Ընդօրինակեք նրանց հավատը
«Ահա՛ Եհովայի աղախինը»
ԵՐԲ անծանոթը տուն մտավ, Մարիամը լայն բացված աչքերով նայեց նրան։ Այցելուն չէր եկել նրա ծնողներին տեսնելու։ Նա եկել էր Մարիամի մոտ։ Վերջինս վստահ էր, որ այդ անձնավորությունը Նազարեթ քաղաքից չէր, քանի որ փոքր քաղաքում անծանոթներն անմիջապես նկատվում էին։ Բացի այդ, նրա դիմելաձևը անծանոթ էր Մարիամին։ Նա ասաց. «Ողջո՛ւյն, ո՛վ շնորհընկալ, Եհովան քեզ հետ է» (Ղուկաս 1։28)։
Աստվածաշունչը նման ձևով է Մարիամին ներկայացնում։ Նա Հեղիի աղջիկն էր և ապրում էր Գալիլեայի Նազարեթ քաղաքում։ Աստվածաշնչում Մարիամի մասին խոսվում է այն ժամանակ, երբ նա իր կյանքում կարևոր որոշումներ պետք է կայացներ։ Մարիամը նշանված էր ատաղձագործ Հովսեփի հետ։ Վերջինս հարուստ չէր, սակայն հավատարիմ անձնավորություն էր։ Ուստի թվում էր, թե նրա կյանքն արդեն ծրագրված է. նա պետք է ապրեր պարզ կյանքով, աջակցեր Հովսեփին ու միասին երեխաներ մեծացնեին։ Սակայն անսպասելիորեն Մարիամը հանդիպեց մի անձնավորության, որը Աստծու կողմից կարևոր լուր պետք է հայտներ նրան, ինչն էլ փոխելու էր նրա ամբողջ կյանքը։
Հավանաբար կզարմանաք՝ իմանալով, որ Աստվածաշունչը մանրամասնություններ չի հայտնում Մարիամի մասին։ Այնտեղ գրված չէ, թե ինչ դաստիարակություն է ստացել Մարիամը, ինչ անձնավորություն է նա եղել, ինչպիսի արտաքին տեսք է ունեցել։ Այդուհանդերձ, Աստվածաշունչը շատ բան է բացահայտում նրա մասին։
Այն, ինչ Մարիամի մասին սովորեցնում են տարբեր կրոնները, ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը։ Նկարները, մարմարե ու գիպսե արձանիկները, կրոնական խրթին գաղափարները, «Աստվածամայր», «Երկընքի թագուհի» և նման այլ վերամբարձ տիտղոսները նույնպես չեն օգնում ճիշտ պատկերացում կազմել նրա մասին։ Ուստի եկեք տեսնենք, թե ինչ է իրականում հայտնում Աստվածաշունչը Մարիամի մասին, թե ինչպիսի հավատ ուներ նա, և թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։
Հրեշտակի այցելությունը
Հավանաբար գլխի ընկաք, որ Մարիամին այցելողը մարդ չէր։ Այդ անձնավորությունը Գաբրիել հրեշտակն էր։ Երբ նա Մարիամին «շնորհընկալ» անվանեց, վերջինս «սաստիկ հուզվեց» և սկսեց մտածել, թե ինչու հրեշտակը իրեն այդպիսի վեհ խոսքեր ասաց (Ղուկաս 1։29)։ Բնականաբար, Մարիամը չէր կարծում, որ մարդիկ են իրեն շնորհընկալ համարում։ Իրականում հրեշտակը նկատի ուներ, որ նա արժանացել է Եհովայի հավանությանը։ Եվ չնայած դա շատ կարևոր էր Մարիամի համար, սակայն նա չհպարտացավ։ Մարիամը մի կարևոր բան էր հասկացել. Աստված հակառակվում է գոռոզներին, բայց սիրում և աջակցում է խոնարհներին (Հակոբոս 4։6)։ Եթե մենք էլ ենք ուզում արժանանալ Աստծու հավանությանը, նույն մտածելակերպը պետք է ունենանք։ Ճիշտ չի լինի մեծամտանալ ու կարծել, թե արդեն Աստծուն հաճելի անձնավորություն ենք։
