Ձգտենք ճշմարիտ հարստության
«Անարդար հարստության միջոցով ձեզ համար ընկերներ ձեռք բերեք» (ՂՈՒԿ. 16։9)։
1, 2. Ինչո՞ւ ներկայիս համակարգում միշտ էլ աղքատներ կլինեն։
ԱՅՍՕՐ մենք ապրում ենք դաժան և անարդար տնտեսական համակարգում։ Երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել։ Բազում մարդիկ, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, տեղափոխվում են զարգացած երկրներ։ Սակայն նույնիսկ այդպիսի երկրներում շատերն աղքատ են։ Հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը գնալով մեծանում է։ Վերջին հաշվարկների համաձայն՝ աշխարհի բնակչության ամենահարուստ մեկ տոկոսը այնքան փող ունի, որքան մնացած բնակիչները՝ միասին վերցված։ Թեև այս ցուցանիշը դժվար է հաստատել, ակնհայտ է, որ միլիարդավոր մարդիկ շատ աղքատ են, իսկ ուրիշները այնքան հարուստ են, որ կարող են ապահովել իրենց մի քանի սերունդների։ Հիսուսը, գիտակցելով այս դառը իրականությունը, ասաց. «Աղքատները միշտ ձեզ հետ են» (Մարկ. 14։7)։ Ինչո՞ւ է աշխարհում այսպիսի անհավասարություն տիրում։
2 Հիսուսը հասկանում էր, որ մինչև Աստծու Թագավորության գալը ներկայիս տնտեսական համակարգը չի փոխվի։ Ագահ առևտրային համակարգը, որը խորհրդանշում են Հայտնություն 18։3-ում նշված «ճամփորդող վաճառականները», Սատանայի աշխարհի մի մասն է, ինչպես որ դրա քաղաքական և կրոնական տարրերը։ Աստծու ժողովուրդը կարողանում է լիովին անջատ լինել քաղաքականությունից և կեղծ կրոնից, սակայն Եհովայի ծառաների մեծամասնությունը չի կարող լիովին անջատ ապրել Սատանայի աշխարհի առևտրային համակարգից։
3. Ի՞նչ հարցեր ենք քննելու։
3 Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է քննենք ու տեսնենք, թե ինչպես ենք վերաբերվում ներկայիս առևտրային համակարգին։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինչպե՞ս օգտագործեմ իմ նյութական ունեցվածքը, որպեսզի ցույց տամ հավատարմությունս Աստծու հանդեպ։ Ի՞նչ անեմ, որ ավելի քիչ ներգրավված լինեմ առևտրի աշխարհում։ Այս դժվար պայմաններում Աստծու ժողովուրդը ինչպե՞ս է ցույց տալիս, որ լիովին վստահում է նրան»։
ԱՌԱԿ ԱՆԱՐԴԱՐ ՏՆՏԵՍԻ ՄԱՍԻՆ
4, 5. ա) Ըստ Հիսուսի առակի՝ ի՞նչ իրավիճակում հայտնվեց տնտեսը։ բ) Հիսուսը ի՞նչ հորդոր տվեց իր հետևորդներին։
4 Կարդա Ղուկաս 16։1–9։ Անարդար տնտեսի մասին Հիսուսի պատմած առակը մտածելու տեղիք է տալիս։ Երբ այդ տնտեսին մեղադրեցին, թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը, նա «հնարամտությամբ», կամ՝ իմաստությամբ գործեց։ Նա քայլեր ձեռնարկեց, որպեսզի «ընկերներ ձեռք բերեր», որոնք կօգնեին իրեն, երբ զրկվեր տնտեսի պաշտոնից։a Ինչ խոսք, Հիսուսը իր աշակերտներին չէր խրախուսում այս աշխարհում գոյատևելու համար անարդար վարվել։ Նա ասաց, որ «այս աշխարհի որդիներն» են այդպես վարվում։ Այդուհանդերձ, այս առակի միջոցով Հիսուսը կարևոր բան սովորեցրեց։
