ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 50
«Դու ինձ հետ Դրախտում կլինես»
«Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (ՂՈՒԿ. 23։43)։
ԵՐԳ 145 Աստծու խոստացած դրախտը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Մահանալիս ի՞նչ ասաց Հիսուսը իր կողքին եղող հանցագործին (Ղուկաս 23։39-43)։
ՀԻՍՈՒՍԸ և իր հետ մահվան դատապարտված երկու հանցագործները ապրում են իրենց կյանքի վերջին տանջալից ժամերը (Ղուկ. 23։32, 33)։ Երկու հանցագործներն էլ Հիսուսին վիրավորական խոսքեր էին ասել, ինչից երևում է, որ նրանք Քրիստոսի հետևորդ չէին (Մատթ. 27։44; Մարկ. 15։32)։ Բայց նրանցից մեկը, ում սրտի վիճակը փոխվել էր, ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (կարդա Ղուկաս 23։39-43)։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ այդ հանցագործը Հիսուսի քարոզչության ընթացքում ընդունել էր «երկնքի թագավորության» մասին լուրը։ Բացի այդ՝ Հիսուսը չասաց, որ նա մտնելու է այդ թագավորություն (Մատթ. 4։17)։ Նա խոսում էր գալիք երկրային դրախտի մասին։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
2. Ինչի՞ց է երևում, որ զղջացող հանցագործը հրեա էր։
2 Ամենայն հավանականությամբ, այդ հանցագործը հրեա էր։ Ինչի՞ց ենք եզրակացնում։ Նկատի առնենք, թե նա ինչ ասաց մյուս հանցագործին. «Աստծուց չե՞ս վախենում։ Չէ՞ որ դու էլ նույն պատիժն ես կրում» (Ղուկ. 23։40)։ Հրեաները պաշտում էին մեկ Աստծու, սակայն շրջակա ազգերը շատ աստվածներ ունեին (Ելք 20։2, 3; 1 Կորնթ. 8։5, 6)։ Եթե նրանք այլազգի լինեին, հարցը հետևյալ կերպ կհնչեր. «Աստվածներից չե՞ս վախենում»։ Բացի այդ՝ Հիսուսը ուղարկվել էր ոչ թե բոլոր ազգերի, այլ «Իսրայելի տան կորած ոչխարների» համար (Մատթ. 15։24)։ Աստված իսրայելացիներին հայտնել էր, որ հարություն է տալու մահացածներին։ Զղջացող հանցագործը թերևս գիտեր դա, և ինչպես երևում է նրա խոսքերից, նա ենթադրում էր, որ Եհովան Հիսուսին հարություն կտար, որպեսզի նա թագավորեր իր Թագավորության մեջ։ Ըստ երևույթին, այդ մարդը հույս ուներ, որ Աստված իրեն էլ հարություն կտա։
3. Թերևս ի՞նչ պատկեր ստեղծվեց հանցագործի մտքում, երբ Հիսուսը խոսեց դրախտի մասին։ Բացատրիր (Ծննդոց 2։15)։
3 Որպես հրեա՝ այդ հանցագործը պետք է որ իմանար, որ Եհովան ստեղծել է դրախտը և Ադամին ու Եվային բնակեցրել այնտեղ։ Ուստի նա կարող էր եզրակացնել, որ Հիսուսի նշած դրախտը գեղեցիկ պարտեզ է լինելու երկրի վրա (կարդա Ծննդոց 2։15)։
4. Հանցագործին ուղղված Հիսուսի խոսքերը ի՞նչ անելու են մղում մեզ։
4 Հանցագործին ուղղված Հիսուսի խոսքերը մղում են մեզ մտածելու այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքը դրախտում։ Մենք կարող ենք որոշակի պատկերացում կազմել ապագա դրախտի վերաբերյալ՝ խորհրդածելով Սողոմոն թագավորի իշխանության տարիների մասին, երբ մարդիկ խաղաղություն էին վայելում։ Կարող ենք ակնկալել, որ Հիսուսը, ով Սողոմոնից ավելի մեծ է, իր թագավորակիցների հետ շատ ավելի լավ պայմաններ կստեղծի երկրի վրա (Մատթ. 12։42)։ Անկասկած, «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ կցանկանան իմանալ, թե ինչ պետք է անեն, որպեսզի հավիտյան վայելեն կյանքը դրախտում (Հովհ. 10։16)։
