Ամուսիննե՛ր, ընդունե՛ք Քրիստոսի գլխավորությունը
«Ամեն մարդի գլուխը Քրիստոսն է» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 11:3)։
1, 2. ա) Ինչո՞վ է բնորոշվում լավ ամուսինը։ բ) Ինչո՞ւ է շատ կարևոր ընդունել, որ ամուսնությունը ծագում է Աստծուց։
ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ի՞նչն է բնորոշում լավ ամուսնուն։ Մտավոր և ֆիզիկական ունակություննե՞րը, փող վաստակելու կարողությո՞ւնը, թե՞ սիրով լի ու բարի վերաբերմունքը կնոջ ու երեխաների հանդեպ։ Շատ ամուսիններ թերանում են հատկապես սեր ու բարություն դրսևորելու հարցում, քանի որ առաջնորդվում են աշխարհի ոգով և մարդկային չափանիշներով։ Ինչո՞ւ։ Պատճառը հիմնականում այն է, որ նրանք չեն ընդունում և չեն հետևում ամուսնության Հիմնադրի առաջնորդությանը, ով ‘Ադամից վեր առնված կողի ոսկրով մի կին շինեց և նրան բերեց Ադամի մոտ’ (Ծննդոց 2:21–24)։
2 Հիսուս Քրիստոսը հաստատեց Աստվածաշնչի հաղորդագրությունն այն մասին, որ ամուսնությունը ծագում է Աստծուց։ Իր օրերի քննադատներին նա ասաց. «Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց. Սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի եւ երկուսը կ’լինին մէկ մարմին: Որովհետեւ այլ եւս երկու չեն, այլ մէկ մարմին. արդ այն որ Աստուած միաւորեց [ամուսնությամբ], թող մարդը չ’բաժանէ» (Մատթէոս 19:4–6)։ Փաստորեն, երջանիկ ամուսնություն ունենալու համար պետք է ընդունել, որ ամուսնությունը ծագում է Աստծուց, և հարկավոր է հետևել նրա Խոսքի՝ Աստվածաշնչի առաջնորդությանը։
Լավ ամուսին լինելու գաղտնիքը
3, 4. ա) Ինչո՞ւ Հիսուսը խոր հասկացողություն ունի ամուսնական կառույցից։ բ) Ո՞վ է Հիսուսի այլաբանական կինը, և ինչպե՞ս ամուսինները պետք է վերաբերվեն իրենց կանանց։
3 Լավ ամուսին լինելու համար հարկավոր է ուսումնասիրել Հիսուսի խոսքերն ու գործերը և ընդօրինակել նրան։ Հիսուսը խոր հասկացողություն ունի ամուսնական կառույցից, քանի որ նա ներկա էր առաջին մարդկանց արարման, ինչպես նաև նրանց ամուսնության ժամանակ։ Եհովա Աստված նրան ասաց. «Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք» (Ծննդոց 1:26)։ Այո՛, Աստված խոսում էր Նրա հետ, ում ստեղծել էր նախքան որևէ մեկին կամ որևէ բան արարելը։ Նա էր, որ Աստծու ‘մոտ ճարտարապետ էր’ (Առակաց 8:22–30)։ Նա «ամեն ստեղծուածներից առաջ [է] ծնուած», ‘Աստծու արարածների Սկիզբն’ է և գոյություն է ունեցել նախքան տիեզերքի արարումը (Կողոսացիս 1:15; Յայտնութիւն 3:14)։
4 Հիսուսը կոչվում է «Աստուծոյ Գառը» և այլաբանական իմաստով նկարագրվում է որպես ամուսին։ Հրեշտակն ասաց. «Եկ ցոյց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է» (Յովհաննէս 1:29; Յայտնութիւն 21:9)։ Իսկ ո՞վ է հարսնացուն, կամ՝ կինը։ ‘Գառի կինը’ կազմում են Քրիստոսի՝ ոգով օծված հավատարիմ հետևորդները, որոնք նրա իշխանակիցները կլինեն երկնքում (Յայտնութիւն 14:1, 3)։ Ուստի այն, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում իր աշակերտներին, երբ երկրի վրա էր, լավ օրինակ է ամուսինների համար, թե ինչպես վերաբերվեն իրենց կանանց։
