Շարունակե՛ք «հնձել»
«Արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն» (Սաղմոս 126։5)։
1. Ինչո՞ւ է այսօր հարկավոր «աղաչել հնձի Տիրոջը, որ մշակներ հանի»։
ՀԻՍՈՒՍ Քրիստոսը Գալիլեայում կատարած երրորդ քարոզչական շրջագայությունից հետո ասաց իր աշակերտներին. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ» (Մատթէոս 9։37)։ Իրավիճակը նույնն էր Հրեաստանում (Ղուկաս 10։2)։ Եթե դա համապատասխանում էր իրականությանը գրեթե 2 000 տարի առաջ, ապա ի՞նչ կարելի է ասել այսօրվա մասին։ Անցած ծառայողական տարում ավելի քան 6 000 000 Եհովայի վկաներ են մասնակցել փոխաբերական հնձին, իսկ երկրագնդի բնակչությունը կազմում է 6 000 000 000, և այդ մարդկանցից շատերը «յոգնած [են] եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն»։ Ուստի, Հիսուսի կոչը՝ «աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի», նույնքան հրատապ է, որքան որ դարեր առաջ (Մատթէոս 9։36, 38)։
2. Մեր ի՞նչն է մարդկանց ուշադրությունը գրավում։
2 Եհովա Աստված՝ ‘հնձի Տերը’, պատասխանել է ավելի շատ մշակներ հանելու խնդրանքին։ Ի՜նչ մեծ ուրախություն է մասնակցել Աստծո կողմից ղեկավարվող այս «բերքահավաքային» աշխատանքին։ Թեև ազգերի հետ համեմատած՝ մենք քանակով քիչ ենք, բայց մեր՝ Թագավորության նախանձախնդիր քարոզչությունն ու աշակերտներ պատրաստելու գործը գրավում է աշխարհի ուշադրությունը։ Շատ երկրներում հաճախակի են մեր անունը հիշատակում զանգվածային լրատվության միջոցներում։ Իսկ հեռուստասերիալներում հնչող դռան զանգը երբեմն կարող է նշանակել, որ Եհովայի վկաներն են դռան ետևում կանգնած։ Այո՛, մենք՝ որպես փոխաբերական մշակներ, մեր քրիստոնեական գործունեությամբ բավական հայտնի ենք 21–րդ դարում։
3. ա) Որտեղի՞ց գիտենք, որ առաջին դարում մարդկանց հայտնի էր Թագավորության քարոզչության մասին։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հրեշտաները թիկունք են կանգնում մեզ ծառայության մեջ։
3 Առաջին դարում էլ աշխարհը նկատել էր, որ Թագավորության մասին քարոզչություն է կատարվում և հետապնդել էր բարի լուրը հռչակողներին։ Պողոս առաքյալը գրել է. «Ինձ այնպէս է թւում, թէ մեզ՝ առաքեալներիս, Աստուած վերջիններ դարձրեց, որպէս մահապարտների. որովհետեւ տեսարան դարձանք [առաքյալները] աշխարհին եւ հրեշտակներին ու մարդկանց» (Ա Կորնթացիս 4։9)։ Նմանապես, մենք՝ որպես Թագավորության քարոզիչներ, տոկալով հալածանքներին՝ գրավում ենք աշխարհի ուշադրությունը, ինչպես նաև հրեշտակների, որոնց համար կարևոր է, որ մենք դիմանանք հալածանքներին։ Յայտնութիւն 14։6–ում ասվում է. «Տեսայ [Հովհաննես առաքյալը] երկնքի մէջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին եւ լեզուներին»։ Այո՛, հրեշտակները թիկունք են կանգնում մեզ մեր ծառայության մեջ (Եբրայեցիս 1։13, 14)։
«Պիտի ատուէք»
4, 5. ա) Ինչի՞ մասին Հիսուսն իր աշակերտներին նախազգուշացրեց։ բ) Ինչո՞ւ են Աստծո ժամանակակից ծառաներն ‘ատվում’։
