ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ
«Ես Տիրո՛ջը տեսա»
Մարիամ Մագդաղենացին, արցունքները սրբելով, աչքերը բարձրացրեց դեպի երկինք։ Նրա սիրելի Տերը գամված էր ցցին։ Գարնանային օր էր՝ կեսօրին մոտ, սակայն «խավար էր իջել ամբողջ երկրի վրա» (Ղուկաս 23։44, 45)։ Նա իր վերնահագուստը գցեց ուսերին և կուչ եկավ իրեն մոտիկ գտնվող կանանց կողքին։ Երեք ժամ տևած այդ խավարի պատճառը չէր կարող արեգակնային խավարումը լինել, որը տևում է ընդամենը մի քանի րոպե։ Հնարավոր է՝ այդ ժամանակ Մարիամն ու Հիսուսի կողքին կանգնած մարդիկ լսում էին գիշերային կենդանիների ձայները, որ ցերեկը սովորաբար չեն լսվում։ Ականատեսներից ոմանք «շատ վախեցան ու ասացին. «Իսկապես որ, սա Աստծու Որդի էր»» (Մատթեոս 27։54)։ Հիսուսի հետևորդները և մյուսները թերևս մտածեցին, որ այդպես Եհովան իր տխրությունն ու բարկությունն է արտահայտում Որդու հանդեպ ցուցաբերված դաժան վերաբերմունքի համար։
Մարիամ Մագդաղենացու համար անտանելի էր այդ տեսարանը, բայց նա չէր էլ կարող հեռանալ (Հովհաննես 19։25, 26)։ Հիսուսն, ըստ ամենայնի, անասելի ցավ էր զգում։ Բացի այդ, նրա մայրը մխիթարության և աջակցության կարիք ուներ։
Հիսուսը շատ բան էր արել Մարիամի համար, ու վերջինս ցանկանում էր նրա կողքին լինել և հնարավորինս աջակցել։ Անցյալում նա թշվառ ու անարգված կին էր եղել, սակայն Հիսուսը օգնել էր նրան վերագտնելու արժանապատվության զգացումը, և նրա կյանքը իմաստով էր լցվել։ Այժմ նա մեծ հավատի տեր կին էր։ Իսկ Մարիամն ինչպե՞ս նման հավատ զարգացրեց։ Եվ այսօր ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։
«Ծառայում էին նրանց՝ կիսելով նրանց հետ իրենց ունեցածը»
Աստվածաշնչում Մարիամ Մագդաղենացու մասին պատմության սկզբում հիշատակվում է մի պարգևի մասին, որը Հիսուսը շնորհել էր նրան՝ ազատություն մղձավանջային կապանքներից։ Այդ օրերին դևերի ազդեցությունը շատ ուժգին էր զգացվում. չար ոգիները հարձակվում էին մարդկանց վրա, նույնիսկ մտնում նրանց մեջ ու իրենց գերին դարձնում։ Մենք չգիտենք, թե դևերն ինչ ազդեցություն էին բանեցրել այդ խեղճ կնոջ վրա։ Գիտենք միայն, որ յոթ կատաղի ու այլասերված դևեր Մարիամին պահել էին իրենց ճիրաններում։ Սակայն Հիսուս Քրիստոսը նրանց բոլորին հանել էր նրա միջից (Ղուկաս 8։2)։
Կարելի է պատկերացնել, թե կապանքներից վերջապես ազատվելուց հետո Մարիամն ինչ թեթևացում էր զգում։ Նրա ողջ կյանքն իր առջևում էր։ Իսկ նա ինչպե՞ս էր ցույց տալու իր երախտագիտությունը։ Մարիամը դարձավ Հիսուսի հավատարիմ հետևորդը։ Բացի այդ, նա իր օգնությունն առաջարկեց, երբ տեսավ, որ Հիսուսն ու նրա առաքյալները դրա կարիքն ունեին։ Նրանք հարուստ չէին և այդ ժամանակ չէին աշխատում, ուստի քարոզելու և ուսուցանելու գործի վրա կենտրոնանալու համար նրանց անհրաժեշտ էր նյութական օգնություն՝ ուտելիք, հագուստ և կացարան։