5. Ո՞ւմ համար է Հիսուսը օրինակ ծառայում։
5 Իհարկե, Աստվածաշունչը Հիսուսին ներկայացնում է որպես օրինակ նրա բոլոր հետևորդների համար։ Կարդում ենք. «Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք» (Ա Պետրոս 2:21)։ Սակայն նա մասնավորապես օրինակ է տղամարդկանց համար։ Աստծու Խոսքն ասում է. «Ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած» (Ա Կորնթացիս 11:3)։ Քանի որ Քրիստոսն է տղամարդու գլուխը, ուրեմն ամուսինները պետք է ընդօրինակեն նրան։ Հետևաբար, որպեսզի ընտանիքը երջանիկ լինի, հարկավոր է կիրառել գլխավորության սկզբունքը։ Ամուսինը պետք է սիրով վարվի իր կնոջ հետ, ինչպես որ Հիսուսն է վարվում իր այլաբանական կնոջ՝ օծյալ աշակերտների հետ։
Ինչպես հաղթահարել ամուսնական դժվարությունները
6. Ինչպե՞ս պետք է ամուսինը ‘բնակվի’ իր կնոջ հետ։
6 Այսօրվա անհանգիստ աշխարհում ամուսինները առավել քան երբևէ պետք է ընդօրինակեն Հիսուսին՝ արդար չափանիշներին հետևելու հարցում դրսևորելով համբերատարություն, սեր և հաստատակամություն (Բ Տիմոթէոս 3:1–5)։ Աստվածաշունչը ամուսիններին հորդորում է. «Իմաստութիւնով բնակուեցէք [ձեր կանանց] հետ» (Ա Պետրոս 3:7)։ Այո՛, նրանք ամուսնական խնդիրները պետք է հաղթահարեն «իմաստութիւնով»։ Հիսուսն իր դժվարությունները հենց այդպես է դիմագրավել։ Նա ավելի մեծ փորձություններ է կրել, քան ցանկացած մարդ, և գիտեր, որ դրանց պատճառը Սատանան, նրա դևերը և այս չար աշխարհն են (Յովհաննէս 14:30; Եփեսացիս 6:12)։ Հիսուսն անակնկալի չէր գալիս դժվարությունների բախվելիս։ Նմանապես՝ ամուսինները չպետք է անակնկալի գան, երբ ‘մարմնի նեղություններ ունենան’։ Աստվածաշունչը պարզ ասում է, որ ամուսնացողները նեղություններ կունենան (Ա Կորնթացիս 7:28)։
7, 8. ա) Ի՞նչ է նշանակում կնոջ հետ ապրել «իմաստութիւնով»։ բ) Ինչո՞ւ է հարկավոր կանանց պատիվ տալ։
7 Ամուսինն իր կնոջ հետ պետք է բնակվի ‘իմաստությամբ, ինչպես տկար անոթի՝ նրան պատիվ տալով’ (Ա Պետրոս 3:7)։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ սովորաբար ամուսինը իշխելու է իր կնոջ վրա։ Սակայն եթե ամուսինը ցանկանում է Աստծու հավանությանն արժանանալ, նա պետք է պատվի իր կնոջը (Ծննդոց 3:16)։ Նա կցանկանա վերաբերվել իր կնոջը ինչպես մի թանկագին ունեցվածքի՝ երբեք ֆիզիկական ուժ չգործադրելով նրա նկատմամբ։ Ամուսինը հաշվի կառնի նրա զգացմունքները և միշտ կվերաբերվի հարգանքով ու պատվով։
