Արիմաթեացի Հովսեփը հաստատուն դիրք է բռնում
ԱՐԻՄԱԹԵԱՑԻ ՀՈՎՍԵՓԸ չէր հասկանում, թե որտեղից իրեն այդքան քաջություն, որ մոտենա հռոմեական կառավարչին։ Պոնտացի Պիղատոսը հայտնի էր իր չափազանց համառ խառնվածքով։ Սակայն որպեսզի Հիսուսին արժանապատիվ կերպով թաղեին, ինչ-որ մեկը պետք է խնդրեր Պիղատոսին, որ նա տար Հիսուսի մարմինը։ Հարյուրապետից տեղեկանալով, որ Հիսուսն արդեն մահացել է՝ Պիղատոսը կատարեց այդ խնդրանքը։ Ուստի Հովսեփը, որի սիրտը դեռ ծանրացած էր, շտապ վերադարձավ Հիսուսի մահապատժի վայրը (Մարկ. 15։42–45)։
Ո՞վ էր արիմաթեացի Հովսեփը։
Ի՞նչ առնչություն նա ուներ Հիսուսի հետ։
Եվ ինչո՞ւ է նրա մասին պատմությունը հետաքրքրում մեզ։
ՍԻՆԵԴՐԻՈՆԻ ԱՆԴԱՄ
Սուրբ ոգու ներշնչմամբ գրված Մարկոսի Ավետարանում Հովսեփը կոչվում է «Խորհրդի պատվարժան անդամ»։ Ինչպես երևում է համատեքստից, Խորհուրդը կարող էր ներկայացնել միայն Սինեդրիոնը՝ հրեաների բարձրագույն ատյանն ու գերագույն վարչական մարմինը (Մարկ. 15։1, 43)։ Փաստորեն, Հովսեփը ժողովրդի առաջնորդներից մեկն էր, ուստի հասկանալի է, թե ինչպես նա կարող էր ընդունելություն ստանալ հռոմեական կառավարչի մոտ։ Նաև զարմանալի չէ, որ Հովսեփն այդքան հարուստ էր (Մատթ. 27։57)։
Քաջություն ունե՞ս դավանելու Հիսուսին որպես քո Թագավորի
Սինեդրիոնի անդամները՝ որպես խումբ, թշնամանքով էին վերաբերվում Հիսուսին։ Այդ պատճառով նրանք դավադրություն կազմակերպեցին, որ մահվան մատնեն նրան։ Սակայն Հովսեփի մասին ասվում է, որ նա «բարի ու արդար մարդ էր» (Ղուկ. 23։50)։ Ի տարբերություն Սինեդրիոնի անդամներից շատերի՝ նա ազնիվ էր, բարոյապես մաքուր կյանքով էր ապրում և ամեն ջանք թափում էր Աստծու պատվիրաններին հնազանդվելու համար։ Հովսեփը նաև «սպասում էր Աստծու թագավորությանը», ինչով և թերևս բացատրվում է այն, որ նա դարձավ Հիսուսի աշակերտներից մեկը (Մարկ. 15։43; Մատթ. 27։57)։ Հավանաբար, Հիսուսի հայտնած լուրը գրավել էր նրան այն պատճառով, որ նա անկեղծորեն ճշմարտություն և արդարություն էր տենչում։
ԳԱՂՏՆԻ ԱՇԱԿԵՐՏ
Հովհաննես 19։38-ում ասվում է, որ Հովսեփը «Հիսուսի աշակերտներից էր (բայց դա գաղտնի էր պահում, քանի որ վախենում էր հրեաներից)»։ Ինչի՞ց էր նա վախենում։ Հովսեփը գիտեր, որ հրեաները քամահրանքով էին վերաբերվում Հիսուսին, և որ նրանք վճռել էին ժողովարանից վտարել ցանկացած մեկի, ով կխոստովաներ նրա հանդեպ իր հավատը (Հովհ. 7։45–49; 9։22)։ Ժողովարանից վտարված մարդուն հայրենակիցները արհամարհում էին, նրանից խուսափում էին և որպես վտարանդու էին վերաբերվում։ Այդ պատճառով Հովսեփը վարանում էր բացահայտորեն խոստովանել Հիսուսի հանդեպ իր հավատը։ Եթե նա այդպես վարվեր, կկորցներ իր դիրքն ու հեղինակությունը։