Մարիամն ու մի քանի այլ կանայք հոգ էին տանում նրանց մասին: Այդ կանայք «ծառայում էին նրանց՝ կիսելով նրանց հետ իրենց ունեցածը» (Ղուկաս 8։1, 3)։ Նրանցից մի քանիսը թերևս ունևոր էին։ Աստվածաշունչը չի ասում, թե նրանք ինչ էին անում. գուցե պատրաստում էին կերակուր, լվանում էին այդ տղամարդկանց հագուստը կամ գյուղերում կացարան էին փնտրում նրանց համար։ Բայց գիտենք, որ ի սրտե աջակցում էին այս ճամփորդող խմբին, որը հավանաբար մոտ 20 հոգուց էր բաղկացած։ Այդ կանանց ջանքերը նպաստեցին, որ Հիսուսն ու առաքյալները կարողանան ամբողջությամբ կենտրոնանալ քարոզչական գործի վրա։ Ինչ խոսք, Մարիամը գիտեր, որ երբեք չի կարողանա Հիսուսին փոխհատուցել այն ամենի դիմաց, ինչ նա արել էր իր համար, բայց ուրախ էր, որ կարող է իր ձեռքից եկածն անել։
Շատերն այսօր գուցե վերևից նայեն նրանց, ովքեր ուրիշների համար այնպիսի գործեր են անում, որոնց համար խոնարհություն է պահանջվում։ Սակայն Աստված այլ աչքով է նայում այդպիսի մարդկանց։ Պատկերացրու, թե որքան հաճելի էր նրան տեսնել, որ Մարիամը, իրեն չխնայելով, ամեն բան անում էր Հիսուսին ու նրա առաքյալներին աջակցելու համար։ Այսօր նույնպես բազմաթիվ հավատարիմ քրիստոնյաներ հաճույքով ուրիշների համար խոնարհություն պահանջող գործեր են անում։ Երբեմն մի լավ գործը կամ նույնիսկ բարի խոսքը կարող է մեծ օգուտ տալ։ Նման զոհողությունները Եհովան թանկ է գնահատում (Առակներ 19։17; Եբրայեցիներ 13։16)։
«Հիսուսի տանջանքի ցցի մոտ»
Մարիամ Մագդաղենացին այն բազմաթիվ կանանցից մեկն էր, ովքեր 33 թ.-ին Հիսուսի հետ գնացել էին Երուսաղեմ՝ Պասեքը նշելու (Մատթեոս 27։55, 56)։ Նա անկասկած սարսափել էր, երբ իմացել էր, որ Հիսուսին ձերբակալել և գիշերը դատել էին։ Մի գույժին հաջորդել էր մյուսը։ Հրեա կրոնական առաջնորդների ու նրանց ազդեցության տակ եղող ամբոխի ճնշումների ներքո Պոնտացի Պիղատոսը Հիսուսին դատապարտել էր տանջալից մահվան ցցի վրա։ Մարիամը տեսել էր, թե ինչպես էր իր Տերը՝ արյունոտ և ուժասպառ, հազիվ քայլելով, իր մահապատժի ցիցը քարշ տալիս փողոցներով (Հովհաննես 19։6, 12, 15–17)։
Կեսօրին մոտ, երբ մութն արդեն վրա էր հասել, Մարիամ Մագդաղենացին և մյուս կանայք կանգնած էին մահապատժի վայրում՝ «Հիսուսի տանջանքի ցցի մոտ» (Հովհաննես 19։25)։ Մարիամը, որը մինչև վերջ այնտեղ էր, տեսավ, թե Հիսուսն ինչպես է մոր խնամքը հանձնում իր սիրելի առաքյալ Հովհաննեսին։ Նա լսեց Հիսուսի՝ իր Հորն ուղղած ցավագին աղաղակը, ինչպես նաև մահից առաջ ասած հաղթական վերջին խոսքը՝ կատարվե՛ց։ Մարիամը խոր կսկիծ էր զգում, սակայն Հիսուսի մահից հետո ակներևաբար դեռ երկար ժամանակ չհեռացավ այնտեղից։ Ավելի ուշ նա մնաց նոր գերեզմանի մոտ, որտեղ Հովսեփ անունով արիմաթեացի մի հարուստ մարդ դրել էր Հիսուսի մարմինը (Հովհաննես 19։30; Մատթեոս 27։45, 46, 57–61)։