4 Որպես մշակներ ուղարկվելով քարոզչության՝ Հիսուսի առաքյալները հետևեցին նրա հրահանգին՝ ‘խորագետ լինել օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման’։ Հիսուսը նաև ասել էր. «Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին.... Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի» (Մատթէոս 10։16–22)։
5 Այսօր մենք ‘ատվում’ ենք, քանի որ ամբողջ աշխարհը չարի՝ Բանսարկու Սատանայի տիրապետության տակ է։ Նա է Աստծո և նրա ժողովրդի գլխավոր թշնամին (Ա Յովհաննէս 5։19)։ Մեր թշնամիները տեսնում են մեր հոգևոր բարեկեցիկ վիճակը, բայց մերժում են դա վերագրել Եհովային։ Հակառակորդները տեսնում են, թե ինչպես ենք ուրախ և ժպտուն դեմքերով «հունձ» կատարում։ Նրանց ապշեցնո՛ւմ է մեր միասնականությունը։ Թեկուզ դժկամությամբ՝ նրանք ստիպված են ընդունել այս փաստը, երբ, մեկնելով մի երկրից մյուսը, տեսնում են, որ Եհովայի վկաները այդ երկրում էլ են անում ճիշտ և ճիշտ նույն գործը, ինչ որ իրենց հայրենիքում։ Անշուշտ, մենք գիտենք, որ համապատասխան ժամանակին նույնիսկ մեր թշնամիներն են ճանաչելու Եհովային՝ մեր պաշտպանին ու մեր միասնականության աղբյուրին (Եզեկիէլ 38։10–12, 23)։
6. Ի՞նչ վստահություն ունենք «հնձի» ժամանակ, բայց ի՞նչ հարց է առաջ գալիս։
6 ‘Հնձի Տերը’ իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին է տվել «ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ» (Մատթէոս 28։18)։ Եհովան Հիսուսի միջոցով ղեկավարում է «հունձը», որին մասնակցում են երկնային հրեշտակներն ու, այստեղ՝ երկրի վրա, օծյալ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» (Մատթէոս 24։45–47; Յայտնութիւն 14։6, 7)։ Սակայն ինչպե՞ս կարող ենք դիմանալ թշնամական հակառակությանն ու պահպանել մեր ուրախությունը՝ միաժամանակ շարունակելով «հնձել»։
7. Ինչպիսի՞ տրամադրվածություն պետք է ձգտենք ունենալ հակառակություն կամ հալածանք դիմագրավելիս։
7 Երբ հակառակություն ենք դիմագրավում կամ բացահայտորեն հալածվում, եկեք Աստծո օգնությունը փնտրենք, որպեսզի կարողանանք այնպիսի տրամադրվածություն պահպանել, ինչպիսին Պողոսն ուներ։ Նա գրել է. «Նախատում էին մեզ՝ օրհնում էինք, հալածում էին՝ դիմանում էինք, հայհոյում էին՝ աղօթում էինք» (Ա Կորնթացիս 4։12, 13)։ Այսպիսի տրամադրվածությունը՝ նրբանկատորեն կատարվող ծառայության հետ միասին, երբեմն փոխում է մեր հակառակորդների վերաբերմունքը։
8. Ի՞նչ վստահություն ենք ստանում Հիսուսի՝ Մատթէոս 10։28–ում գրված խոսքերից։
8 Նույնիսկ մահվան սպառնալիքը չի թուլացնում մեր՝ որպես մշակների, եռանդը։ Մենք անվախորեն՝ ինչքան հնարավոր է՝ հրապարակավ, հռչակում ենք Թագավորության լուրը։ Մեզ քաջալերում են Հիսուսի վստահեցնող խոսքերը. «Մի՛ վախեցէ՛ք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը» (Մատթէոս 10։28)։ Գիտենք, որ մեր երկնային Հայրն է կյանքի աղբյուրը։ Նա պարգևատրում է նրանց, ովքեր իր հանդեպ անարատություն են պահում և հավատարմորեն շարունակում են «հնձել»։
Փրկարար լուր
9. Ինչպե՞ս ոմանք արձագանքեցին Եզեկիելի խոսքերին, և ինչպե՞ս է նույնը տեղի ունենում մեր օրերում։