Հովսեփը միակ մարդը չէր, ով հայտնվել էր այդպիսի դժվարին իրավիճակում։ Համաձայն Հովհաննես 12։42-ի՝ «նույնիսկ իշխաններից շատերը հավատացին [Հիսուսին], սակայն փարիսեցիների պատճառով բացահայտ չէին դավանում նրան, որպեսզի չվտարվեն ժողովարանից»։ Այդպիսի իրավիճակում էր նաև Սինեդրիոնի մեկ այլ անդամ՝ Նիկոդեմոսը (Հովհ. 3։1–10; 7։50–52)։
Ճիշտ է, Հովսեփը աշակերտ էր, սակայն նա չէր համարձակվում բացահայտորեն ասել այդ մասին։ Դա լուրջ խնդիր էր՝ հատկապես հաշվի առնելով Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ամեն ոք, ով մարդկանց առաջ դավանի, որ իմ աշակերտն է, ես էլ նրան ինձ աշակերտ կդավանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթ. 10։32, 33)։ Հովսեփը չէր հերքում, որ ճանաչում է Հիսուսին, բայցև քաջություն չուներ դավանելու նրան։ Իսկ դո՞ւ։
Հօգուտ Հովսեփի՝ Աստվածաշունչը հայտնում է, որ նա թիկունք չկանգնեց Հիսուսի դեմ Սինեդրիոնի նյութած դավին (Ղուկ. 23։51)։ Հնարավոր է, ինչպես կարծում են ոմանք, նա ներկա չէր եղել Հիսուսի դատավարությանը։ Ինչևէ, Հովսեփը պետք է որ շատ դառնացած լիներ տեղի ունեցող այդ սարսափելի անարդարության պատճառով, բայց նա անզոր էր վերջ դնել դրան։
ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ Է ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երբ հասել էր այն ժամանակը, երբ Հիսուսը պետք է մահապատժի ենթարկվեր, Հովսեփը, ըստ ամենայնի, արդեն հաղթահարել էր իր վախերը և որոշել էր միանալ նրա հետևորդներին։ Այդ որոշման մասին են վկայում Մարկոս 15։43-ում արձանագրված հետևյալ խոսքերը. «[Նա] համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել ու նրանից խնդրեց Հիսուսի մարմինը»։
Ըստ երևույթին, երբ Հիսուսը ցցի վրա մահացավ, Հովսեփն այնտեղ էր։ Իրականում, նա ավելի շուտ էր իմացել նրա մահվան մասին, քան Պիղատոսը։ Դա երևում է այն բանից, որ երբ նա խնդրեց Հիսուսի մարմինը, կառավարիչը «ուզեց իմանալ, թե արդյոք [Հիսուսը] մահացել է» (Մարկ. 15։44)։ Եթե Հովսեփը ականատես էր եղել տանջանքի ցցի վրա Հիսուսի տառապանքներին, արդյոք այդ սարսափելի տեսարանն ազդե՞լ էր իր խղճի վրա և մղե՞լ էր ճշմարտության կողմը հաստատուն դիրք բռնելու։ Հնարավոր է։ Ինչևէ, նա մղվեց գործերի։ Նա այլևս գաղտնի աշակերտ չէր լինելու։
ՀՈՎՍԵՓԸ ԹԱՂՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻ ՄԱՐՄԻՆԸ
Հրեական օրենքը պահանջում էր, որ մահապատժի ենթարկվածներին թաղեին նախքան արևամուտը (2 Օրենք 21։22, 23)։ Հռոմեացիները, սակայն, մահապատժի ենթարկվածների մարմինները կա՛մ թողնում էին ցցի վրա, որ դրանք փտեին, կա՛մ գցում էին համընդհանուր գերեզման։ Բայց Հովսեփը չէր ցանկանում, որ Հիսուսի հետ այդպես վարվեին։ Մահապատժի վայրին մոտ նա ժայռի մեջ փորված մի նոր գերեզման ուներ։ Այս դամբարանը երբեք չէր օգտագործվել, ինչը ցույց է տալիս, որ Հովսեփը թերևս վերջերս էր Արիմաթեայիցa Երուսաղեմ տեղափոխվել, և որ նա մտադիր էր այդ տեղը օգտագործել որպես ընտանեկան գերեզման (Ղուկ. 23։53; Հովհ. 19։41)։ Հիսուսին իր ապագա գերեզմանում թաղելը Հովսեփի կողմից առատաձեռնության դրսևորում էր։ Այդպիսով կատարվեց այն մարգարեությունը, որի համաձայն՝ Մեսիան թաղվելու էր «հարուստների հետ» (Ես. 53։5, 8, 9)։
