Հավիտենական կյանք երկրի վրա. քրիստոնեակա՞ն հույս
«[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի» (ՀԱՅՏՆ. 21։4)։
1, 2. Որտեղի՞ց գիտենք, որ առաջին դարի շատ հրեաներ երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեին։
ՄԻ ՀԱՐՈՒՍՏ և ճանաչված երիտասարդ վազելով եկավ Հիսուսի մոտ ու ծնկների վրա ընկնելով՝ հարցրեց. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Մարկ. 10։17)։ Ի՞նչ նկատի ուներ նա «հավիտենական կյանք» ասելով՝ կյանք երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա։ Ինչպես քննարկեցինք նախորդ հոդվածում, Աստված իսրայելացիներին տվել էր հույս, որ երկրի վրա կլինի հարություն և հավիտենական կյանք։ Առաջին դարի հրեաներից շատերը նույնպես ունեին այդ հույսը։
2 Մարթան, ակներևաբար, նկատի ուներ երկրային հարությունը, երբ Հիսուսին ասաց. «Ես գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, նա [Մարթայի մահացած եղբայրը] հարություն կառնի» (Հովհ. 11։24)։ Ճիշտ է, առաջին դարում կային նաև ոմանք, որ չէին հավատում հարությանը, օրինակ՝ սադուկեցիները (Մարկ. 12։18)։ Սակայն հետաքրքիր է, թե պատմաբան Ջորջ Ֆուտ Մուրն ինչ է ասել իր գրքում. «Մեր թվարկությունից առաջ երկրորդ և առաջին դարի արձանագրությունները.... հաստատում են այն համոզմունքը, որ մարդկության պատմության մեջ շրջադարձային փոփոխություն է սպասվում. նախորդ սերունդները կյանքի կվերադառնան ու կապրեն երկրի վրա» (Judaism in the First Centuries of the Christian Era)։ Հիսուսին մոտեցած հարուստ երիտասարդը ուզում էր հավիտյան ապրել երկրի՛ վրա։
3. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։
3 Այսօր շատ կրոններ ու աստվածաշնչագետներ պնդում են, որ Հիսուսը չի սովորեցրել երկրի վրա հավիտյան ապրելու մասին։ Մարդկանց մեծամասնությունը հույս ունի մահանալուց հետո շարունակել իր կյանքը ոգեղեն ոլորտում։ Ուստի, Քրիստոնեական Հունարեն Գրություններն ընթերցող շատ մարդիկ, երբ հանդիպում են «հավիտենական կյանք» արտահայտությանը, մտածում են, որ այն միշտ վերաբերում է երկնային կյանքին։ Արդյոք դա այդպե՞ս է։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ խոսում էր հավիտենական կյանքի մասին։ Ինչի՞ն էին հավատում նրա աշակերտները։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները սովորեցնո՞ւմ են, որ երկրի վրա հավիտենական կյանք է լինելու։
Հավիտենական կյանք «վերաստեղծման ժամանակ»
4. Ի՞նչ է տեղի ունենալու «վերաստեղծման ժամանակ»։
4 Աստվածաշունչը սովորեցնում է, որ օծյալ քրիստոնյաները հարություն կառնեն երկնային կյանքի և երկնքից կղեկավարեն երկիրը (Ղուկ. 12։32; Հայտն. 5։9, 10; 14։1–3)։ Սակայն Հիսուսը, երբ խոսում էր հավիտենական կյանքի մասին, միշտ չէ, որ նրանց էր նկատի ունենում։ Ի՞նչ ասաց նա իր աշակերտներին, երբ հարուստ երիտասարդը տխուր հեռացավ՝ չընդունելով ամբողջ ունեցվածքը թողնելու և Քրիստոսի հետևորդը դառնալու հրավերը (կարդա՛ Մատթեոս 19։28, 29)։ Հիսուսն իր առաքյալներին ասաց, որ նրանք կլինեն թագավորներ ու կդատեն «Իսրայելի տասներկու ցեղերին»՝ «աշխարհին», այսինքն՝ մարդկանց (1 Կորնթ. 6։2)։ Քրիստոսը նաև նշեց, որ «ամեն ոք», ով հետևի իրեն, վարձատրություն կստանա՝ «կժառանգի հավիտենական կյանքը»։ Այս ամենը տեղի կունենա «վերաստեղծման ժամանակ»։
5. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը «վերաստեղծում» ասելով։
