‘Հարո՞ւստ ես Աստծով’
ՀԻՍՈՒՍ Քրիստոսի պատմած առակների թվում, որ մտածելու տեղիք են տալիս, կա մի առակ հարուստ հողատիրոջ մասին։ Ձգտելով իր համար հուսալի ապագա ստեղծել՝ այս հողատերը ծրագրեց կառուցել ավելի մեծ շտեմարաններ։ Հիսուսի պատմած առակում այս մարդը կոչվում է «ա՛նմիտ» (Ղուկաս 12։16–21)։ Աստվածաշնչի մի շարք թարգմանություններ այս բառի փոխարեն նույնիսկ օգտագործում են «հիմար» բառը։ Սակայն ինչո՞ւ այս մարդը այդքան խիստ գնահատականի արժանացավ։
Ակներևաբար այս հարուստը ծրագրեր կազմելիս հաշվի չառավ Աստծուն, ոչ էլ շնորհակալություն հայտնեց նրան իր հողի տված բերքի համար (Մատթէոս 5։45)։ Դրա փոխարեն՝ նա պարծեցավ. «Ով անձն, շատ բարիքներ ունիս շատ տարիների համար ամբարուած. հանգստացիր, կեր, խմիր, զուարճացիր»։ Նրան թվում էր, թե իր ձեռք բերած բարիքները «բարձր պարսպի նման» կլինեն (Առակաց 18։11)։
Հակոբոս աշակերտը նախազգուշացրել է այսպիսի մեծամտություն դրսևորելու մասին. «Ահա, ով դուք, որ ասում էք, Այսօր եւ էգուց գնանք այսինչ քաղաքը, եւ այնտեղ մի տարի լինենք եւ վաճառենք եւ շահինք. Դուք որ չ’գիտէք էգուցվայ օրը։ Ի՞նչպիսի բան է ձեր կեանքը. որ մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ յետոյ աներեւութանում» (Յակոբոս 4։13–15)։
Այն, որ այս խոսքերը ճշմարիտ են, երևում է հարուստ մարդու մասին Հիսուսի պատմած առակից։ Նրան ասվեց. «Ա՛նմիտ, հէնց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կ’պահանջեն. ապա այս որ պատրաստեցիր՝ ո՞ւմ կ’լինի»։ Ինչպես գոլորշին է արագորեն անհետանում, այնպես էլ այդ հարուստ մարդը, նախքան իր երազանքների իրականանալը, անհետանալու էր, այսինքն՝ մահանալու էր։ Ինչ–որ դաս քաղո՞ւմ ենք այս առակից։ Հիսուսն ասաց. «Այսպէս էլ նա՝ որ իր անձի համար գանձ է հաւաքում, եւ Աստուծով չէ հարուստ»։ Իսկ դու ‘հարո՞ւստ ես Աստծով’։