Մարիամը խոնարհ էր, այդ պատճառով հրեշտակը հայտնեց, որ մեծ առանձնաշնորհման է արժանացել։ Նա ասաց, որ Մարիամը պետք է երեխա ունենա, և այդ երեխան մեծ անձնավորություն էր դառնալու։ Գաբրիելը ասաց. «Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկաս 1։30–33)։ Մարիամն անկասկած գիտեր, որ ավելի քան հազար տարի առաջ Աստված Դավթին խոստացել էր, որ նրա ժառանգներից մեկը պետք է հավիտյան իշխի երկրի վրա (Բ Թագաւորաց 7։12, 13)։ Ուստի նրա որդին լինելու էր Մեսիան, որին Աստծու ժողովուրդը դարեր շարունակ սպասել էր։
Դեռ ավելին, հրեշտակն ասաց, որ նրա որդին «Բարձրյալի Որդի» կկոչվի։ Ինչպե՞ս կարող էր անկատար կինը Աստծու Որդի ծնել։ Եվ իրոք, ինչպե՞ս կարող էր Մարիամը երեխա ունենալ, եթե նա նշանված էր Հովսեփի հետ, սակայն դեռ ամուսնացած չէր։ Իրականում այս հարցը հետաքրքրում էր նաև Մարիամին, այդ պատճառով նա անկեղծորեն հարցրեց հրեշտակին. «Դա ինչպե՞ս կպատահի, քանի որ ես տղամարդու հետ հարաբերություն չեմ ունենում» (Ղուկաս 1։34)։ Ուշադրության է արժանի այն, որ Մարիամը ամոթով չխոսեց իր կուսության մասին։ Ընդհակառակը՝ նա թանկ էր գնահատում իր անարատությունը։ Սակայն այսօր շատ երիտասարդներ շտապում են ձերբազատվել իրենց կուսությունից և նույնիսկ հակված են ծաղրելու նրանց, ովքեր այդպես չեն վարվում։ Ինչ խոսք, աշխարհը փոխվել է, սակայն Եհովայի տեսակետը նույնն է մնացել (Մաղաքիա 3։6)։ Ինչպես Մարիամի օրերում, այնպես էլ այսօր նա գնահատում է նրանց, ովքեր հետևում են իր բարոյական չափանիշներին (Եբրայեցիներ 13։4)։
Թեև Մարիամը Աստծու հավատարիմ ծառան էր, նա անկատար էր։ Ուստի ինչպե՞ս նա կարող էր կատարյալ երեխա ծնել։ Գաբրիելն ասաց. «Սուրբ ոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ ծնվածը կկոչվի սուրբ, Աստծու Որդի» (Ղուկաս 1։35)։ Սուրբ նշանակում է «մաքուր», «անարատ»։ Սովորաբար երեխաները անկատարություն են ժառանգում ծնողներից, քանի որ վերջիններս մեղավոր են։ Սակայն այս պարագայում Եհովան մի առանձնահատուկ հրաշք գործեց։ Նա երկնքից իր Որդու կյանքը փոխադրեց Մարիամի արգանդը և իր գործուն ուժի, կամ՝ սուրբ ոգու միջոցով «հովանի» եղավ Մարիամին՝ պաշտպանելով երեխային անկատարության ցանկացած դրսևորումից։ Արդյոք Մարիամը հավատա՞ց հրեշտակի տված խոստմանը։ Ինչպե՞ս նա արձագանքեց։
Մարիամի արձագանքը
Սկեպտիկները, այդ թվում նաև քրիստոնյա աշխարհի աստվածաբանները դժվարությամբ են հավատացել, որ կույս աղջիկը կարող էր երեխա ծնել։ Չնայած իրենց ստացած կրթությանը՝ նրանք չեն հասկացել մի պարզ ճշմարտություն։ Ինչպես ասաց Գաբրիելը, «Աստծու մոտ չկա մի խոսք, որ չիրականանա» (Ղուկաս 1։37)։ Մարիամը Գաբրիելի խոսքերը ընդունեց որպես ճշմարտություն, քանի որ մեծ հավատ ուներ։ Սակայն նա դյուրահավատ չէր։ Մարիամին, ինչպես ցանկացած տրամաբանող անհատի, անհրաժեշտ էին փաստեր, որոնց վրա պետք է հիմնվեր նրա հավատը։ Գաբրիելը պատրաստվում էր ավելի շատ տեղեկություն տալ նրան։ Նա խոսեց Մարիամի տարեց բարեկամ Եղիսաբեթի մասին, որը ամուլ էր։ Աստված հրաշքով այնպես էր արել, որ նա հղիանա։