9 Երբ Եզեկիել մարգարեն խիզախորեն ազդարարում էր Եհովայի խոսքը «ապստամբ ազգերին»՝ Իսրայելի և Հուդայի թագավորություններին, ոմանց հաճելի էր դա լսել (Եզեկիէլ 2։3)։ «Ահա,— ասաց Եհովան,— դուն անոնց՝ քաղցրաձայն ու հմուտ նուագածուի մը ախորժելի երգին պէս ես» (Եզեկիէլ 33։32, Արևմտ. Աստ.)։ Թեև նրանց դուր էին գալիս Եզեկիելի խոսքերը, այնուամենայնիվ, նրանք չգործեցին այդ խոսքերի համաձայն։ Իսկ ի՞նչ է կատարվում այսօր։ Երբ օծյալ մնացորդն ու նրանց ուղեկիցները քաջաբար ազդարարում են Եհովայի խոսքը, ոմանց դուր է գալիս լսել Թագավորության օրհնությունների մասին։ Սակայն նրանք երախտագիտություն չեն հայտնում դրա համար, չեն դառնում աշակերտներ ու մյուսների հետ միասին չեն «հնձում»։
10, 11. 20–րդ դարի առաջին կեսին ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին՝ ազդարարելու մեր փրկարար լուրը և ի՞նչ արդյունքներով։
10 Մյուս կողմից՝ շատերը բարեհաճորեն են արձագանքել տարվող «բերքահավաքային» աշխատանքին և մասնակցել են Աստծո դատաստանների ազդարարմանը։ 1922–1928 թթ.-ին անցկացված համաժողովներում, օրինակ, հստակորեն հնչեցին դատաստանական խոսքեր Սատանայի ամբարիշտ իրերի դրության մասին։ Ռադիոկայանները հաղորդեցին այս քողազերծումների մասին։ Իսկ դրանից հետո Աստծո ժողովուրդը այդ ելույթների միլիոնավոր տպագիր օրինակներ տարածեց։
11 30–ականների վերջում մեկ այլ ձևով էլ վկայություն տրվեց։ Դա ինֆորմացիոն երթեր կատարելն էր։ Սկզբում քարոզիչները պլակատներ էին կրում, որոնց վրա հանրային ելույթների մասին հայտարարություն էին գրված։ Ավելի ուշ նրանք կրում էին պլակատներ, որոնց վրա այսպիսի կարգախոսներ կային. «Կրոնը թակարդ է և խաբեբայություն», «Ծառայեցե՛ք Աստծուն և Քրիստոսին՝ Թագավորին»։ Քայլելով փողոցներով՝ նրանք գրավում էին անցորդների ուշադրությունը։ «Դա մեծապես նպաստեց, որ Եհովայի վկաները հասարակության ուշադրությունը գրավեն և համարձակությամբ լցվեն»,— ասաց մի եղբայր, որը կանոնավորաբար մասնակցել էր ծառայության այս ձևին Լոնդոնի բանուկ փողոցներում։
12. Բացի Աստծո դատաստանները հայտարարելուց՝ ի՞նչ ենք ընդգծում մեր ծառայության ժամանակ, և ովքե՞ր են այժմ միացել բարի լուրի քարոզչության մեջ։
12 Հռչակելով Աստծո դատաստանները՝ մենք դրա հետ միասին ընդգծում ենք Թագավորության բերելիք օրհնությունները։ Աշխարհով մեկ համարձակորեն քարոզելով՝ կարողանում ենք փնտրել արժանավորներին (Մատթէոս 10։11)։ 1920–1930-ականներին օծյալ դասակարգի մնացորդի մեծ մասը պատասխանել է «հունձ» կատարելու հստակ կոչին։ Հետո՝ 1935 թ.–ին անցկացված համաժողովում հայտնվեց մի հրաշալի լուր. «այլ ոչխարների» ‘մեծ բազմությանը’ չքնաղ հեռանկար է սպասում դրախտային երկրի վրա (Յայտնութիւն 7։9; Յովհաննէս 10։16)։ Նրանք հաշվի են առել Աստծո դատաստանները և միացել են օծյալներին՝ նրանց հետ միասին քարոզելու փրկարար բարի լուրը։
13, 14. ա) Ի՞նչ մխիթարություն կարելի է ստանալ Սաղմոս 126։5, 6 խոսքերից։ բ) Եթե շարունակում ենք «ցանել» և «ջրել», ապա ի՞նչ արդյունքներ կստանանք։