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ԿՅԱՆՔԸ ԴՐԱԽՏՈՒՄ
5. Քո կարծիքով՝ ինչպիսի՞ն է լինելու կյանքը դրախտում։
5 Քո կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի կյանքը դրախտում։ Թերևս պատկերացնում ես Եդեմի պարտեզի պես գեղեցիկ մի վայր (Ծննդ. 2։7-9)։ Հնարավոր է՝ միտքդ է գալիս Աստծու ժողովրդի վերաբերյալ Միքիայի մարգարեությունը, որում ասվում է. «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ» (Միք. 4։3, 4)։ Գուցե հիշում ես Աստվածաշնչի այն խոսքերը, որ սննդի առատություն է լինելու (Սաղ. 72։16; Ես. 65։21, 22)։ Ուստի թերևս պատկերացնում ես քեզ այդ գեղեցիկ պարտեզում՝ նստած սեղանի շուրջ, որը լիքն է համեղ ուտելիքներով։ Օդը լցված է ծաղիկների անուշ բույրով։ Դու լսում ես, թե ինչպես են քո ընկերները, հարազատները, հարություն առած մտերիմները ուրախ շփվում միմյանց հետ։ Այս ամենը պարզապես երևակայության արդյունք չէ։ Նման հաճելի պահերը, անշուշտ, մեր առօրյայի մի մասն են լինելու, բայց դրախտում մենք նաև թարմացնող աշխատանք ենք անելու։
6. Ի՞նչ ենք անելու դրախտում (տես նկարը)։
6 Եհովան մեզ այնպես է ստեղծել, որ հաճույք ստանանք աշխատանքից (Ժող. 2։24)։ Մենք շատ գործ կունենանք անելու հատկապես Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։ Մեծ նեղությունից վերապրածները, ինչպես նաև միլիոնավոր հարություն առածներ հագուստի, ուտելիքի և կացարանի կարիք կունենան։ Իսկ դա մեծ աշխատանք է պահանջում։ Ճիշտ ինչպես Ադամն ու Եվան պետք է մշակեին Եդեմի պարտեզը, այնպես էլ մենք հնարավորություն կունենանք երկիրը դրախտ դարձնելու։ Մենք նաև մեծ հաճույքով կսովորեցնենք միլիոնավոր հարություն առած մարդկանց Եհովայի և նրա նպատակների մասին։ Բացի այդ՝ Աստծու այն հավատարիմ ծառաներին, ովքեր ապրել են Հիսուսի՝ երկիր գալուց առաջ, կօգնենք, որ ավելին իմանան։
7. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել և ինչո՞ւ։
7 Մենք գիտենք, որ դրախտում կյանքը լինելու է խաղաղ, բարեկեցիկ և լավ կազմակերպված։ Որտեղի՞ց գիտենք դա։ Եհովան Սողոմոնի կառավարման տարիների մասին աստվածաշնչյան արձանագրությամբ որոշակի պատկերացում է տվել, թե ինչպիսին է լինելու կյանքը Հիսուսի իշխանության ներքո։
ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԴՐԱԽՏԻ ՄԱՍԻՆ
8. Ինչպե՞ս են Սաղմոս 37։10, 11, 29 համարներում գրված խոսքերը կատարվել անցյալում (տես այս համարում տպագրված «Ընթերցողների հարցերը»)։
8 Դավիթ թագավորը Աստծու ներշնչմամբ գրել էր, թե ինչպիսին էր լինելու մարդկանց կյանքը, երբ ապագայում իշխեր մի իմաստուն և հավատարիմ թագավոր (կարդա Սաղմոս 37։10, 11, 29)։ Մենք հաճախ ենք մեջբերում Սաղմոս 37։11 համարը, երբ մարդկանց հետ խոսում ենք գալիք դրախտի մասին։ Եվ հիմքեր ունենք այդպես վարվելու, քանի որ Հիսուսն էլ իր Լեռան քարոզում մեջբերեց այդ համարի խոսքերը՝ ցույց տալով, որ դրանք ապագայում են կատարվելու (Մատթ. 5։5)։ Բայց Դավթի խոսքերը վերաբերում էին նաև Սողոմոն թագավորի կառավարման տարիներին։ Այդ ժամանակ Աստծու ժողովուրդը յուրահատուկ խաղաղություն էր վայելելու և բարգավաճելու