Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Ղուկաս» գրքից
ԸՍՏ ընդունված կարծիքի՝ Մատթեոսի Ավետարանը նախատեսված է եղել հիմնականում հրեաների, իսկ Մարկոսինը՝ ոչ հրեաների համար։ Ինչ վերաբերում է Ղուկասի Ավետարանին, այն գրվել է բոլոր ազգերի մարդկանց համար։ Այս Ավետարանը, որ գրվել է 56–58 թթ.-ին, առավել ամբողջական է ներկայացնում Հիսուսի կյանքն ու ծառայությունը։
Ղուկասը, որ հոգատար և ուշադիր բժիշկ էր, «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել» էր և գրի էր առել 35 տարվա պատմություն՝ մ.թ.ա. 3–ից մինչև մ.թ. 33–ը (Ղուկ. 1։3)։ Ղուկասի Ավետարանում պարունակված տեղեկության գրեթե 60 տոկոսը չի հանդիպում մյուս Ավետարաններում։
ՎԱՂ ՇՐՋԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հովհաննես Մկրտչի և Հիսուսի մասին որոշ մանրամասնություններ պատմելուց հետո Ղուկասը գրում է, որ Հովհաննեսը իր ծառայությունը սկսել է Տիբերիոս կայսեր իշխանության 15–րդ տարում, այսինքն՝ մ.թ. 29–ի գարնանը (Ղուկ. 3։1, 2)։ Այդ տարվա աշնանը Հովհաննեսը մկրտում է Հիսուսին (Ղուկ. 3։21, 22)։ Մ.թ. 30–ին «Հիսուսը վերադառնում է Գալիլեա և սովորեցնում է նրանց ժողովարաններում» (Ղուկ. 4։14, 15)։
Հիսուսը սկսում է իր առաջին քարոզչական արշավը Գալիլեայում։ Նա բազմությանը ասում է. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծու թագավորության բարի լուրը հռչակեմ» (Ղուկ. 4։43)։ Հիսուսն իր հետ վերցնում է ձկնորս Սիմոնին և ուրիշների։ Նա Սիմոնին ասում է. «Այսուհետև դու կենդանի մարդկանց պիտի որսաս» (Ղուկ. 5։1–11; Մատթ. 4։18, 19)։ Տասներկու առաքյալները Հիսուսի հետ են, երբ նա ձեռնարկում է երկրորդ քարոզչական արշավը Գալիլեայում (Ղուկ. 8։1)։ Երրորդ արշավի ժամանակ նա տասներկուսին ուղարկում է «Աստծու թագավորությունը քարոզելու և բուժումներ անելու» (Ղուկ. 9։1, 2)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։35 — Արդյոք Մարիամի ձվաբջիջը որևէ դեր խաղա՞ց նրա հղիության մեջ։ Որպեսզի Մարիամի երեխան, ինչպես որ Աստված խոստացել էր, իսկապես լիներ իր նախահայրերի՝ Աբրահամի, Հուդայի և Դավթի հետնորդը, նրա ձվաբջիջը պետք է դեր խաղար հղիության մեջ (Ծննդ. 22։15, 18; 49։10; Բ Թագ. 7։8, 16)։ Եհովան իր սուրբ ոգու միջոցով իր Որդու կատարյալ կյանքը տեղափոխեց Մարիամի արգանդը։ Սուրբ ոգու միջոցով Մարիամը հղիացավ (Մատթ. 1։18)։ Ըստ ամենայնի, այս հանգամանքը չեզոքացրեց Մարիամի անկատար ձվաբջջի կողմից ցանկացած ազդեցություն և պաշտպանեց զարգացող պտուղը որևէ վնասից։
1։62 — Արդյո՞ք Զաքարիան դարձավ համր և խուլ։ Ո՛չ։ Նա միայն համրացավ։ Մարդիկ «նշաններով» հարցրին նրան, թե ինչ կկամենար երեխային կոչել։ Սակայն պատճառը այն չէր, որ Զաքարիան խուլ էր։ Ամենայն հավանականությամբ, նա լսեց, թե երեխային անուն տալու մասին ինչ ասաց իր կինը։ Հնարավոր է՝ նրան այդ մասին հարցրել են ժեստերի միջոցով։ Այն փաստը, որ պետք է վերականգնվեր միայն նրա խոսելու ունակությունը, ցույց է տալիս, որ Զաքարիան չէր կորցրել լսողությունը (Ղուկ. 1։13, 18–20, 60–64)։