5 Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը «վերաստեղծում» ասելով։ Այս բառը թարգմանվել է «նոր աշխարհ» (The Bible— An American Translation), «երբ ամեն ինչ նոր կլինի» (Jerusalem Bible) և «բոլոր բաների վերականգնում» (Holy Bible— New International Version) արտահայտություններով։ Քանի որ Հիսուսը չբացատրեց այդ բառը, կարող ենք եզրակացնել, որ նա խոսում էր մի բանի մասին, ինչը հրեաների հույսն էր դարեր շարունակ։ Նրանք հավատում էին, որ երկրի պայմանները վերստին կլինեն այնպիսին, ինչպիսին որ Եդեմի պարտեզում էին Ադամի ու Եվայի մեղք գործելուց առաջ։ Վերաստեղծմամբ կկատարվի Աստծու՝ «նոր երկինք և նոր երկիր ստեղծելու» խոստումը (Ես. 65։17)։
6. Ոչխարների ու այծերի մասին առակը ի՞նչ է սովորեցնում հավիտենական կյանքի հույսի վերաբերյալ։
6 Հիսուսը նորից հիշատակեց հավիտենական կյանքի մասին, երբ նկարագրում էր իրերի համակարգի վախճանը (Մատթ. 24։1–3)։ Նա ասաց. «Երբ մարդու Որդին գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին։ Եվ բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, և նա մարդկանց կզատի իրարից, ինչպես որ հովիվն է ոչխարներին զատում այծերից»։ Նրանք, ովքեր կդատապարտվեն, «կգնան դեպի հավիտենական մահ», «իսկ արդարները [կգնան դեպի] հավիտենական կյանք»։ «Արդարները», որոնք կստանան հավիտենական կյանք, նրանք են, ովքեր հավատարմորեն օգնում են Քրիստոսի՝ ոգով օծված «եղբայրներին» (Մատթ. 25։31–34, 40, 41, 45, 46)։ Քանի որ օծյալները երկնային Թագավորության թագավորներ են լինելու, կարող ենք ասել, որ «արդարները» այդ Թագավորության երկրային հպատակներն են։ Աստվածաշնչում կանխագուշակվել է. «[Եհովայի Թագավորը] [կ]տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը» (Սաղ. 72։8)։ Այդ հպատակները կվայելեն հավիտենական կյանք երկրի վրա։
Ի՞նչ է ցույց տալիս Հովհաննեսի Ավետարանը
7, 8. Ի՞նչ երկու հույսի մասին Հիսուսը խոսեց Նիկոդեմոսի հետ։
7 Վերոհիշյալ սուրբգրային համարները, որտեղ օգտագործված է «հավիտենական կյանք» արտահայտությունը, Մատթեոսի, Մարկոսի ու Ղուկասի Ավետարաններից են։ Հովհաննեսի Ավետարանում հավիտյան ապրելու մասին Հիսուսը խոսում է 17 անգամ։ Եկեք քննենք այդ խոսքերից մի քանիսը։
8 Ըստ Հովհաննեսի Ավետարանի՝ Հիսուսն առաջին անգամ հավիտենական կյանքի մասին խոսեց Նիկոդեմոս անունով մի փարիսեցու հետ։ Նա ասաց. «Մինչև որ մարդ ջրից և ոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու թագավորությունը»։ Ովքեր մտնելու են երկնային Թագավորություն, պետք է «դարձյալ ծնվեն» (Հովհ. 3։3–5)։ Բայց նրանց զրույցն այսքանով չավարտվեց։ Քրիստոսը խոսեց նաև մի հույսի մասին, որը կարող է ունենալ ամբողջ աշխարհը (կարդա՛ Հովհաննես 3։16)։ Նա նկատի ուներ հավիտենական կյանքի հույսը, որը նրա օծյալ հետևորդների համար լինելու էր երկնային, իսկ մյուս հետևորդների համար՝ երկրային։
9. Ի՞նչ հույսի մասին խոսեց Հիսուսը սամարացի կնոջ հետ։
9 Նիկոդեմոսի հետ զրուցելուց հետո Հիսուսը Երուսաղեմից ճանապարհ ընկավ դեպի հյուսիս՝ Գալիլեա։ Երբ մոտենում էր Սյուքար քաղաքին՝ Հակոբի աղբյուրի մոտ հանդիպեց մի կնոջ։ Հիսուսը նրան ասաց. «Ով որ խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի. այն ջուրը, որը ես կտամ նրան, ջրի աղբյուր կդառնա նրա մեջ, որ կբխի հավիտենական կյանք տալու համար» (Հովհ. 4։5, 6, 14)։ Այդ ջուրը խորհրդանշում է Աստծու ձեռնարկած բոլոր այն միջոցները, որոնց շնորհիվ մարդիկ կկարողանան դարձյալ հավիտյան ապրել։ «Հայտնություն» գրքում Աստված ինքն է ասում. «Նրան, ով ծարավ է, ես ձրի կտամ կյանքի ջրի աղբյուրից» (Հայտն. 21։5, 6; 22։17)։ Այսպիսով՝ սամարացի կնոջ հետ խոսելիս Հիսուսը նշեց ոչ միայն Թագավորության ժառանգորդների, այլև այն մարդկանց հավիտենական կյանքի մասին, ովքեր հավատում են Աստծուն ու նրա խոստումներին և ունեն երկրային հույս։
