ԳԼՈՒԽ 79
Ինչո՞ւ է անհավատ հրեաներին կործանում սպասում
ՀԻՍՈՒՍԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է ՏԱԼԻՍ՝ ԽՈՍԵԼՈՎ ԵՐԿՈՒ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ
ՇԱԲԱԹ ՕՐԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՄԻ ՀԻՎԱՆԴ ԿՆՈՋ
Հիսուսը տարբեր կերպերով և տարբեր առիթներով փորձել է օգնել մարդկանց, որ նրանք մտածեն Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերությունների մասին։ Այժմ՝ փարիսեցու տան մոտ հավաքված մարդկանց հետ զրույցից հետո, մեկ այլ այդպիսի առիթ է ստեղծվում։
Հավաքված մարդկանցից մի քանիսը սկսում են խոսել տեղի ունեցած մի դժբախտ դեպքի մասին։ Նրանք Հիսուսին պատմում են «այն գալիլեացիների մասին, որոնց արյունը [հռոմեացի կուսակալ Պոնտացի] Պիղատոսը խառնել էր նրանց զոհաբերությունների հետ» (Ղուկաս 13։1)։ Ինչո՞ւ են մարդիկ պատմում այս դեպքի մասին։
Թերևս այս գալիլեացիները սպանվել էին այն ժամանակ, երբ հազարավոր հրեաներ դուրս էին եկել Պիղատոսի դեմ բողոքելու, քանի որ վերջինս վերցրել էր տաճարի գանձարանի դրամը, որպեսզի Երուսաղեմը ջրով մատակարարելու համար ջրանցույց կառուցեր։ Հավանաբար, Պիղատոսը այդ գումարը վերցրել էր՝ համաձայնության գալով տաճարում իշխանություն ունեցող մարդկանց հետ։ Այժմ այս դեպքի մասին պատմող մարդիկ թերևս մտածում են, որ այդ գալիլեացիներին այդպիսի դժբախտություն պատահեց նրանց չար գործերի պատճառով։ Սակայն Հիսուսը համաձայն չէ նրանց հետ։
Նա հարցնում է. «Մի՞թե կարծում եք, թե այդ գալիլեացիները, որ կրեցին այս բաները, մյուս գալիլեացիներից ավելի մեղավոր էին»։ Ապա ինքն էլ պատասխանում է այդ հարցին՝ ասելով՝ ո՛չ։ Այդուհանդերձ, նա այս առիթն օգտագործում է հրեաներին զգուշացում տալու համար. «Եթե չզղջաք, դուք բոլորդ էլ այդպես կկործանվեք» (Ղուկաս 13։2, 3)։ Այնուհետև Հիսուսը խոսում է մեկ այլ դժբախտ դեպքի մասին, որը հավանաբար տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ և կապված է վերոհիշյալ ջրանցույցի կառուցման հետ։
Նա ասում է. «Այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, մի՞թե կարծում եք, թե նրանք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում բնակվող մյուս բոլոր մարդիկ» (Ղուկաս 13։4)։ Հավաքված մարդիկ թերևս մտածում են, որ այդ տասնութ հոգին մահացել են իրենց գործած մեղքերի պատճառով։ Հիսուսն այս անգամ էլ համաձայն չէ նրանց հետ։ Նա գիտի, որ «ժամանակ և պատահար բոլորին է լինում», և հավանաբար նույնն է պատահել նաև այս դեպքում (Ժողովող 9։11)։ Մարդիկ, սակայն, պետք է դաս քաղեն այդ դեպքից։ Հիսուսն ասում է. «Եթե չզղջաք, դուք բոլորդ էլ նույն ձևով կկործանվեք» (Ղուկաս 13։5)։ Իսկ ինչո՞ւ է Հիսուսը այդ միտքը ընդգծում հենց այժմ։