էր «մի երկրում, որտեղ կաթ ու մեղր էր հոսում»։ Աստված ասել էր. «Եթե շարունակեք հետևել իմ կանոններին.... այդ երկրին ես խաղաղություն կտամ։ Դուք կպառկեք, ու ձեզ ոչ ոք չի վախեցնի» (Ղևտ. 20։24; 26։3, 6)։ Այս խոստումները կատարվել են Սողոմոնի ղեկավարման ընթացքում (1 Տար. 22։9; 29։26-28)։ Դավիթը նաև գրել էր, որ «ամբարիշտն այլևս չի լինելու» (Սաղ. 37։10)։ Սողոմոնի իշխանության տարիներին այս խոսքերը կատարվեցին այն իմաստով, որ ամբարիշտները, այսինքն՝ թշնամի ազգերը չհարձակվեցին Աստծու ժողովրդի վրա։ Այսպիսով՝ Սաղմոս 37։10, 11, 29 համարներում գրված խոսքերը կատարվել են անցյալում, բայց դրանք կկատարվեն նաև ապագայում։
9. Ի՞նչ ասաց Սաբայի թագուհին Սողոմոնի թագավորության մասին։
9 Սողոմոնի ղեկավարման տարիներին իսրայելացիների խաղաղ և բարգավաճ կյանքի մասին լուրերը հասել էին Սաբայի թագուհուն։ Նա երկար ճանապարհ էր անցել, որպեսզի գար Երուսաղեմ և սեփական աչքերով տեսներ այդ ամենը (1 Թագ. 10։1)։ Սողոմոնի թագավորությունը տեսնելուց հետո Սաբայի թագուհին ասաց. «Եվ ահա կեսն էլ ինձ չեն պատմել.... Ի՜նչ երջանիկ են քո մարդիկ, և ի՜նչ երջանիկ են քո ծառաները, որ միշտ կանգնում են քո առաջ ու քո իմաստությունն են լսում» (1 Թագ. 10։6-8)։ Բայց կյանքի այն պայմանները, որ կային Սողոմոնի օրոք, ընդամենը ստվերն էին այն բանի, ինչ Եհովան անելու է մարդկանց համար իր Որդու՝ Հիսուսի իշխանության ժամանակ։
10. Ի՞նչ առումներով է Հիսուսը գերազանցում Սողոմոնին։
10 Հիսուսը բոլոր առումներով գերազանցում է Սողոմոնին։ Վերջինս անկատար մարդ էր, ով լուրջ սխալներ գործեց և Աստծու ժողովրդին խնդիրների մեջ գցեց։ Մինչդեռ Հիսուսը կատարյալ Ղեկավար է, ով երբեք չի սխալվում (Ղուկ. 1։32; Եբր. 4։14, 15)։ Նա շատ ծանր փորձությունների ենթարկվեց, բայց փաստեց, որ երբեք մեղք չի գործի ու չի անի այնպիսի բան, ինչը կվնասի իր նվիրված հպատակներին։ Նման Թագավոր ունենալը, անկասկած, մեծ պատիվ է։
11. Ովքե՞ր են օգնելու Հիսուսին։
11 Երկրի հետ կապված Եհովայի նպատակը իրականացնելու, ինչպես նաև մարդկության մասին հոգ տանելու հարցում Հիսուսին կօգնեն նրա 144 000 իշխանակիցները (Հայտն. 14։1-3)։ Երկրի վրա եղած ժամանակ այդ հավատարիմ տղամարդիկ ու կանայք բազում դժվարությունների և տառապանքների միջով են անցել, ուստի նրանք կարեկից թագավորներ կլինեն։ Բայց կոնկրետ ի՞նչ դեր են նրանք կատարելու։
ՕԾՅԱԼՆԵՐԻ ԴԵՐԸ
12. Եհովան ի՞նչ գործ է վստահել 144 000-ին։
12 Հիսուսին և նրա թագավորակիցներին տրված հանձնարարությունը շատ ավելի ծավալուն է, քան այն գործը, որ անում էր Սողոմոնը։ Նա հոգ էր տանում ընդամենը մի երկրի մասին, որտեղ ապրում էին մի քանի միլիոն մարդ։ Բայց Հիսուսն ու 144 000-ը հոգ են տանելու երկրագնդով մեկ սփռված միլիարդավոր մարդկանց մասին։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է Եհովան տվել օծյալներին։
13. Ի՞նչ առանձնահատուկ դեր են ունենալու Հիսուսի իշխանակիցները։