5 Հիսուսը գիտեր, որ, ինչպես տնտեսը դժվար իրավիճակում հայտնվեց, այնպես էլ իր հետևորդների մեծ մասի համար է դժվար լինելու ապրուստ վաստակել այս անարդար առևտրային համակարգում։ Ուստի հորդորեց նրանց. «Անարդար հարստության միջոցով ձեզ համար ընկերներ ձեռք բերեք, որպեսզի երբ այն վերջանա, նրանք [Եհովան և Հիսուսը] ձեզ հավիտենական բնակատեղերն ընդունեն»։ Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից։
6. Որտեղի՞ց գիտենք, որ ներկայիս առևտրային համակարգը Աստծու նպատակի մաս չէր կազմում։
6 Թեև Հիսուսը չի բացատրում, թե ինչու է հարստությունը «անարդար» կոչում, Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Աստված չէր նպատակադրել, որ մարդիկ բիզնեսով զբաղվեին։ Եդեմի պարտեզում Եհովան Ադամին ու Եվային առատորեն տալիս էր ամեն անհրաժեշտ բան (Ծննդ. 2։15, 16)։ Իսկ առաջին դարում, երբ սուրբ ոգին գործում էր օծյալների ժողովի վրա, «նրանցից նույնիսկ մեկն էլ չէր ասում, թե իր ունեցածները իր սեփականն են, այլ իրենց բոլոր ունեցածը ընդհանուր էր» (Գործ. 4։32)։ Եսայիա մարգարեն գրեց այն ժամանակների մասին, երբ բոլոր մարդիկ ազատորեն կօգտվեն երկրի նյութական բարիքներից (Ես. 25։6–9; 65։21, 22)։ Սակայն մինչ այդ Հիսուսի հետևորդները իմաստության կարիք կունենան, որպեսզի ապրուստ վաստակեն՝ օգտագործելով այսօրվա աշխարհի «անարդար հարստությունը», և միևնույն ժամանակ ձգտեն հաճեցնել Աստծուն։
ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ԱՆԱՐԴԱՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
7. Ի՞նչ խորհուրդ է տրվում Ղուկաս 16։10–13 համարներում։
7 Կարդա Ղուկաս 16։10–13։ Առակում տնտեսը անձնական շահի համար էր ընկերներ ձեռք բերում։ Սակայն Հիսուսը իր հետևորդներին հորդորեց ընկերներ ձեռք բերել երկնքում և դա անել առանց եսասիրական նպատակների։ Այդ առակին հաջորդող համարներում «անարդար հարստությունն» օգտագործելը կապվում է Աստծուն հավատարիմ լինելու հետ։ Հիսուսն ուզում էր ասել, որ այն, թե ինչպես ենք օգտագործում մեր ձեռք բերած հարստությունը, ցույց է տալիս, թե արդյոք հավատարիմ ենք Աստծուն։
8, 9. Բեր օրինակներ, թե անարդար հարստությունն օգտագործելու հարցում ոմանք ինչպես են ցույց տալիս իրենց հավատարմությունը։
8 Նյութական բաներն օգտագործելու հարցում ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հավատարմությունը. ֆինանսապես աջակցելով այն համաշխարհային քարոզչական գործունեությանը, որի մասին խոսել է Հիսուսը (Մատթ. 24։14)։ Հնդկաստանում ապրող մի աղջնակ փոքր տուփ ուներ, որի մեջ մետաղադրամներ էր գցում։ Փող հավաքելու համար նա նույնիսկ հրաժարվում էր խաղալիքներ գնելուց։ Երբ տուփը լցվեց, աղջիկը հավաքված փողը նվիրեց քարոզչական գործի համար։ Հնդկաստանում բնակվող մի եղբայր, որը կոկոս է աճեցնում, մեծ քանակությամբ կոկոս նվիրաբերեց այն գրասենյակին, որտեղ մեր գրականությունը թարգմանվում է մալայալամ լեզվով։ Եղբայրը մտածեց, որ այդպես ավելի մեծ օգուտ կտա, քան փող նվիրաբերելով, քանի որ գրասենյակը այսպես թե այնպես պետք է կոկոս գնի։ Սա իմաստության դրսևորում է։ Նույն ձևով էլ Հունաստանում ապրող որոշ եղբայրներ կանոնավորաբար ձիթայուղ, պանիր և ուրիշ մթերքներ են նվիրաբերում Բեթելի ընտանիքին։