Կա՞ արդյոք որևէ բան, ինչին ավելի մեծ կարևորություն ես տալիս, քան Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերություններին
Բոլոր չորս Ավետարաններում ասվում է, որ այն բանից հետո, երբ Հիսուսի մարմինը իջեցրին ցցի վրայից, Հովսեփը այն փաթաթեց բարձրորակ կտավով և դրեց իր գերեզմանում (Մատթ. 27։59–61; Մարկ. 15։46, 47; Ղուկ. 23։53, 55; Հովհ. 19։38–40)։ Հովսեփին օգնած միակ մարդը, ում անունը նշվում է, Նիկոդեմոսն էր, որն իր հետ բերել էր հոտավետ խոտեր։ Քանի որ այդ երկուսը ականավոր մարդիկ էին, դժվար թե նրանք Հիսուսի մարմինը անձամբ տեղափոխած լինեին։ Հավանաբար, նրանց ծառաներն էին տարել ու թաղել այն։ Սակայն նույնիսկ այդ դեպքում Հովսեփի ու Նիկոդեմոսի արածը մեծ բան էր։ Ցանկացած մարդ, ով դիպչեր դիակի, յոթ օր ծիսականորեն անմաքուր էր դառնում, և ցանկացած բան, ինչին նա դիպչեր, նույնպես անմաքուր էր դառնում (Թվեր 19։11; Անգե 2։13)։ Այդպիսի վիճակում հայտնվելով՝ նրանք Պասեքի շաբաթվա ընթացքում պետք է հեռու մնային մյուս մարդկանցից և բաց թողնեին դրա հետ կապված բոլոր արարողություններն ու տոնախմբությունները (Թվեր 9։6)։ Հիսուսի թաղումը կազմակերպելով՝ Հովսեփը կարող էր ծաղրանքի ենթարկվել Սինեդրիոնի մյուս անդամների կողմից։ Սակայն այդ ժամանակ արդեն նա պատրաստ էր կրելու Հիսուսին արժանապատիվ կերպով թաղելու և բացահայտորեն որպես Քրիստոսի աշակերտ ներկայանալու հետևանքները։
ՀՈՎՍԵՓԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ
Քանի որ Հիսուսի թաղման մասին Ավետարանների արձանագրությունից բացի՝ Աստվածաշնչում այլևս չի հիշատակվում արիմաթեացի Հովսեփի մասին, հարց է առաջանում, թե ինչ եղավ նրա հետ։ Մենք չգիտենք։ Այդուհանդերձ, հաշվի առնելով վերոնշյալ տեղեկությունը՝ հավանականությունը մեծ է, որ նա բացեիբաց հայտնում էր, որ քրիստոնյա է։ Վերջիվերջո, չէ՞ որ փորձության և ծայրահեղ դժվար պահին նրա հավատն ու քաջությունը ոչ թե նվազեցին, այլ ավելացան։ Դա լավ նշան էր։
Այս պատմությունը մի հարց է առաջ քաշում, որի մասին լավ կլինի, որ բոլորս մտածենք՝ կա՞ արդյոք որևէ բան՝ դիրք, կարիերա, ունեցվածք, ընտանեկան կապեր կամ մեր իսկ ազատությունը, ինչին ավելի մեծ կարևորություն ենք տալիս, քան Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերություններին։
a Արիմաթեան հավանաբար նույն Ռաման է, ներկայումս՝ Ռենտիս (Ռանտիս)։ Այն Սամուել մարգարեի հայրենի քաղաքն էր, որը գտնվում է Երուսաղեմից 35 կիլոմետր (22 մղոն) դեպի հյուսիս-արևմուտք (1 Սամ. 1։19, 20)։