Աստծու ոգու առաջնորդությունն առաջին դարում և այսօր
«Այս բոլորը միևնույն ոգին է անում» (1 ԿՈՐՆԹ. 12։11)։
1. Ի՞նչ ենք քննելու այս ուսումնասիրության ընթացքում։
ՊԵՆՏԵԿՈՍՏԵ։ Ինչպիսի՜ ցնցող իրադարձություններ է այդ բառը հիշեցնում (Գործ. 2։1–4)։ Սուրբ ոգու թափվելով նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ. այդուհետ Աստված նոր կերպով էր առաջնորդելու իր ծառաներին։ Նախորդ հոդվածում քննեցինք, թե ինչպես էր Աստծու ոգին զորացնում վաղեմի հավատարիմ մարդկանց, որ կատարեն դժվար ու ամենայն մանրամասնությամբ տրված իրենց հանձնարարությունները։ Բայց ի՞նչ տարբերություն կա այն բանի մեջ, թե ինչպես էր այդ ոգին գործում նախաքրիստոնեական ժամանակներում և ինչպես էր գործում առաջին դարում։ Ինչպե՞ս են այսօր քրիստոնյաները օգուտներ ստանում սուրբ ոգու գործունեությունից։ Եկեք տեսնենք։
«Ահա՛ Եհովայի աղախինը»
2. Ինչպե՞ս էր Մարիամը տեսել սուրբ ոգու ազդեցությունը։
2 Մարիամը Երուսաղեմում գտնվող մեծ վերնասենյակում էր, երբ թափվեց խոստացված սուրբ ոգին (Գործ. 1։13, 14)։ Սակայն դրանից ավելի քան երեք տասնամյակ առաջ նա տեսել էր, թե ինչ առանձնահատուկ կերպերով էր գործել Եհովայի ոգին։ Եհովան իր Որդու կյանքը երկնքից տեղափոխել էր Մարիամի արգանդը, երբ նա դեռ կույս էր։ Երեխան, որը կյանք էր առել նրա մեջ, «սուրբ ոգուց էր» (Մատթ. 1։20)։
3, 4. Ինչպիսի՞ տրամադրվածություն դրսևորեց Մարիամը, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
3 Ինչո՞ւ էր Մարիամին տրվել այս անզուգական առանձնաշնորհումը։ Երբ հրեշտակը բացատրեց Մարիամին, թե որն է նրա հետ կապված Եհովայի կամքը, նա բացականչեց. «Ահա՛ Եհովայի աղախինը։ Թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1։38)։ Այդպես արտահայտվելով՝ Մարիամը բացահայտեց իր սրտի վիճակը, որն Աստված արդեն նկատել էր։ Նրա արագ արձագանքը ցույց է տալիս, որ պատրաստ էր ընդունելու իր հետ կապված Աստծու կամքը։ Մարիամը ոչ մի հարց չտվեց այն մասին, թե ինչպես էին շրջապատի մարդիկ դիտելու իր հղիությունը կամ ինչպես էր դա անդրադառնալու իր նշանածի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Իր մասին խոսելով որպես ամենացածր աղախնի՝ Մարիամը ցույց տվեց, որ լիովին վստահում էր Եհովային որպես իր Տիրոջ։
4 Երբևէ ընկճվե՞լ ես ծառայության մեջ դժվարություններ ունենալիս կամ պատասխանատվություններ կատարելիս։ Յուրաքանչյուրս պետք է հարց տա իրեն. «Լիովին ապավինո՞ւմ եմ Եհովային ու վստահո՞ւմ եմ, որ ամեն բան իր կամքին ներդաշնակ կանի։ Իսկապես դրսևորո՞ւմ եմ պատրաստակամ ոգի»։ Համոզված եղիր, որ Աստված իր ոգին տալիս է նրանց, ովքեր ամբողջ սրտով ապավինում են իրեն և ընդունում են իր՝ որպես Գերիշխանի կամքը (Գործ. 5։32)։
Սուրբ ոգին օգնեց Պետրոսին
5. Ինչպե՞ս էր Պետրոսը տեսել սուրբ ոգու զորությունը 33թ. Պենտեկոստեից առաջ։
