Աստվածաշնչյան մարգարեության հանդեպ հավատը կյանք է փրկում
ՀԻՍՈՒՍԸ վերջին անգամ է գտնվում Երուսաղեմի տաճարում և երբ պատրաստվում է հեռանալ այնտեղից, նրա աշակերտներից մեկը բացականչում է. «Ուսուցի՛չ, տե՛ս, ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ են»։ Տաճարը հրեա ազգի հպարտությունն ու փառքն է։ Սակայն Հիսուսը պատասխանում է. «Տեսնո՞ւմ ես այս մեծ շինությունները։ Քարը քարի վրա չի մնա այստեղ, որ չքանդվի» (Մարկոս 13:1, 2)։
Թվում է, թե անհավատալի խոսքեր են, քանի որ տաճարի քարերից մի քանիսը հսկայական չափերի են հասնում։ Մինչդեռ տաճարի մասին Հիսուսի խոսքերն ավելին են նշանակում. դրանք ցույց են տալիս, որ կործանվելու է նաև Երուսաղեմը և գուցե նույնիսկ հրեա ազգը, որի համար տաճարը հոգևոր սիրտ է հանդիսանում։ Ուստի Հիսուսի աշակերտները հարցնում են նրան. «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու այն ժամանակի նշանը, երբ այս բոլոր բաները պետք է ավարտվեն» (Մարկոս 13:3, 4)։
«Դեռ վերջը չէ»,— զգուշացնում է Հիսուսը։ Աշակերտները նախ կլսեն պատերազմների, երկրաշարժերի, սովերի ու համաճարակների մասին։ Այնուհետև սարսափելի իրադարձություններ տեղի կունենան, որոնց պատճառով հրեա ազգը ահռելի աղետի կբախվի, այո՛, «մեծ նեղություն կլինի»։ Սակայն Աստված կմիջամտի, որպեսզի փրկի «ընտրյալներին», այսինքն՝ հավատարիմ քրիստոնյաներին։ Իսկ նա ինչպե՞ս դա կանի (Մարկոս 13:7; Մատթեոս 24:7, 21, 22; Ղուկաս 21:10, 11)։
Ապստամբություն Հռոմի դեմ
Անցնում է քսանութ տարի։ Երուսաղեմի քրիստոնյաները դեռ սպասում են կանխագուշակված վերջին։ Հռոմեական կայսրությունում մոլեգնում են պատերազմները, տեղ–տեղ երկրաշարժեր են լինում, սովեր ու համաճարակներ (տե՛ս 9–րդ էջի շրջանակը)։ Քաղաքացիական և էթնիկական պայքարի կենտրոնը Հրեաստանն է դարձել։ Չնայած դրան՝ Երուսաղեմի պարիսպներից ներս հարաբերական խաղաղություն է տիրում։ Մարդիկ ինչպես միշտ զբաղված են իրենց առօրյա գործերով. ուտում են, աշխատում, ամուսնանում, երեխաներ ունենում։ Հսկայական տաճարի ֆիզիկական ներկայությունը կայունության և հարատևության զգացում է փոխանցում քաղաքի բնակիչներին։
Մոտավորապես մ.թ. 61 թ.–ին Երուսաղեմում գտնվող քրիստոնյաները Պողոս առաքյալից նամակ են ստանում։ Նա գովում է նրանց իրենց ցուցաբերած տոկունության համար, սակայն, միևնույն ժամանակ, իր մտահոգությունն է հայտնում, որ ժողովում որոշ մարդիկ չունեն հրատապության զգացում։ Մի քանիսը հոգևորապես քնած են կամ էլ չունեն քրիստոնեական հասունություն (Եբրայեցիներ 2:1; 5:11, 12)։ Պողոսը հորդորում է նրանց. «Ուրեմն դեն մի՛ գցեք ձեր խոսելու ազատությունը.... Քանզի