՄ ԵՆ ՏԱՆՋԱՆՔԻ ՑՑԻՆ
ՀԻՍՈՒՍԻ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ ՓԱԿՑՎԱԾ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂՐԱՆՔԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԻՍՈՒՍԸ ԵՐԿՐԱՅԻՆ ԴՐԱԽՏՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՀՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ
Հիսուսին տանում են քաղաքից ոչ հեռու գտնվող մի վայր, որտեղ նրան և երկու հանցագործների պետք է մահապատժի ենթարկեն։ Այդ վայրը կոչվում է Գողգոթա, կամ՝ Գանգի վայր։ Այն տեսանելի է հեռվից (Մարկոս 15։40)։
Երեք դատապարտյալների վրայից հանում են նրանց հագուստները, ապա տալիս են թմրեցնող զմուռսի հետ խառնած գինի։ Հավանաբար Երուսաղեմի կանայք են պատրաստում այս խառնուրդը, և հռոմեացիները չեն արգելում ցավազրկող այս հեղուկը տալ մահապարտներին։ Սակայն երբ Հիսուսը փորձում է այն, հրաժարվում է խմելուց։ Ինչո՞ւ։ Նա ուզում է այս լուրջ փորձության ժամանակ լիովին պահել իր առողջ դատողությունը և հավատարիմ մնալ մինչև մահ։
Զինվորները Հիսուսին պառկեցնում են ցցի վրա և մեծ մեխերով նրա ձեռքերն ու ոտքերը գամում են ցցին (Մարկոս 15։25)։ Մեխերը խրվում են նրա մկանների ու ջլերի մեջ՝ ուժգին ցավ պատճառելով նրան։ Իսկ երբ ցիցը կանգնեցնում են, ցավն անտանելի է դառնում, քանի որ Հիսուսի մարմնի ծանրությունից վերքերը պատռվում են։ Սակայն Հիսուսը դառնությամբ չի լցվում զինվորների հանդեպ, այլ աղոթում է նրանց համար. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23։34)։
Հռոմեացիները սովորություն ունեին մի ցուցանակի վրա գրել, թե ինչ հանցանքի համար է դատապարտվել տվյալ մարդը։ Այս անգամ Պիղատոսը գրել է տալիս այսպիսի գրություն. «Հիսուս նազովրեցի՝ հրեաների Թագավոր»։ Այն գրված է եբրայերենով, լատիներենով և հունարենով, որպեսզի գրեթե բոլորը կարողանան կարդալ այն։ Պիղատոսը իր այս արարքով ցույց է տալիս իր արհամարհանքը հրեաների նկատմամբ, ովքեր պահանջում էին մահապատժի ենթարկել Հիսուսին։ Ավագ քահանաները դժգոհում են՝ ասելով. «Մի՛ գրիր՝ «հրեաների Թագավոր», այլ ինչ որ ինքն էր ասում՝ «ես հրեաների Թագավորն եմ»»։ Բայց չցանկանալով նորից նրանց կամակատարը լինել՝ Պիղատոսը պատասխանում է. «Ինչ որ գրեցի, գրեցի» (Հովհաննես 19։19–22)։
Խիստ զայրացած՝ քահանաները կրկնում են Սինեդրիոնի դատաքննության ժամանակ հնչած սուտ վկայությունները։ Ուստի զարմանալի չէ, որ նրանց խոսքերը լսելով՝ Հիսուսի մոտով անցնողները հեգնանքով շարժում են իրենց գլուխները ու անպատվելով ասում. «Է՜յ, տաճարը քանդո՛ղ ու երեք օրում կառուցո՛ղ, փրկի՛ր քեզ և ցա՛ծ իջիր տանջանքի ցցից»։ Իսկ ավագ քահանաներն ու դպիրներն ասում են իրար. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել։ Քրիստոսը՝ Իսրայելի Թագավորը, թող ցած իջնի տանջանքի ցցից, որ մենք տեսնենք ու հավատանք» (Մարկոս 15։29–32)։ Նույնիսկ Հիսուսի աջ ու ձախ կողմերում ցցին գամված հանցագործներն են նախատում նրան, չնայած որ Հիսուսը միակ մարդն է, ով իսկապես անմեղ է։
Հիսուսին ծաղրում են նաև այնտեղ գտնվող հռոմեացի չորս զինվորները։ Նրանք հավանաբար խմել են թթված գինուց և այժմ ծաղրանքով այն առաջարկում են Հիսուսին, թեև միանգամայն ակնհայտ է, որ նա չի կարող վերցնել այն։ Նրանք, ակնարկելով Հիսուսի գլխավերևում եղած գրությանը, հեգնանքով ասում են. «Եթե հրեաների թագավորն ես, փրկիր քեզ» (Ղուկաս 23։36, 37)։ Մի պահ մտածիր. այն անձնավորությունը, ով փաստել է, որ ինքն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, այժմ անարդարացիորեն ենթարկվում է դաժան վերաբերմունքի ու ծաղրանքի։ Սակայն Հիսուսը քաջաբար կրում է այդ ամենը և չի հանդիմանում հրեաներին, իրեն ծաղրող հռոմեացի զինվորներին և իր կողքին ցցին գամված երկու հանցագործներին։
Չորս զինվորները վերցնում են Հիսուսի վերնահագուստը և բաժանում են չորս մասի։ Նրանք վիճակ են գցում, որ տեսնեն, թե ում որ մասը կհասնի։ Հիսուսի այն զգեստը, որը նա տակից էր հագնում, շատ բարձրորակ է՝ «առանց կարի՝ վերից վար գործված»։ Նրանք ասում են իրար. «Եկեք չպատռենք, այլ վիճակ գցենք ու տեսնենք, թե ումը կլինի»։ Այդպես իրականանում է աստվածաշնչյան մի մարգարեություն. «Հանդերձներս բաժանեցին իրար մեջ և հագուստիս վրա վիճակ գցեցին» (Հովհաննես 19։23, 24; Սաղմոս 22։18)։
Որոշ ժամանակ անց հանցագործներից մեկը հասկանում է, որ Հիսուսն իսկապես թագավոր է։ Նա սկսում է հանդիմանել մյուս հանցագործին՝ ասելով. «Աստծուց չե՞ս վախենում։ Չէ՞ որ դու էլ նույն պատիժն ես կրում։ Մեր պատիժն արդարացի է, որովհետև մեր արածների համար ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Բայց այս մարդը ոչ մի սխալ բան չի արել»։ Այնուհետև նա Հիսուսին խնդրում է. «Հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես» (Ղուկաս 23։40–42)։
Հիսուսը պատասխանում է նրան. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։ Հիսուսը այդ մարդուն չի ասում, թե նա երկնային Թագավորության մեջ կլինի, այլ ասում է, որ նա Դրախտում կլինի։ Այս խոստումը տարբերվում է այն խոստումից, որ Հիսուսը տվել էր իր առաքյալներին, երբ ասել էր նրանց, որ Թագավորության մեջ իր հետ կնստեն գահերին (Մատթեոս 19։28; Ղուկաս 22։29, 30)։ Հավանաբար, այս հրեա հանցագործը լսել է երկրային Դրախտի մասին, որը Եհովան սկզբում տվել էր Ադամին ու Եվային, որպեսզի նրանք ու իրենց սերունդները բնակվեին այնտեղ։ Այնպես որ Հիսուսի այս խոսքերը ապագայի հրաշալի հույս են տալիս այդ մարդուն։