Ձեր աղոթքներն ‘ընդունելի՞ են ինչպես խունկ’
«Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին» (Սաղմոս 141։2)։
1, 2. Խունկ ծխելն ի՞նչ էր խորհրդանշում։
ԵՀՈՎԱ Աստված պատվիրեց Մովսես մարգարեին, որպեսզի խորանում իսրայելացիները երկրպագության համար պատրաստված սուրբ խունկ ունենան։ Չորս անուշաբույր համեմունքներ էին մտնում սուրբ խունկի բաղադրության մեջ (Ելից 30։34—38)։ Այն իրոք որ անուշաբույր էր։
2 Մովսիսական օրենքի համաձայն, որի տակ գտնվում էր իսրայել ազգը, խունկ ծխելը ամեն օր կատարվող գործողություն էր (Ելից 30։7, 8)։ Արդյոք խունկի օգտագործումը առանձնահատուկ նշանակությո՞ւն ուներ։ Այո՛, քանի որ սաղմոսերգուն գրեց. «Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին [Եհովա Աստված]. իմ ձեռքերի բարձրանալը՝ իրիկուայ պատարագի պէս» (Սաղմոս 141։2)։ «Յայտնութիւն» գրքում Հովհաննես առաքյալը նկարագրում է Աստծո երկնային գահի շուրջբոլորը կանգնած էակներին՝ խունկով լի ոսկե բուրվառներ ձեռքերին։ Ներշնչված հաղորդագրությունը հայտնում է, որ խունկը «սրբերի աղօթքներն են» (Յայտնութիւն 5։8)։ Այսպես, ուրեմն, անուշաբույր խունկ ծխելը խորհրդանշում էր Եհովայի ծառաների օր ու գիշեր ասվող, Աստծուն հաճելի աղոթքները (Ա Թեսաղոնիկեցիս 3։10; Եբրայեցիս 5։7)։
3. Ի՞նչը մեզ կօգնի, որ Աստծո առաջ մեր ‘աղոթքն ընդունելի լինի ինչպես խունկ’։
3 Մեր աղոթքներն Աստծո կողմից ընդունելի լինելու համար պետք է աղոթենք նրան Հիսուս Քրիստոսի անունով (Յովհաննէս 16։23, 24)։ Բայց ինչպե՞ս կարելի է բարձրացնել մեր աղոթքների որակը։ Աստվածաշնչում ներկայացված մի քանի օրինակների քննարկումը կօգնի մեզ մեր աղոթքները որպես խունկ ընդունելի դարձնել Եհովայի առաջ (Առակաց 15։8)։
Աղոթքները մատուցեք հավատով
4. Հավատն ինչպե՞ս է կապված Աստծուն հաճելի աղոթքի հետ։
4 Մենք պետք է հավատով աղոթենք, որպեսզի մեր աղոթքները անուշաբույր խունկի պես հասնեն Աստծուն (Եբրայեցիս 11։6)։ Երբ քրիստոնյա երեցները սուրբգրային օգնության կարիքը ունեցող, հոգևորապես թույլ անհատի են հանդիպում, իրենց «հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին» (Յակոբոս 5։15)։ Հավատով մատուցված աղոթքները հաճելի են մեր երկնային Հորը, ինչպես նաև աղոթքով Աստծո Խոսքի ուսումնասիրություն սկսելը։ Սաղմոսերգուն հրաշալի մոտեցում ցուցաբերեց, երբ գրեց. «Իմ ձեռքը կ’բարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. եւ քո հրամանների վերայ կ’մտածեմ։ Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին» (Սաղմոս 119։48, 66)։ Եկեք մենք էլ ‘ձեռքներս վեր բարձրացնենք’ ու հեզորեն աղոթենք, նաև հավատ ցուցաբերենք՝ ենթարկվելով Աստծո պատվիրաններին։
5. Իմաստության պակասի դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել։
