Ժամերն ու ժամանակները եհովայի ձեռքում են
«Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ» (Գործք 1։7)։
1. Հիսուսն ինչպե՞ս պատասխանեց ժամանակի առումով կողմնորոշվելու համար առաքյալների տված հարցերին։
«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ երկրներում և աշխարհի մնացած մասերում «բոլոր պղծութիւնների համար» ‘հառաչող և ողբացող’ մարդկանց ուրիշ էլ ի՞նչ է մնում հարցնելուց բացի. «Ե՞րբ կվերջանա այս չար համակարգը և ե՞րբ կփոխարինվի Աստծո արդար նոր աշխարհով» (Եզեկիէլ 9։4; Բ Պետրոս 3։13)։ Հիսուսի մահից առաջ և հարությունից հետո առաքյալները մի շարք հարցեր ուղղեցին նրան, որոնց շնորհիվ կկարողանային մոտավորապես կողմնորոշվել, թե երբ կգա այդ ժամանակը (Մատթէոս 24։3; Գործք 1։6)։ Իր պատասխանով, սակայն, Հիսուսը ժամանակը հաշվելու հնարավորություն նրանց չընձեռեց։ Առաջին դեպքում նա մի բարդ «նշան» նկարագրեց, իսկ երկրորդ դեպքում ասաց, որ նրանց «տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ» (Գործք 1։7)։
2. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը միշտ չէ, որ իմացել է իր Հոր ժամանակացուցակը՝ կապված վերջին ժամանակներում կատարվելիք դեպքերի հետ։
2 Թեև Հիսուսը Եհովայի միածին Որդին է, սակայն նա միշտ չէ, որ իմացել է դեպքերի համար իր Հոր նախատեսած ժամանակացուցակը։ Վերջին օրերի մասին արված իր մարգարեության մեջ Հիսուսը խոնարհաբար ընդունեց, որ «այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը» (Մատթէոս 24։36)։ Հիսուսը պատրաստ էր համբերությամբ սպասելու, թե Հայրը երբ կհայտներ իրերի այս չար համակարգի դեմ կործանարար գործողությունների անցնելու ճիշտ ժամանակը։a
3. Ի՞նչ ենք հասկանում Աստծո նպատակների շուրջ ծագած հարցերին Հիսուսի տված պատասխաններից։
3 Աստծո նպատակների իրագործման ժամանակի վերաբերյալ Հիսուսի պատասխանից երկու բան կարելի է հասկանալ։ Նախ՝ Եհովան ժամանակացուցակ ունի, երկրորդ՝ միայն ինքն է որոշում ժամանակը, և, ինչ վերաբերվում է ժամերին ու ժամանակներին, իր ծառաները չեն սպասում, որ նախօրոք որոշակի տեղեկություն կստանան։
Եհովայի ժամերն ու ժամանակները
4. Ի՞նչ իմաստ են կրում «ժամեր» ու «ժամանակներ» թարգմանված հունարեն բառերը։
4 Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում «ժամերն ու ժամանակները»։ Հիսուսի խոսքերը, որոնք արձանագրված են Գործք 1։7–ում, ժամանակի երկու ձև են ներկայացնում։ «Ժամեր» թարգմանված հունարեն բառը մատնանշում է «ժամանակի տևողությանը» (կարճ կամ երկար)։ «Ժամանակները» դա իր առանձնահատկություններով տարբերվող, սահմանված կամ նշանակված ժամանակի, որոշակի շրջանին կամ ժամանակահատվածին վերաբերվող բառի թարգմանությունն է։ Այս երկու բնագրային բառերի վերաբերյալ Ու. Վայնը գրում է. «Գործք 1։7–ում Հայրը «սեփական իշխանությանն է ենթարկել» և՛ ժամերը (քրոնոս)՝ ժամանակահատվածների տևողությունը, և՛ ժամանակները (կայրոս)՝ որոշակի իրադարձություններով բնութագրվող դարաշրջանները»։
5. Եհովան ե՞րբ հայտնեց Նոյին ապականված աշխարհը կործանելու իր նպատակի մասին, և ի՞նչ կրկնակի առաջադրանք էր ստացել Նոյը։
