ԳԼՈՒԽ 11
Հովհաննես Մկրտիչը պատրաստում է ճանապարհը
ՄԱՏԹԵՈՍ 3։1–12 ՄԱՐԿՈՍ 1։1–8 ՂՈՒԿԱՍ 3։1–18 ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։6–8, 15–28
ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ՍԿՍՈՒՄ Է ՔԱՐՈԶԵԼ ԵՎ ՄԿՐՏԵԼ
ՄԿՐՏՎՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԸ
Մոտ 17 տարի է անցել այն դեպքից, երբ 12 տարեկան Հիսուսը տաճարում հարցեր էր տալիս ուսուցիչներին։ Մ.թ. 29 թվականի գարունն է։ Շատերը խոսում են Հիսուսի բարեկամ Հովհաննեսի մասին, որը քարոզում է Հորդանան գետից արևմուտք ընկած տարածքներում։
Հովհաննեսը աչքի է ընկնում թե՛ իր արտաքին տեսքով, թե՛ խոսքերով։ Նա կրում է ուղտի մազից հագուստ և կաշվե գոտի, ուտում է մորեխ ու վայրի մեղր։ Իսկ ինչի՞ մասին է Հովհաննեսը քարոզում։ Նա ասում է. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 3։2)։
Նրա հայտնած լուրը շատ է տպավորում լսողներին։ Շատերը հասկանում են, որ պետք է զղջան, այսինքն՝ փոխեն իրենց մտածելակերպն ու վարքը և թողնեն նախկին ապրելակերպը։ Հովհաննեսի մոտ գալիս են «Երուսաղեմից, ամբողջ Հրեաստանից և Հորդանանի ողջ շրջակայքից» (Մատթեոս 3։5)։ Շատերը զղջում են, և նա մկրտում է նրանց՝ ընկղմելով Հորդանան գետի մեջ։ Իսկ ինչո՞ւ է նա մկրտում։
Այդ մկրտությունը խորհրդանշում է անհատի անկեղծ զղջումը Աստծու Օրենքի ուխտի դեմ գործած մեղքերի համար (Գործեր 19։4)։ Սակայն ոչ բոլորը կարող են մկրտվել։ Երբ կրոնական առաջնորդներից ոմանք՝ փարիսեցիներն ու սադուկեցիները, գալիս են Հովհաննեսի մոտ, նա նրանց անվանում է «իժերի ծնունդներ» և ասում. «Զղջմանը համապատասխան պտո՛ւղ բերեք և մի՛ համարձակվեք ձեր մեջ ասել, թե՝ «մեր հայրը Աբրահամն է»։ Ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից էլ կարող է Աբրահամի համար զավակներ վեր կացնել։ Կացինն արդեն պատրաստ է կտրելու ծառերը, ուստի յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պիտի կտրվի ու կրակի մեջ գցվի» (Մատթեոս 3։7–10)։
Քանի որ Հովհաննեսը ազդեցիկ լուր է հաղորդում, մկրտում է շատերին, և մարդիկ շատ են խոսում նրա մասին, այդ պատճառով հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ են ուղարկում նրա մոտ։ Նրանք գալիս են ու հարցնում. «Դու ո՞վ ես»։
Հովհաննեսն ասում է. «Ես չեմ Քրիստոսը»։
Նրանք հարցնում են. «Հապա ո՞վ ես դու, Եղիա՞ն ես»։
Նա էլ պատասխանում է. «Ո՛չ»։
«Մարգարե՞ն ես»,— հարցնում են նրանք՝ նկատի ունենալով այն Մեծ մարգարեին, որի գալու մասին ասել էր Մովսեսը (2 Օրենք 18։15, 18)։
«Ո՛չ»,— պատասխանում է Հովհաննեսը։
Նրանք համառորեն հարցնում են. «Ասա՛ մեզ, ո՞վ ես դու, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին։ Ի՞նչ ես ասում քո մասին»։ Հովհաննեսը պատասխանում է. «Ես նրա ձայնն եմ, որ բարձրաձայն կանչում է անապատում՝ «ուղղե՛ք Եհովայի ճանապարհը», ինչպես որ Եսայիա մարգարեն է ասել» (Հովհաննես 1։19–23)։
«Այդ դեպքում ինչո՞ւ ես մկրտում,— հարցնում են նրանք,— եթե ինքդ ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան և ո՛չ էլ Մարգարեն»։ Հովհաննեսը մտածելու տեղիք տվող պատասխան է տալիս. «Ես ջրում եմ մկրտում։ Ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, նա, ով գալիս է իմ հետևից» (Հովհաննես 1։25–27)։
Հովհաննեսը նկատի ունի, որ ինքը ճանապարհ է պատրաստում, այսինքն՝ օգնում է մարդկանց սրտի ճիշտ տրամադրվածություն ձեռք բերելու, որպեսզի ընդունեն Մեսիային՝ ապագա Թագավորին։ Նրա մասին Հովհաննեսն ասում է. «Ինձանից հետո եկողը ինձանից ավելի զորավոր է, որի սանդալները հանելու ես արժանի չեմ» (Մատթեոս 3։11)։ Նա նաև ասում է. «Ինձանից հետո եկողը ինձանից առաջ անցավ, քանի որ նա ինձանից առաջ գոյություն ուներ» (Հովհաննես 1։15)։
Ինչպես տեսնում ենք, Հովհաննեսը մարդկանց կարևոր լուր է հայտնում՝ ասելով. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 3։2)։ Այս կարևոր լուրի նպատակն է հայտնի դարձնել բոլորին, որ Եհովայի կողմից նշանակված ապագա Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, շուտով սկսելու է իր ծառայությունը։