Այս աշխարհի անտեսանելի իշխանը դատապարտված է
ՄԻ ԱՆԳԱՄ Հիսուսն ասաց. «Այս աշխարհի իշխանը դուրս կնետվի»։ Հետո ավելացրեց, որ «այս աշխարհի իշխանը ոչ մի իշխանություն չունի իր վրա» և որ «այս աշխարհի իշխանը դատապարտված է» (Հովհաննես 12։31; 14։30; 16։11)։ Ո՞ւմ մասին էր խոսքը։
«Այս աշխարհի իշխան» ասելով՝ Հիսուսը նկատի չուներ իր Հորը՝ Եհովա Աստծուն։ Այդ դեպքում ո՞վ է այդ «իշխանը»։ Ինչպե՞ս է նա «դուրս նետվելու» և ինչպե՞ս է «դատապարտված»։
«Այս աշխարհի իշխանը» դրսևորում է իրեն
Հմուտ հանցագործը հաճախ հպարտանում է իր իշխանությամբ։ Նույն ձևով վարվեց Սատանան, երբ փորձեց Հիսուսին՝ Աստծու Որդուն։ Ցույց տալով աշխարհի «բոլոր թագավորությունները»՝ նա ասաց. «Այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում որ ուզեմ, նրան էլ կտամ։ Ուստի եթե իմ առաջ ինձ երկրպագություն անես, այս ամենը քոնը կլինի» (Ղուկաս 4։5–7)։
Եթե Սատանան պարզապես չարության խորհրդանիշ լիներ, ինչպես ոմանք են ասում, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այդ փորձությունը։ Արդյո՞ք Հիսուսին փորձում էր նրա մեջ ծագած ինչ-որ չար միտք կամ ներքին անհանգստություն, որը գուցե առաջացել էր մկրտությունից հետո։ Եթե այո, այդ դեպքում ինչպե՞ս կարող էր 1 Հովհաննես 3։5-ում ասվել, որ «նրա մեջ մեղք չկար»։ Հիսուսն ամենևին էլ չմերժեց, որ Սատանան իշխանություն ունի մարդկանց վրա։ Ավելին, նա հաստատեց դա՝ ասելով, որ Սատանան «այս աշխարհի իշխանն» է, որ նա «մարդասպան» է ու «ստախոս» (Հովհաննես 14։30; 8։44)։
Այդ փորձությունից ավելի քան 60 տարի անց Հովհաննես առաքյալը հիշեցրեց քրիստոնյաներին, որ Սատանան մեծ ազդեցություն ունի։ Նա ասաց. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է»։ Առաքյալը նաև նշեց, որ այդ Չարը «մոլորեցնում է ողջ երկիրը» (1 Հովհաննես 5։19; Հայտնություն 12։9)։ Այսպիսով՝ Աստվածաշունչը հստակորեն ասում է, որ կա մի անտեսանելի ոգեղեն արարած, որը «այս աշխարհի իշխանն է»։ Բայց որքա՞ն մեծ է նրա ազդեցությունը։
Աշխարհի իշխանը մենակ չի ղեկավարում
Պողոս առաքյալը գրեց, որ քրիստոնյաները պետք է պայքարեն իրենց հավատի համար, և պարզ ցույց տվեց, թե ով է նրանց ոխերիմ թշնամին։ Նա ասաց. «Մեր պայքարը արյան ու մարմնի դեմ չէ, այլ կառավարությունների, իշխանությունների, այս աշխարհի խավարի տիրակալների դեմ է, երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ» (Եփեսացիներ 6։12)։ Փաստորեն, այս պայքարը մարդկային գործունեության ոլորտից դուրս է, քանի որ այն ոչ թե «արյան ու մարմնի դեմ» է, այլ «ոգեղեն չար ուժերի դեմ»։
Աստվածաշնչի ժամանակակից թարգմանությունների մեծամասնության համաձայն՝ «ոգեղեն չար ուժեր» արտահայտությունը վերաբերում է ոչ թե վերացական չարության խորհրդանիշին, այլ հզոր չար ոգեղեն անձնավորությունների։ Այս արտահայտությունը որոշ թարգմանություններում հնչում է հետևյալ կերպ՝ «չարության ոգեղեն բազմություններ՝ երկնային ոլորտում» (Revised Standard Version), «չարի ոգեղեն զորք՝ երկնքում» (The Jerusalem Bible), «չարի գերմարդկային ուժեր՝ երկնքում» (The New English Bible)։ Այսպիսով՝ Սատանան իր իշխանությունը բանեցնում է ուրիշ ըմբոստ հրեշտակների միջոցով, ովքեր թողել են «իրենց [երկնային] բնակության վայրը» (Հուդա 6)։