5 Ջրհեղեղից առաջ Աստված հարյուր քսան տարի ժամանակ սահմանեց մարդկանց և նյութականացած, ապստամբ հրեշտակների ստեղծած ապականված աշխարհի համար (Ծննդոց 6։1—3)։ Բարեպաշտ Նոյն այդ ժամանակ չորս հարյուր ութսուն տարեկան էր (Ծննդոց 7։6)։ Նա զավակներ չուներ և հաջորդ քսան տարիների ընթացքում ևս անզավակ էր (Ծննդոց 5։32)։ Հետագայում, երբ Նոյի որդիներն արդեն հասել էին չափահասության և ընտանիք կազմել, Աստված տեղեկացրեց Նոյին Երկրի երեսից չարությունը սրբելու իր մտադրության մասին (Ծննդոց 6։9—13, 18)։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Նոյը կրկնակի առաջադրանք ստացավ՝ կառուցել տապանը և քարոզել իր ժամանակակիցներին, Եհովան չհայտնեց նրան գործի անցնելու իր ժամանակը (Ծննդոց 6։14; Բ Պետրոս 2։5)։
6. ա) Ինչպե՞ս Նոյը ցույց տվեց, որ ժամանակին վերաբերվող հարցերը թողել է Եհովային։ բ) Ինչպե՞ս կարելի է հետևել Նոյի օրինակին։
6 Տասնամյակներ, թերևս մոտ կես դար շարունակ, Նոյը վարվեց Աստծո հանձնարարածի համաձայն։ Նա այդ ամենը «հաւատով» արեց՝ առանց որոշակի ժամկետ իմանալով (Ծննդոց 6։22; Եբրայեցիս 11։7)։ Եհովան Ջրհեղեղը սկսվելուց մեկ շաբաթ առաջ միայն տեղեկացրեց Նոյին ճիշտ ժամանակի մասին (Ծննդոց 7։1—5)։ Եհովայի հանդեպ ունեցած Նոյի սրտանց հավատը և վստահությունը հնարավորություն էին տվել նրան ժամանակին վերաբերվող հարցերը թողնել Աստծուն։ Որքա՜ն ուրախ էր Նոյը, երբ Ջրհեղեղի ժամանակ զգաց Եհովայի հովանավորությունը ու հետագայում, դուրս գալով տապանից, ոտք դրեց մաքրված Երկրի վրա։ Փրկության հանդեպ նման տեսակետ պահպանելով՝ չպե՞տք է արդյոք այդպիսի հավատ ունենանք առ Աստված։
7, 8. ա) Ինչպե՞ս են առաջացել ազգերն ու հզոր աշխարհակալ պետությունները։ բ) Ինչպե՞ս Եհովան «հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց [մարդկանց] բնակութեան սահմանները»։
7 Ջրհեղեղից հետո Նոյի հետնորդների մեծամասնությունը լքեց Եհովայի ճշմարիտ երկրպագությունը։ Մեկ տեղանքում մնալու մտադրություն ունենալով՝ նրանք քաղաք հիմնադրեցին և սկսեցին կեղծ պաշտամունքի համար աշտարակ կառուցել։ Եհովան որոշեց, որ ժամանակն էր միջամտելու։ Աստված խառնեց նրանց լեզուները և Բաբելոնից նրանց ցրեց «բոլոր երկրի երեսի վերայ» (Ծննդոց 11։4, 8, 9)։ Հետագայում լեզվախմբերը դարձան ժողովուրդներ, դրանցից ոմանք ձուլվեցին այլ ազգերի հետ, դարձան կայսրություններ և նույնիսկ համաշխարհային մասշտաբով հզոր պետություններ (Ծննդոց 10։32)։
8 Իր նպատակի իրագործման հետ ներդաշնակ՝ Աստված երբեմն ազգային սահմաններ էր դնում և որոշում, թե ժամանակի ո՛ր հատվածում ո՛ր ժողովուրդը պետք է իշխի կամ էլ աշխարհակալ հզոր պետություն դառնա (Ծննդոց 15։13, 14, 18—21; Ելից 23։31; Բ Օրինաց 2։17—22; Դանիէլ 8։5—7, 20, 21)։ Պողոս առաքյալը նկատի ուներ Եհովայի ժամերի ու ժամանակների այս տարբերակը, երբ ասաց Աթենքի հույն մտավորականներին. «Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ.... մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները» (Գործք 17։24, 26)։
9. Թագավորների հետ կապված՝ Եհովան ինչպե՞ս է փոխում «ժամանակները և ժամերը»։