10. Ի՞նչ ասաց Հիսուսն իր հակառակորդներին հավիտենական կյանքի մասին։
10 Հաջորդ տարի Հիսուսը դարձյալ Երուսաղեմում էր։ Բեթզաթա ավազանի մոտ նա բժշկեց մի հիվանդ մարդու։ Իր այս արարքը դատապարտող հրեաներին Հիսուսը բացատրեց, որ «Որդին ինքը իրենից ոչ մի բան չի կարող անել, այլ միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս»։ Ասելով, որ «Հայրը ամեն դատ իր Որդուն է հանձնել»՝ նա ավելացրեց. «Ով որ լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի»։ Քրիստոսը նաև ասաց. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, [մարդու Որդու] ձայնը կլսեն և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության, իսկ ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարության» (Հովհ. 5։1–9, 19, 22, 24–29)։ Հիսուսը իրեն հալածող հրեաներին բացատրեց, որ ինքն է Աստծու կողմից նշանակված այն անձնավորությունը, որը, հարություն տալով մահացածներին, կիրականացնի հրեաների՝ երկրի վրա հավիտյան ապրելու հույսը։
11. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Հովհաննես 6։48–51 համարներում, վերաբերում են երկրի վրա հավիտյան ապրելու հույսին։
11 Գալիլեայում հազարավոր մարդիկ, ովքեր ուզում էին նորից ուտել այն հացից, որ Հիսուսը հրաշքով տվել էր իրենց, սկսեցին գնալ նրա հետևից։ Սակայն Հիսուսը նրանց հետ խոսեց ուրիշ «հացի»՝ «կյանքի հացի» մասին (կարդա՛ Հովհաննես 6։40, 48–51)։ Նա ասաց. «Այն հացը, որ ես տալու եմ, իմ մարմինն է»։ Հիսուսն իր կյանքը տվեց ոչ միայն նրանց համար, ովքեր թագավորելու էին իր հետ երկնային Թագավորությունում, այլև «աշխարհի [փրկանքը գնահատող մարդկանց] կյանքի համար»։ «Եթե մեկը ուտի այս հացից», այսինքն՝ հավատ ընծայի Հիսուսի քավիչ զոհի փրկարար զորությանը, հավիտենական կյանքի հույս կունենա։ «Հավիտյան ապրելու» մասին Հիսուսի խոսքերը բովանդակում էին հենց այն հույսը, որ դարեր շարունակ փայփայում էին հրեաները՝ հավիտենական կյանք երկրի վրա Մեսիայի իշխանության ներքո։
12. Ո՞ր հույսը նկատի ուներ Հիսուսը, երբ հակառակորդներին ասաց, որ «իր ոչխարներին հավիտենական կյանք կտա»։
12 Սրանից ավելի ուշ՝ Նվիրման տոնի ժամանակ, Հիսուսը Երուսաղեմում իր հակառակորդներին ասաց. «Դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, և նրանք հետևում են ինձ։ Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս» (Հովհ. 10։26–28)։ Հիսուսը խոսում էր միայն երկնայի՞ն կյանքի մասին, թե՞ նկատի ուներ նաև կյանքը դրախտ–երկրի վրա։ Դրանից որոշ ժամանակ առաջ Հիսուսն իր հետևորդներին քաջալերել էր՝ ասելով. «Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա» (Ղուկ. 12։32)։ Սակայն այդ Նվիրման տոնի ժամանակ նա ասաց. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց էլ պետք է բերեմ» (Հովհ. 10։16)։ Ուրեմն, հակառակորդների հետ խոսելիս Հիսուսը նկատի ուներ թե՛ երկնային կյանքի հույսը՝ «փոքր հոտի» համար, և թե՛ երկրային հավիտենական կյանքի հույսը՝ միլիոնավոր «ուրիշ ոչխարների» համար։
Հույս, որը բացատրության կարիք չունի
13. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Դու ինձ հետ Դրախտում կլինես»։
