Գիտեի՞ք արդյոք
Որտեղի՞ց էին բերվել Իսրայելի քահանայապետի կրծքապանակի թանկարժեք քարերը
▪ Երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից և մտան անապատ, Աստված պատվիրեց նրանց թանկարժեք քարերով կրծքապանակ պատրաստել (Ելք 28։15–21)։ Այդ քարերն էին՝ ռուբին, տպազիոն, զմրուխտ, փիրուզ, շափյուղա, հասպիս, լեշեմ, ագատ, ամեթիստ, ոսկեքար, օնիքս և ժադեիտa։ Որտեղի՞ց իսրայելացիներին այս թանկարժեք քարերը։
Հնում մարդիկ բարձր էին գնահատում թանկարժեք քարերը և զբաղվում էին դրանց առևտրով։ Օրինակ՝ եգիպտացիները թանկարժեք քարեր ձեռք էին բերում հեռավոր տարածքներից, ինչպիսիք են ներկայիս Պարսկաստանը, Աֆղանստանը և հավանաբար Հնդկաստանը։ Եգիպտոսում կային նաև տարբեր թանկարժեք քարերի հանքեր։ Եգիպտական միապետները հանքարդյունաբերությունը իրենց ձեռքն էին վերցրել այն տարածքներում, որոնք իրենց տիրապետության տակ էին։ Հոբ նահապետը նկարագրում է, որ իր օրերում թանկարժեք քարեր էին գտնում հանքահորերից ու գետնափոր միջանցքներից։ Այդ քարերի շարքում Հոբը հատկապես նշում է շափյուղան և տպազիոնը (Հոբ 28։1–11, 19)։
«Ելք» գրքում նշվում է, որ երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, «կողոպտեցին եգիպտացիներին»՝ վերցնելով նրանց թանկարժեք իրերը (Ելք 12։35, 36)։ Ուստի հնարավոր է, որ այն քարերը, որ նրանք օգտագործեցին քահանայապետի կրծքապանակը պատրաստելու համար, բերվել էին Եգիպտոսից։
Ինչո՞ւ էր հնում գինին որպես դեղամիջոց օգտագործվում
▪ Իր առակներից մեկում Հիսուսը պատմեց մի մարդու մասին, որը ավազակների ձեռքն ընկավ։ Այդ մարդուն օգնեց մի սամարացի, որը կապեց նրա վերքերը՝ «դրանց վրա ձեթ ու գինի լցնելով» (Ղուկաս 10։30–34)։ Իսկ Պողոս առաքյալը իր ընկերոջը՝ Տիմոթեոսին, գրելիս խորհուրդ տվեց. «Այսուհետև ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի օգտագործիր ստամոքսիդ և հաճախակի հիվանդանալու համար» (1 Տիմոթեոս 5։23)։ Բժշկության տեսանկյունից հիմնավո՞ր էր գինու վերաբերյալ Հիսուսի առակում նկարագրվածը և Պողոսի տված խորհուրդը։
Մի գրքում գրված է, որ գինին ունի «ցավազրկող, ախտահանող և բուժիչ հատկություն, ասես բոլոր բուժիչ հատկությունները մեկի մեջ լինեն» (Ancient Wine)։ Հին Եգիպտոսում, Միջագետքում և Ասորիքում գինին բժշկության մեջ մեծ դեր է ունեցել։ Մեկ այլ աշխատության մեջ նշվում է, որ ըստ հին արձանագրությունների՝ գինին «մարդու հնագույն դեղամիջոցներից մեկն է եղել» (The Oxford Companion to Wine)։ Իսկ Տիմոթեոսին տրված խորհրդի վերաբերյալ մի գիրք ասում է. «Հետազոտությունները ցույց տվեցին, որ գինին սպանում է տիֆի հարուցիչ բակտերիան և տարբեր այլ վտանգավոր մանրէներ» (The Origins and Ancient History of Wine)։ Ժամանակակից հետազոտությունները փաստում են, որ գինու մեջ կան ավելի քան 500 բաղադրիչներ, որոնց մի մասը ունի տարբեր բուժիչ հատկություններ։
[ծանոթագրություն]
a Դժվար է ստույգ իմանալ, թե ինչպես են այսօր կոչվում այս բոլոր քարերը։
[նկար 26-րդ էջի վրա]
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԽԱՂՈՂ ԵՆ ՃԶՄՈՒՄ. ՊԱՏԿԵՐ ՆԱԽՏԻ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՎՐԱ (ԹԵԲԵ, ԵԳԻՊՏՈՍ)
[նկար 26-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Gianni Dagli Orti/The Art Archive at Art Resource, NY