2։1, 2 — Ինչպե՞ս է «առաջին գրանցման» մասին հիշատակումից պարզ դառնում, թե երբ է ծնվել Հիսուսը։ Օգոստոս կայսեր օրոք տեղի են ունեցել մեկից ավելի մարդահամարներ։ Առաջինը եղել է մ.թ.ա. 2–ին, ինչով և կատարվել է Դանիէլ 11։20–ը, իսկ երկրորդը՝ մ.թ. 6 կամ 7 թվականին (Գործ. 5։37)։ Կյուրենիոսը Ասորիքի կառավարիչն էր այդ երկու մարդահամարների ժամանակ. ըստ ամենայնի, նա այդ պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ։ Առաջին մարդահամարի մասին Ղուկասի հիշատակումը մատնացույց է անում, որ Հիսուսը ծնվել է մ.թ.ա. 2–ին։
2։35 — Ի՞նչ իմաստով էր «երկար սուր» անցնելու Մարիամի հոգու միջով։ Մարիամը հոգեկան ծանր ապրումներ էր ունենալու՝ տեսնելով, որ մարդկանց մեծամասնությունը մերժում է Հիսուսին որպես Մեսիայի։ Նաև մեծ վիշտ էր զգալու՝ տեսնելով իր որդու տանջալից մահը (Հովհ. 19։25)։
9։27, 28 — Ինչո՞ւ է Ղուկասն ասում, որ այլակերպությունը տեղի ունեցավ «ութ օր» անց այն բանից հետո, երբ Հիսուսը աշակերտներին խոստացավ, որ նրանցից ոմանք «մահ չեն ճաշակի», մինչև որ չտեսնեն իրեն իր Թագավորությամբ գալիս, այնինչ Մատթեոսն ու Մարկոսը նշում են, որ դա տեղի ունեցավ «վեց օր հետո» (Մատթ. 17։1; Մարկ. 9։2)։ Ղուկասը ակներևաբար ավելացրել է երկու օր՝ մեկը այն օրն է, երբ Հիսուսը խոստում տվեց, մյուսը՝ երբ այդ խոստումը կատարեց։
9։49, 50 — Այն մարդը, ով դևեր էր հանում, չէր հետևում Հիսուսին։ Ինչո՞ւ Հիսուսը չարգելեց նրան։ Որովհետև քրիստոնեական ժողովը դեռևս չէր կազմավորվել։ Հետևաբար, այդ մարդուց չէր պահանջվում բառացիորեն հետևել Հիսուսին, որպեսզի կարողանար փաստել նրա անվան հանդեպ ունեցած իր հավատը և կարողանար դևեր հանել (Մարկ. 9։38–40)։
Դասեր մեզ համար
1։32, 33; 2։19, 51. Մարիամը իր սրտում պահում էր այն դեպքերն ու խոսքերը, որոնք կապ ունեին մարգարեությունների կատարման հետ։ Իսկ մենք մեր սրտում պահո՞ւմ ենք «իրերի համակարգի վախճանի» մասին Հիսուսի կանխագուշակումները՝ համեմատելով նրա ասածները այսօր տեղի ունեցող դեպքերի հետ (Մատթ. 24։3)։
2։37. Աննայից սովորում ենք, որ մշտապես պետք է երկրպագենք Եհովային, «աղոթքում հարատևենք» և «իրար հետ միասին հավաքվելը» չթողնենք, այսինքն՝ հաճախենք քրիստոնեական հանդիպումներին (Հռոմ. 12։12; Եբր. 10։24, 25)։
2։41–50. Հովսեփը Աստծու երկրպագությունը առաջին տեղում էր դնում և հոգում էր իր ընտանիքի նյութական և հոգևոր կարիքները։ Նա գերազանց օրինակ է թողել ընտանիքի գլուխներին։
4։4. Մենք չպետք է թույլ տանք, որ թեկուզ մեկ օր անցնի առանց հոգևորի շուրջ խորհրդածելու։
6։40. Աստծու Խոսքի ուսուցիչը պետք է լավ օրինակ լինի ուսումնասիրողի համար։ Նա պետք է ապրի իր քարոզածի համաձայն։
8։15. Որպեսզի «պահենք խոսքը և տոկունությամբ պտուղ բերենք», պետք է հասկանանք, գնահատենք և կլանենք Աստծու Խոսքը։ Աղոթքն ու խորհրդածությունը անչափ կարևոր են, երբ կարդում ենք Աստվածաշունչը և նրա վրա հիմնված գրականությունը։
ՈՒՇ ՇՐՋԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հիսուսը 70 ուրիշ աշակերտների է իր առաջից ուղարկում դեպի Հուդայի քաղաքներն ու այլ վայրեր (Ղուկ. 10։1)։ Նա ճամփորդում է «քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ՝ սովորեցնելով» (Ղուկ. 13։22)։
Մ.թ. 33–ի Պասեքից հինգ օր առաջ Հիսուսը էշի քուռակի վրա նստած մտնում է Երուսաղեմ։ Եկել է պահը, որ կատարվեն իր աշակերտներին ասած խոսքերը. «Մարդու Որդին շատ չարչարանքներ պիտի կրի և մերժվի երեցների, ավագ քահանաների ու դպիրների կողմից և պիտի սպանվի ու երրորդ օրը հարություն առնի» (Ղուկ. 9։22, 44)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
