ԳԼՈՒԽ 19
Լավ ամուսին, հոգատար հայր, Աստծուն նվիրված ծառա
1, 2. ա) Ի՞նչ փոփոխություն էր սպասում Հովսեփին ու նրա ընտանիքին։ բ) Ի՞նչ վատ լուր պետք է Հովսեփը հայտներ Մարիամին։
ՀՈՎՍԵՓԸ ևս մեկ կապոց դրեց ավանակի մեջքին ու թփթփացրեց այդ ջլապինդ բեռնակիր անասունի կողին։ Նա նայեց մթության մեջ թաղված Բեթլեհեմ քաղաքին. անկասկած, մտածում էր իրեն ու իր ընտանիքին սպասող երկար ճանապարհորդության մասին։ Ո՞ւր էին նրանք գնալու։ Եգիպտոս. օտար ժողովուրդ, օտար լեզու, օտար սովորություններ։ Ինչպե՞ս էին հարմարվելու նոր կյանքին։
2 Բայց ինչո՞ւ նրանք պետք է հեռանային։ Հովսեփը վատ լուր էր ստացել, և նրա համար հեշտ չէր դա հաղորդել իր սիրելի կնոջը՝ Մարիամին։ Այնուամենայնիվ, նա պատմեց նրան, որ երազում հրեշտակը Աստծու անունից պատվիրեց անհապաղ հեռանալ, որովհետև Հերովդես թագավորը մտադիր է իրենց որդուն սպանել (կարդա՛ Մատթեոս 2։13, 14)։ Մարիամը շատ անհանգստացավ։ Ինչպե՞ս կարող էր որևէ մեկը սպանել իր անմեղ երեխային։ Ո՛չ Մարիամը, ո՛չ Հովսեփը չէին կարողանում հասկանալ դա։ Բայց քանի որ վստահում էին Եհովային, անմիջապես ճանապարհ ընկան։
3. Նկարագրիր, թե ինչպես Հովսեփն իր ընտանիքի հետ հեռացավ Բեթլեհեմից (տե՛ս նաև նկարը)։
3 Մինչ ամբողջ Բեթլեհեմը քնած էր՝ դեպքերի դրամատիկ զարգացումից անտեղյակ, Հովսեփն ու Մարիամը, վերցնելով փոքրիկ Հիսուսին, մթության քողի տակ աննկատ հեռացան այնտեղից՝ շարժվելով դեպի հարավ։ Արևելքում շուտով երկինքը սկսեց շառագունել։ Հովսեփը մտածում էր, թե ինչ է իրենց սպասում։ Ինչպե՞ս կարող էր իր պես հասարակ ատաղձագործը պաշտպանել իր ընտանիքը։ Կկարողանա՞ր հոգալ Մարիամի և Հիսուսի կարիքները։ Կհաջողվե՞ր մինչև վերջ կատարել Եհովա Աստծու կողմից իրեն տրված լուրջ հանձնարարությունը՝ հոգ տանել և մեծացնել Նրա Որդուն։ Հովսեփը մեծ դժվարությունների բախվեց։ Ինչպե՞ս նա հաղթահարեց դրանք։ Նրա օրինակը այսօր կարող է քաջալերական լինել ոչ միայն հայրերի, այլև բոլորիս համար։
Նա պաշտպանեց իր ընտանիքը
4, 5. ա) Ինչպե՞ս Հովսեփի կյանքը մեկընդմիշտ փոխվեց։ բ) Ինչպե՞ս հրեշտակը հորդորեց Հովսեփին պատասխանատվություն վերցնել իր վրա։
4 Ամիսներ առաջ իր հայրենի քաղաքում՝ Նազարեթում, Հովսեփի կյանքը մեկընդմիշտ փոխվեց, երբ նշանվեց Հեղիի դուստր Մարիամի հետ։ Հովսեփը գիտեր, որ Մարիամը մեծ հավատ ունեցող մի մաքուր աղջիկ է։ Բայց հանկարծ իմացավ, որ նա հղի է, և որոշեց գաղտնի բաժանվել նրանից, որովհետև չէր ուզում, որ Մարիամը խայտառակվիa։ Սակայն մի հրեշտակ երազում հայտնվեց նրան ու բացատրեց, որ Մարիամը հղիացել է Եհովայի սուրբ ոգու միջոցով։ Հրեշտակը նաև ասաց, որ Մարիամը որդի է ծնելու, և այդ որդին «փրկելու է իր ժողովրդին նրա մեղքերից»։ Նա Հովսեփին քաջալերեց. «Մի՛ վախեցիր քո կին Մարիամին տուն տանելուց» (Մատթ. 1։18–21)։
