Հիսուսն ինչո՞ւ չէր միջամտում քաղաքականությանը
ՄԵՐ թվարկության 32 թվականն է։ Հիսուսը՝ խոստացված Մեսիան, արդեն մեծ համբավ է ձեռք բերել՝ բուժելով հիվանդներին և հարություն տալով մահացածներին։ Այժմ օրվա վերջն է։ Այդ օրը մարդկանց մի մեծ բազմություն էր հավաքվել, և Հիսուսը ուսուցանել էր նրանց ու հրաշքներ գործել։ Մարդիկ ապշած էին մնացել։ Իսկ հիմա նա այդ մեծ բազմությանը բաժանում է փոքր խմբերի, աղոթում է Եհովային և հրաշքով կերակրում բոլորին։ Հետո իր աշակերտներին պատվիրում է հավաքել ուտելիքի մնացած կտորները, որպեսզի ոչինչ զուր չկորչի։ Ինչպե՞ս է ժողովուրդն արձագանքում այս ամենին (Հովհաննես 6։1–13)։
Տեսնելով Հիսուսի հրաշքները և թե ինչպես է նա հմտորեն առաջնորդում մարդկանց մեծ բազմությանը ու հոգում նրանց կարիքները՝ մարդիկ եզրակացնում են, որ Հիսուսը կատարյալ թագավոր կլինի (Հովհաննես 6։14)։ Եվ զարմանալի չէ, որ ժողովուրդը լավ ղեկավար է ուզում, քանի որ նրանց հայրենիքը մեկ այլ երկրի բռնապետական իշխանության տակ է գտնվում։ Ուստի նրանք ճնշում են գործադրում Հիսուսի վրա, որպեսզի նա միջամտի քաղաքականությանը։ Իսկ ինչպե՞ս է վարվում Հիսուսը։
Հովհաննես 6։15-ում կարդում ենք. «Հիսուսը, իմանալով, որ գալու են իրեն բռնեն, որ թագավոր դարձնեն, նորից մենակ լեռը գնաց»։ Հիսուսի դիրքորոշումը հստակ էր։ Նա բացարձակապես հրաժարվեց քաղաքական գործերին մասնակցելուց և երբեք իր դիրքորոշումը չփոխեց։ Նա ասաց, որ նույնը պետք է անեն նաև իր հետևորդները (Հովհաննես 17։16)։ Ի՞նչ պատճառներ ուներ Հիսուսը այդպիսի որոշում կայացնելու։
Ինչու Հիսուսը որոշեց չեզոք լինել
Քաղաքականության հարցում Հիսուսի չեզոքությունը հիմնված էր աստվածաշնչյան սկզբունքների վրա։ Քննենք դրանցից երկուսը։
«Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Աստվածաշունչն այսպես է նկարագրում մարդկային իշխանություններին, և Հիսուսն էլ գիտեր այս խոսքերի ճշմարտացիությունը։ Հիշենք, որ մինչև երկիր գալը նա ապրել է երկնքում որպես ոգեղեն արարած (Հովհաննես 17։5)։ Ուստի նա տեսել է, որ մարդիկ, որքան էլ լավ մղումներ ունենան, միևնույնն է, անկարող են հոգ տանել միլիարդավոր մարդկանց կարիքների մասին, քանի որ Աստված նրանց այդպիսի կարողությամբ չի օժտել (Երեմիա 10։23)։ Այո՛, Հիսուսը լավ գիտեր, որ մարդկային կառավարությունները չեն կարող մարդկանց խնդիրները լուծել։
«Ամբողջ աշխարհը Չարի [այսինքն՝ Բանսարկու Սատանայի] իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Գուցե քեզ զարմացնեն այս խոսքերը։ Չէ՞ որ կան անկեղծ մարդիկ, որոնք լավ մղումներով են ձգտում քաղաքական գործիչ դառնալ. ուզում են բարելավել աշխարհում տիրող իրավիճակը և այն ավելի ապահով դարձնել։ Սակայն որքան էլ որ անկեղծ մղումներ ունենան և որքան էլ որ ջանքեր գործադրեն, նրանք չեն կարող դիմադրել այն անձնավորության ազդեցությանը, որին Հիսուսն անվանեց «այս աշխարհի իշխանը» (Հովհաննես 12։31; 14։30)։ Դրա համար էլ մի առիթով Հիսուսը մի քաղաքական գործչի ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36)։ Այո՛, Հիսուսը Աստծու երկնային Թագավորության թագավորն էր լինելու։ Ուստի եթե նա միջամուխ լիներ քաղաքականությանը, ապա դա իր Հոր Թագավորության հանդեպ դավաճանություն կլիներ։
Մի՞թե այստեղից կարելի է եզրակացնել, որ Հիսուսը սովորեցնում էր, թե իր հետևորդները ոչ մի պարտավորություն չունեն երկրային կառավարությունների առջև։ Ընդհակառակը՝ նա սովորեցնում էր հավասարակշռված տեսակետ ունենալ Աստծու և աշխարհի կառավարությունների նկատմամբ իրենց պարտավորությունների հարցում։
Հիսուսը հարգում էր իշխանություններին