10։18 — Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ 70 աշակերտներին ասաց. «Տեսա, թե ինչպես Սատանան կայծակի պես արդեն վայր էր ընկել երկնքից»։ Հիսուսը չէր ուզում ասել, որ Սատանան արդեն վտարվել էր երկնքից։ Դա տեղի ունեցավ միայն կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Քրիստոսը 1914–ին երկնքում դարձավ Թագավոր (Հայտն. 12։1–10)։ Թեև չենք կարող պնդել, սակայն Հիսուսը, ապագա դեպքի մասին խոսելով անցյալ ժամանակով, ակներևաբար ցանկացավ շեշտել, որ դա անպայման կատարվելու է։
14։26 — Ինչպե՞ս հասկանալ այն, որ Քրիստոսի հետևորդները պետք է «ատեն» իրենց հարազատներին։ Աստվածաշնչում «ատել» բառը կարող է ունենալ ինչ–որ մեկին կամ ինչ–որ բան ավելի քիչ սիրելու իմաստ (Ծննդ. 29։30, 31)։ Քրիստոնյաները «ատում» են իրենց բարեկամներին այն իմաստով, որ Հիսուսին ավելի շատ են սիրում, քան նրանց (Մատթ. 10։37)։
17։34–37 — Ովքե՞ր են «արծիվները», և ի՞նչ է «մարմինը», որի շուրջ հավաքվում են արծիվները։ Նրանք, ովքեր «կվերցվեն», այսինքն՝ կփրկվեն, նմանեցվում են հեռատես արծիվների։ «Մարմինը», որի շուրջ նրանք հավաքվում են, ճշմարիտ Քրիստոսն է՝ իր անտեսանելի ներկայությամբ, ինչպես նաև այն հոգևոր սնունդը, որ Եհովան տալիս է նրանց (Մատթ. 24։28)։
22։44 — Ինչո՞ւ էր Հիսուսը սաստիկ տագնապի մեջ։ Հիսուսը մտահոգված էր նրանով, թե ինչպես է իր՝ հանցագործի մահով մեռնելը ազդելու Եհովա Աստծու և Նրա անվան վրա։ Բացի այդ, Հիսուսը շատ լավ գիտեր, որ իր հավիտենական կյանքը և ողջ մարդկության ապագան կախված են իր հավատարմությունից։
23։44 — Արդյոք արեգակի խավարման պատճառո՞վ երեք ժամ մթություն տիրեց։ Ո՛չ։ Արեգակի խավարումը տեղի է ունենում նորալուսնի և ոչ թե լիալուսնի ժամանակ։ Իսկ Պասեքի ժամանակ լիալուսին էր։ Հիսուսի մահվան օրը եղած խավարը Աստծու կողմից կատարված հրաշք էր։
Դասեր մեզ համար
11։1–4. Այս խոսքերից մոտ 18 ամիս առաջ Լեռան քարոզի ժամանակ Հիսուսը ասաց տիպար աղոթքը։ Այս երկու աղոթքների համեմատությունը պարզ ցույց է տալիս, որ մեր աղոթքները չպետք է պարզապես լինեն որոշակի բառերի կրկնություն (Մատթ. 6։9–13)։
11։5, 13. Թեև Եհովան պատրաստ է պատասխանելու մեր աղոթքներին, մենք պետք է աղոթելիս հաստատակամ լինենք (1 Հովհ. 5։14)։
11։27, 28. Իսկական երջանկությունը բխում է Աստծու կամքը հավատարմորեն կատարելուց և ոչ թե ընտանեկան փոխհարաբերություններից կամ նյութական ձեռքբերումներից։
11։41. Երբ ողորմության նվերներ ենք տալիս, պետք է տանք սրտանց և սիրով։
12։47, 48. Նա, ով մեծ պատասխանատվություններ ունի, բայց թերանում է կատարել, ավելի է արժանի հանդիմանության, քան նա, ով չգիտի կամ լիովին չի հասկանում իր պարտականությունները։
14։28, 29. Իմաստուն կլինի ապրել մեր բյուջեի սահմաններում։
22։36–38. Հիսուսն իր աշակերտներին չասաց, որ զենք վերցնեն պաշտպանվելու համար։ Այն, որ նրանք սուր էին վերցրել Հիսուսի մատնության գիշերը, հնարավորություն տվեց մի կարևոր դաս սովորեցնելու. «Բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթ. 26։52)։
[նկար 31–րդ էջի վրա]
Հովսեփը գերազանց օրինակ է ընտանիքի գլուխների համար
[նկար 32–րդ էջի վրա]
Ղուկասի Ավետարանը առավել ամբողջական է ներկայացնում Հիսուսի կյանքն ու ծառայությունը