5 Ենթադրենք, թե փորձությունից դուրս գալու համար իմաստության կարիք ենք զգում։ Գուցե մեզանից որևէ մեկն այնքան էլ համոզված չէ այն բանում, որ Աստվածաշնչի որոշակի մի մարգարեություն այժմ կատարվում է։ Այդ դեպքում թույլ մի տուր, որ այս վիճակը քեզ հոգևորապես վնասի, այլ աղոթիր իմաստության համար (Գաղատացիս 5։7, 8; Յակոբոս 1։5—8)։ Իհարկե չես կարող ակնկալել, որ Աստված քեզ տպավորիչ ձևով կպատասխանի։ Անհրաժեշտ է, որ ցույց տաս, թե որքան են անկեղծ քո աղոթքները՝ կատարելով այն, ինչ որ նա ակնկալում է իր ժողովրդից։ Հարկավոր է զբաղվել Աստվածաշնչի՝ հավատը զորացնող ուսումնասիրությամբ և օգնության համար քննել «հաւատարիմ եւ իմաստուն» ծառայի միջոցով մատակարարվող հրատարակությունները (Մատթէոս 24։45—47; Յեսու 1։7, 8)։ Անհրաժեշտ է նաև առաջընթաց քայլեր կատարել Աստվածաշնչի գիտությունը հասկանալու մեջ՝ Աստծո ժողովրդի մեջ կազմակերպված հավաքույթներին կանոնավորաբար մասնակցելով (Եբրայեցիս 10։24, 25)։
6. ա) Մեր օրերի և Աստվածաշնչի մարգարեությունների կատարման վերաբերյալ բոլորս էլ ի՞նչ պիտի գիտակցենք։ բ) Բացի Եհովայի անվան սրբացման համար աղոթելուց, ի՞նչ է հարկավոր անել։
6 Քրիստոնյաներից ոմանք զբաղված են իրենց հետաքրքրություններով և ընկած են կարիերայի ետևից, ինչը ցույց է տալիս, որ չեն գիտակցում «վերջին ժամանակում» ապրելու հանգամանքը (Դանիէլ 12։4)։ Այսպիսի դեպքերում պատշաճ է հավատակիցների աղոթքը, որպեսզի նման անհատները ոգևորվեն ու պահպանեն իրենց հավատը Աստվածաշնչում գրված այն փաստի հիման վրա, որ 1914 թ.–ից սկսվել է Հիսուսի ներկայությունը, երբ Եհովան հաստատեց նրան որպես երկնային Թագավոր, և որ նա իշխում է իր թշնամիների մեջ (Սաղմոս 110։1, 2; Մատթէոս 24։3)։ Մենք բոլորս էլ պիտի գիտակցենք, որ մարգարեացված այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են «Մեծն Բաբելոնի»՝ կեղծ կրոնի կործանումը, Մագոգից Եհովայի ժողովրդի վրա Գոգի հարձակումը և Արմագեդոն պատերազմում Ամենակարող Աստծո կողմից իր ժողովրդի փրկությունը կարող են ապշեցուցիչ ձևով, հանկարծակի վրա հասնել, և ամեն բան կարող է տեղի ունենալ բավականին կարճ ժամանակահատվածում (Յայտնութիւն 16։14, 16; 18։1—5; Եզեկիէլ 38։18—23)։ Ուրեմն հոգևորապես արթուն մնալու համար եկեք Աստծուն աղոթենք։ Եկեք թախանձագին խնդրենք Եհովայի անվան սրբացման համար, որ գա իր Թագավորությունը, ու կատարվի իր կամքը երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Այո՛, եկեք շարունակենք հավատ ցուցաբերել և ցույց տալ, որ մեր աղոթքներն անկեղծ են (Մատթէոս 6։9, 10)։ Բոլոր Եհովային սիրողնե՛ր, եկեք նախ Թագավորությունն ու նրա արդարությունը փնտրենք և օգտվենք վախճանը գալուց առաջ բարի լուրը քարոզելու մեծագույն հնարավորությունից (Մատթէոս 6։33; 24։14)։