5 Հովսեփը, որ արդար ու հնազանդ մարդ էր, արեց հրեշտակի ասածի պես. նա իր վրա վերցրեց մի մեծ պատասխանատվություն՝ հոգ տանել մի երեխայի մասին, որն իրենը չէր, բայց ամենաթանկն էր Աստծու համար։ Հետագայում, հնազանդվելով կայսրի հրամանին, Հովսեփն ու իր հղի կինը եկան Բեթլեհեմ՝ գրանցվելու։ Հենց այստեղ էլ երեխան ծնվեց։
6-8. ա) Ի՞նչը պատճառ դարձավ, որ Հովսեփի և նրա ընտանիքի կյանքը անսպասելիորեն փոխվի։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Սատանան էր ուղարկել աստղը (տե՛ս նաև ծանոթագրությունը)։
6 Հովսեփը չվերադարձավ Նազարեթ։ Նրանք բնակություն հաստատեցին Բեթլեհեմում, որը մոտ 10 կիլոմետր հեռու էր Երուսաղեմից։ Ընտանիքը աղքատ էր, բայց Հովսեփն ամեն ինչ արեց, որ հոգ տանի ու պաշտպանի Մարիամին ու Հիսուսին։ Նրանք ապրում էին մի համեստ տան մեջ։ Հիսուսը հավանաբար մեկ տարեկանից փոքր-ինչ մեծ էր, երբ նրանց կյանքը դարձյալ անսպասելիորեն փոխվեց։
7 Մի օր նրանց այցելեցին աստղագուշակներ, որոնք եկել էին արևելքից՝ հավանաբար, հեռավոր Բաբելոնից։ Նրանք հետևել էին մի աստղի, որը նրանց բերել էր Հովսեփի ու Մարիամի տուն։ Աստղագուշակներին հետաքրքրում էր, թե ով էր այն երեխան, որը դառնալու էր հրեաների թագավոր։ Եկվորները հարգալից էին, նրանք իրենց հետ բերել էին նվերներ՝ «ոսկի, կնդրուկ և զմուռս»։ Հովսեփի ու Մարիամի համար խիստ անսպասելի էր այդպիսի արժեքավոր նվերներ ստանալը։
8 Աստղագուշակների այցելությունը սպառնալիքի տակ դրեց Հիսուսի կյանքը։ Նրանց տեսած աստղը սկզբում առաջնորդել էր ոչ թե Բեթլեհեմ, այլ Երուսաղեմb։ Այնտեղ նրանք չար Հերովդես թագավորին ասել էին, որ փնտրում են մի երեխայի, ով դառնալու է հրեաների թագավոր, ինչով և Հերովդեսի մեջ նախանձի ու ցասման կրակ էին բորբոքել։
9-11. ա) Ո՞վ էր Հերովդեսից և Սատանայից ավելի զորեղ։ բ) Ինչպե՞ս էր դեպի Եգիպտոս ճանապարհորդությունը տարբերվում առասպելներում նկարագրված ճանապարհորդությունից։
9 Սակայն Հերովդեսից և Սատանայից ավելի ուժեղը կար։ Աստղագուշակները մտադիր էին վերադառնալ Երուսաղեմ և Հերովդեսին հայտնել երեխայի գտնվելու տեղը։ Բայց Եհովան միջամտեց. երազի միջոցով նա աստղագուշակներին պատվիրեց ուրիշ ճանապարհով վերադառնալ տուն (կարդա՛ Մատթեոս 2։1–12)։