9 Սա չի նշանակում, որ Եհովան պատասխանատու է քաղաքական տարբեր նվաճումների և փոփոխությունների համար։ Սակայն նա կարող է դրանց ընթացքը փոխել իր նպատակն իրագործելու համար։ Բաբելոնի համաշխարհային կայսրության անկմանը և մարա–պարսկական կայսրությամբ նրա փոխարինմանը ականատես դարձած Դանիել մարգարեն Եհովայի մասին գրեց. «Նա է ժամանակները և ժամերը փոխողը, թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճար՝ գիտնականներին» (Դանիէլ 2։21; Եսայիա 44։24—45։7)։
‘Ժամանակը մոտեցավ’
10, 11. ա) Որքա՞ն ժամանակ առաջ էր Եհովան սահմանել Աբրահամի սերնդին ստրկությունից ազատագրելու ժամանակը։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ իսրայելացիներն անտեղյակ էին ազատագրման ժամանակից։
10 Շուրջ չորս հարյուրամյակ առաջ Եհովան արդեն նշանակել էր ճիշտ տարին, երբ պետք է տապալեր հզոր Եգիպտոսը և ստրկությունից ազատեր Աբրահամի սերնդին։ Իր նպատակի մասին Եհովան հայտնեց Աբրահամին և խոստացավ. «Ստոյգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կ’լինի, եւ ծառայութիւն կ’անեն, եւ նորանց չորս հարիւր տարի կ’չարչարեն։ Բայց այն ազգն էլ, որին արդէն կ’ծառայեն, ես կ’դատեմ. եւ նորանցից յետոյ մեծ ստացուածքով դուրս կ’գան» (Ծննդոց 15։13, 14)։ Ատյանի առջև Իսրայելի պատմությունը համառոտակի ներկայացնելիս՝ Ստեփանոսը անդրադարձավ չորս հարյուրամյա այս ժամանակահատվածին՝ ասելով. «Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին» (Գործք 7։6, 17, 18)։
11 Նոր փարավոնը իսրայելացիներին ստրկացրեց։ «Ծննդոց» գիրքն այդ ժամանակ դեռևս գրված չէր, սակայն, ակներևաբար, Աբրահամին տված Եհովայի խոստումները սերնդեսերունդ անցել էին բանավոր կամ էլ գրավոր ձևով։ Այնուհանդերձ, իսրայելացիների ունեցած տեղեկությունը բավական չէր, որպեսզի կռահեին իրենց ազատագրման ճիշտ ժամանակը։ Աստված գիտեր, թե երբ էր պատրաստվում ազատագրել նրանց, սակայն հարստահարվող իսրայելացիներն այդ մասին գաղափար անգամ չունեին։ Ահա թե ինչ ենք կարդում. «Այն շատ օրերումը եղաւ որ Եգիպտոսի թագաւորը մեռաւ, եւ Իսրայէլի որդիքը ծառայութեան պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին. եւ նորանց աղաղակը ծառայութեան համար Աստուծոյ մօտ բարձրացաւ։ Եւ Աստուած նորանց հեծութիւնը լսեց. եւ Աստուած յիշեց իր ուխտը որ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ դրել էր։ Եւ Աստուած նայեց Իսրայէլի որդիների վերայ, եւ Աստուած իմացաւ նորանց վիճակը» (Ելից 2։23—25)։
12. Ստեփանոսն ինչպե՞ս ընդգծեց այն հանգամանքը, որ Մովսեսը Եհովայի սահմանած ժամանակից առաջ էր քայլեր ձեռնարկել։
12 Իսրայելի ազատագրման ճիշտ ժամանակի մասին ժողովրդի անտեղյակությունը երևում է նաև Ստեփանոսի տված մի համառոտ նկարագրությունից, որը վերաբերվում էր Մովսեսին. «Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ Իսրայէլի որդիների մէջ շրջելու միտքը։ Եւ նա մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով՝ զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց եգիպտացուն սպանելով։ Մտածում էր, թէ իր եղբայրները կ’իմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան» (Գործք 7։23—25)։ Մովսեսը փորձում էր Աստծո սահմանած ժամանակից քառասուն տարի շուտ քայլեր ձեռնարկել։ Ստեփանոսը մատնացույց արեց այն բանին, որ Մովսեսը չսպասեց ևս քառասուն տարի, մինչև Աստված ինքը ‘նրա ձեռքովը փրկություն կտար’ իսրայելացիներին (Գործք 7։30—36)։
