Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ Հիսուսը ասաց մի կնոջ, որը ճանաչված էր որպես մեղավոր, թե նրա մեղքերը ներված են (Ղուկ. 7։37, 48)։
Երբ Հիսուսը Սիմոն անունով մի փարիսեցու տանը ճաշի ժամանակ թիկնել էր սեղանի շուրջ, մի կին «հետևի կողմից կանգնեց նրա ոտքերի մոտ»։ Նա Հիսուսի ոտքերը թրջեց իր արցունքներով և սրբեց իր մազերով, ապա սկսեց համբուրել նրա ոտքերը և օծել անուշահոտ յուղով։ Ինչպես ասվում է Ավետարանում, այդ կինը «քաղաքում ճանաչված էր որպես մեղավոր»։ Ճիշտ է, յուրաքանչյուր անկատար մարդ մեղավոր է, սակայն Աստվածաշունչը սովորաբար այս բառը գործածում է նկարագրելու համար այն անհատին, որի մեղքերի մասին շատ մարդիկ գիտեն, և որը մեղք գործողի համբավ ունի։ Հավանաբար, այդ կինը մարմնավաճառ էր։ Չնայած դրան՝ Հիսուսը նրան ասաց. «Քո մեղքերը ներված են» (Ղուկ. 7։36–38, 48)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Ինչպե՞ս էր հնարավոր ներել այդ կնոջը, եթե Քրիստոսը դեռևս չէր տվել իր կյանքը որպես քավիչ զոհ։
Այն բանից հետո, երբ կինը լվաց և յուղով օծեց Հիսուսի ոտքերը, վերջինս, մինչ կասեր, որ նրա մեղքերը ներված են, մի օրինակ բերեց՝ կարևոր դաս սովորեցնելով իր հյուրընկալին՝ Սիմոնին։ Մեղքը նմանեցնելով մի շատ մեծ պարտքի, որը հնարավոր չէ վճարել՝ Հիսուսը Սիմոնին ասաց. «Երկու մարդ պարտք էին մի պարտատիրոջ. մեկը պարտք էր հինգ հարյուր դինար, մյուսը՝ հիսուն։ Երբ նրանք ոչինչ չունեին վճարելու, նա երկուսին էլ մեծահոգաբար ներեց։ Ուրեմն նրանցից ո՞ր մեկը նրան ավելի շատ կսիրի»։ Սիմոնը պատասխանեց ու ասաց. «Կարծում եմ՝ նա, որին մեծահոգաբար ավելի շատ ներեց»։ Հիսուսն էլ ասաց. «Ճիշտ դատեցիր» (Ղուկ. 7։41–43)։ Անշուշտ, բոլորս պարտավոր ենք հնազանդվել Աստծուն։ Սակայն երբ չենք հնազանդվում և մեղք ենք գործում, փաստորեն, չենք վճարում այն, ինչը պարտավոր ենք տալու նրան։ Այդպիսով մենք շատացնում ենք մեր պարտքը։ Եհովան նման է մի պարտատիրոջ, որը ցանկանում է ներել պարտքերը, թեև դրանք շատ են։ Ահա թե ինչու Հիսուսը խրախուսեց իր հետևորդներին աղոթել Աստծուն և խնդրել նրան. «Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին» (Մատթ. 6։12)։ Ղուկաս 11։4 համարում այդ պարտքերը համեմատվում են մեղքերի հետ։
Իսկ ի՞նչ պայմանով էր Եհովան անցյալում ներում մեղքերը։ Նրա կատարյալ արդարությունը պահանջում է, որ մեղք գործած անհատը մահվան դատապարտվի։ Օրինակ՝ Ադամը կատարած մեղքի դիմաց իր կյանքով վճարեց։ Իսկ Օրենքի տակ գտնվող իսրայելացի մեղսագործի մեղքը կարող էր ներվել, եթե նա Եհովային կենդանական զոհ մատուցեր։ Պողոս առաքյալը նշեց. «Գրեթե ամեն բան արյունով է մաքրվում, և մինչև արյուն չի թափվում, ներում չի լինում» (Եբր. 9։22)։ Հրեաներին Աստծու ներումը ստանալու ուրիշ որևէ միջոց հայտնի չէր։ Ուստի զարմանալի չէ, որ ներկաները, լսելով Հիսուսի՝ կնոջն ուղղված խոսքերը, սկսեցին մտածել. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ մեղքեր է ներում» (Ղուկ. 7։49)։ Իսկապես, ինչի՞ հիման վրա այդ մեղավոր կինը կարող էր ներում ստանալ։