10 Աստղագուշակների հեռանալուց հետո Եհովայի հրեշտակը Հովսեփին պատվիրեց. «Վե՛ր կաց, վերցրու երեխային ու նրա մորը, փախիր Եգիպտոս ու մնա այնտեղ, մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը մտադիր է փնտրել երեխային, որ սպանի» (Մատթ. 2։13)։ Հովսեփը անմիջապես հնազանդվեց այս պատվերին։ Նա իր երեխայի կյանքը ամեն ինչից կարևոր համարեց և ընտանիքով գնաց Եգիպտոս։ Քանի որ նրանք արժեքավոր նվերներ էին ստացել, Եգիպտոսում ապրուստի միջոցներ կունենային։
11 Զանազան առասպելներ ու լեգենդներ գունազարդում են այդ ճանապարհորդությունը, իբրև թե փոքրիկ Հիսուսը հրաշքով կարճացրել է ճանապարհը, վնասազերծել է ավազակներին և այնպես է արել, որ արմավենու ճյուղերը կռանան, որպեսզի իր մայրը կարողանա արմավ ուտելc։ Իրականում, սակայն, դա մի երկար, հոգնեցուցիչ ճանապարհորդություն էր դեպի անհայտություն։
Իր ընտանիքը պաշտպանելու համար Հովսեփը պատրաստ էր թողնելու ամեն բան
12. Ի՞նչ կարող են սովորել ծնողները Հովսեփից։
12 Ծնողները շատ բան կարող են սովորել Հովսեփից։ Նա իր ընտանիքը պաշտպանելու համար պատրաստ էր թողնելու իր գործը, տունը և ամեն բան։ Ակնհայտ է, որ նա իր ընտանիքը համարում էր Եհովայից տրված սուրբ պարգև։ Այսօր ծնողները իրենց զավակներին մեծացնում են վտանգներով լի աշխարհում, որը կարող է այլասերել նրանց և նույնիսկ կյանքին սպառնալ։ Գովասանքի են արժանի այն հայրերն ու մայրերը, որոնք Հովսեփի պես վճռական են և ամեն ինչ անում են, որ պաշտպանեն իրենց զավակներին վնասակար ազդեցություններից։
Նա հոգ տարավ իր ընտանիքի մասին
13, 14. Ինչո՞ւ Հովսեփն իր ընտանիքին բերեց Նազարեթ։
13 Ըստ ամենայնի, նրանք երկար չմնացին Եգիպտոսում, որովհետև շուտով հրեշտակը Հովսեփին տեղեկացրեց, որ Հերովդեսը մահացել է։ Հովսեփը ընտանիքով վերադարձավ հայրենիք։ Այդպիսով նա նպաստեց այն մարգարեության կատարմանը, համաձայն որի՝ Եհովան իր Որդուն կանչելու էր «Եգիպտոսից» (Մատթ. 2։15)։
14 Բայց որտե՞ղ էին նրանք բնակություն հաստատելու։ Հովսեփը շրջահայաց և իմաստուն մարդ էր։ Նա զգուշացավ Հերովդեսի հաջորդից՝ Արքեղայոսից, որը նույնպես չար և արյունռուշտ մարդ էր։ Աստծու առաջնորդությամբ Հովսեփը ընտանիքին տարավ հյուսիս՝ իր հայրենի քաղաք Նազարեթ՝ հեռու Երուսաղեմից և վտանգներից, որտեղ էլ նրանք հաստատվեցին (կարդա՛ Մատթեոս 2։19–23)։
15, 16. Ի՞նչ աշխատանք էր կատարում Հովսեփը և ի՞նչ գործիքներ էր օգտագործում։