8 Ինչո՞ւ ամուսինները պետք է պատիվ տան իրենց կանանց։ Որովհետև, ինչպես ասում է Աստվածաշունչը, ամուսինները ‘կյանքի շնորհի ժառանգակիցներ են իրենց կանանց հետ, որ նրանց աղոթքը չխափանվի’ (Ա Պետրոս 3:7)։ Ամուսինները պետք է հասկանան մի կարևոր բան. Եհովան չի համարում, որ իրեն երկրպագող տղամարդն ինչ–որ բանով բարձր է իրեն երկրպագող կնոջից։ Այն կանայք, ովքեր արժանանում են Աստծու հավանությանը, տղամարդկանց հետ հավասար կստանան հավիտենական կյանքի նույն պարգևը. նրանցից շատերը կապրեն երկնքում, որտեղ «ոչ արու կայ եւ ոչ էգ» (Գաղատացիս 3:28)։ Ուստի ամուսինները պետք է հիշեն, որ անհատը Աստծու աչքին թանկագին է դառնում իր հավատարմությամբ։ Այստեղ կապ չունի՝ նա արական, թե իգական սեռի ներկայացուցիչ է, ամուսին է, թե կին, կամ նույնիսկ երեխա (Ա Կորնթացիս 4:2)։
9. ա) Պետրոս առաքյալի խոսքերի համաձայն՝ ինչո՞ւ պետք է ամուսինը պատվի իր կնոջը։ բ) Ինչպե՞ս Հիսուսը պատվեց կանանց։
9 Այն, որ ամուսինը իր կնոջը պետք է պատիվ տա, առանձնապես շեշտվում է Ա Պետրոս 3։7 համարի վերջին խոսքերով, այն է՝ «որ ձեր աղօթքը չ’խափանուի»։ Սա շատ վտանգավոր կարող է լինել։ Նրա աղոթքները կարող են չլսվել Աստծու կողմից։ Անցյալում այդպիսի բան տեղի ունեցավ Աստծու որոշ թեթևամիտ ծառաների հետ (Երեմիայի Ողբերը 3:43, 44)։ Ուստի թե՛ ամուսնացած և թե՛ ամուսնանալ ցանկացող քրիստոնյա տղամարդիկ իմաստություն հանդես բերած կլինեն, եթե ուսումնասիրեն, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում կանանց։ Ծառայության մեջ նրան ուղեկցող խմբի մեջ կային կանայք, և Հիսուսը նրանց վերաբերվում էր բարությամբ ու հարգանքով։ Մի անգամ Հիսուսը նույնիսկ մի ցնցող ճշմարտություն առաջինը կանա՛նց հայտնեց ու պատվիրեց այդ մասին տեղեկացնել տղամարդկանց (Մատթէոս 28:1, 8–10; Ղուկաս 8:1–3)։
Օրինակ՝ հատկապես ամուսինների համար
10, 11. ա) Ինչո՞ւ հատկապես ամուսինները պետք է քննեն Հիսուսի օրինակը։ բ) Ինչպե՞ս պետք է ամուսինները սեր դրսևորեն իրենց կանանց հանդեպ։
10 Աստվածաշունչը, ինչպես նշվեց վերևում, ամուսնու հարաբերություններն իր կնոջ հետ համեմատում է այն հարաբերությունների հետ, որ ունի Հիսուսն իր ‘հարսի’՝ օծյալ քրիստոնյաների ժողովի հետ։ Եփեսացիս 5։23–ում ասվում է. «Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու [ժողովի] գլուխը»։ Այս խոսքերը պետք է մղեն ամուսիններին քննելու, թե ինչպես էր Հիսուսը գլխավորություն, կամ՝ առաջնորդություն ցույց տալիս իր հետևորդներին։ Միայն այդպիսի քննությունը կօգնի ամուսիններին հարկ եղած ձևով հետևելու Հիսուսի օրինակին։ Դրա շնորհիվ նրանք կկարողանան առաջնորդություն ցույց տալ իրենց կանանց, նրանց վերաբերվել սիրով և հոգատարությամբ, ինչպես որ Քրիստոսն էր վերաբերվում իր ժողովին։
11 «Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց [ժողովին] եւ իր անձը մատնեց նորա համար»,— հորդորում է Աստծու Խոսքը քրիստոնյաներին (Եփեսացիս 5:25)։ Եփեսացիներին ուղղված նամակի չորրորդ գլխում ժողովը կոչվում է ‘Քրիստոսի մարմին’։ Այս այլաբանական մարմինը, որում կան և՛ տղամարդիկ, և՛ կանայք, շատ անդամներ ունի, և բոլորն էլ նպաստում են մարմնի արդյունավետ գործունեությանը։ Անշուշտ, «մարմնի այսինքն [ժողովի] գլուխը» Հիսուսն է (Եփեսացիս 4:12; Կողոսացիս 1:18; Ա Կորնթացիս 12:12, 13, 27)։