9 Մի եղբայր, որը Շրի Լանկայից է, բայց այժմ արտասահմանում է բնակվում, հայրենիքում գտնվող իր տունն ու հողատարածքը տրամադրել է ժողովի հանդիպումներ ու համաժողովներ անցկացնելու և լիաժամ ծառայողներին կացարանով ապահովելու համար։ Եղբոր արած այս զոհողությունը մեծ օգնություն է տեղի քարոզիչների համար, որոնք քիչ միջոցներ ունեն։ Մի երկրում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է, եղբայրները իրենց տները տրամադրում են որպես Թագավորության սրահ օգտագործելու համար։ Դրա շնորհիվ շատ ռահվիրաներ և ուրիշներ, որոնց միջոցները սահմանափակ են, հանդիպումների վայր ունենալու համար ստիպված չեն ֆինանսական բեռ կրել։
10. Որո՞նք են այն օրհնություններից մի քանիսը, որ ստանում ենք՝ առատաձեռնորեն տալով։
10 Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, թե ինչպես են Աստծու ծառաները «քչի մեջ», այսինքն՝ նյութական հարստությունն օգտագործելու հարցում հավատարիմ մնում (Ղուկ. 16։10)։ Եհովայի այս ընկերները գիտակցում են, որ առատաձեռն լինելով՝ կարող են «ճշմարիտ» հարստություն ձեռք բերել (Ղուկ. 16։11)։ Մի քույր, որը կանոնավորաբար նվիրաբերություններ է անում Թագավորության գործի համար, պատմում է, թե ինչպես է օրհնվել. «Առատաձեռն լինելով՝ տարիների ընթացքում մի արտասովոր բան եմ նկատել իմ մեջ։ Հասկացել եմ, որ այդպես վարվելով՝ սկսել եմ ավելի լավ վերաբերվել մարդկանց։ Ես ավելի առատաձեռն եմ դարձել նաև ուրիշներին ներելու, նրանց հանդեպ համբերատար լինելու, հիասթափությունների հետ հաշտվելու և խորհուրդներ ընդունելու հարցում»։ Այո՛, շատերն են հասկացել, որ առատաձեռնությունը հոգևորապես հարստացնում է (Սաղ. 112։5; Առակ. 22։9)։
11. ա) Առատաձեռնությունը ինչո՞ւ է իմաստության դրսևորում։ բ) Ինչպե՞ս է Աստծու ժողովրդի մեջ ֆինանսական միջոցների հավասարություն ապահովվում (տես հոդվածի սկզբի նկարը)։
11 Երբ նյութական բաներն օգտագործում ենք Թագավորության շահերն առաջ տանելու համար, դա մեկ ուրիշ առումով էլ է իմաստության դրսևորում։ Դա թույլ է տալիս, որ օգտվենք մեր հանգամանքներից՝ ուրիշներին օգնելու համար։ Նրանք, ովքեր նյութական միջոցներ ունեն, բայց չեն կարող լիաժամ ծառայել կամ արտերկիր տեղափոխվել, բավարարվածության զգացում ունեն՝ իմանալով, որ իրենց նվիրաբերած միջոցներով ուրիշներին օգնում են ծառայել (Առակ. 19։17)։ Կամավոր նվիրաբերությունների շնորհիվ գրականություն է մատակարարվում, և քարոզչական գործն իրականացվում է այն տարածքներում, որտեղ շատերն աղքատ են, բայց որտեղ հոգևոր մեծ աճ է գրանցվում։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կոնգոն, Մադագասկարն