Փառաբանեք ու շնորհակալություն հայտնեք Եհովային
7. Ի՞նչ տպավորություն է թողնում ձեզ վրա Դավիթի աղոթքը՝ արձանագրված Ա Մնացորդաց 29։10—13 խոսքերում։
7 ‘Մեր աղոթքը ինչպես խունկ ընդունելի լինելու’ կարևոր կերպերից մեկն է Աստծուն սրտանց փառաբանություն և երախտագիտություն արտահայտելը։ Դավիթ թագավորն այդպիսի մի աղոթք մատուցեց, երբ ինքը և Իսրայելի ժողովուրդը իրենց նվիրատվություններով աջակցեցին Եհովայի տաճարի շինարարությանը։ Դավիթն աղոթեց. «Օրհնեալ ես դու, ով մեր հայր Իսրայէլի Տէր Աստուածը, յաւիտենից մինչեւ յաւիտեան. քոնն է, ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումս եղողները. քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան։ Եւ հարստութիւնն ու պատիւը քո երեսիցն է, եւ դու ես ամենի վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնն ու կարողութիւնը. եւ քո ձեռին է ամենի մեծացնելը եւ ուժովացնելը։ Եւ հիմա, ով մեր Աստուած, մենք փառաբանում ենք քեզ եւ օրհներգում ենք քո փառաւորեալ անուանը» (Ա Մնացորդաց 29։10—13)։
8. ա) Փառաբանության ո՞ր խոսքերը 148—150 սաղմոսներում ձեզ հատկապես դուր եկան։ բ) Եթե Սաղմոս 27։4–ում արձանագրված զգացումները մենք էլ ենք կիսում, ի՞նչ պետք է անենք։
8 Փառաբանության և երախտագիտության ինչպիսի՜ գեղեցիկ խոսքեր։ Մեր աղոթքները ոչ թե պերճախոս պետք է լինեն, այլ պարզապես սրտից պիտի բխեն։ «Սաղմոս» գիրքը լի է փառաբանություն և շնորհակալություն արտահայտող աղոթքներով։ Փառաբանության լավագույն աղոթքները գտնում ենք 148—150 սաղմոսներում։ Մնացած սաղմոսները բովանդակում են Աստծո հանդեպ ունեցած երախտագիտության արտահայտություններ։ «Մէկ բան եմ խնդրում Տէրիցը,— ասաց Դավիթը,— եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ» (Սաղմոս 27։4)։ Եկեք նման աղոթքների համաձայն գործենք՝ ժրաջանորեն մասնակցելով Եհովայի ժողովներում կազմակերպվող միջոցառումներին (Սաղմոս 26։12, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Այսպես վարվելը և ամեն օր Աստծո Խոսքի մասին խորհրդածելը Եհովային սրտառուչ և երախտագիտության աղոթքներով մոտենալու բազում հիմքեր կտան։
Հեզորեն փնտրեք Եհովայի օգնությունը
9. Ինչպե՞ս աղոթեց Ասա թագավորը, և հետևանքը ինչպիսի՞ն եղավ։
9 Լինելով Եհովայի վկաներ և ողջ սրտով նրան ծառայելով՝ կարող ենք վստահ լինել, որ նա լսում է օգնության համար իրեն ուղղված մեր աղոթքները (Եսայիա 43։10—12)։ Քննարկենք Հուդայի Ասա թագավորի օրինակը։ Իր թագավորության 41 տարիներից առաջին 10 տարիները (մ.թ.