12. Ինչպե՞ս Հիսուսը սեր դրսևորեց իր այլաբանական մարմնի հանդեպ։
12 Հիսուսը սեր դրսևորեց իր այլաբանական մարմնի՝ ժողովի հանդեպ մասնավորապես նրանով, որ հոգատար էր ժողովի ապագա անդամների նկատմամբ։ Օրինակ՝ երբ նրա աշակերտները հոգնած էին, նա ասաց. «Դուք առանձին.... տեղ եկէք, եւ մի քիչ հանգիստ առէք» (Մարկոս 6:31)։ Նկարագրելով Հիսուսի վերջին ժամերը՝ նրա առաքյալներից մեկը գրեց. «Յիսուսը.... իրաններին [այսինքն՝ իր այլաբանական մարմնի անդամներին]՝ որ այս աշխարհքումն են.... մինչեւ վերջը սիրեց» (Յովհաննէս 13:1)։ Ի՜նչ լավ օրինակ է թողել Քրիստոսը ամուսինների համար այն հարցում, թե ինչպես նրանք պետք է վարվեն իրենց կանանց հետ։
13. Ի՞նչ հորդոր է տրվում ամուսիններին՝ իրենց կանանց սիրելու վերաբերյալ։
13 Հիսուսի օրինակի հիման վրա Պողոս առաքյալը ամուսիններին հորդորեց. «Մարդիկ [պետք է] սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։ Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. ինչպէս Տէրն էլ [ժողովին]»։ Հետո Պողոսն ավելացրեց. «Ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը» (Եփեսացիս 5:28, 29, 33)։
14. Ինչպե՞ս է ամուսինը վարվում իր անկատար մարմնի հետ, և հետևաբար ինչպե՞ս պետք է վարվի իր կնոջ հետ։
14 Մտածիր Պողոսի խոսքերի շուրջ։ Մի՞թե առողջ դատողության տեր մարդը գիտակցաբար ինքն իրեն կվնասի։ Եթե նրա ոտքը պատահաբար դիպչի մի առարկայի, ապա մի՞թե նա կխփի իր ոտքին այն պատճառով, որ ինքը քիչ էր մնում ընկներ։ Իհարկե ո՛չ։ Իսկ արդյո՞ք ամուսինն ինքն իրեն նվաստացնում է կամ շարունակ իր թերությունների մասին է խոսում իր ընկերների մոտ։ Ո՛չ։ Ուրեմն իր կնոջ մասին նա նույնպես չպիտի վատ արտահայտվի կամ նրան վիրավորի և առավել ևս ֆիզիկական ուժ գործադրի նրա նկատմամբ, եթե նա սխալվել է։ Ամուսինը պետք է ոչ միայն իր շահերի մասին մտածի, այլև իր կնոջ (Ա Կորնթացիս 10:24; 13:5)։
15. ա) Ինչպե՞ս վարվեց Հիսուսն իր աշակերտների հետ, որոնք թերացան ճիշտն անել։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։
15 Ուշադրություն դարձրու, թե Հիսուսն իր մահվանը նախորդող գիշերը ինչպես հոգատարություն դրսևորեց իր աշակերտների նկատմամբ, որոնք թերացան ճիշտ վարվել։ Չնայած այն բանին, որ Գեթսեմանի պարտեզում Հիսուսը մի քանի անգամ նրանց խնդրեց աղոթել, աշակերտները երեք անգամ քնով անցան։ Հանկարծ զինված մարդիկ շրջապատեցին նրանց։ Հիսուսը հարցրեց. «Ո՞ւմ էք ուզում»։ Երբ նրանք պատասխանեցին՝ «Յիսուս Նազովրեցուն», նա ասաց. «Ես եմ»։ Գիտենալով, որ իր մահվան ‘ժամը եկել’ է՝ Հիսուսն ասաց. «Թէ որ ինձ էք ուզում, թող տուէք դորանց, որ գնան»։ Նա միշտ մտածում էր իր այլաբանական հարսի մաս կազմող աշակերտների բարօրության մասին, ուստի քայլեր ձեռնարկեց, որ նրանք չընկնեն այդ մարդկանց ձեռքը։ Շատ օգտակար կլինի, եթե ամուսինները քննեն, թե ինչպես է Հիսուսը վարվել իր աշակերտների հետ։ Նրանք այդպիսի քննության արդյունքում կգտնեն բազմաթիվ սկզբունքներ այն մասին, թե ինչպես պետք է վարվեն իրենց կանանց հետ (Յովհաննէս 18:1–9; Մարկոս 14:34–37, 41)։