5 Մարիամի նման՝ Պետրոսն էլ էր 33թ. Պենտեկոստեից առաջ իր վրա զգացել սուրբ ոգու զորությունը։ Հիսուսը նրան ու մյուս առաքյալներին դևեր հանելու իշխանություն տվեց (Մարկ. 3։14–16)։ Թեև Աստվածաշնչում չկան շատ մանրամասնություններ, սակայն հավանաբար Պետրոսը օգտագործեց իրեն տրված իշխանությունը։ Աստծու զորությունը ակնհայտ եղավ նաև այն ժամանակ, երբ Հիսուսը Պետրոսին հրավիրեց Գալիլեայի ծովի վրայով քայլելով իր մոտ գալ, և առաքյալն այդպես էլ արեց (կարդա՛ Մատթեոս 14։25–29)։ Ակնհայտ է, որ Պետրոսը ապավինում էր սուրբ ոգու օգնությանը, որ կարողանար զորավոր գործեր անել։ Շուտով այդ ոգին նոր կերպերով էր գործելու Պետրոսի և մյուս աշակերտների վրա։
6. Աստծու ոգու շնորհիվ ի՞նչ կարողացավ անել Պետրոսը 33թ. Պենտեկոստեին և դրանից հետո։
6 33թ. Պենտեկոստեին Պետրոսին և մյուս աշակերտներին հրաշքով կարողություն տրվեց խոսելու Երուսաղեմ հյուր եկածների լեզուներով։ Պետրոսը նախաձեռնություն վերցրեց, որ խոսի հավաքված բազմության հետ (Գործ. 2։14–36)։ Այո՛, այս մարդը, որը երբեմն անմտածված էր գործում կամ վախով էր համակվում, քաջությամբ լցվեց ու խիզախորեն վկայություն տվեց՝ չնայած սպառնալիքներին ու հալածանքին (Գործ. 4։18–20, 31)։ Սուրբ ոգու շնորհիվ նա նաև որոշակի տեղեկություններ ստացավ (Գործ. 5։8, 9)։ Պետրոսին նույնիսկ հարություն տալու զորություն տրվեց (Գործ. 9։40)։
7. Հիսուսի սովորեցրած ո՞ր բաները պարզ դարձան Պետրոսին սուրբ ոգով օծվելուց հետո։
7 Պենտեկոստեից առաջ Պետրոսը հասկանում էր Հիսուսի սովորեցրած ճշմարտություններից շատերը (Մատթ. 16։16, 17; Հովհ. 6։68)։ Սակայն կային որոշ բաներ, որոնք պարզ չէին իր համար։ Օրինակ՝ նա չէր հասկացել, որ Հիսուսը երրորդ օրը հարություն է առնելու որպես ոգեղեն էակ և որ Թագավորությունը երկնքում է հաստատվելու (Հովհ. 20։6–10; Գործ. 1։6)։ Ոգեղեն էակ դառնալու և երկնային Թագավորությունում իշխելու հասկացությունները խորթ էին Պետրոսի համար։ Երբ սուրբ ոգով մկրտվեց ու երկնային հույս ստացավ, այդ ժամանակ միայն կարողացավ հասկանալ այն բոլոր բաները, որ սովորեցնում էր Հիսուսը այս հարցերի վերաբերյալ։
8. Ի՞նչ գիտելիքներ ունեն թե՛ օծյալները, թե՛ «ուրիշ ոչխարները»։
8 Սուրբ ոգու թափվելուց հետո Հիսուսի աշակերտները այնպիսի հասկացողությամբ օժտվեցին, որը չունեին դրանից առաջ։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները սուրբ ոգու ներշնչմամբ մեր օգտի համար շարադրել են Եհովայի նպատակի վերաբերյալ զարմանալի ճշմարտությունները (Եփես. 3։8–11, 18)։ Այսօր թե՛ օծյալները, թե՛ «ուրիշ ոչխարները» միասին սնվում են հոգևորապես և յուրացնում այդ նույն ճշմարտությունները (Հովհ. 10։16)։ Թա՞նկ ես համարում Աստծու Խոսքից ստացած գիտելիքները և այն հասկանալու հնարավորությունը, որը տալիս է սուրբ ոգին։