Ի՞նչ պետք է այժմ աներ Մարիամը։ Նա արդեն ստացել էր իր հանձնարարությունը և գիտեր, որ Աստված իրագործելու էր այն ամենը, ինչ ասաց Գաբրիելը։ Ինչ խոսք, մենք չպետք է մտածենք, որ այդ առանձնաշնորհումը Մարիամի մեջ վախ կամ դժվարություններ չառաջացրեց։ Նախ Մարիամը պետք է Հովսեփի հետ քննարկեր իր նշանադրության հարցը։ Կամուսնանա՞ր արդյոք Հովսեփը նրա հետ, երբ իմանար, որ նա հղի է։ Բացի այդ, Մարիամը լուրջ պատասխանատվություն էր ստանձնել։ Նա պետք է իր մեջ կրեր Աստծու համար ամենաթանկ էակին՝ նրա սիրելի Որդուն, պետք է հոգ տաներ երեխայի մասին, երբ ծնվեր, և պաշտպաներ նրան չար աշխարհից։ Իրոք որ, դժվար պատասխանատվություն էր։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նույնիսկ ամուր հավատ ունեցող և հավատարիմ մարդիկ երբեմն երկմտել են և մտածել են, որ չեն կարող կատարել Աստծուց ստացած դժվար հանձնարարությունները։ Օրինակ՝ Մովսեսը առարկեց՝ ասելով, որ ինքը չի կարողանում այնքան վարժ խոսել, որ Աստծու խոսնակը լինի (Ելից 4։10)։ Երեմիան ասաց, որ ինքը «մանուկ» է՝ չափազանց երիտասարդ Աստծու կողմից ստացած հանձնարարությունը կատարելու համար (Երեմիա 1։6)։ Հովնանը խուսափեց իր հանձնարարությունը կատարելուց ու փախավ (Յովնան 1։3)։ Իսկ Մարիա՞մը։
Մարիամը խոնարհության և հնազանդության լավագույն օրինակ է մեզ համար։ Նա ասաց Գաբրիելին. «Ահա՛ Եհովայի աղախինը։ Թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1։38)։ Աղախինը տան ամենացածր ծառան էր, և նրա կյանքը ամբողջությամբ իր տիրոջ ձեռքերում էր։ Ահա թե ինչ էր զգում Մարիամը իր Տիրոջ հանդեպ։ Նա իրեն ապահով էր զգում Եհովայի ձեռքերում, գիտեր, որ Աստված նվիրված է նրանց, ովքեր նվիրված են իրեն, նաև համոզված էր, որ Եհովան կօրհնի, եթե այդ դժվար հանձնարարությունը կատարելիս իր լավագույնն անի (Սաղմոս 18։25)։
Երբեմն Աստված մեզնից պահանջում է անել մի բան, որն, ըստ մեզ, դժվար է և նույնիսկ անհնար։ Սակայն Աստվածաշունչը հավաստիացնում է, որ մենք հիմնավոր պատճառներ ունենք վստահելու Եհովային և ամեն բան նրան հանձնելու, ինչպես որ Մարիամը արեց (Առակաց 3։5, 6)։ Արդյոք վարվո՞ւմ ենք այդպես։ Եթե այո, ապա նա կվարձատրի մեզ և կօգնի ավելի ամուր հավատ զարգացնել։
Այցելություն Եղիսաբեթին