ու Ռուանդան, եղբայրները տարիներ շարունակ հաճախ ստիպված էին լինում ընտրություն կատարել իրենց ընտանիքների համար սնունդ գնելու և Աստվածաշունչ ձեռք բերելու միջև, որի գինը հավասար է իրենց շաբաթական կամ ամսական աշխատավարձին։ Սակայն այժմ շատերի նվիրաբերությունների շնորհիվ իրավիճակը փոխվել է։ Եհովայի կազմակերպությունը, ֆինանսական միջոցների հավասարություն ապահովելով, աջակցել է Սուրբ Գրքի թարգմանությանը, որը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի, ինչպես նաև Աստվածաշունչ ուսումնասիրող մարդկանց, ովքեր հոգևոր ծարավ ունեն (կարդա 2 Կորնթացիներ 8։13–15)։ Այդպիսով՝ թե՛ տվողները, թե՛ ստացողները կարող են դառնալ Եհովայի ընկերը։
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
12. Աբրահամն ինչպե՞ս ցույց տվեց, որ վստահում է Աստծուն։
12 Եհովայի ընկերը լինելու համար կարող ենք մեկ ուրիշ բան էլ անել՝ հնարավորինս քիչ ներգրավված լինել այս աշխարհի առևտրային համակարգում և օգտվել մեր հանգամանքներից՝ «ճշմարիտ» հարստության ձգտելու համար։ Աբրահամը, որը մեծ հավատ ուներ, թողեց բարգավաճ Ուր քաղաքը, որպեսզի ապրեր վրաններում և ավելի մտերմանար Եհովայի հետ (Եբր. 11։8–10)։ Նա միշտ ապավինում էր Աստծուն՝ ճշմարիտ հարստության Աղբյուրին, ու երբեք նյութական շահ չէր փնտրում, ինչը կվկայեր վստահության պակասի մասին (Ծննդ. 14։22, 23)։ Հիսուսը հորդորեց այսպիսի հավատ ունենալ, երբ մի հարուստ երիտասարդի ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր ունեցվածքդ ու աղքատներին տուր և գանձ կունենաս երկնքում, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր» (Մատթ. 19։21)։ Այդ երիտասարդը չուներ այնպիսի հավատ, ինչպիսին ուներ Աբրահամը։ Սակայն եղել են մարդիկ, ովքեր Աստծու հանդեպ անվերապահ վստահություն են ցույց տվել։
13. ա) Պողոսը ի՞նչ հորդոր տվեց Տիմոթեոսին։ բ) Ինչպե՞ս կարող ենք կիրառել Պողոսի խորհուրդը։
13 Տիմոթեոսը հավատի տեր մարդ էր։ Պողոս առաքյալը նրան կոչեց «Քրիստոս Հիսուսի լավ զինվոր», ապա ասաց. «Ոչ մի զինվոր իրեն զինվորագրողի բարեհաճությունը ստանալու համար չի զբաղվում շահութաբեր կողմնակի գործերով» (2 Տիմոթ. 2։3, 4)։ Այսօր Հիսուսի հետևորդները, այդ թվում՝ լիաժամ ծառայողների ավելի քան մեկ միլիոնանոց բանակը կիրառում են Պողոսի խորհուրդը, ինչքան որ թույլ են տալիս իրենց հանգամանքները։ Դիմադրելով շրջապատող աշխարհի ճնշմանը և տեղի չտալով գովազդների ազդեցությանը՝ նրանք հիշում են հետևյալ սկզբունքը. «Պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է» (Առակ. 22։7)։ Սատանան ուզում է, որ մեր ողջ ժամանակն ու ուժերը ծախսենք իր աշխարհի առևտրային համակարգին որպես ստրուկներ ծառայելու համար։ Հնարավոր է՝ այնպիսի որոշումներ կայացնենք, որոնց պատճառով տարիներ շարունակ այդ համակարգի գերին լինենք։ Օրինակ, եթե խոշոր վարկեր վերցնենք տուն գնելու, ուսանողական վարձը վճարելու, թանկարժեք մեքենա ձեռք բերելու կամ նույնիսկ ճոխ հարսանիք անելու համար, գուցե ֆինանսական մեծ դժվարություններ կրենք։ Ուստի իմաստուն ենք վարվում, երբ պարզեցնում ենք մեր կյանքը և նվազեցնում մեր պարտքերն ու ծախսերը, ինչի շնորհիվ կարողանում ենք ազատորեն ծառայել Աստծուն և ոչ թե ներկայիս առևտրային համակարգին (1 Տիմոթ. 6։10)։