15 Նրանք ապրում էին պարզ կյանքով։ Աստվածաշունչն ասում է, որ Հովսեփը ատաղձագործ էր՝ օգտագործելով մի բառ, որը ցույց է տալիս, որ ատաղձագործը փայտի հետ կապված տարբեր աշխատանքներ էր անում։ Նա կտրում էր ծառը, բերում տուն և չորացնում։ Նա փայտից տուն, նավ կամ կամուրջ էր կառուցում, պատրաստում էր սայլ, անիվ, լուծ և ամեն տեսակ հողագործական գործիք (Մատթ. 13։55)։ Դա ծանր աշխատանք էր։ Ատաղձագործը աշխատում էր տան բակում կամ կից արհեստանոցում։
16 Հովսեփը տարբեր գործիքներ էր օգտագործում, որոնցից մի քանիսը, ըստ ամենայնի, ստացել էր հորից։ Նա հավանաբար օգտագործում էր անկյունաչափ, ուղղալար, կավճապատ լար, կացին, սղոց, ուրագ, մուրճ, թակ, դուր, գայլիկոն, տարբեր սոսինձներ, հնարավոր է նաև մեխեր, որոնք թանկ արժեին։
17, 18. ա) Ի՞նչ է սովորել Հիսուսն իր հորից։ բ) Ինչո՞ւ էր Հովսեփը տքնաջան աշխատում։
17 Պատկերացրու, թե փոքրիկ Հիսուսը ինչպես է հետաքրքրությամբ նայում իր հորը աշխատելիս։ Նա ուշադիր հետևում է Հովսեփի ամեն մի շարժմանը և հիանում. որքա՜ն ուժ կա նրա լայն ուսերում և մկանուտ բազուկներում, ի՜նչ հմտությամբ են աշխատում նրա ձեռքերը և ինչքա՜ն իմաստություն կա նրա աչքերում։ Հավանաբար Հովսեփը սովորեցրել է իր փոքրիկ որդուն, թե ինչպես կատարի փայտի հետ կապված հասարակ գործեր, օրինակ՝ չորացրած ձկան կաշվով հարթեցնի փայտի անհարթ տեղերը և տարբերի փայտի տեսակները՝ ժանտաթզենու, կաղնու, ձիթենու և այլն։
18 Հիսուսը տեսել է ու հասկացել, որ ծառեր տապալող և գերաններ պատրաստող այդ ձեռքերում ոչ միայն ուժ, այլև մեծ քնքշանք կա, որոնցով նա գրկում ու փաղաքշում է իրեն, իր մորն ու եղբայրներին, քույրերին։ Այո՛, ժամանակի ընթացքում Հովսեփի ու Մարիամի ընտանիքը մեծացավ. բացի Հիսուսից նրանք ունեցան առնվազն վեց երեխա (Մատթ. 13։55, 56)։ Հասկանալի է, որ Հովսեփը տքնաջան աշխատում էր, որպեսզի ընտանիքի կարիքները հոգար։
Հովսեփը գիտակցում էր, որ ընտանիքի հոգևոր կարիքները հոգալն ավելի կարևոր է
19. Ինչպե՞ս էր Հովսեփը հոգում իր ընտանիքի հոգևոր կարիքները։
19 Բայցևայնպես, Հովսեփը գիտակցում էր, որ ընտանիքի հոգևոր կարիքները հոգալն ավելի կարևոր է։ Նա ժամանակ էր տրամադրում իր երեխաներին Եհովա Աստծու և նրա օրենքների մասին սովորեցնելու համար։ Հովսեփն ու Մարիամը կանոնավորաբար նրանց տանում էին ժողովարան, որտեղ ընթերցվում և բացատրվում էր Օրենքը։ Հնարավոր է՝ դրանից հետո Հիսուսը բազմաթիվ հարցեր էր ունենում, և Հովսեփը ամեն ջանք թափում էր նրա հոգևոր քաղցը հագեցնելու համար։ Հովսեփը իր ընտանիքին նաև տանում էր Երուսաղեմ՝ կրոնական տոնակատարություններին։ Օրինակ՝ Պասեքի տոնին մասնակցելու համար նրանցից երկու շաբաթ էր պահանջվում, իսկ մինչև Երուսաղեմ 120 կիլոմետր էր։
