ԳԼՈՒԽ 94
Անհրաժեշտ է աղոթել ու խոնարհ լինել
ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԱՅՐՈՒ ԱՌԱԿԸ
ՓԱՐԻՍԵՑԻՆ ՈՒ ՀԱՐԿԱՀԱՎԱՔԸ
Հիսուսը իր աշակերտներին նախկինում պատմել է մի առակ աղոթքում հաստատակամ լինելու մասին (Ղուկաս 11։5–13)։ Այժմ, երբ նա թերևս Սամարիայի կամ Գալիլեայի տարածքում է, կրկին ընդգծում է աղոթքում հաստատակամ լինելու կարևորությունը՝ պատմելով մեկ ուրիշ առակ։
Նա ասում է. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանց չէր հարգում։ Այդ քաղաքում մի այրի կին էլ կար, որը շարունակ նրա մոտ էր գնում ու ասում. «Արդար դատ տես իմ և իմ հակառակորդի միջև»։ Մի որոշ ժամանակ դատավորը չէր ուզում նրա խնդրանքը կատարել, բայց հետո ինքն իրեն ասաց. «Թեպետ չեմ վախենում Աստծուց և մարդկանց չեմ հարգում, բայց քանի որ այս այրին շարունակ անհանգստացնում է ինձ, արդար դատ տեսնեմ նրա համար, որպեսզի անընդհատ չգա ու հոգիս չհանի»» (Ղուկաս 18։2–5)։
Ապա Հիսուսն ասում է, թե ինչ է ուզում սովորեցնել այդ առակով. «Լսեցի՞ք, թե անարդար դատավորն ինչ ասաց։ Ուրեմն մի՞թե Աստված այնպես չի անի, որ արդարադատություն ի գործ դրվի իր ընտրյալների համար, որոնք օր ու գիշեր աղաղակում են նրան, չնայած որ նա համբերատար է նրանց նկատմամբ» (Ղուկաս 18։6, 7)։ Ի՞նչ նկատի ունի Հիսուսը։
Ինչ խոսք, նա չի ուզում ասել, թե Եհովա Աստված որևէ առումով նման է անարդար դատավորին։ Հիսուսը պարզապես հակադրություն է անում. եթե նույնիսկ անարդար դատավորն է արձագանքում հաստատակամ խնդրանքներին, ապա կասկած անգամ չի կարող լինել, որ Աստված, ով արդար է ու բարի, կպատասխանի իր ծառաների հաստատակամ աղոթքներին։ Դա են փաստում Հիսուսի հաջորդ խոսքերը. «Ասում եմ ձեզ. [Աստված] այնպես կանի, որ իսկույն արդարադատություն ի գործ դրվի նրանց համար» (Ղուկաս 18։8)։
Հաճախ հասարակ ու աղքատ մարդկանց հանդեպ արդարություն չի դրսևորվում, մինչդեռ ազդեցիկ ու հարուստ մարդիկ առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում։ Սակայն Աստված կողմնապահություն չի անում։ Երբ գա նրա նշանակած ժամանակը, նա այնպես կանի, որ չարագործները պատժվեն, իսկ իր ծառաները հավիտենական կյանք ստանան։
Ովքե՞ր են դրսևորում այնպիսի հավատ, ինչպիսին դրսևորեց այրի կինը։ Ովքե՞ր են իսկապես հավատում, որ Աստված «այնպես կանի, որ իսկույն արդարադատություն ի գործ դրվի նրանց համար»։ Հիսուսը քիչ առաջ իր բերած օրինակով ցույց է տվել, որ անհրաժեշտ է հաստատակամ լինել աղոթքների հարցում։ Իսկ այժմ, խոսելով հավատի մասին, որն անհրաժեշտ է ունենալ աղոթելիս, նա ասում է. «Երբ մարդու Որդին գա, արդյոք այսպիսի հավատ կգտնի՞ երկրի վրա» (Ղուկաս 18։8)։ Նա նկատի ունի, որ երբ ինքը գա, քչերը կունենան այդպիսի հավատ։
Հիսուսի ունկնդիրներից ոմանք համոզված են, որ իրենք ամուր հավատ ունեն։ Նրանք ինքնավստահ են ու կարծում են, թե իրենք արդար են, և վերևից են նայում ուրիշներին։ Նման մարդկանց համար Հիսուսը մի առակ է պատմում։
Նա ասում է. «Երկու մարդ գնացին տաճար՝ աղոթք անելու. մեկը փարիսեցի էր, մյուսը՝ հարկահավաք։ Փարիսեցին կանգնեց ու սկսեց իր մտքում աղոթել. «Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս հարկահավաքի պես։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ձեռք եմ բերում»» (Ղուկաս 18։10–12)։
Հայտնի է, որ փարիսեցիները սիրում են ի ցույց դնել իրենց թվացյալ արդարությունը։ Նրանք դա անում են ուրիշներին տպավորելու համար։ Նրանք սովորաբար ծոմ են պահում երկուշաբթի ու հինգշաբթի օրերին, քանի որ այդ օրերին մեծ շուկաներում շատ մարդ է լինում, ու շատերը կարող են տեսնել նրանց։ Բացի այդ, փարիսեցիները բծախնդրորեն վճարում են անգամ ամենափոքր բույսերի տասանորդը (Ղուկաս 11։42)։ Մի քանի ամիս առաջ նրանք, դրսևորելով իրենց արհամարհանքը հասարակ մարդկանց հանդեպ, ասել էին. «Անիծվա՛ծ է այս ժողովուրդը, որ Օրենքը [Օրենքի վերաբերյալ փարիսեցիների տված մեկնաբանությունները] չգիտի» (Հովհաննես 7։49)։
Հիսուսը շարունակում է իր առակը. «Բայց հարկահավաքը՝ հեռվում կանգնած, նույնիսկ չէր ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքն էր ծեծում՝ ասելով. «Ո՛վ Աստված, ներողամիտ եղիր մեղավորիս հանդեպ»»։ Այո՛, հարկահավաքը խոնարհաբար ընդունում է իր սխալները։ Հիսուսն այսպիսի հետևություն է անում. «Ասում եմ ձեզ. այս մարդը իր տուն գնաց ավելի արդարացված, քան մյուսը, որովհետև ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկաս 18։13, 14)։
Այսպիսով՝ Հիսուսը հստակ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է լինել խոնարհ։ Սա օգտակար խորհուրդ է նրա աշակերտների համար, որոնք մեծացել են մի հասարակության մեջ, որտեղ ինքնահավան փարիսեցիները մեծ կարևորություն են տալիս դիրքին ու հեղինակությանը։ Այս խորհուրդը արժեքավոր է Հիսուսի բոլոր հետևորդների համար։