Աստվածաշնչի «Դանիել» մարգարեական գիրքը հայտնում է, թե ինչպես են այս «աշխարհի իշխանները», հին ժամանակներից սկսած, իրենց բռի մեջ պահել ողջ աշխարհը։ Դանիել մարգարեն, խորապես մտահոգված լինելով իր ազգակիցներով՝ հրեաներով, ովքեր մ.թ.ա. 537թ.-ին բաբելոնյան գերությունից վերադարձել էին Երուսաղեմ, երեք շաբաթ շարունակ աղոթեց նրանց համար։ Աստված հրեշտակ ուղարկեց մարգարեի մոտ՝ նրան մխիթարելու, բայց հրեշտակը ուշացավ։ Վերջինս իր ուշանալու պատճառը այսպես բացատրեց. «Պարսկաստանի թագավորության իշխանը ընդդիմացավ ինձ քսանմեկ օր» (Դանիել 10։2, 13)։
Ո՞վ էր «Պարսկաստանի իշխանը»։ Ըստ ամենայնի, հրեշտակը նկատի չուներ Պարսկաստանի Կյուրոս թագավորին, որն այդ ժամանակ բարյացակամ էր տրամադրված Դանիելի ու նրա ազգակիցների նկատմամբ։ Բացի այդ, մարդ-թագավորը չէր կարող դիմադրել ոգեղեն էակին երեք շաբաթ շարունակ, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, մեկ հրեշտակը կարող է մի գիշերվա ընթացքում ոչնչացնել 185000 ուժեղ ռազմիկների (Եսայիա 37։36)։ Այդ իշխանը կարող էր լինել միայն Սատանայի գործակիցը, այսինքն՝ մի դև, որին իշխանություն էր տրվել Պարսկական կայսրության վրա։ Հետո Աստծու հրեշտակն ասաց, որ նա մեկ անգամ ևս «մարտնչելու է Պարսկաստանի իշխանի դեմ», ինչպես նաև մեկ այլ դև-իշխանի՝ «Հունաստանի իշխանի» դեմ (Դանիել 10։20)։
Ի՞նչ կարող ենք եզրակացնել այստեղից. իրականում կան աշխարհի անտեսանելի իշխաններ՝ դև-իշխաններ, ովքեր ղեկավարում են երկիրը իրենց պարագլխի՝ Բանսարկու Սատանայի գլխավորությամբ։ Իսկ ո՞րն է եղել նրանց նպատակը մինչև հիմա։
Այս աշխարհի իշխանի դիմակը պատռվում է
Հովհաննես առաքյալը Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում պատմում է, թե ինչպես է Հիսուսը՝ Միքայել հրեշտակապետը, հաղթում Բանսարկու Սատանային և նրա դևերին, և թե ինչ աղետալի հետևանքներ է ունենում նրանց արտաքսումը երկնքից։ Կարդում ենք. «Վա՜յ երկրին.... որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։9, 12)։
Ինչպե՞ս է դրսևորվել Բանսարկուի մեծ բարկությունը։ Սատանան և նրա դևերը վարվում են այնպես, ինչպես բազմաթիվ անուղղելի հանցագործներ. նրանք առաջնորդվում են «կառավարիր կամ կործանիր» սկզբունքով։ Իմանալով, որ շուտով ոչնչացվելու են՝ նրանք վճռական են կործանելու երկիրը ու նրա բնակիչներին։ Սատանան մարդկային հասարակության գլխավոր տարրերից մեկի՝ մեծ բիզնեսի միջոցով մարդկանց մեջ խթանում է կոնսյումերիզմ, այսինքն՝ ավելի ու ավելի շատ ապրանքներ գնելու ցանկություն։ Դրա հետևանքով երկրագնդի բնական ռեսուրսները նվազում են, իսկ շրջակա միջավայրը ապականվում է՝ սպառնալիք դառնալով մարդկության համար (Հայտնություն 11։18; 18։11–17)։