ևս «մի փոքր ժամանակ», և «նա, ով գալու է, կգա և չի ուշանա»։ «Բայց իմ արդարը իր հավատի շնորհիվ է ապրելու», և «եթե նա ետ քաշվի, իմ հոգին նրան չի հավանի»» (Եբրայեցիներ 10:35–38)։ Իրոք որ ժամանակահարմար խորհուրդ է։ Բայց արդյո՞ք քրիստոնյաները հավատ կընծայեն Հիսուսի մարգարեության կատարմանը և աչալուրջ կլինեն։ Եվ արդյո՞ք Երուսաղեմի կործանումը իսկապես այդքան մոտ է։
Հաջորդ հինգ տարիների ընթացքում Երուսաղեմում իրավիճակը աստիճանաբար վատանում է։ Ի վերջո մ.թ. 66թ.–ին Հռոմի կաշառակեր կառավարիչ Ֆլորոսը չվճարված հարկի դիմաց տաճարի սուրբ գանձարանից բռնագրավում է 17 քանքար։ Հրեաները զայրանում են և ապստամբություն բարձրացնում Հռոմեական կայսրության դեմ։ Հրեա ապստամբները, կամ՝ զելոտները, ներխուժում են Երուսաղեմ և կոտորում այնտեղ գտնվող հռոմեացի զինվորներին։ Այնուհետև նրանք խիզախորեն հայտարարում են, որ Հրեաստանը անկախացել է Հռոմից։ Այժմ Հրեաստանի և Հռոմի միջև պատերազմական իրավիճակ է։
Երեք ամիս հետո Ասորիքի հռոմեացի կառավարիչ Կեստիոս Գալլոսը 30 000–անոց զորքով շարժվում է դեպի հարավ՝ ճնշելու հրեաների ապստամբությունը։ Նրա բանակը Երուսաղեմ է հասնում Տաղավարների տոնի ժամանակ և արագորեն ներխուժում քաղաքի արվարձանները։ Զելոտները, որոնք թվով ավելի քիչ են, ապաստան են փնտրում տաճարի պարիսպներից ներս։ Հռոմեական զինվորները շուտով սկսում են տակից փորել տաճարի պարիսպները։ Հրեաները սարսափահար վիճակում են հայտնվում։ Հեթանոս զինվորները ինչպե՞ս են համարձակվում պղծել հուդայականության ամենասուրբ վայրը։ Սակայն քաղաքում գտնվող քրիստոնյաները հիշում են Հիսուսի խոսքերը. «Երբ որ տեսնեք ամայացում բերող պղծությունը.... կանգնած սուրբ վայրում.... այն ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն» (Մատթեոս 24:15, 16)։ Արդյոք նրանք հավատ կցուցաբերեի՞ն Հիսուսի մարգարեական խոսքերի հանդեպ և դրանց համաձայն կվարվեի՞ն։ Հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ նրանց կյանքը կախված է այդ խոսքերին հնազանդվելուց։ Բայց ինչպե՞ս է նրանց հաջողվելու փախչել։
Հանկարծակի և առանց որևէ ակնհայտ պատճառի՝ Կեստիոս Գալլոսը իր զորքով հեռանում է և նահանջում դեպի ափամերձ շրջան՝ կատաղի կերպով հետապնդվելով զելոտների կողմից։ Զարմանալի է, բայց քաղաքում տիրող ծանր դրությունը ընդհատվում է։ Հիսուսի մարգարեական նախազգուշացմանը հավատ ընծայելով՝ քրիստոնյաները Երուսաղեմից փախչում են Պելլա՝ մի չեզոք քաղաք, որը Հորդանան գետի մյուս կողմի լեռնային շրջաններում է գտնվում։ Նրանց փախուստը ճիշտ ժամանակին է լինում։ Շուտով զելոտները վերադառնում են Երուսաղեմ և ստիպում մնացած բնակիչներին միանալ իրենց ապստամբությանը։a Իսկ այդ ընթացքում Պելլայում ապահովության մեջ գտնվող քրիստոնյաները սպասում են իրադարձությունների հետագա զարգացմանը։