Առաջին մարգարեության մեջ, որը տրվեց այն բանից հետո, երբ մեր նախածնողները ապստամբեցին Եհովայի դեմ, խոսվում էր «սերունդ» առաջ բերելու Աստծու նպատակի մասին։ Այդ «սերնդի» գարշապարը պետք է խայթեին Սատանան և նրա «սերունդը» (Ծննդ. 3։15)։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Աստծու թշնամիները Հիսուսին մահվան մատնեցին (Գաղ. 3։13, 16)։ Քրիստոսի թափած արյունն այն փրկանքն է, որը մարդկանց ազատում է մեղքից ու մահից։ Քանի որ ոչինչ չի կարող խոչընդոտել Աստծուն իրագործելու իր նպատակը, այն պահին, երբ ասվեցին Ծննդոց 3։15 համարում արձանագրված խոսքերը, Եհովան համարեց, որ փրկանքն արդեն վճարված է։ Դրանից հետո նա կարող էր ներել իր խոստումներին հավատ դրսևորող մարդկանց։
Նախաքրիստոնեական ժամանակներում Եհովան մի շարք մարդկանց արդար է համարել։ Նրանցից էին Ենովքը, Նոյը, Աբրահամը, Ռախաբը և Հոբը։ Նրանք հավատ ունեին և անհամբերությամբ սպասում էին Աստծու խոստումների իրականացմանը։ «Աբրահամը հավատ ընծայեց Եհովային,— գրեց Հակոբոս աշակերտը,— և դա նրա համար արդարություն համարվեց»։ Իսկ Ռախաբի մասին նա ասաց. «Նմանապես, չէ՞ որ պոռնիկ Ռախաբն էլ գործերով արդար հայտարարվեց» (Հակ. 2։21–25)։
Հին Իսրայելի Դավիթ թագավորը մի քանի լուրջ մեղք գործեց։ Սակայն նա ամուր հավատ ուներ ճշմարիտ Աստծու հանդեպ և ամեն անգամ անկեղծորեն զղջում էր իր արարքների համար։ Աստծու Խոսքն ասում է. «Աստված մատուցեց [Հիսուսին] որպես զոհ հաշտության համար, որը հնարավոր է նրա արյանը հավատ ընծայելու միջոցով։ Եվ դա արեց, որպեսզի ցույց տա իր սեփական արդարությունը, որովհետև ներում էր անցյալում կատարված մեղքերը, մինչ ինքը՝ Աստված, համբերատարություն էր ցուցաբերում այն բանի համար, որ ցուցադրի իր իսկ արդարությունը այս ներկա ժամանակում, որպեսզի ինքը արդար լինի նույնիսկ այն ժամանակ, երբ արդար կհայտարարի նրան, ով հավատում է Հիսուսին» (Հռոմ. 3։25, 26)։ Հիսուսի քավիչ զոհի հիման վրա, որը մատուցվելու էր ապագայում, Եհովան կարող էր ներել Դավթի մեղքերը՝ առանց զիջումների գնալու արդարության իր պահանջների հարցում։
Ակներևաբար, Հիսուսի ոտքերը օծող կնոջ մեղքերը ներվեցին նույն սկզբունքով։ Նա ապրել էր անբարո կյանքով, սակայն զղջացել էր։ Կինը հասկանում էր, որ մեղավոր է և անհրաժեշտ է, որ իր մեղքերը ներվեն։ Ուստի իր արարքներով ցույց տվեց, որ իսկապես գնահատում է այն անձնավորությանը, ում միջոցով Եհովան պիտի ներում շնորհեր։ Թեև զոհաբերությունը արվելու էր ապագայում, սակայն դա այնքան հաստատ էր, որ այն արդեն կարելի էր կիրառել այս կնոջ պես մեղավոր մարդկանց պարագայում։ Այդ պատճառով Հիսուսն ասաց նրան. «Քո մեղքերը ներված են»։
Ինչպես տեսնում ենք այս դրվագից, Հիսուսը չէր խուսափում մեղավոր մարդկանցից։ Նա բարիք էր անում նրանց։ Ուրախալի է իմանալ, որ Հիսուսի Հայրը՝ Եհովան, ցանկանում է ներել զղջացող մեղավորներին։ Ի՜նչ հրաշալի և սիրտ ջերմացնող հավաստիացում է տրվում մեզ՝ անկատար մարդկանց։
[Նկար 7–րդ էջի վրա]
Դա նրանց համար արդարություն համարվեց