ա. 977—937) խաղաղությամբ ընթացան, որից հետո եթովպացի Զարա թագավորը մեծաթիվ բանակով արշավեց Հուդայի վրա։ Իսրայելացիների նկատմամբ թվային գերազանցությունը չխանգարեց, որպեսզի Ասան ու իր կողմնակիցները պատերազմի դուրս գային եթովպացիների դեմ։ Կռվից առաջ Ասան ջերմեռանդորեն աղոթեց։ Նա գիտեր, որ Եհովան ի զորու է իրենց ազատելու։ Աղերսելով օգնության համար՝ թագավորն ասաց. «Մենք քեզ ենք ապաւինել, եւ քո անունովն ենք եկել այս բազմութեան վերայ, ով Տէր, դու ես մեր Աստուածը, թող մարդը քեզանից զօրաւոր չ’լինի»։ Արդյունքում նրանք կատարյալ հաղթանակ տարան, քանի որ Եհովան ազատեց նրանց իր մեծ անվան համար (Բ Մնացորդաց 14։1—15)։ Աստված կամ ազատում է մեզ փորձությունից, կամ էլ ուժ է տալիս, որ դիմանանք։ Հետևաբար, կարող ենք առանց կասկածի ասել, որ նա լսում է օգնության համար իրեն ուղղված մեր խնդրանքները։
10. Հովսափատ թագավորի օրինակն ինչպե՞ս է օգնում մեզ, երբ գտնվում ենք դժվարին կացության մեջ ու չգիտենք, թե ինչպես վարվել։
10 Եթե գտնվում ենք դժվար իրավիճակում ու չենք կողմնորոշվում, թե ինչպես վարվել, կարող ենք վստահ լինել, որ Եհովան կլսի մեր խնդրանքները։ Այս իրավիճակն էր տիրում Հուդայի Հովսափատ թագավորի օրերում, որի 25 տարի տևած իշխանությունը սկսվեց մ.թ.ա. 936 թ.–ին։ Երբ մովաբացիները, ամմոնացիները և Սեիր սարի շրջակայքի հսկայական բանակները միավորվեցին ու Հուդայի համար սպառնալիք դարձան, Հովսափատն աղերսեց. «Ով մեր Աստուած, մի՞թէ նորանց չես դատիլ. որովհետեւ մենք զօրութիւն չ’ունինք այս մեծ բազմութեան դէմ, որ եկել է մեզ վերայ, եւ մենք չ’գիտենք թէ ինչ անենք. որովհետեւ մեր աչքերը քեզ վերայ է»։ Եհովան պատասխանեց խոնարհաբար ասված այդ աղոթքին. նա պատերազմեց Հուդայի փոխարեն՝ խառնաշփոթ առաջացնելով, որպեսզի թշնամիները կոտորեն միմյանց։ Արդյունքը եղավ այն, որ շրջակա ազգերը վախով լցվեցին, իսկ Հուդայում խաղաղություն տիրեց (Բ Մնացորդաց 20։1—30)։ Երբ դժվարության հանդիպելիս իմաստության պակաս ենք զգում, Հովսափատի նման մենք էլ կարող ենք աղոթել. ‘Մենք չգիտենք, թե ինչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ վրա են, Եհովա’։ Կարող ենք մեզ վրա զգալ սուրբ հոգու ազդեցությունը և վերհիշել համապատասխան սուրբգրային կետերը խնդիրը լուծելու համար, կամ էլ Աստված կարող է օգնել մի այնպիսի ձևով, որը գերազանցում է մարդկային հասկացողությանը (Հռովմայեցիս 8։26, 27)։
11. Աղոթքի մասին ի՞նչ ենք սովորում Երուսաղեմի պարսպի վերաշինման համար Նեեմիայի կատարած քայլերից։
11 Աստծուց օգնություն ստանալու համար լավ կլիներ աղոթքի մեջ հաստատակամ լինել։ Նեեմիան վշտացավ, լաց եղավ, ծոմ պահեց և օրերով աղոթում էր Երուսաղեմի պարսպի վերաշինման ու Հուդայի բնակիչների հուսահատ վիճակի համար (Նէեմիա 1։1—11)։ Անկասկած, նրա աղոթքները հասան Աստծուն անուշաբույր խունկի պես։ Օրերից մի օր պարսից Արտաշես թագավորը, տեսնելով Նեեմիային ընկճված վիճակում, հարցրեց. «Ի՞նչ է քո ուզածը»։ «Եւ ես աղօթք արի երկնքի Աստուծուն»,— գրում է Նեեմիան։ Այդ կարճ, սակավաբառ աղոթքը պատասխանվեց, ու Նեեմիան թույլտվություն ստացավ իրականացնելու իր սրտի ցանկությունը. այն էր՝ գնալ ու վերաշինել Երուսաղեմի քանդված պարիսպը (Նէեմիա 2։1—8)։