Մարիամի օրինակը հիշեցնում է մեզ, թե ինչ կարող ենք անել, երբ մեր հավատակիցները ծանր փորձություններ են կրում։ Գուցե չկարողանանք կանխարգելել ողբերգությունը կամ վերացնել տառապող անհատի ցավը, սակայն կարող ենք կարեկցանք ու քաջություն ցուցաբերել։ Աջակցող ընկերոջ ներկայությունն արդեն իսկ մեծ օգնություն է դժվար ժամանակներում։ Կարիքի մեջ եղող ընկերոջ կողքին լինելը մեծ հավատի նշան է և կարող է մխիթարել նրան (Առակներ 17։17)։
«Ես կվերցնեմ ու կտանեմ նրան»
Մարիամն ու մի քանի այլ կանայք հոտավետ խոտեր գնեցին, որ օծեն Հիսուսի մարմինը (Մարկոս 16։1, 2; Ղուկաս 23։54–56)։ Շաբաթին հաջորդող օրը նա վեր կացավ վաղ առավոտյան։ Պատկերացրու, թե ինչպես էր մյուս կանանց հետ մութ փողոցներով քայլում դեպի Հիսուսի գերեզմանը։ Ճանապարհին նրանք մտածում էին, թե ինչպես են մի կողմ գլորելու գերեզմանի մուտքի ծանր քարը (Մատթեոս 28։1; Մարկոս 16։1–3)։ Սակայն դա նրանց հետ չպահեց այնտեղ գնալուց։ Այդ կանանց հավատը մղեց նրանց անելու այն, ինչ կարող են, իսկ մնացածը թողնելու Եհովային։
Մարիամը, ըստ երևույթին, մյուսներից առաջ ընկնելով, բոլորից շուտ հասավ գերեզմանի մոտ։ Հանկարծ նա զարմանքից ցնցվեց. քարը մի կողմ էր գլորված, իսկ գերեզմանը դատարկ էր։ Մարիամը նախաձեռնող մարդ էր։ Ուստի առանց հապաղելու վազեց Պետրոսի ու Հովհաննեսի մոտ, որ պատմի իր տեսածը։ Պատկերացրու, թե ինչպես նա շնչակտուր բացականչեց. «Տիրոջը տարել են գերեզմանից, և չգիտենք, թե որտեղ են դրել նրան»։ Պետրոսն ու Հովհաննեսը վազեցին դեպի գերեզմանը, համոզվեցին, որ այն դատարկ է, իսկ հետո վերադարձան իրենց տները (Հովհաննես 20։1–10)։a
Մարիամը վերադարձավ գերեզման ու երկար ժամանակ մնաց այնտեղ։ Դատարկ գերեզմանի լռությունը վաղ առավոտյան ճնշող էր, և արցունքները սկսեցին խեղդել նրան։ Դեռևս չհավատալով, որ Տերն այլևս չկա՝ նա կռացավ, որ գերեզմանի ներսը նայի, ու ցնցվեց՝ տեսնելով սպիտակ հանդերձներ հագած երկու հրեշտակ։ «Ինչո՞ւ ես լաց լինում»,— հարցրին նրանք։ Շփոթված՝ Մարիամը կրկնեց այն, ինչ ասել էր առաքյալներին. «Իմ Տիրոջը տարել են, և չգիտեմ, թե որտեղ են դրել» (Հովհաննես 20։11–13)։
Հետո Մարիամը շրջվեց և տեսավ մի մարդու։ Քանի որ չճանաչեց նրան, ենթադրեց, որ այդ տարածքի այգեպանն է։ Այդ մարդը մեղմ ձայնով հարցրեց Մարիամին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում։ Ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամը պատասխանեց. «Տե՛ր, եթե դու ես տարել նրան, ասա ինձ, թե որտեղ ես դրել, և ես կվերցնեմ ու կտանեմ նրան» (Հովհաննես 20։14, 15)։ Մի պահ մտածիր. այդ կինն ինչպե՞ս էր կարողանալու մենակ վերցնել և տանել Հիսուս Քրիստոսի մարմինը՝ մի մարդու, ով ուժեղ և ամրակազմ տղամարդ էր եղել։ Մարիամը այդպիսի բաների մասին չմտածեց։ Նա միայն գիտեր, որ պետք է անի այն, ինչ կարող է։
