ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
«Գրված է»
1-3. Հիսուսն ուզում էր, որ ի՞նչ կարևոր եզրահանգման գան Նազարեթի բնակիչները, և ի՞նչ ապացույց ներկայացրեց։
ՀԻՍՈՒՍԻ ծառայության սկիզբն է։ Նա վերադարձել է Նազարեթ՝ իր հայրենիք։ Հիսուսի նպատակն է՝ օգնել մարդկանց գալու կարևոր եզրահանգման, որ խոստացված Մեսիան ինքն է։ Իսկ ի՞նչ ապացույց է նա ներկայացնելու։
2 Շատերն, անկասկած, հրաշքի են սպասում։ Նրանք լսել են, թե ինչ զարմանալի գործեր է արել Հիսուսը։ Սակայն վերջինս ոչ մի նշան ցույց չի տալիս։ Հակառակը՝ սովորության համաձայն՝ գնում է ժողովարան։ Նա կանգնում է, որ կարդա, ու Եսայիա մարգարեի գլանաձև ձեռագիրը մեկնում են նրան։ Դա մի երկար փաթույթ է։ Հիսուսը զգուշորեն բացում է այն, որ գտնի իր ուզած հատվածը։ Այնուհետև բարձրաձայն կարդում է այն մասը, որն այսօր գրված է Եսայիա 61։1-3-ում (Ղուկաս 4։16-19)։
3 Ունկնդիրներն, անխոս, ծանոթ են այդ հատվածին։ Դա Մեսիայի մասին մարգարեությունն է։ Ժողովարանում բոլորի հայացքները սևեռված են Հիսուսին։ Քար լռություն է տիրում։ Հիսուսը ասում է. «Գրքի այս հատվածը, որ դուք հենց նոր լսեցիք, այսօր կատարվեց»։ Այնուհետև հավանաբար սկսում է մանրամասնորեն բացատրել։ Ունկնդիրները հիացած են նրա շնորհալի խոսքերով, այնուհանդերձ, շատերը, ակներևաբար, դեռ առանձնահատուկ նշանի են սպասում։ Սակայն Հիսուսը աստվածաշնչյան օրինակների միջոցով համարձակորեն ցույց է տալիս, որ նրանց հավատը թերի է։ Այդ խոսքերը լսելուց հետո Նազարեթի բնակիչները փորձում են սպանել նրան (Ղուկաս 4։20-30)։
4. Հիսուսն իր ծառայության ողջ ընթացքում ինչպե՞ս վարվեց, և ի՞նչ ենք քննելու այս գլխում։
4 Իր ծառայության ողջ ընթացքում Հիսուսը վարվում էր ճիշտ այնպես, ինչպես ժողովարանում։ Նա գլխավորապես հիմնվում էր Աստծու Խոսքի վրա։ Ճիշտ է, Հիսուսի հրաշքները ապացուցում էին, որ Աստծու ոգին նրա վրա է, սակայն նրա համար ոչինչ Սուրբ Գրքից կարևոր չէր։ Քննենք, թե այս առնչությամբ ինչ օրինակ է թողել նա։ Մենք կիմանանք, թե ինչպես է մեր Տերը մեջբերումներ արել Աստծու Խոսքից, պաշտպանել ու բացատրել այն։
Մեջբերում էր Աստծու Խոսքից
5. Ի՞նչ էր ուզում Հիսուսը բացատրել իր ունկնդիրներին և ինչպե՞ս ցույց տվեց իր խոսքերի ճշմարտացիությունը։
5 Հիսուսը ուզում էր, որ մարդիկ իմանան, թե որն է իր հաղորդած լուրի աղբյուրը։ Նա ասաց. «Այն, ինչ սովորեցնում եմ, ինձ ուղարկողինն է» (Հովհաննես 7։16)։ Մեկ այլ դեպքում նշեց. «Իմ նախաձեռնությամբ ոչինչ չեմ անում. ես ասում եմ ճիշտ այն, ինչ Հայրը սովորեցրել է ինձ» (Հովհաննես 8։28)։ Ավելի ուշ Հիսուսն ասաց. «Ես ոչ թե իմ մտքերն եմ ասում, այլ Հոր, ով միության մեջ է մնում ինձ հետ, և ով իր կամքն է իրագործում իմ միջոցով» (Հովհաննես 14։10)։ Հիսուսը ապացուցեց այս խոսքերի ճշմարտացիությունը, օրինակ, Աստծու գրավոր Խոսքից կրկին ու կրկին մեջբերումներ անելով։
6, 7. ա) Որքա՞ն հաճախ էր Հիսուսը մեջբերումներ անում Եբրայերեն Գրվածքներից, և ինչո՞ւ էր դա տպավորիչ։ բ) Հիսուսի ու դպիրների սովորեցրածները ինչպե՞ս էին տարբերվում իրարից։