13. Մեր վիճակն ինչո՞վ է նման Եգիպտոսի ստրկությունից ազատագրվելուց առաջ իսրայելացիների վիճակին։
13 Թեև մոտենում էր «ավետյաց ժամանակը», և Աստված արդեն հաստատել էր ճիշտ տարին, Մովսեսին ու իսրայելացիներին հավատ էր հարկավոր. նրանք պետք է սպասեին Եհովայի սահմանած ժամանակին՝ պարզ է, որ նախօրոք հաշվելու ոչ մի հնարավորություն չունենալով։ Մենք ևս համոզված ենք, որ մոտ է ազատագրումը ներկա իրերի չար համակարգից։ Գիտենք, որ ապրում ենք «վերջին օրերում» (Բ Տիմոթէոս 3։1—5)։ Պետք չէ՞ արդյոք պատրաստ լինել հավատով սպասելու մեծ օրվա համար Եհովայի սահմանած ժամանակին (Բ Պետրոս 3։11—13)։ Այնուհետև, Մովսեսի և իսրայելացիների նման, մենք էլ՝ ազատագրված, Եհովային փառաբանող երգեր կերգենք (Ելից 15։1—19)։
«Երբ ժամանակը իր լրումին հասաւ»
14, 15. Որտեղի՞ց գիտենք, որ Աստված ժամանակ էր նշանակել իր Որդու՝ երկրի վրա հայտնվելու համար, և ո՞ր իրադարձությանն էին սպասում մարգարեները և նույնիսկ հրեշտակները։
14 Եհովան ստույգ ժամանակ էր նշանակել, թե իր միածին Որդին երբ պետք է որպես Մեսիա ներկայանար երկրի վրա։ Պողոսը գրում է. «Երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ» (Գաղատացիս 4։4)։ Դա էլ հենց Աստծո խոստման կատարումն էր, որ պետք է ուղարկեր Սերնդին՝ ‘Սելովին, որին պետք է հնազանդվեին ժողովուրդները’ (Ծննդոց 3։15; 49։10)։
15 Աստծո մարգարեները, նույնիսկ հրեշտակները, սպասում էին այն «ժամանակին», երբ Մեսիան երկիր կգար և կփրկեր մեղավոր մարդկությանը։ «Այդ փրկութեան համար է,— գրեց Պետրոսը,— որ փնտռտուքներ կատարեցին եւ քննեցին մարգարէները, որոնք մարգարէանում էին այն շնորհի մասին, որ վիճակուած էր ձեզ։ Քննում էին, թէ ո՛ր եւ ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մէջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին եւ դրանից յետոյ՝ նրա փառքի մասին.... մի բան, որ կը ցանկանային հրեշտակները գոնէ աղօտ կերպով տեսնել» (Ա Պետրոս 1։1—5, 10—12)։
16, 17. ա) Ո՞ր մարգարեության միջոցով Եհովան օգնեց առաջին դարի հրեաներին սպասել Մեսիային։ բ) Ինչպե՞ս է Դանիելի մարգարեությունը ազդել Մեսիայի հետ կապված հրեաների սպասողական դրության վրա։
16 Իր մարգարե Դանիելի՝ անվարան հավատի տեր մարդու միջոցով Եհովան տվեց «եօթանասուն եօթնեակի» մարգարեությունը։ Այդ մարգարեությունը պիտի օգներ առաջին դարի հրեաներին հասկանալու, որ խոստացյալ Մեսիայի հայտնվելու ժամանակը մոտ էր։ Ահա թե ինչ էր ասվում մարգարեության մեջ. «Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ» (Դանիէլ 9։24, 25)։ Հրեագետները, կաթոլիկ և բողոքական գիտնականները ընդհանուր առմամբ համաձայն են, որ հիշատակված «եօթնեակները» դրանք տարի–շաբաթներ են։ Դանիէլ 9։25–ի վաթսունինը «եօթնեակները» (483 տարին) սկսվեցին մ.թ.ա. 455–ին, երբ պարսիկ Արտաշես թագավորը լիազորեց Նեեմիային «Երուսաղէմը դարձեալ շինելու» (Նէեմեա 2։1—8)։ Այդ յոթնյակները (շաբաթները) ավարտվեցին 483 տարի հետո՝ մ.թ. 29–ին, երբ Հիսուսը մկրտվեց և օծվեց սուրբ հոգով՝ դառնալով Մեսիա, այսինքն՝ Քրիստոս (Մատթէոս 3։13—17)։