14. Ի՞նչ պետք է վճռենք անել։ Բեր օրինակ։
14 Որպեսզի շարունակենք պարզ կյանքով ապրել, պետք է առաջնահերթություններ սահմանենք։ Մի ամուսնական զույգ ծաղկող արտադրական ձեռնարկություն ուներ։ Սակայն նրանք ցանկանում էին նորից լիաժամ ծառայություն սկսել, ուստի որոշեցին վաճառել իրենց ընկերությունը, մոտորանավակը և այլ իրեր։ Այնուհետև, երբ Ուորվիքում (Նյու Յորք) կառուցվում էին գլխավոր վարչության շենքերը, նրանք ծառայեցին որպես կամավորներ։ Նրանց համար առանձնահատուկ օրհնություն եղավ այն, որ ծառայեցին Բեթելում իրենց դստեր ու փեսայի հետ, ինչպես նաև մի քանի շաբաթ՝ ամուսնու ծնողների հետ, որոնք նույնպես մասնակցում էին Ուորվիքում իրականացվող նախագծին։ Կոլորադոյում (ԱՄՆ) ապրող մի ռահվիրա քույր կես դրույքով աշխատանք գտավ բանկում։ Այդ քրոջ գործատուները այնքան գոհ էին նրա աշխատանքից, որ նրան առաջարկեցին լրիվ դրույքով աշխատել ու երեք անգամ ավելի մեծ աշխատավարձ ստանալ։ Սակայն, քանի որ աշխատանքը իրեն թույլ չէր տա լիովին կենտրոնացած մնալ ծառայության վրա, նա մերժեց այդ շահավետ առաջարկը։ Սրանք միայն մի քանի օրինակներ են, թե ինչ զոհողություններ են անում Եհովայի ծառաները։ Թագավորության շահերը առաջին տեղում դնելու վճռականությունը ցույց է տալիս, որ Աստծու ընկերը լինելու հնարավորությունն ու հոգևոր հարստությունը շատ ավելի թանկ ենք գնահատում, քան այն, ինչ կարող է առաջարկել ներկայիս առևտրային համակարգը։
ԵՐԲ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՆԱ
15. Ո՞ր հարստությունն է ամենից շատ բավարարվածության զգացում տալիս։
15 Պարտադիր չէ, որ նյութական հարստությունը վկայի Աստծու օրհնության մասին։ Եհովան օրհնում է նրանց, ովքեր «հարուստ են բարի գործերով» (կարդա 1 Տիմոթեոս 6։17–19)։ Օրինակ, երբ Լուչիանb իմացավ, որ Ալբանիայում քարոզիչների մեծ կարիք կա, 1993 թ.-ին Իտալիայից տեղափոխվեց այնտեղ։ Նա չուներ ապրուստի միջոց, բայց լիովին ապավինում էր Եհովային։ Այդ քույրը ալբաներեն սովորեց ու ավելի քան 60 հոգու օգնեց, որ նվիրվեն Աստծուն։ Ճիշտ է, Եհովայի ժողովրդի մեծ մասը չի ծառայում այսպիսի պտղաբեր տարածքներում։ Սակայն ցանկացած բան, որ անում ենք ուրիշներին օգնելու համար, որպեսզի գտնեն կյանքի տանող ուղին և մնան այդ ճանապարհին, հավիտյան թանկ կգնահատենք թե՛ մենք, թե՛ նրանք (Մատթ. 6։20)։
16. ա) Ի՞նչ է սպասում ներկայիս առևտրային համակարգին։ բ) Ապագայի մասին իմանալով՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք նյութական հարստությանը։