Երբ մեծ վիշտ ենք ապրում կամ բախվում ենք անհաղթահարելի թվացող խոչընդոտների, կարո՞ղ ենք ընդօրինակել Մարիամ Մագդաղենացուն։ Եթե կենտրոնանանք միայն մեր թուլությունների և սահմանափակ հնարավորությունների վրա, վախն ու անորոշությունը կաթվածահար կանեն մեզ։ Բայց եթե վճռենք մեր ձեռքից եկածն անել և մնացածը թողնել Աստծուն, մեր պատկերացրածից ավելին կկարողանանք անել (2 Կորնթացիներ 12։10; Փիլիպպեցիներ 4։13)։ Եվ, որ ամենակարևորն է, կհաճեցնենք Եհովային։ Մարիամը, անշուշտ, այդպես վարվեց, և Աստված վարձատրեց նրան արտասովոր կերպով։
«Ես Տիրո՛ջը տեսա»
Մարիամի առջև կանգնած մարդը այգեպան չէր։ Նա նախկինում ատաղձագործ էր եղել, հետո՝ ուսուցիչ, այնուհետև՝ Մարիամի սիրելի Տերը։ Սակայն Մարիամը չճանաչեց նրան և շրջվեց։ Նրա մտքով անգամ չէր անցնում, որ Հիսուսը հարություն է առել որպես հզոր ոգեղեն էակ։ Այդ պահին նա ֆիզիկական մարմնով էր, բայց ոչ այն մարմնով, որ զոհաբերել էր։ Հիսուսի հարությանը հաջորդած օրերին, որոնք հարուստ էին իրադարձություններով, նրան շատ հաճախ չէին ճանաչում նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրեն լավ գիտեին (Ղուկաս 24։13–16; Հովհաննես 21։4)։
Հիսուսն ինչպե՞ս հայտնեց Մարիամին, թե ինքն ով է։ Նա ընդամենը ասաց՝ Մարիա՛մ։ Մարիամը շրջվեց և բացականչեց՝ Ռաբբունի՛։ Դա եբրայերեն մի բառ էր, որով, անկասկած, նա շատ անգամներ էր դիմել Հիսուսին։ Այո՛, դա նրա սիրելի Ուսուցիչն էր։ Մարիամը ուրախությունից ցնծում էր։ Նա ամուր բռնեց Հիսուսին ու չէր ուզում բաց թողնել (Հովհաննես 20։16)։
Հիսուսը գիտեր, թե Մարիամը ինչ էր մտածում։ «Մի՛ կառչիր ինձնից»,— ասաց նա։ Կարող ենք պատկերացնել, թե Հիսուսը որքան նրբանկատորեն ասաց դա՝ միգուցե ջերմ ժպիտով, և թե որքան զգուշորեն հեռացրեց նրա ձեռքը՝ ասելով. «Ես դեռ չեմ բարձրանում Հոր մոտ»։ Դեռևս ժամանակը չէր, որ Հիսուսը երկինք համբարձվեր։ Նա անելիք ուներ երկրի վրա և ուզում էր, որ Մարիամն օգներ իրեն։ Վերջինս, ինչ խոսք, համակ ուշադրությամբ լսեց նրա այս խոսքերը. «Գնա իմ եղբայրների մոտ և ասա նրանց, որ ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ և ձեր Աստծու մոտ» (Հովհաննես 20։17)։
Ի՜նչ պատվավոր հանձնարարություն։ Մարիամն առաջին աշակերտներից մեկն էր, որ առանձնաշնորհում ունեցան տեսնելու հարություն առած Հիսուսին, և այժմ նրան վստահվեց ուրիշներին այդ բարի լուրը հայտնելու պատիվը։ Պատկերացրու, թե ինչ ուրախությամբ ու ոգևորվածությամբ նա սկսեց փնտրել աշակերտներին, թե ինչպես շնչակտուր արտաբերեց այն բառերը, որոնք դեռ երկար ժամանակ հնչելու էին իրենց ականջներում՝ «ես Տիրո՛ջը տեսա»։ Ոգևորված՝ նա հևիհև հայտնեց նրանց Հիսուսի բոլոր ասածները (Հովհաննես 20։18)։ Նրա պատմածը հաստատեց այն, ինչ աշակերտները իմացել էին Հիսուսի դատարկ գերեզմանը տեսած մյուս կանանցից (Ղուկաս 24։1–3, 10)։