Մարդկության պատմության հենց սկզբից Սատանայի՝ իշխանություն ունենալու անհագ ծարավը դրսևորվել է նաև քաղաքականության ու կրոնի բնագավառում։ «Հայտնություն» գրքում քաղաքական ուժերը նկարագրվում են ինչպես գազաններ, որոնց Սատանան «մեծ իշխանություն» է տվել։ Այս գիրքը նաև ցույց է տալիս, որ կրոնը ամոթալի վարք է դրսևորել՝ ներքաշվելով քաղաքականության մեջ, և այս փոխհարաբերությունը կոչում է հոգևոր պոռնկություն (Հայտնություն 13։2; 17։1, 2)։ Միայն պատկերացրեք, թե դարերի ընթացքում քանի մարդ է դարձել ճնշումների, ստրկության, պատերազմների և էթնիկական բախումների զոհ։ Մի՞թե այս արյունալի և սարսափազդու իրադարձությունները մարդու նորմալ գործունեության արդյունք են։ Իսկ գուցե դրանք անտեսանելի ոգեղեն չար ուժերի ձեռքի գո՞րծ են։
Աստվածաշունչը անսխալ կերպով բնորոշում և քողազերծում է այն անձնավորությանը, ով խորամանկորեն ղեկավարում է մարդկային առաջնորդներին և աշխարհակալ ուժերին։ Գիտակցաբար կամ անգիտակցաբար՝ հասարակությունը արտացոլում է իր իշխանի գործելակերպը և առաջնորդվում է «կառավարիր կամ կործանիր» սկզբունքով։ Բայց որքա՞ն ժամանակ է մարդկությունը տառապելու Սատանայի իշխանության ներքո։
Սատանայի վերջը մոտ է
Հիսուսի երկիր գալը ոչ մի լավ բան չէր խոստանում Սատանային ու նրա դևերին։ Երբ նրա աշակերտները ասացին, թե ինչպես են անտեսանելի դևերը հպատակվում իրենց, նա ասաց. «Տեսա, թե ինչպես Սատանան կայծակի պես վայր ընկավ երկնքից» (Ղուկաս 10։18)։ Հիսուսի այս խոսքերից երևում է, որ նա անհամբերությամբ սպասում էր աշխարհի իշխանի նկատմամբ իր ապագա հաղթանակին, որը տեղի էր ունենալու այն ժամանակ, երբ ինքը վերադարձած կլիներ երկինք և դարձյալ կլիներ Միքայել հրեշտակապետ (Հայտնություն 12։7–9)։ Աստվածաշնչի մարգարեությունների մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս հաղթանակը տեղի ունեցավ երկնքում 1914թ.-ին կամ դրանից կարճ ժամանակ անցa։
Այդ ժամանակվանից սկսած՝ Սատանան գիտի, որ իր կործանումը մոտեցել է։ Չնայած նա հուսահատ ջանքեր է գործադրում «ամբողջ աշխարհը [իր] իշխանության տակ» պահելու համար, միլիոնավոր մարդիկ, սակայն, նրա իշխանության տակ չեն։ Աստվածաշնչից նրանք իմացել են, թե ով է նա իրականում և ինչ դիտավորություններ ունի (2 Կորնթացիներ 2։11)։ Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը հուսադրում են նրանց. «Աստված, որ խաղաղություն է տալիս, շուտով կջախջախի Սատանային ձեր ոտքերի տակ»b (Հռոմեացիներ 16։20)։
Սատանայի վերջը մո՛տ է։ Քրիստոսի հոգատար ղեկավարության ներքո արդար մարդիկ Աստծու ոտքերի պատվանդանը՝ երկրագունդը, կվերածեն դրախտի։ Բռնությունը, ատելությունը և ագահությունը մեկընդմիշտ կվերանան։ «Նախկին բաները չեն հիշվի»,— ասում է Աստվածաշունչը (Եսայիա 65։17)։ Ի՜նչ թեթևացում կապրեն բոլոր նրանք, ովքեր արդեն այսօր ազատվում են այս աշխարհի անտեսանելի իշխանի կապանքներից։
[ծանոթագրություններ]
a Այս թեմայի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի հավելվածը (էջ 215–218)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Պողոսի այս խոսքերը հիշեցնում են Աստվածաշնչի առաջին մարգարեությունը, որ գրված է Ծննդոց 3։15-ում։ Այստեղ նշվում է Սատանայի վերջնական կործանման մասին։ Նկարագրելու համար այս իրադարձությունը՝ Պողոսն օգտագործեց հունարեն մի բառ, որը նշանակում է «ջարդուփշուր անել» (Vine’s Complete Expository Dictionary of Old and New Testament Words)։
[մեջբերում 9-րդ էջի վրա]
Քրիստոսի հոգատար ղեկավարության ներքո արդար մարդիկ երկիրը կվերածեն դրախտի