Թող որ Հիսուսը ձեզ աղոթել սովորեցնի
12. Ձեր բառերով ինչպե՞ս կամփոփեիք Հիսուսի տիպար աղոթքը։
12 Սուրբ գրություններում արձանագրված բոլոր աղոթքներից հատկապես ուսանելի է Հիսուսի կողմից որպես անուշաբույր խունկ ներկայացված տիպար աղոթքը։ Ղուկասն իր Ավետարանում գրում է. «Նրա [Հիսուսի] աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»։ Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. Հայր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայութիւնը թող գայ։ Մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ ամէն օր։ Եւ մեր մեղքերը մեզ ների՛ր, ինչպէս մենք էլ ներում ենք ամէն մարդու, որ հանցանք է գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան»» (Ղուկաս 11։1—4; Մատթէոս 6։9—13)։ Եկեք քննարկենք այս աղոթքը, որը տրված է ոչ թե անգիր սովորելու, այլ որպես ուղեցույց մեզ ծառայելու համար։
13. Ինչպե՞ս կբացատրեք «հայր մեր, սուրբ թող լինի քո անունը» արտահայտության նշանակությունը։
13 «Հայր մեր, սուրբ թող լինի քո անունը». Եհովային որպես հայր դիմելը հատուկ առանձնաշնորհում է իր նվիրված ծառաների համար։ Որևէ մտահոգությամբ իրենց կարեկից հորն անկաշկանդ մոտեցող երեխաների պես մենք էլ պետք է ժամանակ հատկացնենք ակնածանքով, կանոնավորաբար Աստծուն աղոթքով դիմելուն (Սաղմոս 103։13, 14)։ Մեր աղոթքները պետք է ցույց տան, որ մենք մտածում ենք Եհովայի անվան սրբացման մասին, քանի որ ցանկանում ենք իր անունը մաքրված տեսնել նրա վրա բերված բոլոր նախատինքներից։ Այո՛, մենք ցանկանում ենք սուրբ և անարատ պահել Եհովայի անունը (Սաղմոս 5։11; 63։3, 4; 148։12, 13; Եզեկիէլ 38։23)։
14. Ի՞նչ է նշանակում աղոթել. «Քո արքայութիւնը թող գայ»։
14 «Քո արքայութիւնը թող գայ». Թագավորությունը Եհովայի կառավարությունն է, որը գտնվում է նրա Որդու՝ Հիսուսի ու նրա հետ համագործակցող «սուրբերի» ձեռքում և ներկայացված է երկնային Մեսիական կառավարության միջոցով (Դանիէլ 7։13, 14, 18, 27; Յայտնութիւն 20։6)։ Այն շուտով ‘գալու է’, որպեսզի երկրի վրայից վերացնի Աստծո գերիշխանությանը հակառակվող երկրային բոլոր հակառակորդներին (Դանիէլ 2։44)։ Հետո Եհովայի կամքը կատարվելու է երկրի վրա, ինչպես որ երկնքում է (Մատթէոս 6։10)։ Ի՜նչ ուրախություն է լինելու Տիեզերքի Գերիշխանին հավատարմորեն ծառայող բոլոր արարածների համար։
15. Ի՞նչ է նշանակում խնդրել. «Մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ ամէն օր»։