6 Երբ ուշադիր քննում ենք Հիսուսի խոսքերը, որոնք արձանագրված են Աստվածաշնչում, հասկանում ենք, որ նրա մեջբերումների կեսից ավելին ուղղակի թե անուղղակի եղել են Եբրայերեն Գրվածքներից։ Սկզբում գուցե թվա, թե դրանում ոչ մի արտասովոր բան չկա։ Թերևս մտածես. «Դե, դա հնարավոր է, երեք ու կես տարում Հիսուսը կարող էր մեջբերումներ անել ներշնչված բոլոր գրքերից, որ առկա էին այն ժամանակ»։ Հավանաբար նա հենց այդպես էլ արել է, չէ՞ որ Աստվածաշնչում արձանագրված են Հիսուսի խոսքերի ու գործերի միայն մի փոքր մասը (Հովհաննես 21։25)։ Իրականում, դու կարող ես կարդալ Հիսուսի բոլոր խոսքերը ընդամենը մի քանի ժամում։ Բայց պատկերացրու, որ մի քանի ժամ պետք է խոսես Աստծու և նրա թագավորության մասին ու միևնույն ժամանակ մեջբերումներ անես Եբրայերեն Գրվածքների ավելի քան կեսից։ Բացի այդ՝ շատ դեպքերում Հիսուսը ձեռքի տակ գլանաձև ձեռագիր չի ունեցել։ Երբ ասաց իր հայտնի Լեռան քարոզը, ուղղակիորեն և անուղղակիորեն տասնյակ մեջբերումներ արեց Եբրայերեն Գրվածքներից ու դրանք անգիր ասաց։
7 Այս ամենից երևում է, որ Հիսուսը մեծապես հարգում էր Աստծու Խոսքը։ Ունկնդիրները «ապշել էին նրա ուսուցանելուց, որովհետև նա սովորեցնում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը, ոչ թե Օրենքի ուսուցիչների պես» (Մարկոս 1։22)։ Սովորեցնելիս Օրենքի ուսուցիչները հղումներ էին անում բանավոր օրենքին և մեջբերում էին հնում ապրած ռաբբիների խոսքերը։ Սակայն Հիսուսը իր ասածները հիմնավորելու համար երբեք մեջբերումներ չարեց բանավոր օրենքից կամ որևէ ռաբբիի խոսքերից։ Նա Աստծու Խոսքն էր համարում ամենահեղինակավոր աղբյուրը։ Երբ սովորեցնում էր իր հետևորդներին և ուղղում սխալ հայացքները, հաճախ ասում էր. «Գրված է»։
8, 9. ա) Տաճարը մաքրելիս ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ Աստծու Խոսքն է իրեն լիազորել այդպես վարվելու։ բ) Տաճարում կրոնական առաջնորդները ինչպե՞ս ծայրաստիճան անհարգալից վերաբերմունք դրսևորեցին Աստծու Խոսքի հանդեպ։
8 Երբ Հիսուսը մաքրեց Երուսաղեմի տաճարը, ասաց. «Գրված է՝ «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն», բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում» (Մատթեոս 21։12, 13; Եսայիա 56։7; Երեմիա 7։11)։ Մեկ օր առաջ նա բազմաթիվ հրաշալի գործեր էր արել այդտեղ։ Փոքր տղաները խորապես տպավորվել ու սկսել էին գովաբանել նրան։ Սակայն կրոնական առաջնորդները զայրացած հարցրել էին Հիսուսին, թե արդյոք չի լսում՝ ինչ են ասում այդ երեխաները։ Նա պատասխանել էր. «Այո՛։ Մի՞թե երբեք չեք կարդացել այս խոսքերը. «Երեխաների ու մանուկների բերանով գովաբանություն հնչեցրիր»» (Մատթեոս 21։16; Սաղմոս 8։2)։ Հիսուսն ուզում էր, որ այդ մարդիկ հասկանային՝ երեխաները վարվում էին Աստծու Խոսքի համաձայն։