Մի անգամ, երբ Հիսուսը սովորեցնում էր տաճարում, նրա հակառակորդները փորձեցին նրան ծուղակը գցել։ Նրան հարցրին, թե պետք է արդյոք հարկեր վճարել։ Եթե Հիսուսը ժխտեր, դա ըմբոստություն կհամարվեր, և նրա պատասխանը գուցե մղեր հարստահարված մարդկանց ապստամբելու հռոմեական լծի դեմ։ Իսկ եթե դրական պատասխան տար, շատերը կմտածեին, թե նա արդարացնում էր իրենց կրած զրկանքները։ Սակայն Հիսուսն այնպիսի պատասխան տվեց, որը հավասարակշռվածության կատարյալ օրինակ է։ Նա ասաց. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Ղուկաս 20։21–25)։ Նրա խոսքերից հասկանում ենք, որ նրա հետևորդները պարտավորություններ ունեն թե՛ Աստծու, թե՛ կայսեր, այսինքն՝ իշխանությունների առջև։
Սովորաբար իշխանությունները կարգուկանոն են պահպանում։ Նրանք քաղաքացիներից պահանջում են ազնիվ լինել, հարկեր վճարել և օրենքին հետևել։ Հիսուսն ինչպիսի՞ օրինակ թողեց «կայսրինը կայսրին տալու» հարցում։ Նա մեծացել էր այնպիսի ընտանիքում, որը ենթարկվում էր օրենքին, նույնիսկ երբ դա անելը հեշտ չէր։ Օրինակ՝ հետևելով Հռոմեական կայսրության պահանջին՝ նրա ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը, 150 կիլոմետր անցան և գնացին Բեթլեհեմ, որպեսզի այնտեղ մարդահամարի համար գրանցվեն, չնայած որ այդ ժամանակ Մարիամը հղի էր (Ղուկաս 2։1–5)։ Իր ծնողների նման՝ Հիսուսն էլ էր հնազանդվում օրենքին։ Նա նույնիսկ վճարեց տաճարի տուրքը, չնայած պարտավոր չէր դա անելու (Մատթեոս 17։24–27)։ Ու թեպետ որոշ հարցերում նա իշխանություն ուներ միջամտելու, սակայն երբեք չխառնվեց այնպիսի հարցերին, որոնք պետական իշխանությունն էր իրավասու լուծելու (Ղուկաս 12։13, 14)։ Մի բան հստակ է. թեև Հիսուսը հրաժարվում էր որևէ ձևով միջամտել քաղաքական գործերին, նա միշտ հարգանք էր ցույց տալիս պետական կառույցի նկատմամբ։ Իսկ ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով «Աստծունը Աստծուն տվեք»։
Հիսուսն ինչպես էր «Աստծունը Աստծուն տալիս»
Երբ Հիսուսին հարցրին, թե որն է մեծագույն պատվիրանը, նա ասաց. ««Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»» (Մատթեոս 22։37–39)։ Ըստ Հիսուսի՝ եթե ուզում ենք «Աստծունը Աստծուն տալ», առաջին հերթին պետք է ամբողջ սրտով սիրենք և նվիրված լինենք նրան։
Իսկ հնարավո՞ր է միևնույն ժամանակ նվիրված լինել և՛ Աստծուն ու նրա երկնային կառավարությանը, և՛ որևէ այլ կառավարության։ Հիսուսը մի սկզբունք նշեց, որն օգնում է մեզ իմանալու այս հարցի պատասխանը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի» (Մատթեոս 6։24)։ Ճիշտ է, Հիսուսը այս համարում խոսում էր հարստության մասին, սակայն պարզ է, որ նա այդ սկզբունքը կիրառելի էր համարում նաև քաղաքականության առնչությամբ։ Առաջին դարի նրա հետևորդները նույնպես այս սկզբունքի համաձայն ապրեցին։
Առաջին դարի քրիստոնյաների մասին մեզ հասած ամենահին արձանագրություններից տեղեկանում ենք, որ նրանք ընդհանրապես չէին մասնակցում քաղաքականությանը։ Նրանք երկրպագում էին միմիայն Նրան, ում երկրպագում էր Հիսուսը։ Ուստի հրաժարվում էին զինծառայությունից, քաղաքական որևէ պաշտոն ստանձնելուց և կայսրին կամ պետությանը նվիրման երդում տալուց։ Այդ պատճառով նրանք խիստ հալածվում էին ու երբեմն նույնիսկ մեղադրվում մարդատյաց լինելու մեջ։ Արդարացի՞ էին արդյոք այդ մեղադրանքները։
Ճշմարիտ քրիստոնյաները հետաքրքրված են մարդկանցով
Հիշենք, թե որն է երկրորդ մեծագույն պատվիրանը, որի մասին խոսեց Հիսուսը։ Նա ասաց. «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»։ Ուստի պարզ է, որ քրիստոնյաները մարդատյաց չեն, քանի որ հետևում են Քրիստոսի օրինակին։ Հիսուսը սիրում էր մարդկանց և ջանք չէր խնայում, որպեսզի գործնական օգնություն ցույց տար նրանց նույնիսկ ամենօրյա խնդիրներում (Մարկոս 5։25–34; Հովհաննես 2։1–10)։