15 «Մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ ամէն օր»։ Եհովայից «հանապազօրեայ հացը» խնդրելով՝ չենք ցանկանում մեզ առատորեն սննդով ապահովել, այլ խնդրում ենք միայն մեր ամենօրյա կարիքները բավարարել։ Թեև վստահում ենք Աստծո հոգատարությանը, բայց նաև աշխատում ենք և օգտագործում հնարավոր ամեն միջոց սնունդ և ուրիշ անհրաժեշտ բաներ ձեռք բերելու համար (Բ Թեսաղոնիկեցիս 3։7—10)։ Անշուշտ, պետք է շնորհակալություն հայտնենք մեր երկնային Հովանավորին, քանի որ այս ամենը իրականանում է նրա սիրո, իմաստության և ուժի շնորհիվ (Գործք 14։14—16)։
16. Ինչպե՞ս կարող ենք Աստծուց ներում ստանալ։
16 «Մեր մեղքերը մեզ ների՛ր, ինչպէս մենք էլ ներում ենք ամէն մարդու, որ հանցանք է գործում մեր դէմ»։ Քանի դեռ մենք անկատար ու մեղավոր ենք, դեռևս ի վիճակի չենք լիովին համապատասխանել Եհովայի կատարյալ չափանիշներին։ Հետևաբար, մենք պիտի աղոթենք, որ Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա իր ներումին արժանանանք։ Եթե կամենում ենք, որ «աղօթք» լսողը այդ զոհագործության արժեքը կիրառի մեր մեղքերի հանդեպ, պետք է զղջանք ու պատրաստ լինենք ընդունելու ցանկացած խրատ (Սաղմոս 65։2; Հռովմայեցիս 5։8; 6։23; Եբրայեցիս 12։4—11)։ Բացի դրանից, Աստծո կողմից ներում կարող ենք ստանալ միայն այն դեպքում, եթե մենք ‘ներենք ամեն մարդու’, ով մեղանչում է մեր դեմ (Մատթէոս 6։12, 14, 15)։
17. Ի՞նչ են նշանակում «մի՛ տար մեզ փորձութեան» խոսքերը։
17 «Մի՛ տար մեզ փորձութեան». Աստվածաշնչում երբեմն ասվում է, թե Եհովա՛ն է ամեն բան անողը, մինչդեռ նա պարզապես թույլ է տալիս դրանք (Հռութ 1։20, 21)։ Աստված մեզ չի փորձում, որպեսզի մեղք գործենք (Յակոբոս 1։13)։ Մեղք գործելու ցանկությունը սկիզբ է առնում Սատանայից, մեր մեղավոր մարմնից և այս աշխարհից։ Սատանան է փորձողը, որը ջանում է խորամանկությամբ մեզ մեղանչել տալ Աստծո դեմ (Մատթէոս 4։3; Ա Թեսաղոնիկեցիս 3։5)։ «Մի՛ տար մեզ փորձութեան» խնդրանքն ուղղելով Աստծուն՝ մենք խնդրում ենք նրանից, որ թույլ չտա մեզ ձախողվել, երբ փորձվում ենք իրեն հնազանդ մնալու հարցում։ Աստված կարող է առաջնորդել մեզ, որպեսզի չհանձնվենք ու չտրվենք ‘չարին’՝ Սատանային (Մատթէոս 6։13; Ա Կորնթացիս 10։13)։
Ձեր աղոթքների համաձայն գործեք
18. Ինչպե՞ս կարող ենք երջանիկ ամուսնություն և ընտանեկան կյանք ունենալու համար Աստծուն ուղղված աղոթքների համաձայն գործել։