Բանն այն է, որ այժմ նրա ծառայության վերջին տարին է։ Իր ասածը պարզաբանելու համար Հիսուսը մի առակ է պատմում. «Մի մարդ իր խաղողի այգում թզենի էր տնկել, և նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու, բայց ոչինչ չգտավ։ Ուստի խաղողագործին ասաց. «Արդեն երեք տարի է, որ գալիս եմ այս թզենու վրա պտուղ փնտրելու, բայց ոչինչ չեմ գտնում։ Կտրի՛ր այն։ Ինչո՞ւ զուր տեղը հող զբաղեցնի»։ Նա էլ ասաց. «Տե՛ր, թող այս տարի էլ մնա, նրա շուրջը փորեմ ու գոմաղբ լցնեմ, և եթե ապագայում պտուղ տա, լա՛վ, իսկ եթե ոչ, կկտրես այն»» (Ղուկաս 13։6–9)։
Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Հիսուսը ջանում է օգնել հրեաներին, որ նրանք հավատ զարգացնեն։ Սակայն չնայած Հիսուսի ջանքերին՝ այդ ազգը քիչ պտուղ է բերել՝ քչերն են դարձել Հիսուսի աշակերտները։ Այժմ՝ իր ծառայության չորրորդ տարվա ընթացքում, Հիսուսը ավելի մեծ ջանքեր է ներդնում։ Նա փոխաբերական իմաստով փորում և պարարտանյութ է լցնում հրեա ազգի՝ թզենու շուրջը՝ քարոզելով և ուսուցանելով Հրեաստանում ու Պիրեայում։ Ինչպիսի՞ն են լինում արդյունքները։ Շատ քիչ հրեաներ են արձագանքում, և Իսրայել ազգը, ընդհանուր առմամբ, չի զղջում։ Հետևաբար, այդ ազգին կործանում է սպասում։
Նրանցից շատերի թերահավատությունը մեկ անգամ ևս հստակ երևում է շաբաթ օրը, երբ Հիսուսը սովորեցնում է ժողովարանում։ Այնտեղ նա տեսնում է մի կնոջ, որը 18 տարի է, ինչ կորացած ու կծկված է դիվային ազդեցության պատճառով։ Կարեկցանք դրսևորելով այդ կնոջ հանդեպ՝ Հիսուսն ասում է. «Ո՛վ կին, դու ազատված ես քո հիվանդությունից» (Ղուկաս 13։12)։ Ապա իր ձեռքերը դնում է նրա վրա, և կինը իսկույն ուղղվում է ու սկսում է փառաբանել Աստծուն։
Դա տեսնելով՝ ժողովարանի պետը վրդովված ասում է. «Վեց օր կա, որոնց ընթացքում կարելի է գործ անել, ուստի այդ օրերի՛ն եկեք և բուժվեք, այլ ոչ թե շաբաթ օրը» (Ղուկաս 13։14)։ Այդ մարդը չի հերքում այն, որ Հիսուսը բուժելու զորություն ունի, այլ դատապարտում է մարդկանց այն բանի համար, որ շաբաթ օրն են գալիս բուժվելու։ Ի պատասխան՝ Հիսուսը մի տրամաբանական փաստարկ է բերում. «Կեղծավորնե՛ր, ձեզանից ամեն մեկը շաբաթ օրը չի՞ արձակում իր ցուլը կամ էշը մսուրից և չի՞ տանում ջուր խմեցնելու։ Իսկ այս կինը, որ Աբրահամի դուստրն է, և որին Սատանան տասնութ տարի է՝ կապված էր պահում, արդյոք արժանի չէ՞ր, որ շաբաթ օրը այդ կապանքից ազատ արձակվեր» (Ղուկաս 13։15, 16)։
Հիսուսի հակառակորդները, դա լսելով, ամաչում են։ Իսկ ժողովուրդը ուրախանում է այն փառավոր գործերի համար, որ անում է Հիսուսը։ Այնուհետև այդտեղ՝ Հրեաստանում, Հիսուսը մարդկանց պատմում է Թագավորության հետ կապված երկու առակներ, որոնք նա ավելի վաղ պատմել էր Գալիլեայի ծովի մոտ հավաքված մարդկանց (Մատթեոս 13։31–33; Ղուկաս 13։18–21)։