9 Երկու օր անց այս կրոնական առաջնորդները հավաքվեցին ու Հիսուսից բացատրություն պահանջեցին՝ ասելով. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ ամենը» (Մատթեոս 21։23)։ Հիսուսը միշտ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնում էր Նրա վրա, ով իրեն իշխանությամբ էր օժտել։ Նա երբեք նոր գաղափարներ չէր հայտնում և նոր ուսմունքներ չէր հորինում։ Պարզապես անում էր այն, ինչ գրված էր իր Հոր Խոսքում։ Իսկ դպիրներն ու քահանաները ծայրաստիճան անհարգալից վերաբերմունք էին դրսևորում Եհովայի և նրա Խոսքի հանդեպ։ Այդ պատճառով Հիսուսը տեղին դատապարտեց նրանց՝ մերկացնելով վերջիններիս չար մտադրությունները (Մատթեոս 21։23-46)։
10. Աստծու Խոսքն օգտագործելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին և ի՞նչ գործիքներ ունենք, որոնք չուներ Հիսուսը։
10 Հիսուսի նման՝ ճշմարիտ քրիստոնյաներն այսօր ծառայության ժամանակ իրենց խոսքերը հիմնում են Աստվածաշնչի վրա։ Բոլորը գիտեն, որ Եհովայի վկաները մեծ ցանկություն ունեն մարդկանց հայտնելու աստվածաշնչյան լուրը։ Մեր հրատարակություններում հաճախ է մեջբերումներ արվում Աստվածաշնչից, ինչպես նաև նշվում են աստվածաշնչյան համարներ։ Նույն բանը արվում է նաև ծառայության ժամանակ։ Մարդկանց հետ զրուցելիս նրանց ուշադրությունը հրավիրում ենք գլխավորապես Աստծու Խոսքի վրա (2 Տիմոթեոս 3։16)։ Որքա՜ն ենք ուրախանում, երբ առիթ ենք ունենում Աստվածաշնչից որևէ համար կարդալու և մեկնաբանելու կամ ցույց տալու այդ համարի արժեքը։ Թեև Հիսուսի պես կատարյալ հիշողություն չունենք, սակայն մեր ձեռքի տակ ունենք բազում ձեռնարկներ, որոնք առկա չէին Հիսուսի օրերում։ Բացի ամբողջական Աստվածաշունչ ունենալուց, որը անընդհատ թարգմանվում է նորանոր լեզուներով, ունենք նաև տարբեր գործիքներ, որոնց օգնությամբ հեշտությամբ կարողանում ենք գտնել անհրաժեշտ համարը։ Ուստի եկեք շարունակենք օգտագործել Սուրբ Գիրքը և ամեն հարմար առիթի դեպքում մարդկանց հետ զրուցելիս աստվածաշնչյան համարներ կարդալ։
Պաշտպանում էր Աստծու Խոսքը
11. Ինչո՞ւ էր Հիսուսը ստիպված լինում հաճախ պաշտպանել Աստծու Խոսքը։
11 Հիսուսը տեսնում էր, որ Աստծու Խոսքը հաճախ է աղավաղվում, բայց դա նրան չէր զարմացնում։ «Քո խոսքը ճշմարտություն է»,– ասաց նա իր երկնային Հորն աղոթելիս (Հովհաննես 17։17)։ Հիսուսը նաև լավ գիտեր, որ «այս աշխարհի իշխանը»՝ Սատանան, «ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44; 14։30)։ Մերժելով Սատանայի գայթակղիչ առաջարկները՝ նա երեք անգամ մեջբերեց Սուրբ Գրքից։ Սատանան սաղմոսներից մի համար մեջբերեց՝ միտումնավոր կերպով խեղաթյուրելով այն, իսկ Հիսուսը պաշտպանեց Աստծու Խոսքը՝ թույլ չտալով, որ աղավաղվի (Մատթեոս 4։6, 7)։
12-14. ա) Ինչպե՞ս էին կրոնական առաջնորդները անհարգալից վերաբերմունք դրսևորում Մովսիսական օրենքի հանդեպ։ բ) Ինչպե՞ս էր Հիսուսը պաշտպանում Աստծու Խոսքը։