20. Ինչպե՞ս կարող են քրիստոնյա հայրերը հետևել Հովսեփի օրինակին։
20 Այսօր քրիստոնյա հայրերը հետևում են Հովսեփի օրինակին։ Նրանք ժամանակ են տրամադրում իրենց երեխաներին՝ նրանց հոգևոր շահերը վեր դասելով ամեն ինչից, այդ թվում նաև նյութականից։ Նրանք ջանք են թափում, որ կարողանան իրենց երեխաներին տանել քրիստոնեական բոլոր հավաքույթներին։ Հովսեփի պես՝ նրանք գիտեն, որ դա ամենալավ բանն է, որ կարող են անել իրենց երեխաների համար։
Անհանգստացած՝ Հիսուսին էին փնտրում
21. Ի՞նչ սովորություն ուներ Հովսեփի ընտանիքը, և ի՞նչ տեղի ունեցավ տունդարձի ճանապարհին։
21 Հիսուսը 12 տարեկան էր։ Սովորության համաձայն՝ Հովսեփն իր ընտանիքի հետ գնաց Երուսաղեմ։ Պասեքի օրերն էին, և բազմանդամ ընտանիքները, երկար քարավաններ կազմած, անցնում էին փարթամ բուսականությամբ ծածկված դաշտերով ու սարերով։ Հասնելով դեպի Երուսաղեմ տանող զառիվեր ճանապարհին՝ շատերը երգում էին վերելքի հայտնի սաղմոսները (Սաղ. 120–134)։ Այստեղ էին գալիս հարյուր հազարավոր մարդիկ։ Տոնակատարությունից հետո, երբ բոլորը բռնեցին տունդարձի ճամփան, Հովսեփն ու Մարիամը կարծեցին, թե Հիսուսը մյուս ազգականների հետ է, և մեկ օրվա ճանապարհ անցնելուց հետո հասկացան, որ նա չկա (Ղուկ. 2։41–44)։
22, 23. Ի՞նչ արեցին Հովսեփն ու Մարիամը, երբ նկատեցին, որ Հիսուսը իրենց հետ չէ, և ի՞նչ ասաց Մարիամը որդուն, երբ գտան նրան։
22 Նրանք մտահոգված գնացին Երուսաղեմ։ Պատկերացրու, թե որքան դատարկ էր թվում քաղաքը Հովսեփի ու Մարիամի համար, երբ նրանք, այս ու այն կողմ ընկած, Հիսուսին էին փնտրում։ Որտե՞ղ կարող էր լինել նրանց որդին։ Արդեն երեք օր էր, ինչ նրան էին փնտրում։ Հովսեփը գուցե սկսեց մեղադրել իրեն, որ Եհովայի կողմից իրեն վստահվածը չկարողացավ պահել։ Շարունակելով փնտրել Հիսուսին՝ նրանք գնացին տաճար։ Սենյակներից մեկում Օրենքին գիտակ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Հիսուսը նստած էր նրանց մեջ։ Պատկերացրու, թե ինչ թեթևություն զգացին Հովսեփն ու Մարիամը, երբ գտան իրենց որդուն (Ղուկ. 2։45, 46)։
23 Իսկ ի՞նչ էր անում Հիսուսն այստեղ։ Նա ուշադիր լսում էր այդ մարդկանց և շատ հարցեր տալիս։ Նրանք ապշած էին երեխայի հասկացողությամբ ու պատասխաններով, մինչդեռ Հովսեփին ու Մարիամին այդ պահին բոլորովին այլ բան էր հետաքրքրում։ Աստվածաշունչը չի ասում, թե այդ ժամանակ ինչպես վարվեց կամ ինչ ասաց Հովսեփը։ Բայց Մարիամի խոսքերը կարծես արտահայտում էին նաև նրա ամուսնու զգացմունքները։ Նա ասաց. «Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այսպես վարվեցիր։ Հայրդ ու ես անհանգստացած քեզ էինք փնտրում» (Ղուկ. 2։47, 48)։
24. Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում, թե ինչ է նշանակում լինել ծնող։
24 Աստվածաշունչը, թեև մեկ-երկու խոսքով, բայց իրատեսորեն նկարագրում է, թե ինչ է նշանակում լինել ծնող։ Ծնող լինելը հեշտ չէ, նույնիսկ եթե երեխադ կատարյալ է։ Այսօրվա վտանգներով լի աշխարհում երեխա մեծացնելը կապված է բազմաթիվ անհանգստությունների հետ, սակայն ծնողները կարող են մխիթարվել՝ իմանալով, որ Աստված գիտի, թե ինչ դժվարություններ են նրանք ունենում։
25, 26. Ի՞նչ պատասխան տվեց Հիսուսը իր ծնողներին, և ի՞նչ զգաց Հովսեփը՝ լսելով որդու պատասխանը։
25 Հիսուսը մի վայրում էր, որտեղ կարող էր առավել մոտ զգալ իր երկնային Հորը՝ Եհովային, և ավելի շատ բան սովորել նրա մասին։ Դրա համար էլ նա իր ծնողներին պատասխանեց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ» (Ղուկ. 2։49)։
26 Հովսեփը, անկասկած, այս խոսքերի շուրջ շատ մտածեց։ Հնարավոր է՝ լսելով դրանք՝ նա ներքուստ հպարտացավ իր որդիով։ Չէ՞ որ նա ջանք չէր խնայել որդու համար, որ նա մտերիմ փոխհարաբերություններ ունենա Եհովա Աստծու հետ։ Այդ տարիքում Հիսուսը արդեն գիտեր, թե ինչ է նշանակում ունենալ սիրող ու հոգատար հայր, և դա Հովսեփի հետ իր փոխհարաբերությունների շնորհիվ էր։
27. Ի՞նչ պատասխանատվություն ունես որպես հայր, և ինչո՞ւ պետք է հիշես Հովսեփի օրինակը։
27 Եթե դու հայր ես, հասկանո՞ւմ ես, որ պատասխանատվություն ունես քո օրինակով երեխայիդ ցույց տալու, թե ինչ է նշանակում լինել սիրող և հոգատար հայր։ Իսկ եթե ունես խորթ կամ որդեգրած երեխաներ, հիշիր Հովսեփի օրինակը և նրանցից յուրաքանչյուրին թանկ համարիր։ Օգնիր նրանց մոտենալու իրենց երկնային Հորը՝ Եհովա Աստծուն (կարդա՛ Եփեսացիներ 6։4)։
Նա հավատարմորեն կատարեց իր հանձնարարությունը
28, 29. ա) Ի՞նչ են մեզ հայտնում Հովսեփի մասին Ղուկաս 2։51, 52 խոսքերը։ բ) Ինչպե՞ս է Հովսեփը օգնել Հիսուսին, որ նա շարունակ իմաստությամբ լցվի։
28 Աստվածաշնչում կան ևս մի քանի համարներ, որոնցից որոշակի տեղեկություն ենք ստանում Հովսեփի մասին։ Օրինակ՝ Ղուկաս 2-րդ գլխում գրված է, որ Հիսուսը «շարունակում էր ենթարկվել» ծնողներին, և որ նա «մեծանում էր ու շարունակում էր իմաստությամբ լցվել՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը» (կարդա՛ Ղուկաս 2։51, 52)։ Ի՞նչ են հայտնում այս խոսքերը Հովսեփի մասին։ Նա շարունակում էր կատարել ընտանիքի գլխի իր պարտականությունները. դա երևում է այն բանից, որ նրա կատարյալ որդին հարգում էր հոր իշխանությունը և հնազանդվում էր նրան։