Անարխիա է տիրում
Ամիսներ հետո հռոմեական մի նոր բանակ է շարժվում դեպի Երուսաղեմ։ Մ.թ. 67 թ.–ին զորավար Վեսպասիանոսը և նրա որդի Տիտոսը 60 000 զինվորներից բաղկացած մի մեծ զորք են հավաքում։ Հաջորդ երկու տարիների ընթացքում այս ռազմական կործանարար ուժը մոտենում է Երուսաղեմին՝ իր ճանապարհին վերացնելով ցանկացած դիմադրություն։ Իսկ այդ ընթացքում Երուսաղեմի ներսում իրար հակառակորդ հրեա խմբավորումները ներքաշվում են դաժան պայքարի մեջ։ Քաղաքի հացահատիկի պաշարները ոչնչացվում են, տաճարի շուրջը եղող տարածքը հողին է հավասարեցվում, և ավելի քան 20 000 հրեա սպանվում է։ Վեսպասիանոսը չի շտապում մոտենալ Երուսաղեմին։ Նա հայտարարում է. «Աստված որպես հռոմեական զորքի հրամանատար ավելի լավ է գործում, քան ես։ Մեր թշնամիները իրենց ձեռքով են իրար ոչնչացնում»։
Երբ Հռոմի կայսր Ներոնը մահանում է, Վեսպասիանոսը գահը զավթելու նպատակով մեկնում է Հռոմ, իսկ Տիտոսին թողնում է, որպեսզի վերջինս ավարտին հասցնի Հրեաստանի դեմ արշավը։ Երբ մոտենում է մ.թ. 70 թ. Պասեքը, Տիտոսը հարձակվում է Երուսաղեմի վրա և ծուղակի մեջ գցում բնակիչներին ու քաղաքում գտնվող պանդուխտներին։ Նրա զորքերը կտրում են Հրեաստանի շրջակայքում գտնվող ծառերը, որպեսզի պաշարված մայրաքաղաքի շուրջը 7 կիլոմետր երկարությամբ սրածայր գերաններով պարիսպ կառուցեն։ Դա հենց այն էր, ինչի մասին կանխագուշակել էր Հիսուսը. «Թշնամիներդ քո շուրջը սուր գերաններով պատնեշ կկանգնեցնեն և կշրջապատեն ու ամեն կողմից կնեղեն քեզ» (Ղուկաս 19:43)։
Շատ չանցած՝ քաղաքում սով է սկսվում։ Զինված ամբոխները կողոպտում են մահացածների և մեռնող մարդկանց տները։ Ծայրաստիճան հուսահատության մեջ ընկած մի մայր սովից սպանում և ապա ուտում է իր նորածին երեխային, ու այդպիսով կատարվում են հետևյալ մարգարեական խոսքերը. «Պաշարման ժամանակին եւ քո թշնամին քեզ նեղը գցած ժամանակին քո որովայնի պտուղը.... քո տղայոց եւ աղջկերանց միսը կ’ուտես» (Բ Օրինաց 28:53–57)։
Ի վերջո հինգ ամիս տևող պաշարումից հետո Երուսաղեմը կործանվում է։ Քաղաքը և նրա վիթխարի տաճարը կողոպտվում են, այրվում և այնուհետև քարուքանդ լինում (Դանիէլ 9:26)։ Ընդհանուր առմամբ մահանում է 1 100 000 մարդ և 97 000 հոգի գերի է տարվումb (Բ Օրինաց 28:68)։ Հրեաստանում գրեթե հրեա չի մնում։ Իսկապես որ, սա հրեա ազգի համար իր նմանը չունեցող աղետ է, որը շրջադարձային կետ է հանդիսանում նրա քաղաքական, կրոնական և մշակութային կյանքում։c