17 Գիտեին արդյոք առաջին դարի հրեաները, թե երբ էին սկսվել 483 տարիները, թե՝ ոչ, հայտնի չէ։ Բայց գիտենք, որ երբ Հովհաննես Մկրտիչը նոր էր սկսել իր ծառայությունը, «ժողովուրդը սպասման մէջ էր. եւ բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ միթէ սա՞ է Քրիստոսը» (Ղուկաս 3։15)։ Աստվածաշնչի ուսումնասիրությամբ զբաղվող որոշ գիտնականներ ժողովրդի այդ սպասման վիճակը կապում են Դանիելի մարգարեության հետ։ Այս համարի առնչությամբ Մեթյու Հենրին գրում է. «Հարց է առաջանում.... ինչպե՞ս կարող էր ժողովուրդը, ելնելով Հովհաննեսի ծառայությունից և մկրտությունից, մտածել Մեսիայի մասին, և այն, որ նրա գալուստը շատ մոտ է.... Դանիելի յոթանասուն շաբաթներն ավարտվում էին»։ Ֆրանսերեն մի աշխատության մեջ ասվում է. «Ժողովուրդը գիտեր, որ Դանիելի սահմանած յոթանասուն տարի–շաբաթները մոտենում էին իրենց ավարտին. ոչ ոք չէր զարմանում՝ լսելով Հովհաննես Մկրտչի հայտարարությունը, թե Աստծո թագավորությունը մոտ է» («Manuel Biblique», հեղինակներ՝ Վիգուրու, Բաքվես և Բրասակ)։ Հրեա գիտնական Աբբա Հիլլել Սիլվըրը գրում է, որ համաձայն այդ ժամանակաշրջանի հետ կապված «ժողովրդական ժամանակագրության», «Մեսիային սպասում էին մոտավորապես մ.թ. առաջին դարի երկրորդ քառորդին»։
Դեպքեր, ոչ թե ժամանակի հաշվարկներ
18. Մինչ Դանիելի մարգարեության օգնությամբ հրեաները գիտեին Մեսիայի գալստյան ժամանակը, ո՞րն էր ամենահամոզիչ փաստը, որ Հիսուսն էր Մեսիան։
18 Թեև ժամանակագրությունն, ամենայն հավանականությամբ, օգնել էր հրեաներին ընդհանուր պատկերացում ունենալ Մեսիայի հայտնվելու ժամանակի մասին, հաջորդած դեպքերը ցույց են տալիս, որ այդ նույն ժամանակագրությունը նրանց մեծամասնությանը չհամոզեց, որ Հիսուսն էր Մեսիան։ Իր մահից մոտավորապես մեկ տարի առաջ Հիսուսը հարցրեց առաքյալներին. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»։ Առաքյալները պատասխանեցին. «Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք, թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ, թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել» (Ղուկաս 9։18, 19)։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, թե Հիսուսը երբևիցե վկայակոչել է խորհրդանշական շաբաթների մարգարեությունը՝ իր Մեսիա լինելն ապացուցելու նպատակով։ Սակայն մի առիթով նա ասաց. «Ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ» (Յովհաննէս 5։36)։ Հիսուսի քարոզները, նրա կատարած հրաշքները և իր մահվան հետ կապված իրադարձությունները (արտասովոր խավարը, տաճարի վարագույրի պատռվելն ու երկրաշարժը) որևէ ժամանակագրությունից ավելի լավ են փաստում, որ նա Աստծո կողմից ուղարկված Մեսիան էր (Մատթէոս 27։45, 51, 54; Յովհաննէս 7։31; Գործք 2։22)։