13 Սաղմոս 126։5, 6 խոսքերը մեծ մխիթարություն են Աստծո մշակների համար, հատկապես նրանց, ովքեր հալածանքներ են կրում. «Արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն։ Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կը գայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով»։ Ցանելու և հնձելու մասին սաղմոսերգուի խոսքերը ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան հոգ տարել և օրհնել հին Բաբելոնի գերությունից վերադարձող մնացորդին։ Նրանք երջանիկ էին, որ ազատվել էին գերությունից, բայց գուցե լաց էին լինում, երբ սերմ էին գցում հողին, որը չէր մշակվել իրենց 70 տարվա գերության ընթացքում։ Այնուհանդերձ, ովքեր շարունակեցին վարուցանք անել և շինություններ կառուցել, բերք հավաքեցին և բավականություն ստացան իրենց աշխատանքից։
14 Գուցե արտասվում ենք, երբ փորձության մեջ ենք կամ երբ մենք կամ մեր հավատակիցները չարչարվում են հանուն արդարության (Ա Պետրոս 3։14)։ Երբ «հնձում» ենք, գուցե սկզբում դժվարություններ ունենանք, քանի որ ծառայության մեջ ներդրած մեր ջանքերը, կարծես թե, արդյունքներ չեն տալիս։ Բայց եթե շարունակենք «ցանել» և «ջրել», ապա Աստված «կաճեցնի», և հաճախ՝ մեր սպասածից ավելի (Ա Կորնթացիս 3։6)։ Դրա մասին են հստակորեն վկայում մեր կողմից Աստվածաշնչերի և սուրբգրային հրատարակությունների տարածման արդյունքները։
15. Օրինակով ցույց տվեք, թե ինչ արդյունքներ են բերում քրիստոնեական հրատարակությունները «հնձի» ժամանակ։
15 Քննարկենք Ջիմ անունով մարդու օրինակը։ Երբ նրա մայրը մահացավ, նա մոր իրերի մեջ գտավ «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՞ արարչությամբ» գիրքը։a Ջիմը գիրքը հետաքրքրությամբ կարդաց։ Մի անգամ փողոցում նրան մոտեցավ մի Վկա և խոսակցություն սկսեց։ Ջիմը համաձայնվեց, որ իրեն կրկին այցելեն. արդյունքում՝ նրա հետ սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ջիմն արագորեն հոգևորապես աճեց, նվիրվեց Եհովային ու մկրտվեց։ Նա իր ընտանիքի անդամներին պատմեց իր սովորածի մասին։ Արդյունքն այն եղավ, որ նրա քույրն ու եղբայրը դարձան Եհովայի վկաներ, իսկ Ջիմը պատիվ ունեցավ կամավորապես լիաժամ ծառայել Լոնդոնի Բեթելում։
Հալածված՝ բայց ուրախ
16. ա) Ինչո՞ւ է «հունձը» հաջող ընթացել։ բ) Բարի լուրի ի՞նչ ազդեցության մասին նախազգուշացրեց Հիսուսը, սակայն ինչպիսի՞ մոտեցում ենք հանդես բերում մարդկանց հանդեպ։
16 Ինչո՞ւ է «հունձը» այսքան հաջող ընթացել։ Քանի որ օծյալ քրիստոնյաներն ու նրանց ուղեկիցները հետևել են Հիսուսի հրահանգներին. «Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից» (Մատթէոս 10։27)։ Բայցևայնպես, կարելի է սպասել, որ դժվարությունների կհանդիպենք, քանզի Հիսուսն ասել է. «Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն»։ Իսկ ավելի ուշ նա ասաց. «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր» (Մատթէոս 10։21, 34)։ Հիսուսը մտադիր չէր կանխամտածված ձևով բաժանումներ մտցնել