13 Հիսուսի նման՝ օծյալները ծառայելու են որպես թագավորներ ու քահանաներ (Հայտն. 5։10)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ քահանաների հիմնական պարտականությունն էր հոգ տանել ժողովրդի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առողջության մասին։ Եվ քանի որ Օրենքը «ուներ գալիք օրհնությունների ստվերը», տրամաբանական է եզրակացնել, որ Հիսուսի իշխանակիցները առանձնահատուկ դեր կունենան Աստծու ժողովրդի ֆիզիկական և հոգևոր կարիքները հոգալու հարցում (Եբր. 10։1)։ Իսկ ինչպե՞ս են այս թագավորներն ու քահանաները հաղորդակցվելու Աստծու Թագավորության հպատակների հետ։ Պետք է սպասենք ու տեսնենք։ Բայց անկախ նրանից, թե Եհովան ինչպես կկազմակերպի այդ ամենը, մենք կարող ենք համոզված լինել, որ նոր աշխարհում ապրողները կստանան անհրաժեշտ առաջնորդությունը (Հայտն. 21։3, 4)։
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ «ՈՒՐԻՇ ՈՉԽԱՐՆԵՐԸ» ԴՐԱԽՏՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
14. Ի՞նչ փոխհարաբերություններ ունեն «ուրիշ ոչխարներն» ու «փոքր հոտը»։
14 Հիսուսն իր իշխանակիցների մասին խոսեց որպես «փոքր հոտի» (Ղուկ. 12։32)։ Նա նաև խոսեց մեկ այլ խմբի մասին, որին անվանեց «ուրիշ ոչխարներ»։ Այս երկու խմբերը միասին մեկ հոտ են կազմում (Հովհ. 10։16)։ Նրանք արդեն իսկ համագործակցում են իրար հետ և կշարունակեն համագործակցել, երբ սկսեն երկիրը դրախտի վերածել։ Այդ ժամանակ «փոքր հոտը» երկնքում կլինի, իսկ «ուրիշ ոչխարները»՝ երկրի վրա։ Վերջիններս հավիտյան ապրելու հեռանկար կունենան։ Բայց մինչ այդ, «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն, որպեսզի համապատասխանեն դրախտում ապրելու չափանիշներին։
15. ա) Ինչպե՞ս են «ուրիշ ոչխարները» համագործակցում Քրիստոսի եղբայրների հետ։ բ) Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նկարում պատկերված եղբորը (տես նկարը)։
15 Հիսուսի հետ մահվան դատապարտված հանցագործը մահացավ՝ հնարավորություն չունենալով լիարժեքորեն արտահայտել իր երախտագիտությունը Քրիստոսի հանդեպ։ Բայց այսօր երկրի վրա ապրելու հույս ունեցողներս շատ հնարավորություններ ունենք արտահայտելու մեր սերը Հիսուսի հանդեպ։ Կերպերից մեկը նրա՝ ոգով օծված եղբայրներին աջակցելն է։ Հիսուսն ասաց, որ դրա հիման վրա է զատելու «ոչխարներին» (Մատթ. 25։31-40)։ Մենք աջակցում ենք Քրիստոսի եղբայրներին, երբ եռանդորեն մասնակցում ենք քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին (Մատթ. 28։18-20)։ Որպեսզի այդ գործում հաջողության հասնենք, պետք է արդյունավետորեն օգտագործենք ուսուցանելու համար նախատեսված գործիքները, օրինակ՝ «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը։ Եթե դեռ Աստվածաշունչ չես ուսուցանում որևէ մեկին, կարող ես նպատակ դնել հնարավորինս շատերին առաջարկել Աստվածաշնչի դասընթաց։
16. Ի՞նչ կարող ենք անել այսօր, որ պատրաստ լինենք ապրելու դրախտում։
16 Կարիք չկա սպասել՝ նոր աշխարհը գա, և հետո միայն զարգացնել այն հատկությունները, որ Եհովան ցանկանում է տեսնել մեր մեջ դրախտում։ Հիմա է ժամանակը, որ ձգտենք ազնիվ լինել մեր խոսքերում և գործերում, ինչպես նաև չափավոր՝ մեր սովորությունների մեջ։ Նաև պետք է հավատարիմ լինենք Եհովային, մեր կողակցին և հավատակիցներին։ Եթե ձգտենք այս աշխարհում համապատասխանել Աստծու չափանիշներին, դրախտում մեզ համար ավելի հեշտ կլինի ապրել դրանց համաձայն։ Բացի այդ՝ կարող ենք ձեռք բերել այնպիսի հմտություններ և բնավորության գծեր, որոնք մեզ պետք կգան նաև դրախտում։ Այդպիսով ցույց կտանք, որ պատրաստվում ենք ապրել նոր աշխարհում (տես այս համարում տպագրված «Պատրա՞ստ ես «ժառանգելու երկիրը»» հոդվածը)։