Հիսուսի սերը հիմնված չէր զուտ զգացմունքների վրա
16. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում Մարթային, սակայն ինչպե՞ս նա վարվեց, երբ անհրաժեշտություն առաջացավ ուղղելու նրան։
16 Յովհաննէս 11:5–ում գրված է, որ «Յիսուսը սիրում էր Մարթային եւ նորա քրոջը եւ Ղազարոսին» և հաճախ էր հյուրընկալվում նրանց տանը։ Չնայած այդ սիրուն՝ նա չվարանեց Մարթային խորհուրդ տալ, երբ վերջինս ավելի շատ կենտրոնացել էր կերակուր պատրաստելու վրա ու այդպիսով քիչ ժամանակ ուներ հոգևոր մտքեր լսելու Հիսուսից։ Հիսուսը նրան ասաց. «Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղուած ես. բայց մէկ բան է պէտք» (Ղուկաս 10:41, 42)։ Անկասկած, Մարթայի համար հեշտ էր Հիսուսից խորհուրդ ընդունել, քանի որ վերջինս ջերմ զգացմունքներ ուներ նրա հանդեպ։ Նմանապես՝ ամուսինները պետք է իրենց կանանց հետ վարվեն բարությամբ և սիրով՝ օգտագործելով լավ ընտրված բառեր։ Բայց եթե ինչ–որ բան ուղղելու անհրաժեշտություն է առաջանում, ապա տեղին է Հիսուսի պես արտահայտվել անկեղծորեն։
17, 18. ա) Ինչպե՞ս Պետրոսը հանդիմանեց Հիսուսին, և ինչո՞ւ նա խորհրդի կարիք ուներ։ բ) Ի՞նչ պատասխանատվություն ունի ամուսինը։
17 Քննենք մեկ ուրիշ դեպք։ Հիսուսն իր աշակերտներին բացատրեց, որ ինքը պետք է գնա Երուսաղեմ, որտեղ ծերերը, քահանայապետները և դպիրները չարչարելու էին իրեն, սպանելու էին, իսկ երրորդ օրը ինքը հարություն էր առնելու։ Այս խոսքերը լսելով՝ Պետրոսը Հիսուսին մի կողմ տարավ և սկսեց նրան հանդիմանել՝ ասելով. «Քաւ լիցի քեզ [«Բարի՛ եղիր քո հանդեպ», ՆԱ], Տէ՛ր, այդ չ’լինի քեզ»։ Պարզ է, որ Պետրոսը շարժվում էր միայն էմոցիաներով։ Հարկավոր էր ուղղել նրան։ Ուստի Հիսուսն ասաց. «Յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները» (Մատթէոս 16:21–23)։
18 Հիսուսը հենց նոր էր նրանց հայտնել Աստծու կամքն իր վերաբերյալ. նա շատ չարչարանքներ էր կրելու և ի վերջո սպանվելու էր (Սաղմոս 16:10; Եսայիա 53:12)։ Ուստի Պետրոսը ճիշտ չէր վարվել՝ Հիսուսին հանդիմանելով։ Այո՛, Պետրոսին հարկավոր էր հաստատակամորեն խորհուրդ տալ, ինչի կարիքը մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենք։ Լինելով ընտանիքի գլուխ՝ ամուսինն իշխանություն և պատասխանատվություն ունի ուղղելու ընտանիքի անդամներին, այդ թվում կնոջը։ Թեպետ անհրաժեշտ է հաստատակամորեն խորհուրդ տալ, այնուամենայնիվ դա պետք է անել բարեսրտորեն և սիրալիր կերպով։ Ինչպես Հիսուսն օգնեց Պետրոսին ճիշտ տեսակետ ունենալ, այնպես էլ ամուսինը երբեմն պետք է նույնը անի իր կնոջ համար։ Օրինակ՝ եթե կինը սկսում է շեղվել համեստության վերաբերյալ սուրբգրային չափանիշներից հագուկապի, զարդերի կամ կոսմետիկայի օգտագործման հարցում, ապա ամուսինը կարող է սիրալիր կերպով իր կնոջը բացատրել, թե ինչու է անհրաժեշտ որոշ փոփոխություններ կատարել (Ա Պետրոս 3:3–5)։