ընտանիքներում։ Բայց բարի լուրը երբեմն ունենում էր նման ազդեցություն։ Նույնը ճիշտ է նաև Աստծո՝ մեր օրերի ծառաների առնչությամբ։ Երբ այցելում ենք ընտանիքներին, մենք չենք ուզում նրանց մեջ երկպառակություններ մտցնել։ Մեր ցանկությունն այն է, որ ամեն ոք ընդունի բարի լուրը։ Ուստի, փորձում ենք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանդեպ բարի և կարեկից մոտեցում հանդես բերել, ինչը գրավիչ է դարձնում մեր լուրը «հավիտենական կյանքի հանդեպ տրամադրվածների» համար (Գործք 13։48, ՆԱ)։
17. Ինչպե՞ս են Աստծո գերիշխանության ջատագովները առանձնացել մյուսներից։ Ի՞նչ օրինակ կա դրա մասին։
17 Թագավորության լուրը առանձնացնում է նրանց, ովքեր ջատագովում են Աստծո գերիշխանությունը։ Օրինակ՝ կարելի է հիշել, թե ինչպես են մեր հավատակիցները Գերմանիայում նացիոնալ–սոցիալիզմի տարիներին նկատելիորեն տարբերվել մյուսներից, քանի որ ‘կայսրինը տվել են կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն’ (Ղուկաս 20։25)։ Ի տարբերություն կրոնական առաջնորդների ու քրիստոնեական աշխարհի եկեղեցիների հետ շփվող անվանական քրիստոնյաների՝ Եհովայի ծառաները անսասան մնացին՝ չոտնահարելով աստվածաշնչյան սկզբունքները (Եսայիա 2։4; Մատթէոս 4։10; Յովհաննէս 17։16)։ «Նացիստական պետությունը և նոր կրոնները» գրքի հեղինակ, պրոֆեսոր Քրիստին Քինգը նկատել է. «[Նացիստական] կառավարությունը միայն Վկաների դեմ անհաջողության մատնվեց, քանի որ, չնայած հազարավորների սպանվելուն, վերջիններիս գործը շարունակվեց, և 1945 թ.–ի մայիսին Եհովայի վկաների շարժումը կենդանի էր մնացել, մինչդեռ նացիոնալ–սոցիալիզմը՝ ոչ» («The Nazi State and the New Religions»)։
18. Չնայած հալածանքին՝ ի՞նչ դիրք է բռնում Եհովայի ժողովուրդը։
18 Իրոք, ուշագրավ է հալածանքի ժամանակ Եհովայի ժողովրդի բռնած դիրքը։ Իշխանություններին տպավորում է մեր հավատը. նրանք զարմանում են, որ մենք չարակամություն կամ թշնամություն չենք ցուցաբերում։ Օրինակ՝ Հոլոքոստը վերապրած Վկաները, հետադարձ հայացք նետելով իրենց փորձություններին, հաճախ են ուրախության և բավարարվածության արտահայտություններ անում։ Նրանք գիտեն, որ Եհովան իրենց տվել է «զօրութեան գերազանցութիւնը» (Բ Կորնթացիս 4։7)։ Օծյալները վստահ են, որ իրենց «անունները գրուած են երկնքում» (Ղուկաս 10։20)։ Նրանց տոկունությունը հույս է բերում, որը չի հիասթափեցնում։ Երկրային հեռանկար ունեցող հավատարիմ մշակները նույն համոզումն ունեն (Հռովմայեցիս 5։4, 5, ՆԱ)։
Հաստատակամորեն «հնձեցեք»
19. Ի՞նչ արդյունավետ մեթոդներ են կիրառվել քրիստոնեական ծառայության մեջ։