Եղիսաբեթի մասին լուրը լսելը մեծ նշանակություն ունեցավ Մարիամի համար։ Աշխարհում ապրող բոլոր կանանցից ո՞վ կարող էր ավելի լավ հասկանալ նրան։ Մարիամն անմիջապես ուղևորվեց դեպի Հուդայի լեռնային շրջանները։ Այդ ճանապարհորդությունը հավանաբար երեք կամ չորս օր տևեց։ Երբ Մարիամը մտավ Եղիսաբեթի և Զաքարիա քահանայի տուն, Եհովան վարձատրեց նրան և հավատը զորացնելու համար լրացուցիչ ապացույցներ տվեց։ Լսելով Մարիամի ողջույնը՝ Եղիսաբեթը անմիջապես զգաց, որ մանուկն իր արգանդի մեջ խաղաց։ Նա սուրբ ոգով լցվեց և Մարիամի մասին խոսեց որպես «իր Տիրոջ մոր»։ Աստված հայտնեց Եղիսաբեթին, որ Մարիամի որդին դառնալու էր նրա Տերը՝ Մեսիան։ Այնուհետև Աստծու ներշնչմամբ Եղիսաբեթը գովաբանեց Մարիամին նրա հավատարմության ու հնազանդության համար՝ ասելով. «Երջանիկ է նա, ով հավատաց» (Ղուկաս 1։39–45)։ Այո՛, ամեն բան, որ Եհովան խոստացել էր Մարիամին, իրականացավ։
Իսկ Ղուկաս 1։46–55 համարներում արձանագրված են Մարիամի խոսքերը, որոնք պահպանվել են մինչև օրս։ Դրանք շատ բան են բացահայտում նրա մասին։ Այդ խոսքերից երևում է, որ Մարիամը երախտագետ ու գնահատող անձնավորություն էր. նա փառաբանեց Եհովային, որ օրհնել էր իրեն և արժանացրել էր Մեսիայի մայրը լինելու պատվին։ Մարիամը նաև խոր հավատ ուներ։ Նա ասաց, որ Եհովան վայր է գցում գոռոզներին և օգնում է աղքատ մարդկանց, որոնք ուզում են ծառայել իրեն։ Այդ խոսքերից տեսնում ենք նաև, թե ինչ գիտելիքներ ուներ Մարիամը։ Եբրայերեն Գրություններից նա ավելի քան 20 մեջբերում կատարեց։
Հստակ է, որ Մարիամը շատ էր խորհրդածել Աստծու Խոսքի շուրջ։ Այդուհանդերձ, նա խոնարհություն էր դրսևորել և թույլ էր տվել, որ Գրություննե՛րը խոսեն իր մասին։ Հետագայում նույն ոգին դրսևորեց նաև Հիսուսը։ Նա ասաց. «Ինչ որ ես սովորեցնում եմ, իմը չէ, այլ նրանն է, ով ուղարկեց ինձ» (Հովհաննես 7։16)։ Ուստի լավ կլինի հարցնենք ինքներս մեզ. «Դրսևորո՞ւմ եմ արդյոք այդպիսի խոր հարգանք Աստծու Խոսքի հանդեպ, թե՞ նախընտրում եմ հետևել իմ սեփական գաղափարներին և ուսուցումներին»։ Պարզ է, թե ինչ կպատասխաներ Մարիամը։
Մարիամը Եղիսաբեթի տանը ապրեց երեք ամիս։ Անկասկած, նրանք փոխադարձաբար քաջալերվեցին (Ղուկաս 1։56)։ Այս երկու կանայք հիշեցնում են մեզ, թե որքան կարևոր է լավ ընկերներ ունենալ։ Եթե փնտրենք այնպիսի ընկերներ, որոնք սիրում են մեր Աստծուն՝ Եհովային, ապա կարող ենք վստահ լինել, որ կառաջադիմենք հոգևորապես և ավելի կմոտենանք Աստծուն (Առակաց 13։20)։ Երեք ամիս հետո Մարիամը պետք է վերադառնար տուն։ Ի՞նչ ասաց Հովսեփը, երբ իմացավ, որ նա հղի է։
Մարիամն ու Հովսեփը