Պողոսը «սուրբ ոգով լցվեց»
9. Ի՞նչ կարողացավ իրագործել Պողոսը սուրբ ոգու շնորհիվ։
9 33թ. Պենտեկոստեից մոտ մեկ տարի անց սուրբ ոգու պարգևը ստացավ մեկ ուրիշ մարդ։ Այդ մարդը Սողոսն էր, որը հետագայում հայտնի դարձավ Պողոս անունով։ Քննելով, թե ինչպես ոգին գործեց նրա վրա՝ օգուտներ կքաղենք։ Պողոս առաքյալը ոգու ներշնչմամբ գրի առավ Աստվածաշնչի 14 գրքերը։ Եվ ինչպես որ Պետրոսի դեպքում էր, Աստծու ոգին օգնեց Պողոսին հասկանալու և պարզ գրի առնելու անմահության հույսի ու երկնքում անապականություն ստանալու մասին։ Սուրբ ոգու շնորհիվ Պողոսը հիվանդություններ բուժեց, դևեր հանեց և նույնիսկ մահացածի հարություն տվեց։ Սակայն սուրբ ոգուց ստացած զորությունը շատ ավելի մեծ նպատակի էր ծառայում, նպատակի, որն իրագործում են Աստծու բոլոր ծառաներն այսօր, թեև ոչ հրաշքով։
10. Սուրբ ոգին ինչպե՞ս օգնեց Պողոսին խոսելու։
10 Պողոսը, լցված լինելով սուրբ ոգով, խիզախորեն խոսեց մի մարդու հետ, որը կախարդ էր։ Դա մեծ ազդեցություն թողեց Կիպրոսի պրոկոնսուլի վրա, որը լսում էր ողջ զրույցը։ Նա ընդունեց ճշմարտությունը, «քանի որ հիացած էր այն ամենով, ինչ սովորել էր Եհովայի մասին» (Գործ. 13։8–12)։ Պարզ է, որ առաքյալը շատ լավ գիտեր, թե ճշմարտությունը խոսելիս որքան կարևոր է Աստծու սուրբ ոգու դերը (Մատթ. 10։20)։ Ավելի ուշ նա խնդրեց Եփեսոսի ժողովին, որ աղաչանք անեն իր համար, «որպեսզի կարողանա.... խոսել» (Եփես. 6։18–20)։
11. Ինչպե՞ս էր Պողոսն առաջնորդվում Աստծու ոգով։
11 Սուրբ ոգին Պողոսին ոչ միայն խոսելու կարողություն էր տալիս, այլև երբեմն արգելում էր նրան խոսել որոշ վայրերում։ Առաքյալն իր միսիոներական ճանապարհորդությունները ձեռնարկելիս առաջնորդվում էր Աստծու ոգով (Գործ. 13։2; կարդա՛ Գործեր 16։6–10)։ Եհովան շարունակում է իր ոգով առաջնորդել քարոզչական գործը։ Պողոսի նման՝ Եհովայի բոլոր հնազանդ ծառաները ջանում են խիզախորեն ու նախանձախնդրությամբ հայտնել ճշմարտությունը։ Թեև Աստծու առաջնորդությունն այսօր այնքան ակնհայտ չէ, որքան Պողոսի ժամանակներում, կարող ենք համոզված լինել, որ Եհովան իր սուրբ ոգու միջոցով գտնում է բոլոր արժանիներին, որպեսզի լսեն ճշմարտությունը (Հովհ. 6։44)։
«Զորությունը զանազան կերպերով է դրսևորվում»
12-14. Արդյոք Աստծու ոգին նույն կերպո՞վ է գործում նրա բոլոր ծառաների վրա։ Բացատրի՛ր։
12 Մի՞թե առաջին դարի օծյալների ժողովի ստացած օրհնությունների մասին արձանագրությունները չեն քաջալերում Աստծու ժամանակակից նվիրված ծառաներին։ Հիշիր, թե Պողոսը սուրբ ոգու ներշնչմամբ ինչ գրեց Կորնթոսի ժողովին ոգու հրաշալի պարգևների մասին։ Նա ասաց. «Պարգևները զանազան են, բայց ոգին մեկն է, ծառայությունները զանազան են, մինչդեռ Տերը մեկն է, և զորությունը զանազան կերպերով է դրսևորվում, բայց մեկն է Աստված, որի միջոցով այդ զորությունը բոլոր մարդկանց մեջ տարբեր կերպերով է դրսևորվում» (1 Կորնթ. 12։4–6, 11)։ Այո՛, Աստծու տարբեր ծառաների վրա սուրբ ոգին կարող է հատուկ նպատակով զանազան կերպերով գործել։ Այն առաջնորդում է և՛ «փոքր հոտին», և՛ «ուրիշ ոչխարներին» (Ղուկ. 12։32; Հովհ. 10։16)։ Սակայն ոգին ոչ միշտ է նույն կերպով գործում ժողովի յուրաքանչյուր անդամի վրա։