19 Թե ինչքան երկար դեռ Եհովան թույլ կտա մեզ կատարել փոխաբերական հունձը, ապագան ցույց կտա։ Իսկ մինչ այդ պետք է հիշենք, որ մշակները հատուկ մեթոդներ են կիրառում իրենց աշխատանքում։ Մենք էլ, հավատարմորեն օգտվելով քարոզչության փորձված և ստուգված մեթոդներից, կարող ենք վստահ լինել, որ հաջողության կհասնենք։ Պողոսն իր հավատակիցներին ասաց. «Աղաչում եմ ձեզ, նմանուեցէ՛ք ինձ» (Ա Կորնթացիս 4։16)։ Երբ Միլետոսում հանդիպեց եփեսացի երեցներին, նա հիշեցրեց, որ ինքը չի վարանել ուսուցանել նրանց «հրապարակաւ եւ տանը» (Գործք 20։20, 21)։ Պողոսի ընկեր Տիմոթեոսը սովորել էր նրա մեթոդները, ուստիև կարող էր կորնթացիներին ծանոթացնել դրանց (Ա Կորնթացիս 4։17)։ Աստված օրհնեց Պողոսի ուսուցողական մեթոդները։ Նման կերպով նա կօրհնի բարի լուրի քարոզչության մեջ մեր ցուցաբերած հաստատակամությունը՝ տնից տուն ծառայելիս, վերայցելությունների, Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների ժամանակ և ամենուր, որտեղ մարդիկ կան (Գործք 17։17)։
20. Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տվել, որ դեռ առատ հոգևոր հունձ կա կատարելու, և ինչպե՞ս է դա փաստվել վերջին տարիներին։
20 Ավարտելով մ.թ. 30–ին Սյուքար քաղաքի մոտակայքում սամարացի կնոջը քարոզելը՝ Հիսուսը խոսեց հոգևոր հնձի մասին։ Նա ասաց իր աշակերտներին. «Բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար։ Եւ ով հնձում է, վարձ է ստանում ու յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան» (Յովհաննէս 4։34–36)։ Հնարավոր է՝ Հիսուսն արդեն ականատես էր եղել սամարացի կնոջ հետ ունեցած իր զրույցի արդյունքներին, քանի որ շատերն էին հավատացել վերջինիս վկայությանը (Յովհաննէս 4։39)։ Վերջին տարիներին շատ երկրներում Եհովայի վկաների գործունեության վրայից հանվել են սահմանափակումները կամ նրանց օրենքով գրանցել են, որի շնորհիվ «հնձելու» նոր տարածքներ են առաջանում։ Արդյունքն այն է, որ հոգևոր իմաստով առատ հունձը դեռ ընթացքի մեջ է։ Փաստորեն, ամբողջ աշխարհում առատ օրհնություններ են քաղվում, քանի որ մենք ուրախությամբ շարունակում ենք հոգևորապես հնձել։
21. Ի՞նչ պատճառ ունենք՝ շարունակելու «հունձը»՝ որպես ուրախ մշակներ։
21 Երբ բերքը հավաքելու ժամանակն է լինում, աշխատողները պետք է առանց հապաղելու գործեն։ Նրանք չպետք է ձգձգեն գործը։ Այսօր մենք պետք է եռանդագին ու հրատապության զգացումով աշխատենք, քանի որ ապրում ենք «վերջի ժամանակում» (Դանիէլ 12։4)։ Ճիշտ է, մենք փորձություններ ենք կրում, բայց, մյուս կողմից, Եհովայի երկրպագուների երբևէ չտեսնված մեծ «հունձ» է կատարվում։ Ուստի, հիմա ուրախության ժամանակներ են (Եսայիա 9։3)։ Որպես ուրախ մշակներ՝ եկեք շարունակե՛նք «հնձել»։
[ծանոթագրություններ]
a Հրատարկվել ու տարածվում է Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ պատասխան է տվել ‘հնձի Տերը’ ավելի շատ մշակներ հանելու խնդրանքին։
• Չնայած մեզ ‘ատում’ են՝ ի՞նչ տրամադրվածություն պիտի պահպանենք։
• Ինչո՞ւ ենք ուրախ մնում նույնիսկ հալածվելիս։
• Ինչո՞ւ է անհրաժեշտ հաստատակամորեն «հնձել»՝ միաժամանակ հրատապության զգացում ունենալով։
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Հրեշտակները թիկունք են կանգնում հոգևոր հնձով զբաղվողներին
[նկար 18–րդ էջի վրա]
Ինֆորմացիոն երթերը շատերի ուշադրությունը դարձրեցին դեպի Թագավորության լուրը
[նկար 18–րդ էջի վրա]
Մենք տնկում և ջրում ենք, բայց Աստված է աճեցնողը