Հավանաբար Մարիամը չսպասեց այնքան, որ իր հղիությունը ակնհայտ դառնա և հետո միայն տեղեկացնի այդ մասին Հովսեփին։ Անկասկած, նա պետք է խոսեր Հովսեփի հետ։ Մինչ այդ Մարիամը թերևս անհանգստանում էր այն մասին, թե ինչպես է այդ համեստ աստվածավախ անձնավորությունը արձագանքելու իր ասածին։ Այնուամենայնիվ, Մարիամը պատմեց Հովսեփին այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Կարելի է պատկերացնել, թե որքան մտահոգվեց Հովսեփը։ Նա ուզում էր հավատալ Մարիամին, բայց այդպիսի բան նախկինում երբեք տեղի չէր ունեցել։ Աստվածաշունչը չի նշում, թե ինչ մտածեց կամ ինչ ասաց Հովսեփը։ Սակայն տեղեկանում ենք, որ նա որոշեց բաժանվել Մարիամից, քանի որ այն ժամանակ նշանված զույգերը համարվում էին ամուսնացած։ Եվ քանի որ նա չէր ուզում, որ Մարիամը խայտառակվի հանրության առջև կամ պատիժ կրի, որոշեց գաղտնի բաժանվել նրանից (Մատթեոս 1։18, 19)։ Ըստ ամենայնի, Մարիամը ցավ զգաց՝ տեսնելով, թե ինչպես է այս բարի անձնավորությունը տանջվում։ Այդուհանդերձ, նա չդառնացավ։
Եհովան թույլ չտվեց, որ Հովսեփը անի այն, ինչ, նրա կարծիքով, այդ պահին ճիշտ էր։ Աստծու հրեշտակը երազում երևաց նրան ու ասաց, որ Մարիամի հղիությունը իրականում հրաշք է։ Որքա՜ն նա մխիթարվեց, երբ լսեց այդ լուրը։ Դրանից հետո Հովսեփը հետևեց Եհովայի առաջնորդությանը, ինչպես որ արել էր Մարիամը հենց սկզբից։ Նա ամուսնացավ Մարիամի հետ և ստանձնեց Եհովայի Որդուն հոգ տանելու առանձնահատուկ պատասխանատվությունը (Մատթեոս 1։20–24)։
Ամուսնացած զույգերը, ինչպես նաև նրանք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ, կարող են շատ բան սովորել 2000 տարի առաջ ապրած այս երիտասարդ ամուսիններից։ Երբ Հովսեփը տեսնում էր, թե ինչպես է իր երիտասարդ կինը կատարում իր մայրական պարտականությունները, նա անկասկած ուրախանում էր, որ Եհովայի հրեշտակը առաջնորդություն տվեց իրեն։ Հովսեփը հասկանում էր, որ լուրջ որոշումների առաջ կանգնելիս կարևոր է վստահել Եհովային (Սաղմոս 37։5; Առակաց 18։13)։ Որպես ընտանիքի գլուխ՝ նա անշուշտ հոգատարություն և բարություն դրսևորեց որոշումներ կայացնելիս։
Իսկ ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Նա ցույց տվեց, որ վերաբերվում է նրան որպես ապագա ընտանիքի գլխի՝ սպասելով վերջինիս որոշմանը։ Դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ Հովսեփը սկզբում դժվարանում էր հասկանալ Մարիամին։ Անշուշտ, այս միջադեպը նպաստեց, որ Մարիամը հետագայում էլ շարունակի դրսևորել նույն մտայնությունը։ Այսօրվա քրիստոնյա կանայք կարող են դասեր քաղել նրա օրինակից։ Ի վերջո, այս դեպքերը և՛ Հովսեփին, և՛ Մարիամին շատ բան սովորեցրին հարգանքի ու բաց հաղորդակցության մասին։
Այդ երիտասարդ զույգը իրենց ամուսնությունը լավ հիմքի վրա կառուցեց։ Երկուսն էլ շատ էին սիրում Եհովա Աստծուն և ձգտում էին հաճեցնել նրան՝ որպես պատասխանատու և հոգատար ծնողներ։ Իհարկե, դժվարությունները դեռ առջևում էին։ Սակայն նրանք մեծ օրհնություններ էլ էին վայելելու՝ մեծացնելով Հիսուսին։ Հետագայում նրանց որդին դարձավ մեծագույն մարդը, որին աշխարհը երբևէ ճանաչել է։
[նկար 17–րդ էջի վրա]
Աստծու հանդեպ սերը ամենալավ հիմքն է ամուսնության համար