13 Օրինակ՝ երեցները նշանակված են սուրբ ոգով (Գործ. 20։28)։ Սակայն ոչ բոլոր օծյալներն են ժողովում ծառայում որպես վերակացուներ։ Ի՞նչ եզրահանգման ենք գալիս։ Աստծու ոգին տարբեր կերպերով է գործում ժողովի անդամների վրա։
14 Այն ոգին, որը օծյալներին «որդեգրության ոգի» է տալիս, այսինքն՝ որի շնորհիվ նրանք վստահ են, որ Աստծու որդի են, այն նույն ոգին է, որով Եհովան մահացածների միջից հարություն տվեց իր միածին Որդուն և անմահ կյանք տվեց երկնքում (կարդա՛ Հռոմեացիներ 8։11, 15)։ Այդ նույն ոգով է Եհովան արարել ողջ տիեզերքը (Ծննդ. 1։1–3)։ Այդ նույն ոգով Եհովան Բեսելիելին ընդունակ դարձրեց խորանի հատուկ աշխատանքների համար, Սամսոնին զորացրեց այնպիսի գործեր անելու, որոնք մեծ զորություն էին պահանջում, իսկ Պետրոսին հնարավորություն տվեց ջրի վրայով քայլելու։ Ուստի եկեք չշփոթենք Աստծու ոգին ունենալը Աստծու ոգով օծված լինելու հետ, քանի որ վերջինս պարզապես այդ ոգու հատուկ դրսևորումներից մեկն է։ Աստված է ընտրում, թե ում օծի իր ոգով։
15. Արդյոք սուրբ ոգով մկրտվելը մի՞շտ է լինելու։ Բացատրի՛ր։
15 Աստծու գործուն ուժը տարբեր կերպերով է գործել իր հավատարիմ ծառաների վրա։ Նախքան Եհովան իր ժողովրդին կսկսեր օծել սուրբ ոգով, այն արդեն հազարավոր տարիներ գործում էր հավատարիմ մարդկանց վրա։ 33թ. Պենտեկոստեին ոգին նոր կերպով դրսևորվեց, ինչը հավիտյան չէր շարունակվելու։ Ոգով մկրտվելը դադարելու է, բայց սուրբ ոգին շարունակելու է գործել Աստծու ժողովրդի վրա, որպեսզի ողջ հավիտենության ընթացքում նրանք կարողանան նրա կամքը կատարել։
16. Շնորհիվ սուրբ ոգու ի՞նչ են այժմ անում Աստծու ծառաները։
16 Եհովայի սուրբ ոգու շնորհիվ ի՞նչ է տեղի ունենում այժմ երկրի վրա։ Հայտնություն 22։17-ում ասվում է. «Ոգին ու հարսը ասում են՝ ե՛կ։ Եվ նա, ով լսում է, թող ասի՝ ե՛կ։ Նա, ով ծարավ է, թող գա, և նա, ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի»։ Այսօր Աստծու ոգին մղում է քրիստոնյաներին հրավիրելու բոլոր ցանկացողներին վերցնել կյանքի ջուրը։ Օծյալ քրիստոնյաները այդ գործում առաջնորդություն են վերցնում, և նրանց միանում են ուրիշ ոչխարները։ Երկու դասակարգն էլ հրավերը տալու հարցում համագործակցում է միևնույն սուրբ ոգու հետ։ Երկու դասակարգն էլ խորհրդանշել է իր նվիրումը Եհովային՝ «մկրտվելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով» (Մատթ. 28։19)։ Եվ բոլորը իրենց կյանքում առաջնորդվում են Աստծու ոգով՝ թույլ տալով, որ այն իրենց մեջ առաջացնի իր պտուղը (Գաղ. 5։22, 23)։ Օծյալների նման՝ ուրիշ ոչխարները թույլ են տալիս, որ Աստծու ոգին օգնի իրենց, ինչի շնորհիվ կարողանում են իրենց լավագույնն անել, որ համապատասխանեն սրբության վերաբերյալ Եհովայի պահանջներին (2 Կորնթ. 7։1; Հայտն. 7։9, 14)։