16 Հատկանշական է, որ Հիսուսը անարդար հարստության մասին ասում է՝ «երբ այն վերջանա» (Ղուկ. 16։9)։ Նա չի ասում՝ «եթե այն վերջանա»։ Այն ճգնաժամերը, որոնք այս վերջին օրերում տեղի են ունեցել բանկային և տնտեսական համակարգերում, աննշան են՝ համեմատած այն ամենի հետ, ինչ մոտ ապագայում տեղի է ունենալու համաշխարհային մասշտաբով։ Սատանայի ողջ համակարգը՝ քաղաքական, կրոնական և առևտրային, անպատճառ տապալվելու է։ Եզեկիել և Սոփոնիա մարգարեները կանխագուշակել են, որ ոսկին ու արծաթը, որոնք դարեր շարունակ կարևոր դեր են ունեցել առևտրային համակարգում, անարժեք են դառնալու (Եզեկ. 7։19; Սոփ. 1։18)։ Ի՞նչ կզգայինք, եթե այս աշխարհում մոտենայինք մեր կյանքի վախճանին ու հասկանայինք, որ ճշմարիտ հարստությունը զոհաբերել ենք հանուն այս աշխարհի «անարդար հարստության»։ Հավանաբար կզգայինք այն մարդու պես, որը ամբողջ կյանքում աշխատել ու շատ փող է դիզել, բայց վերջում իմացել է, որ այդ փողը կեղծ է (Առակ. 18։11)։ Այո՛, այդ հարստությունը վերջանալու է, ուստի քանի դեռ հնարավոր է, եկեք դրա միջոցով «ընկերներ ձեռք բերենք» երկնքում։ Այն ամենը, ինչ անում ենք Եհովայի Թագավորության շահերը առաջ տանելու համար, հոգևորապես հարստացնում է մեզ։
17, 18. Ի՞նչ ապագա է սպասում Աստծու ընկերներին։
17 Երբ Աստծու Թագավորությունը գա, այլևս կարիք չի լինի բնակարան վարձակալելու կամ վարկով գնելու։ Սնունդը լիառատ կլինի, և բոլորը ձրի կվայելեն այն։ Իսկ առողջությունը պահպանելու համար այլևս հարկավոր չի լինի ծախսեր անել։ Եհովայի երկրային ընտանիքը կվայելի երկրի լավագույն բարիքները։ Ոսկին, արծաթն ու գոհարները կծառայեն զարդարանքի համար, ոչ թե ներդրումներ անելու կամ ունեցվածք կուտակելու։ Մարդիկ ձրի կօգտագործեն փայտից, քարից ու մետաղից պատրաստված բարձրորակ շինանյութեր և գեղեցիկ տներ կկառուցեն։ Ընկերները կօգնեն մեզ ոչ թե փողի համար, այլ քանի որ հաճույք կստանան դրանից։ Ամենուր կգործի երկրի բարիքները բաշխելու նոր համակարգ, որի շնորհիվ բոլորը առատորեն կօգտվեն դրանցից։
18 Սա անգին ժառանգության մի մասն է միայն, որ ստանալու են նրանք, ովքեր ընկերներ են ձեռք բերում երկնքում։ Երկրի վրա Եհովայի երկրպագուները անսահման կուրախանան, երբ լսեն Հիսուսի խոսքերը. «Եկե՛ք, ո՛վ իմ Հոր կողմից օրհնվածներ, և ժառանգե՛ք աշխարհը հիմնվելուց ի վեր ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Մատթ. 25։34)։
a Հիսուսը չնշեց՝ այդ մեղադրանքը հիմնավոր էր, թե ոչ։ Ղուկաս 16։1-ում «մեղադրանքներ եղան» արտահայտությամբ թարգմանված հունարեն բառը կարող է նշանակել, որ տնտեսին զրպարտել են։ Ինչևէ, Հիսուսը կենտրոնացավ այն բանի վրա, թե ինչպես տվյալ իրավիճակում վարվեց տնտեսը, ոչ թե պաշտոնից զրկվելու պատճառների վրա։
b Լուչիա Մուսանետի կենսագրությունը տպագրվել է «Արթնացե՛ք»-ի 2003 թ. հունիսի 22-ի համարում, էջ 18–22 (անգլ., ռուս.)։