19. ա) Ինչպե՞ս պետք է քրիստոնյաներն իմանային, որ Երուսաղեմի կործանումը մոտ է։ բ) Ինչո՞ւ էր հավատն անչափ կարևոր Երուսաղեմից հեռացած քրիստոնյաների համար։
19 Առաջին դարի քրիստոնյաներին նույնպես ոչ մի օգնություն ցույց չէր տրվել, որպեսզի կարողանային հաշվել հրեական իրերի համակարգի ավարտի ժամանակը։ Ճիշտ է, Դանիելի՝ խորհրդանշական շաբաթների մարգարեությունում նշվում էր այդ համակարգի կործանման մասին (Դանիէլ 9։26բ, 27բ)։ Սակայն դա պետք է տեղի ունենար «եօթանասուն եօթնեակների» ավարտին (մ.թ.ա. 455—մ.թ. 36 թթ.)։ Այլ կերպ ասած՝ այն բանից հետո, երբ մ.թ. 36–ին առաջին անգամ Հիսուսի հետևորդ դարձան հեթանոսները, քրիստոնյաները ոչ մի ուրիշ ժամանակագրական տվյալ չունեին Դանիէլի 9–րդ գլխից։ Ոչ թե ժամանակագրությունը, այլ դեպքերը պետք է ցույց տային, որ հրեական համակարգը շուտով իր ավարտին է հասնելու։ Հիսուսի նախագուշակած դեպքերը սկսեցին իրենց գագաթնակետին մոտենալ մ.թ. 66–ին, երբ հռոմեական լեգեոնները հարձակվեցին Երուսաղեմի վրա, սակայն միառժամանակ հետո նահանջեցին։ Երուսաղեմի և Հուդայի հավատարիմ և ուշիմ քրիստոնյաներին այս հանգամանքը հնարավորություն տվեց ‘փախչելու լեռները’ (Ղուկաս 21։20—22)։ Ժամանակագրական ոչ մի տվյալ չունենալու պատճառով՝ այդ քրիստոնյաները չգիտեին, թե երբ է վրա հասնելու Երուսաղեմի կործանումը։ Ինչպիսի՜ հավատ էր հարկավոր ունենալ իրենց տները, ագարակները, արհեստանոցները լքելու և շուրջ չորս տարի շարունակ Երուսաղեմից դուրս ապրելու համար մինչև որ մ.թ. 70–ին հռոմեական բանակը վերադարձավ և ոչնչացրեց հրեական ողջ համակարգը (Ղուկաս 19։41—44)։
20. ա) Ինչպե՞ս կարող են մեզ օգնել Նոյի, Մովսեսի և առաջին դարում Հուդայում ապրած քրիստոնյաների օրինակները։ բ) Ինչի՞ մասին է խոսվելու հաջորդ հոդվածում։
20 Ինչպես Նոյը, Մովսեսը և Հուդայի առաջին դարի քրիստոնյաները, մենք էլ այսօր կարող ենք ժամերն ու ժամանակները վստահությամբ թողնել Եհովային։ Մեր այն համոզմունքը, որ ապրում ենք վերջին ժամանակներում, և որ փրկությունը մոտ է, հիմնված է ոչ թե լոկ հաշվարկների, այլ կյանքի իրական դեպքերի վրա, որոնք Աստվածաշնչի մարգարեությունների կատարումներն են։ Բացի այդ, թեև ապրում ենք Քրիստոսի ներկայության ժամանակի մեջ, այնուամենայնիվ, ազատված չենք հավատ ունենալու և արթուն մնալու անհրաժեշտությունից։ Պետք է շարունակենք մեծ ակնկալությամբ սպասել Գրություններում նախագուշակված հրաշալի դեպքերի կատարումներին։ Հաջորդ հոդվածում կանգ կառնենք այս պարագայի վրա։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Դիտարան» 1996, նոյեմբերի 1, էջ 30, 31։
Հակիրճ պատասխանեք
□ Ի՞նչ ասաց Հիսուսն իր առաքյալներին Եհովայի սահմանած ժամերի և ժամանակների մասին
□ Նախապես որքա՞ն ժամանակ առաջ Նոյն արդեն գիտեր Ջրհեղեղի սկսվելու օրը
□ Ինչի՞ց է պարզ դառնում, որ Մովսեսն ու իսրայելացիները չգիտեին Եգիպտոսից ազատագրվելու ստույգ ժամանակը
□ Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել Աստվածաշնչում նկարագրված օրինակներից, որտեղ խոսվում է Եհովայի սահմանած ժամերի ու ժամանակների մասին
[նկար 9–րդ էջի վրա]
Հավատը ուժ տվեց Նոյին ժամանակին վերաբերվող հարցերը թողնել Եհովային