12 Հիսուսը հաճախ էր պաշտպանում Սուրբ Գիրքը, քանի որ այն աղավաղում էին, սխալ էին ներկայացնում և խեղաթյուրում։ Իր օրերի կրոնական ուսուցիչները ծայրահեղության մեջ էին ընկնում և ոչ ճիշտ լույսի ներքո ներկայացնում Աստծու Խոսքը։ Նրանք մեծ շեշտ էին դնում Մովսիսական օրենքի փոքրագույն մասնիկները պահելու վրա՝ չկարևորելով այն սկզբունքները, որոնց վրա հիմնված էին այդ օրենքները։ Այդպես նրանք առաջ էին բերել երկրպագության մի ձև, որը աչքի էր ընկնում արտաքին ու ձևական բաներով և անտեսում էր ավելի կարևոր բաները՝ արդարադատությունը, գթասրտությունն ու հավատարմությունը (Մատթեոս 23։23)։ Իսկ ինչպե՞ս էր Հիսուսը պաշտպանում Աստծու Օրենքը։
13 Լեռան քարոզում Հիսուսը անընդհատ ասում էր. «Գիտեք, որ.... ասվել է»։ Այդպիսով նա իր ունկնդիրներին հիշեցնում էր Մովսիսական օրենքի պահանջները։ Հետո ասում էր՝ «բայց ես ասում եմ ձեզ», այնուհետև բացատրում այն սկզբունքը, որն ընկած էր Օրենքի հիմքում։ Բայց մի՞թե Հիսուսը կասկածի տակ էր դնում Օրենքը։ Ո՛չ, նա պաշտպանում էր այն։ Օրինակ՝ մարդիկ լավ գիտեին «մի՛ սպանիր» օրենքը։ Բայց Հիսուսը ցույց տվեց, որ անգամ ուրիշի հանդեպ ատելությունը դեմ է այդ օրենքի ոգուն։ Նմանապես, եթե անհատը կրքերով է լցվում մեկի հանդեպ, ով իր կողակիցը չէ, ոտնահարում է այն սկզբունքը, որն ընկած է շնություն գործելու վերաբերյալ Աստծու Օրենքի հիմքում (Մատթեոս 5։17, 18, 21, 22, 27-39)։
14 Լեռան քարոզում Հիսուսը նաև ասաց. «Դուք գիտեք, որ ասվել է. «Սիրեք դրացուն և ատեք թշնամուն»։ Բայց ես ասում եմ ձեզ. սիրեք ձեր թշնամիներին և աղոթեք ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5։43, 44)։ Իսկ «ատեք թշնամուն» պատվերը գրվա՞ծ է Աստծու Խոսքում։ Ո՛չ, դա կրոնական առաջնորդներն էին սովորեցնում իրենց նախաձեռնությամբ։ Նրանք Աստծու կատարյալ Օրենքի ուժը թուլացնում էին՝ դրան ավելացնելով մարդկային մտքի արգասիքները։ Իսկ Հիսուսն անվախորեն պաշտպանում էր Աստծու Խոսքը մարդկային ավանդույթների վնասակար հետևանքներից (Մարկոս 7։9-13)։
15. Ինչպե՞ս Հիսուսը պաշտպանեց Աստծու Օրենքը, որը խստացրել և նույնիսկ անտանելի էին դարձրել։
15 Կրոնական առաջնորդները աղավաղում էին Աստծու Օրենքը նաև այնպես անելով, որ այն շատ խիստ ու անտանելի թվար։ Երբ Հիսուսի աշակերտները ցորենի արտերի կողքով անցնելիս մի քանի հասկ պոկեցին, փարիսեցիները մեղադրեցին նրանց Շաբաթի օրենքը խախտելու մեջ։ Նման ծայրահեղ տեսակետներից Աստծու Խոսքը պաշտպանելու համար Հիսուսը օրինակ բերեց հենց այդտեղից։ Նա նշեց այն միակ դեպքը, երբ ընծայված հացերը օգտագործվեցին տաճարից դուրս. դա այն ժամանակ էր, երբ Դավիթը և նրա քաղցած մարդիկ կերան այդ հացերը։ Հիսուսը ցույց տվեց փարիսեցիներին, որ նրանք աչքաթող են անում Եհովայի գթասրտությունն ու կարեկցանքը (Մարկոս 2։23-27)։
16. Կրոնական առաջնորդներն ինչպե՞ս էին փոխել բաժանության վերաբերյալ Մովսեսի տված պատվերը, և ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։