Լավ կլինի, որ ամուսինը համբերատար լինի
19, 20. ա) Ի՞նչ խնդիր գոյություն ուներ Հիսուսի առաքյալների միջև, և ինչպե՞ս նա լուծեց այդ հարցը։ բ) Որքանո՞վ արդյունավետ եղան Հիսուսի ջանքերը։
19 Եթե կինը թերանում է ինչ–որ հարցում և նրան հարկավոր է ուղղել, ապա ամուսինը չպետք է ակնկալի, որ իր անկեղծ ջանքերը միանգամից դրական արդյունքներ կբերեն։ Հիսուսից պահանջվեց կրկին ու կրկին ուղղել իր առաքյալների տեսակետը։ Օրինակ՝ նրանց միջև թեժ վիճաբանություններ էին ընթանում, թե ով է իրենցից մեծը, և այդպիսի մի վեճ էլ ծագեց Հիսուսի ծառայության վերջում (Մարկոս 9:32–36; 10:35–45)։ Երկրորդ վիճաբանությունից կարճ ժամանակ անց Հիսուսը միջոցներ ձեռնարկեց՝ նրանց հետ նշելու Պասեքը։ Այդ ժամանակ նրանցից ոչ մեկը նախաձեռնություն չվերցրեց կատարելու մի գործ, որը սովորաբար ծառան էր անում. լվանալ մյուսների փոշոտ ոտքերը։ Դա արեց Հիսուսը։ Այնուհետև նա ասաց. «Ես ձեզ օրինակ տուի» (Յովհաննէս 13:2–15)։
20 Անշուշտ, եթե ամուսինը Հիսուսի պես խոնարհություն է դրսևորում, կինը կհամագործակցի նրա հետ ու կաջակցի։ Սակայն համբերություն է անհրաժեշտ։ Պասեքի երեկոյան առաքյալները կրկին վիճեցին, թե ով է իրենցից մեծը (Ղուկաս 22:24)։ Այո, վարքի ու տեսակետի հարցում փոփոխություններ մտցնելու համար ժամանակ է հարկավոր, և դրանք աստիճանաբար են կատարվում։ Սակայն որքա՜ն ուրախալի է, երբ դրական արդյունքներ են լինում, ինչպես որ եղան առաքյալների պարագայում։
21. Այսօրվա ճնշումների ներքո ի՞նչ պետք է հիշեն և անեն ամուսինները։
21 Այսօր ամուսնական կառույցը ինչպես երբեք մեծ ճնշման տակ է։ Շատերն այլևս լուրջ չեն վերաբերվում իրենց ամուսնական երդմանը։ Ուստի, ամուսիննե՛ր, հիշե՛ք, թե որտեղից է ծագում ամուսնությունը։ Խորհրդածե՛ք այդ մասին։ Մի՛ մոռացեք, որ նրա հիմնադիրը Աստված է։ Ամուսնությունը Եհովայի մտահղացումն է, և նա է հաստատել այդ կառույցը։ Եհովան հոգ է տարել, որ իր Որդին դառնա ոչ միայն մեր Փրկիչը, այլև օրինակ լինի ամուսինների համար (Մատթէոս 20:28; Յովհաննէս 3:29; Ա Պետրոս 2:21)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե ով է ամուսնության հիմնադիրը։
• Ինչպե՞ս պետք է ամուսինները սիրեն իրենց կանանց։
• Հիսուսի և նրա աշակերտների հետ կապված ո՞ր օրինակներն են ցույց տալիս, թե ամուսինն ինչպես կարող է ընդօրինակել Հիսուսին ընտանիքում գլխավորություն դրսևորելու հարցում։
[նկար 14–րդ էջի վրա]
Ինչո՞ւ ամուսինները պետք է քննեն, թե ինչպես է Հիսուսը վարվել կանանց հետ
[նկար 15–րդ էջի վրա]
Հիսուսը անուշադրության չմատնեց այն, որ աշակերտները հոգնած էին
[նկար 16–րդ էջի վրա]
Ամուսինը պետք է իր կնոջը խորհուրդ տա բարեսրտորեն՝ օգտագործելով լավ ընտրված բառեր