Այդ նույն ժամանակ Պելլայում գտնվող քրիստոնյաները սրտից բխած իրենց երախտագիտությունն են հայտնում Աստծուն իրենց փրկության համար։ Աստվածաշնչի մարգարեության հանդեպ հավատն է, որ փրկեց նրանց կյանքը։
Հետադարձ հայացք գցելով այդ իրադարձություններին՝ մեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է հարց տա իրեն. «Ունե՞մ արդյոք այնպիսի հավատ, որը կփրկի իմ կյանքը գալիք մեծ նեղության ժամանակ»։ Արդյոք ես մե՞կն եմ «նրանցից, որ հավատ ունեն հոգին կենդանի պահելու համար» (Եբրայեցիներ 10:39; Հայտնություն 7:14)։
[ծանոթագրություններ]
a Հրեա պատմագիր Հովսեպոսը նշում է, որ մինչ Երուսաղեմ վերադառնալը զելոտները յոթ օր հետապնդել են հռոմեացիներին։
b Մի տեղեկագրության համաձայն՝ սպանվել էր Հռոմեական կայսրության մեջ գտնվող բոլոր հրեաների մեկ յոթերորդը։
c Հրեա աստվածաշնչագետ Ալֆրեդ Էդերշիմը գրել է. «Իսրայելի ողջ պատմության ընթացքում [այս] նեղությունը իր նախադեպը չի ունեցել, և այն նույնիսկ չի կարելի համեմատել արյունահեղությամբ լի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել դրանից հետո»։
[Աղյուսակ 9–րդ էջի վրա]
Նշանի այն երեսակները, որոնք կատարվեցին առաջին դարում
ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
Գալիա (մ.թ. 39–40 թթ.)
Հյուսիսային Աֆրիկա (մ.թ. 41 թ.)
Բրիտանիա (մ.թ. 43, 60 թթ.)
Հայաստան (մ.թ. 58–62 թթ.)
քաղաքական և էթնիկական ընդհարումներ Հրեաստանում (մ.թ. 50–66 թթ.)
ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ
Հռոմ (մ.թ. 54 թ.)
Պոմպեյ (մ.թ. 62 թ.)
Փոքր Ասիա (մ.թ. 53, 62 թթ.)
Կրետե (մ.թ. 62 թ.)
ՍՈՎԵՐ
Հռոմ, Հունաստան, Եգիպտոս (մոտ մ.թ. 42 թ.)
Հրեաստան (մոտ մ.թ. 46 թ.)
ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐ
Բաբելոն (մ.թ. 40 թ.)
Հռոմ (մ.թ. 60, 65 թթ.)
ԿԵՂԾ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ
Հրեաստան (մոտ մ.թ. 56 թ.)
[Քարտեզ/նկար 10–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Հռոմեացիների արշավանքները Պաղեստինում մ.թ. 67–70 թվականներին
Պտողեմայիս
Գալիլեայի ծով
Պելլա
ՊԻՐԵԱ
ՍԱՄԱՐԻԱ
Երուսաղեմ
Աղի ծով
ՀՐԵԱՍՏԱՆ
Կեսարիա
ՀՐԵԱՍՏԱՆ
[թույլտվությամբ]
Map only: Based on maps copyrighted by Pictorial Archive (Near Eastern History) Est. and Survey of Israel
[նկար 11–րդ էջի վրա]
«Մեր թշնամիները իրենց ձեռքով են իրար ոչնչացնում» (Վեսպասիանոս)
[նկար 11–րդ էջի վրա]
Մ.թ. 70 թ.–ին հռոմեական զորքը կործանեց Երուսաղեմը
[թույլտվությամբ. նկար 11–րդ էջի վրա]
Relief: Soprintendenza Archeologica di Roma; Vespasian: Bildarchiv Preussischer Kulturbesitz/Art Resource, NY