«Չէին հավատում կանանց»
Իսկ ինչպե՞ս արձագանքեցին այդ տղամարդիկ։ Սկզբում՝ ոչ այնքան լավ։ Կարդում ենք. «Այդ խոսքերը նրանց անհեթեթություն թվացին, և չէին հավատում կանանց» (Ղուկաս 24։11)։ Թեպետ նրանք լավ մղումներ ունեին, բայց մեծացել էին այնպիսի հասարակության մեջ, որտեղ կանանց խոսքը արժեք չուներ։ Ռաբունական ավանդույթի համաձայն՝ կինը չէր կարող դատարանում վկայություն տալ։ Թերևս առաքյալները չէին էլ պատկերացնում, թե հրեական մշակույթը որքան էր ազդել իրենց մտածելակերպի վրա։ Սակայն Հիսուսն ու իր Հայրը այդպիսի նախապաշարումներ չունեն։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում նրանք տվեցին այդ հավատարիմ կանանց։
Կարող ենք համոզված լինել, որ Մարիամը չսրտնեղեց այդ տղամարդկանց արձագանքի պատճառով։ Նա գիտեր, որ իր Տերը վստահում է իրեն, և դա իր համար բավական էր։ Նմանապես բոլոր նրանց, ովքեր հետևում են Հիսուսին, մի լուր է վստահվել, որը նրանք պետք է հայտնեն ուրիշներին։ Աստվածաշնչում այդ լուրը կոչվում է «Աստծու թագավորության բարի լուր» (Ղուկաս 8։1)։ Հիսուսն իր հետևորդներին չխոստացավ, որ բոլորը հավատալու էին նրանց կամ գնահատելու էին նրանց կատարած գործը։ Իրականում այդպես չէր լինելու (Հովհաննես 15։20, 21)։ Ուստի տեղին կլինի, որ քրիստոնյաները հիշեն Մարիամ Մագդաղենացու օրինակը։ Թեև նրա հոգևոր եղբայրները թերահավատորեն վերաբերվեցին իր ասածին, սակայն նա չկորցրեց իր ուրախությունը և շարունակեց հայտնել հարություն առած Հիսուսի մասին բարի լուրը։
Ժամանակի ընթացքում Հիսուսը հայտնվեց իր առաքյալներին, և ավելի ու ավելի շատ աշակերտներ տեսան նրան։ Մի անգամ նա նույնիսկ երևաց միանգամից ավելի քան 500 հոգու (1 Կորնթացիներ 15։3–8)։ Եվ անկախ նրանից՝ Մարիամը Հիսուսին իր աչքով էր տեսնում, թե ուրիշներից էր լսում նրա հայտնվելու մասին, նրա հավատն, անշուշտ, ամեն անգամ ավելի էր մեծանում։ Հնարավոր է՝ Մարիամ Մագդաղենացին այն կանանցից մեկն էր, ովքեր հավաքվել էին Երուսաղեմում Պենտեկոստեի օրը, երբ սուրբ ոգին թափվեց այնտեղ հավաքված Հիսուսի հետևորդների վրա (Գործեր 1։14, 15; 2։1–4)։
Ինչևէ, մենք վստահ ենք, որ Մարիամ Մագդաղենացին մինչև իր կյանքի վերջը ամուր պահեց իր հավատը։ Թող որ մեզնից յուրաքանչյուրը վճռի նույնն անել։ Մենք կընդօրինակենք Մարիամ Մագդաղենացու հավատը, եթե երախտագիտություն դրսևորենք այն ամենի համար, ինչ Հիսուսն արել է, և խոնարհաբար ծառայենք ուրիշներին՝ համոզված լինելով, որ Աստված կօգնի մեզ։
a Երբ մյուս կանայք տեսան հրեշտակին, որը նրանց հայտնեց Քրիստոսի հարության մասին, Մարիամն ակներևաբար արդեն հեռացել էր գերեզմանից, այլապես նա Պետրոսին ու Հովհաննեսին ասած կլիներ, որ մի հրեշտակ իրեն հայտնել է, թե ինչու է Հիսուսի մարմինն անհետացել (Մատթեոս 28։2–4; Մարկոս 16։1–8)։