16 Սակայն Աստծու Օրենքի ուժը թուլացնելու համար կրոնական առաջնորդները ստեղծել էին նաև սողանցքներ։ Օրինակ՝ Օրենքը տղամարդուն թույլ էր տալիս բաժանվել իր կնոջից, եթե «անվայել բան նկատեր», ակներևաբար, մի լուրջ խնդիր, որը անարգանք կբերեր ընտանիքի վրա (2 Օրենք 24։1)։ Սակայն Հիսուսի օրերում կրոնական առաջնորդները, հիմնվելով դրա վրա, արդարացնում էին տղամարդկանց և թույլ տալիս, որ ցանկացած պատրվակով, անգամ ճաշը վառելու պատճառով բաժանվեն։a Հիսուսը ցույց տվեց, որ նրանք աղավաղել են Մովսեսի խոսքերը, որոնք ներշնչված են եղել Աստծուց։ Այնուհետև նշեց ամուսնության համար նախատեսված Եհովայի սկզբնական չափանիշը, այն է՝ միակնություն, նաև շեշտեց, որ ամուսնալուծության միակ հիմնավոր պատճառը սեռական անբարոյությունն է (Մատթեոս 19։3-12)։
17. Քրիստոնյաներն այսօր ինչպե՞ս կարող են Հիսուսի նման պաշտպանել Աստծու Խոսքը։
17 Այսօր Քրիստոսի հետևորդները նույն կերպ պաշտպանում են Սուրբ Գիրքը աղավաղումներից։ Երբ կրոնական առաջնորդներն ասում են, թե Աստծու Խոսքի բարոյական չափանիշները ժամանակավրեպ են, իրականում աղավաղում են Աստվածաշունչը։ Գիրքը նաև խեղաթյուրվում է, երբ կրոնները ստեր են սովորեցնում և ներկայացնում են դրանք իբրև աստվածաշնչյան ուսմունքներ։ Մենք մեծ պատիվ ենք համարում Աստծու մաքուր Խոսքի ճշմարտությունները պաշտպանելը, օրինակ, երբ ցույց ենք տալիս, որ Աստված Երրորդության մաս չէ (2 Օրենք 4։39)։ Միևնույն ժամանակ, դա անում ենք նրբանկատորեն, մեղմությամբ ու խոր հարգանքով (1 Պետրոս 3։15)։
Բացատրում էր Աստծու Խոսքը
18, 19. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Հիսուսը Աստծու Խոսքը բացատրելու զարմանալի ունակություն ուներ։
18 Երբ գրի էին առնվում Եբրայերեն Գրվածքները, Հիսուսը երկնքում էր։ Կարող ենք պատկերացնել, թե ի՜նչ ուրախություն էր զգում նա, որ պետք է գար երկիր ու Աստծու Խոսքը բացատրեր մարդկանց։ Նշենք, օրինակ, այն անմոռանալի օրը, երբ նա հարություն առնելուց հետո Էմմաուսի ճանապարհին հանդիպեց իր երկու աշակերտներին։ Չճանաչելով Հիսուսին՝ նրանք սկսեցին պատմել, թե որքան են տխրել ու վշտացել իրենց սիրելի Տիրոջ մահվան պատճառով։ Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։ «Սկսելով Մովսեսի ու մարգարեների գրածներից՝ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ իր մասին գրված էր բոլոր Գրքերում»։ Ի՞նչ ազդեցություն դա ունեցավ աշակերտների վրա։ Ավելի ուշ նրանք իրար ասացին. «Իզուր չէր, որ մեր սրտերը վառվում էին ոգևորությունից, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ ու հստակ բացատրում սուրբ գրքերը» (Ղուկաս 24։15-32)։
19 Այդ օրը՝ ավելի ուշ, Հիսուսը հանդիպեց իր առաքյալներին և ուրիշների։ Ուշադրություն դարձրու, թե ինչ արեց նա՝ «օգնեց նրանց լիովին հասկանալ Գրքերում գրվածների իմաստը» (Ղուկաս 24։45)։ Անկասկած, այդ ուրախալի հանդիպումը հիշեցրեց նրանց այն բազմաթիվ դեպքերը, երբ Հիսուսը նման կերպով էր վարվել իրենց և ուրիշ ունկնդիրների հետ։ Նա նաև մեջբերեց հայտնի համարներ և դրանք այնպես բացատրեց, որ իրեն լսողների միտքը մի հրաշալի բանով լցվեց՝ Աստծու Խոսքի նոր ու խոր հասկացողությամբ։
20, 21. Հիսուսն ինչպե՞ս բացատրեց Եհովայի խոսքերը, որոնք նա ասաց Մովսեսին այրվող թփի մոտ։