29 Հիսուսը շարունակում էր իմաստությամբ լցվել։ Սա նշանակում է, որ Հովսեփը շատ բան էր արել դրա համար։ Այն օրերում հրեաների շրջանում մի հին առակ էր տարածված։ Ըստ դրա՝ միայն ապահովված մարդիկ, ովքեր ազատ ժամանակ ունեին, կարող էին դառնալ իմաստուն, մինչդեռ աշխատավոր ժողովուրդը, ինչպիսիք էին հողագործները, ատաղձագործներն ու դարբինները, «չէին կարող հռչակել արդարություն և արդարադատություն. նրանք չպետք է գտնվեին այնտեղ, որտեղ առակներ են ասում»։ Հետագայում Հիսուսը պարզ ցույց տվեց այդ առակի անիմաստ լինելը։ Անկասկած, երեխա ժամանակ նա հաճախ էր լսել Հովսեփից, այո՛, հասարակ ատաղձագործից, որ Եհովան «արդար և արդարադատ» է։
30. Ի՞նչ օրինակ է Հովսեփը թողել ընտանիքի գլուխներին։
30 Նաև կարող ենք նկատել, որ Հովսեփը նպաստեց, որ Հիսուսը առողջ և ուժեղ տղամարդ դառնա։ Բացի այդ, Հովսեփը որդուն սովորեցրեց իր արհեստի հմտությունները։ Հիսուսը հայտնի էր ոչ միայն որպես ատաղձագործի որդի, այլև որպես «ատաղձագործ» (Մարկ. 6։3)։ Այո՛, Հովսեփի ջանքերը ապարդյուն չանցան։ Այսօր հայրերը իմաստուն վարված կլինեն, եթե, ընդօրինակելով Հովսեփին, մտածեն իրենց երեխաների բարօրության մասին, ինչպես նաև սովորեցնեն այնպիսի հմտություններ, որոնք կարող են օգտակար լինել նրանց ապագայում։
31. ա) Ինչի՞ց ենք իմանում, թե երբ է մահացել Հովսեփը (ընդգրկիր շրջանակը)։ բ) Ի՞նչ օրինակ է թողել Հովսեփը մեզ համար։
31 Աստվածաշնչի այն հատվածում, որտեղ Հիսուսը մկրտված է և 30 տարեկան է, Հովսեփի մասին այլևս ոչ մի հիշատակում չենք գտնում։ Ակներևաբար Մարիամը այրի էր, երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը (տե՛ս «Ե՞րբ է մահացել Հովսեփը» շրջանակը)։ Այո՛, Հովսեփը հրաշալի օրինակ է թողել. նա լավ ամուսին էր, հոգատար հայր, Աստծուն նվիրված ծառա։ Ամեն հայր, ամեն ընտանիքի գլուխ և ընդհանրապես ամեն քրիստոնյա պետք է հետևի Հովսեփի օրինակին։
a Այն օրերում նշանված լինելը գրեթե նույնն էր, ինչ ամուսնացած լինելը։
b Այն, որ աստղը աստղագուշակներին առաջնորդեց, բոլորովին էլ բնական երևույթ չէր, ոչ էլ այն Աստծու կողմից էր ուղարկվել։ Հստակ է, որ Սատանան այդ ձևով փորձեց իրագործել իր նենգ ծրագիրը՝ սպանել Հիսուսին։
c Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Հիսուսն իր առաջին հրաշքն արել է միայն իր մկրտությունից հետո (Հովհ. 2։1–11)։