Շարունակիր Աստծուց խնդրել իր սուրբ ոգին
17. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ ունենք Աստծու ոգին։
17 Այսպիսով՝ անկախ նրանից՝ երկնքում հավիտյան ապրելու հույս ունես, թե երկրի վրա, Եհովան կարող է տալ քեզ «սովորականին գերազանցող ուժը», որպեսզի պահես քո անարատությունը և ստանաս վարձատրությունդ (2 Կորնթ. 4։7)։ Մինչ շարունակում ես քարոզել Թագավորության բարի լուրը, գուցե ծաղրուծանակի ենթարկվես, սակայն հիշիր, որ «եթե Քրիստոսի անվան համար նախատվում ես, երջանիկ ես, որովհետև փառքի ոգին, այո՛, Աստծու ոգին մնում է քեզ վրա» (1 Պետ. 4։14)։
18, 19. Ինչպե՞ս Եհովան կօգնի քեզ իր սուրբ ոգու միջոցով, և այս առումով ի՞նչ ես վճռել։
18 Սուրբ ոգին Աստծու ձրի պարգևն է բոլոր նրանց համար, ովքեր սրտանց խնդրում են այն։ Այդ ոգին ոչ միայն կարող է բարելավել մեր ընդունակությունները, այլև ցանկություն առաջացնել մեր մեջ, որ ծառայության մեջ լավագույնն անենք։ Աստվածաշնչում կարդում ենք. «Աստված հանուն այն բանի, ինչ հաճելի է իրեն, գործում է ձեր մեջ, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք»։ Սուրբ ոգու անգին պարգևը, ինչպես նաև մեր անկեղծ ջանքերը՝ «ամուր բռնելու կյանքի խոսքը», կօգնեն մեզ «շարունակելու ձգտել վախով ու դողով հասնելու մեր փրկությանը» (Փիլիպ. 2։12, 13, 16)։
19 Ուստի լիովին ապավինելով Աստծու ոգուն՝ սիրտդ դիր քո ստացած յուրաքանչյուր նշանակման մեջ, հմտացիր քեզ տրված հանձնարարությունների մեջ և օգնության համար դիմիր Եհովային (Հակ. 1։5)։ Նա կտա քեզ այն, ինչի կարիքն ունես, որ կարողանաս հասկանալ իր Խոսքը, դիմագրավել կյանքի դժվարություններին ու քարոզել բարի լուրը։ «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև»։ Այս խոսքերը վերաբերում են նաև սուրբ ոգի ստանալու համար խնդրանքին (Ղուկ. 11։9, 13)։ Այո՛, շարունակիր աղերսել Եհովային, որ, հին ժամանակների ու ներկայիս հավատարիմ մարդկանց պես, դու էլ առաջնորդվես սուրբ ոգով։
Կարո՞ղ ես բացատրել
• Մարիամի նման՝ ի՞նչ տրամադրվածություն կարող ենք դրսևորել, որ օրհնություններ ստանանք։
• Ի՞նչ իմաստով էր Պողոսը առաջնորդվում Աստծու ոգով։
• Ինչպե՞ս են այսօր Աստծու ծառաները առաջնորդվում նրա ոգով։
[նկար 24-րդ էջի վրա]
Աստծու ոգին օգնեց Պողոսին հաղթահարելու չար ոգիների ազդեցությունը
[նկար 26-րդ էջի վրա]
Այսօր սուրբ ոգին օգնում է քրիստոնյաներին, անկախ այն բանից, թե նրանք ինչ հույս ունեն