ԳԼՈՒԽ 118
Վիճում են, թե ով է մեծ
ՄԱՏԹԵՈՍ 26։31–35 ՄԱՐԿՈՍ 14։27–31 ՂՈՒԿԱՍ 22։24–38 ՀՈՎՀԱՆՆԵՍ 13։31–38
ՀԻՍՈՒՍԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԲԱՐՁՐ ԴԻՐՔԻ ՁԳՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԻՍՈՒՍՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՊԵՏՐՈՍԸ ԿՈՒՐԱՆԱ ԻՐԵՆ
ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ԲՆՈՐՈՇԻՉ ՆՇԱՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՍԵՐԸ
Առաքյալների հետ անցկացրած վերջին երեկոյի ընթացքում Հիսուսը նրանց խոնարհության հիանալի դաս է սովորեցրել՝ լվանալով նրանց ոտքերը։ Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ։ Քանի որ առաքյալները դեռևս մի լուրջ թերություն ունեն։ Թեև նրանք նվիրված են Աստծուն, բայց մտահոգվում են այն հարցով, թե ով է ավելի մեծ (Մարկոս 9։33, 34; 10։35–37)։ Այս երեկո նրանց այդ թերությունը կրկին գլուխ է բարձրացնում։
Առաքյալների մեջ «բուռն վիճաբանություն է ծագում, թե իրենցից ով է մեծը» (Ղուկաս 22։24)։ Հիսուսը հավանաբար շատ է տխրում՝ տեսնելով, որ նրանք կրկին վիճում են։ Ի՞նչ է անում նա։
Հիսուսը չի հանդիմանում առաքյալներին նրանց սխալ մտածելակերպի ու վարվելակերպի համար, այլ համբերատարությամբ տրամաբանում է նրանց հետ։ Նա ասում է. «Ազգերի թագավորները տիրում են նրանց, և նրանց վրա իշխանություն ունեցողները Բարերարներ են կոչվում։ Բայց դուք չպետք է այդպիսին լինեք.... Ո՞վ է ավելի մեծ՝ սեղանի շուրջ թիկնո՞ղը, թե՞ ծառայողը»։ Ապա հիշեցնելով, թե ինքը ինչ օրինակ է եղել նրանց համար՝ Հիսուսն ասում է. «Բայց ես ձեր մեջ ծառայողի պես եմ» (Ղուկաս 22։25–27)։
Չնայած իրենց թերություններին՝ առաքյալները միշտ հավատարմորեն Հիսուսի կողքին են եղել տարբեր դժվարին իրավիճակներում։ Ուստի Հիսուսն ասում է. «Ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց թագավորության համար» (Ղուկաս 22։29)։ Այո՛, առաքյալները Հիսուսի հավատարիմ հետևորդներն են, ուստի նա հավաստիացնում է, որ իր և նրանց միջև հաստատված ուխտի միջոցով նրանք կլինեն Թագավորության մեջ և կթագավորեն իր հետ։
Թեև առաքյալները այդպիսի հիանալի հեռանկար ունեն, սակայն մինչ այդ նրանք ապրում են երկրի վրա և դեռ անկատար են։ Հիսուսն ասում է. «Սատանան պահանջեց, որ մաղի ձեզ ցորենի պես»։ Երբ ցորենը մաղում են, այն ցրվում է այս ու այն կողմ (Ղուկաս 22։31)։ Ուստի Հիսուսը զգուշացնում է. «Այս գիշեր դուք բոլորդ կգայթակղվեք այն բաներից, որ պատահելու են ինձ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն»» (Մատթեոս 26։31; Զաքարիա 13։7)։
Պետրոսը համոզվածությամբ ասում է. «Թեկուզ բոլորն էլ քեզ հետ պատահածից գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի» (Մատթեոս 26։33)։ Հիսուսը ասում է Պետրոսին, որ այդ գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, նա կուրանա իրեն։ Այդուհանդերձ, Հիսուսը ասում է նրան. «Ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չթուլանա. երբ վերադառնաս, զորացրու քո եղբայրներին» (Ղուկաս 22։32)։ Սակայն Պետրոսը կրկին վստահությամբ ասում է. «Նույնիսկ եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, քեզ երբեք չեմ ուրանա» (Մատթեոս 26։35)։ Մյուս առաքյալներն էլ նույն բանն են ասում։
Այնուհետև Հիսուսն ասում է նրանց. «Դեռ մի քիչ ժամանակ ես ձեզ հետ եմ։ Դուք կփնտրեք ինձ, և ինչպես որ հրեաներին ասացի, թե՝ «ուր որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ», հիմա էլ ձեզ եմ ասում»։ Ապա ավելացնում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։33–35)։
Լսելով Հիսուսի այն խոսքերը, թե նա քիչ ժամանակ է իրենց հետ լինելու՝ Պետրոսը հարցնում է. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը պատասխանում է. «Ուր որ ես եմ գնում, դու հիմա չես կարող իմ հետևից գալ, սակայն հետո կգաս»։ Նրա խոսքերից զարմացած՝ Պետրոսն ասում է. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ։ Ես իմ հոգի՛ն կտամ քեզ համար» (Հովհաննես 13։36, 37)։
Այնուհետև Հիսուսը խոսում է այն ժամանակի մասին, երբ իր առաքյալներին ուղարկել էր քարոզելու Գալիլեայում և պատվիրել էր նրանց չվերցնել փողի քսակ կամ ուտելիքի պարկ (Մատթեոս 10։5, 9, 10)։ Նա հարցնում է առաքյալներին. «Մի՞թե որևէ բանի կարիք ունեցաք»։ Նրանք պատասխանում են՝ ո՛չ։ Սակայն այժմ Հիսուսը նրանց ասում է, որ այսուհետ նրանք այլ կերպ պետք է վարվեն։ Նա պատվիրում է նրանց. «Ով քսակ և ուտելիքի պարկ ունի, թող վերցնի, և ով սուր չունի, թող վաճառի իր վերնահագուստը և սուր գնի։ Ասում եմ ձեզ, որ ինձ վրա այս գրվածը պիտի կատարվի, թե՝ «նա անօրենների հետ դասվեց», որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է» (Ղուկաս 22։35–37)։
Հիսուսը խոսում է այն մասին, որ իրեն ցցին կգամեն չարագործների, կամ՝ անօրենների հետ։ Դրանից հետո նրա հետևորդները ուժգին հալածանքների կբախվեն։ Առաքյալները կարծում են, թե իրենք պատրաստված են հակառակությանը դիմագրավելու համար, և ասում են. «Տե՛ր, այստեղ երկու սուր կա»։ Նա էլ պատասխանում է. «Բավական է» (Ղուկաս 22։38)։ Այն, որ առաքյալները սուր ունեն իրենց հետ, շուտով հնարավորություն կտա Հիսուսին մեկ այլ կարևոր դաս սովորեցնելու նրանց։