17. Արդյո՞ք պետք է շարունակ մեղավորության զգացում ունենանք նախկինում գործած մեղքերի պատճառով։ Բացատրիր։
17 Մենք պետք է ձգտենք նաև ձերբազատվել մեղավորության զգացումից, որ թերևս ունենք նախկինում գործած լուրջ մեղքերի պատճառով։ Ինչ խոսք, մենք երբեք «հոժար կամքով» մեղք չենք գործի՝ մտածելով, թե քավիչ զոհի շնորհիվ դրանք միշտ կներվեն (Եբր. 10։26-31)։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ եթե իսկապես զղջացել ենք մեր գործած լուրջ մեղքի համար, օգտվել ենք Եհովայի տրամադրած օգնությունից և փոխել ենք մեր վարքը, Եհովան մեծահոգաբար ներել է մեզ (Ես. 55։7; Գործ. 3։19)։ Հիշենք, թե Հիսուսն ինչ ասաց փարիսեցիներին. «Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին» (Մատթ. 9։13)։ Անկասկած, Հիսուսի քավիչ զոհը այնքան մեծ արժեք ունի, որ կարող է ծածկել մեր բոլոր մեղքերը։
ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵԼ ԴՐԱԽՏՈՒՄ
18. Ինչի՞ մասին կցանկանայիր խոսել Հիսուսի կողքին մահվան դատապարտված հանցագործի հետ։
18 Պատկերացրու՝ նոր աշխարհում ես և զրուցում ես այն հանցագործի հետ, ում Հիսուսն ասաց, որ դրախտում կլինի։ Անկասկած, երկուսդ էլ մեծ գնահատանքով կխոսեք Հիսուսի զոհաբերության մասին։ Թերևս ցանկանաս խնդրել նրան, որ մանրամասներ հայտնի Հիսուսի կյանքի վերջին ժամերի մասին և պատմի, թե ինքն ինչ է զգացել, երբ Հիսուսը պատասխանել է իր խնդրանքին։ Նրան էլ գուցե հետաքրքրի, թե ինչպիսին էր կյանքը Սատանայի համակարգի վերջին օրերում։ Նրա պես մարդկանց Աստծու Խոսքն ուսուցանելը մեծ պատիվ կլինի մեզ համար (Եփես. 4։22-24)։
19. Ինչո՞ւ ենք ասում, որ դրախտում կյանքը ձանձրալի չի լինի (տես ամսագրի շապիկի նկարը)։
19 Դրախտում կյանքը երբեք ձանձրալի չի լինի։ Մենք կհանդիպենք հետաքրքիր մարդկանց և իմաստալից գործ կունենանք անելու։ Իսկ ամենից հրաշալին այն է, որ օր-օրի ավելի լավ կճանաչենք մեր երկնային Հորը և կվայելենք նրա տված բարիքները։ Մենք միշտ նրա մասին սովորելու բան կունենանք և կուսումնասիրենք նրա բազմազան ստեղծագործությունները։ Որքան երկար ապրենք, այնքան ավելի կխորանա մեր սերը Աստծու հանդեպ։ Անչափ շնորհակալ ենք Եհովային և Հիսուսին, որ մեզ դրախտում հավիտյան ապրելու խոստում են տվել։
ԵՐԳ 22 Թագավորությունն իշխում է. թող այն գա
a Հաճա՞խ ես մտածում այն մասին, թե ինչպիսին է լինելու կյանքը դրախտում։ Դա կարող է քաջալերական լինել։ Որքան շատ խորհրդածենք այն օրհնությունների շուրջ, որ Եհովան տալու է մեզ ապագայում, այնքան ավելի մեծ ոգևորությամբ ուրիշներին կպատմենք նոր աշխարհի մասին։ Այս հոդվածում կխոսենք դրախտի վերաբերյալ Հիսուսի խոստման մասին և կտեսնենք, թե ինչպես կարող ենք ամրացնել մեր հավատը դրա հանդեպ։
b ՆԿԱՐ։ Եղբայրը, ով հույս ունի մասնակցելու հարություն առածներին կրթելու գործին, այսօր իսկ Աստվածաշունչ է ուսուցանում մարդկանց։