20 Մի անգամ Հիսուսը խոսում էր սադուկեցիների մի խմբի հետ։ Հուդայականության մեջ այս աղանդը սերտորեն կապված էր հրեական քահանայական դասի հետ, և նրա անդամները չէին հավատում հարությանը։ Հիսուսն ասաց նրանց. «Մահացածների հարության առնչությամբ չե՞ք կարդացել Աստծու խոսքերը, ով ասել է. «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի» (Մատթեոս 22։31, 32)։ Սա մի հատված էր, որը նրանք լավ գիտեին, և այն գրված էր մեկի կողմից, ում սադուկեցիները հարգում էին՝ Մովսեսի։ Տեսնո՞ւմ ես, թե Հիսուսն ինչ զորեղ փաստարկ բերեց։
21 Մոտ մ. թ. ա. 1514 թ.-ին այրվող թփի մոտ Մովսեսի ու Եհովայի միջև զրույց տեղի ունեցավ (Ելք 3։2, 6)։ Այդ ժամանակ Աբրահամի մահից արդեն 329 տարի էր անցել, Իսահակի մահից՝ 224 տարի, Հակոբի մահից՝ 197։ Սակայն Եհովան ասաց՝ «Ես եմ» նրանց Աստվածը։ Սադուկեցիները գիտեին, որ Եհովան ինչ-որ հեթանոսական աստված չէ, որը ղեկավարում է մահացածների անդրշիրիմյան կյանքը։ Ո՛չ, նա «ողջերի» Աստվածն է, ինչպես ասաց Հիսուսը։ Ի՞նչ էր դա նշանակում։ Հիսուսը ազդեցիկ կերպով ավարտեց իր խոսքը. «Նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկաս 20։38)։ Եհովայի թանկագին ծառաները, որոնք մահացել են, մնում են նրա անսահման հիշողության մեջ։ Հարության վերաբերյալ Եհովայի տված խոստումը այնքան վստահելի է, որ նրանց մասին կարելի է խոսել որպես կենդանի եղողների (Հռոմեացիներ 4։16, 17)։ Մի՞թե սա Աստծու Խոսքի հրաշալի բացատրություն չէ։ Ուստի պատահական չէ, որ «մարդկանց բազմությունը.... ապշել էր նրա ուսուցանելուց» (Մատթեոս 22։33)։
22, 23. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին Աստծու Խոսքը բացատրելու հարցում։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։
22 Քրիստոնյաներն այսօր պատիվ ունեն ընդօրինակելու Հիսուսին Աստծու Խոսքը բացատրելու հարցում։ Ճիշտ է, մենք կատարյալ միտք չունենք։ Այնուհանդերձ, մարդկանց հետ զրուցելիս հաճախ ենք սուրբգրային համարներ մեջբերում, որոնք ծանոթ են նրանց, և բացատրում ենք այն նրբությունները, որոնք նրանց մտքով անգամ չեն անցնում։ Օրինակ՝ մարդիկ կարող են իրենց ողջ կյանքի ընթացքում կրկնել «սուրբ լինի քո անունը» կամ «գայ քո արքայութիւնը» խոսքերը՝ առանց իմանալու Աստծու անունը կամ ինչ է Թագավորությունը (Մատթեոս 6։9, 10, «Արարատ» թարգմանություն)։ Մենք հրաշալի հնարավորություն ունենք առիթի դեպքում պարզ ու հստակ բացատրելու Աստվածաշնչի ճշմարտությունները։
23 Մեջբերումներ անելով Աստծու Խոսքից, պաշտպանելով ու բացատրելով այն՝ ճշմարտությունը քարոզելիս կընդօրինակենք Հիսուսին։ Հաջորդ գլխում կքննենք մի քանի արդյունավետ մեթոդներ, որոնք օգտագործեց Հիսուսը՝ աստվածաշնչյան ճշմարտություններն իր ունկնդիրների սրտերին հասցնելու համար։
a Առաջին դարի պատմաբան Հովսեպոսը, որը ամուսնալուծված փարիսեցի էր, հետագայում առաջարկեց, որ ամուսնալուծությունը թույլատրելի լինի «ցանկացած դեպքում (իսկ այսպիսի դեպքեր հաճախ են լինում տղամարդկանց կյանքում)»։