Սակայն գլխավորապես ինչո՞վ էր հայտնի Հիսուսը։ Թեև նա բուժում էր մարդկանց, կերակրում էր բազմություններին և նույնիսկ հարություն էր տալիս մահացածներին, մարդիկ նրան անվանում էին Ուսուցիչ, և նրան այդպես անվանելը, իրոք որ, տեղին էր (Հովհաննես 1։38; 13։13)։ Հիսուսն ինքն ասաց, որ իր՝ երկիր գալու հիմնական նպատակներից մեկը մարդկանց Աստծու Թագավորության մասին սովորեցնելն էր (Ղուկաս 4։43)։
Հետևաբար, Քրիստոսի ճշմարիտ հետևորդները ամբողջովին նվիրված են այն նույն գործին, որը կատարում էր իրենց Առաջնորդը։ Հնազանդվելով Հիսուսի պատվերին՝ նրանք աշխարհով մեկ սովորեցնում են մարդկանց Աստծու Թագավորության մասին (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Այդ հավիտենական երկնային կառավարությունը իշխելու է Աստծու ողջ ստեղծագործության վրա, և այդ իշխանության հիմքում ընկած է լինելու սերը։ Այն իրագործելու է Աստծու կամքը՝ վերացնելով տառապանքն ու մահը (Մատթեոս 6։9, 10; Հայտնություն 21։3, 4)։ Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը Քրիստոսի հաղորդած պատգամը կոչում է «բարի լուր» (Ղուկաս 8։1)։
Ուստի ինչպե՞ս կարելի է իմանալ, թե այսօր ովքեր են Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները։ Արդյո՞ք այս աշխարհի քաղաքականությանը միջամտողներին կարելի է ճշմարիտ քրիստոնյաներ համարել։ Թե՞ նրանք են ճշմարիտ քրիստոնյաներ, ովքեր ընդօրինակում են Հիսուսին ու կատարում են իրենց գլխավոր հանձնարարությունը՝ քարոզում են և սովորեցնում մարդկանց Աստծու Թագավորության մասին։
Կցանկանայի՞ք ավելին իմանալ, թե ինչ է Աստծու Թագավորությունը և թե ինչ դեր կարող է այն ունենալ ձեր կյանքում։ Եթե այո, ապա կարող եք կապ հաստատել ձեր հարևանությամբ բնակվող Եհովայի վկաների հետ կամ այցելել նրանց պաշտոնական կայքը՝ www.watchtower.org։
[Շրջանակ/Նկարներ 24–րդ էջի վրա]
Ինչպե՞ս են Եհովայի վկաները օգնում մարդկանց
Եհովայի վկաները քաղաքական հարցերում չեզոք են։ Սակայն նրանք հետաքրքրված են մարդկանցով և օգնում են նրանց՝ անկախ նրանց ռասայից և ծագումից։ Քննարկենք մի քանի օրինակներ։
◼ Ավելի քան յոթ միլիոն Եհովայի վկաներ տարեկան 1,5 միլիարդից ավել ժամ են հոժարակամորեն տրամադրում՝ սովորեցնելու մարդկանց Աստվածաշնչի ճշմարտությունները, որն էլ օգնում է նրանց ձերբազատվելու վնասակար սովորություններից, երջանիկ ընտանիք ունենալու և բարելավելու իրենց կյանքը։
◼ Նրանք 500-ից ավել լեզուներով գրականություն են հրատարակում և անվճար տարածում։ Ընդ որում, այդ լեզուներից մի քանիսով ուրիշ գրականություն չի տպագրվում։
◼ Դասընթացներ են անցկացնում, որտեղ միլիոնավոր մարդկանց սովորեցնում են հանրության առջև ազատ և ազդեցիկ կերպով խոսել։
◼ Կազմակերպում են գրաճանաչության դասընթացներ, որոնց շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում տասնյակ հազարավոր մարդիկ սովորել են գրել և կարդալ։
◼ Կազմավորել են ավելի քան 400 Տարածաշրջանային շինարարական կոմիտեներ, որպեսզի կամավորներին շինարարական հմտություններ սովորեցնեն աստվածաշնչյան կրթական կենտրոններ կառուցելու համար։ Վերջին տասնամյակում 20000-ից ավել Թագավորության սրահներ՝ երկրպագության վայրեր են կառուցվել։
◼ Օգնություն են տրամադրում աղետներից տուժածներին՝ թե՛ Եհովայի վկաներին, թե՛ մյուս մարդկանց։ ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած փոթորիկներից հետո երկու տարվա ընթացքում կամավորները վերակառուցել են ավելի քան 90 Թագավորության սրահներ և 5500 տներ։
[Նկար 23–րդ էջի վրա]
Երբ ժողովուրդը ճնշում գործադրեց Հիսուսի վրա, որ միջամտի քաղաքականությանը, նա «մենակ լեռը գնացդ»