18 Հիսուսի տիպար աղոթքում ներկայացվում են գլխավոր կետերը, սակայն կարող ենք ուրիշ բաների մասին էլ աղոթել։ Օրինակ՝ կարելի է աղոթել երջանիկ ամուսնություն ունենալու, ինչպես նաև նախքան ամուսնությունը ինքնազսպում մշակելու համար։ Սակայն աղոթելուց հետո եկեք մեր աղոթքների համաձայն գործենք և խուսափենք անբարո գրականություններից ու զվարճություններից։ Եկեք նաև վճռենք ‘ամուսնանալ միայն Տիրոջով’ (Ա Կորնթացիս 7։39; Բ Օրինաց 7։3, 4)։ Իսկ երբ արդեն ամուսնացած ենք, պետք է երջանկություն խնդրելու մասին մեր աղոթքների համաձայն գործենք՝ կիրառելով Աստծո խորհուրդները։ Եթե երեխաներ ունենք, բավական չէ միայն աղոթել, որ նրանք Եհովայի հավատարիմ ծառաները դառնան։ Մեր ձեռքից եկած ամեն բան պիտի անենք, որպեսզի նրանց մտքի մեջ արմատավորենք Աստծո ճշմարտությունը՝ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով և նրանց հետ քրիստոնեական ժողովներին կանոնավորաբար մասնակցելով (Բ Օրինաց 6։5—9; 31։12; Առակաց 22։6)։
19. Ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե աղոթում ենք մեր ծառայության մասին։
19 Աղոթո՞ւմ ենք ծառայության մեջ օրհնություններ ստանալու համար։ Եթե այո, ապա եկեք այդ աղոթքների համաձայն գործենք՝ իմաստալից մասնակցություն բերելով Թագավորությունը քարոզելու գործում։ Եթե աղոթում ենք, որ ուրիշներին էլ օգնենք հավիտենական կյանքի ճանապարհի վրա կանգնելու համար, ապա հետաքրքրվող անձանց մասին համապատասխան նշումներ պիտի անենք և պատրաստակամությամբ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնենք։ Իսկ ի՞նչ կարելի է ասել, եթե ցանկանում ենք լիաժամ ծառայել որպես ռահվիրա։ Այդ դեպքում եկեք մեր աղոթքների համաձայն քայլեր ձեռնարկենք՝ ավելացնելով մեր ծառայությունը և ռահվիրաների հետ միասին մասնակցություն բերելով ծառայության մեջ։ Նման քայլեր անելով՝ ցույց կտանք, որ մեր աղոթքների համաձայն ենք վարվում։
20. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
20 Եթե Եհովային հավատարմորեն ենք ծառայում, կարող ենք վստահ լինել, որ նա կպատասխանի իր կամքի հետ համաձայն իրեն ուղղված մեր աղոթքներին (Ա Յովհաննէս 5։14, 15)։ Անկասկած, Աստվածաշնչում արձանագրված որոշ աղոթքներից օգտակար մտքեր կարող ենք քաղել։ Հաջորդ հոդվածում կքննարկենք սուրբգրային մյուս հրահանգները նրանց համար, ովքեր ցանկանում են, որ իրենց աղոթքը Եհովայի առաջ ‘ընդունելի լինի ինչպես խունկ’։
Ինչպե՞ս կպատասխանեք
◻ Ինչո՞ւ պետք է հավատով մատուցենք մեր աղոթքները։
◻ Փառաբանությունն ու շնորհակալությունն ի՞նչ դեր են կատարում մեր աղոթքներում։
◻ Ինչո՞ւ աղոթքներում վստահաբար կարող ենք փնտրել Եհովայի օգնությունը։
◻ Որո՞նք են տիպար աղոթքի գլխավոր կետերը։
◻ Ինչպե՞ս կարող ենք մեր աղոթքների համաձայն գործել։
[նկար 10–րդ էջի վրա]
Հովսափատ թագավորի նման երբեմն մենք էլ կարող ենք աղոթել. ‘Մենք չգիտենք, թե ինչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ վրա են, Եհովա’։
[նկար 11–րդ էջի վրա]
Դուք էլ աղոթո՞ւմ եք Հիսուսի տված տիպար աղոթքի համաձայն։