13 Քրիստոսը տանջանքի ցցի վրա ասաց խոսքեր, որոնք ծանրակշիռ հիմքեր էին տալիս հավատալու, որ մարդկության հույսը կիրականանա։ Նրա կողքին գամված չարագործն ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։ Հիսուսն էլ նրան խոստացավ. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր, դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկ. 23։42, 43)։ Քանի որ այդ մարդը, ըստ ամենայնի, հրեա էր, նա կարիք չուներ բացատրության, թե ինչ է Դրախտը։ Նա գիտեր, որ ապագայում երկրի վրա հավիտենական կյանք է լինելու։
14. ա) Ինչի՞ց է երևում, որ առաքյալները դժվարանում էին հասկանալ, թե ինչ է երկնային հույսը։ բ) Ե՞րբ Հիսուսի հետևորդները հասկացան, թե ինչ է երկնային հույսը։
14 Երկնային կյանքի հույսը, սակայն, որի մասին Հիսուսը նույնպես խոսեց, բացատրության կարիք ուներ։ Երբ նա իր աշակերտներին ասաց, որ գնում է երկինք՝ նրանց համար տեղ պատրաստելու, նրանք չհասկացան այդ խոսքերի իմաստը (կարդա՛ Հովհաննես 14։2–5)։ Ավելի ուշ նրանց ասաց. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց դուք հիմա ի վիճակի չեք դրանք տանելու։ Բայց երբ նա գա, այսինքն՝ ճշմարտության ոգին, կառաջնորդի ձեզ ողջ ճշմարտության մեջ» (Հովհ. 16։12, 13)։ Հիսուսի հետևորդները 33 թ. Պենտեկոստեին օծվեցին Աստծու ոգով՝ որպես ապագա թագավորներ, և միայն դրանից հետո նրանք հասկացան, որ իրենց գահերը լինելու են երկնքում (1 Կորնթ. 15։49; Կող. 1։5; 1 Պետ. 1։3, 4)։ Երկնային ժառանգության հույսը նոր բան էր, և այն դարձավ Քրիստոնեական Հունարեն Գրությունների ներշնչյալ նամակների գլխավոր թեման։ Իսկ այդ նամակները խոսո՞ւմ են այն մասին, որ մարդիկ կարող են երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունենալ։
Ի՞նչ են ասում ներշնչյալ նամակները
15, 16. Ի՞նչ է ասվում «Եբրայեցիներ» և «2 Պետրոս» նամակներում երկրի վրա հավիտյան ապրելու հույսի մասին։
15 Եբրայեցիներին ուղղած նամակում Պողոս առաքյալը հավատակիցներին դիմում է այսպես. «սուրբ եղբայրներ, երկնային կոչման մասնակիցներ»։ Սակայն նաև նշում է «գալիք բնակեցված երկրի» մասին, որը Աստված հպատակեցրել է Հիսուսին (Եբր. 2։3, 5; 3։1)։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում «բնակեցված երկիր» թարգմանված բառը միշտ այդ իմաստն ունի՝ «մարդկանցով բնակեցված երկիր»։ Ուրեմն «գալիք բնակեցված երկիրը» իրերի ապագա համակարգն է երկրի վրա Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո։ Այդ ժամանակ Հիսուսը կիրագործի Աստծու խոստումը. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղ. 37։29)։
16 Պետրոս առաքյալը Աստծու ներշնչանքով նույնպես խոսեց մարդկանց ապագայի մասին։ Նա գրեց. «Իսկ այժմյան երկինքներն ու երկիրը.... պահվում են կրակի համար և պահպանվում են մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը» (2 Պետ. 3։7)։ Ի՞նչը կփոխարինի ներկա «երկինքներին»՝ կառավարություններին, և «երկրին»՝ չար մարդկային հասարակությանը (կարդա՛ 2 Պետրոս 3։13)։ Դրանց կփոխարինեն «նոր երկինքը»՝ Աստծու Մեսիական Թագավորությունը, և «նոր երկիրը»՝ ճշմարիտ երկրպագուների արդար հասարակությունը։
17. Ինչպե՞ս է մարդկության հույսը նկարագրված Հայտնություն 21։1–4 համարներում։
17 Մեր սրտերը հուզմունքով են լցվում, երբ պատկերացնում ենք կատարելության հասած մարդկանց մասին այն տեսիլքը, որ գրված է Աստվածաշնչի վերջին գրքում (կարդա՛ Հայտնություն 21։1–4)։ Կատարելություն. սա էր Աստծուն հավատացող մարդկանց հույսը այն ժամանակից ի վեր, երբ առաջին մարդը մեղք գործեց Եդեմի պարտեզում։ Արդար մարդիկ անվերջ կապրեն դրախտային երկրում։ Այս հույսը լիովին հիմնված է թե՛ Եբրայերեն և թե՛Քրիստոնեական Հունարեն Գրությունների վրա և մինչև օրս զորացնում է Եհովայի հավատարիմ ծառաներին (Հայտն. 22։1, 2)։
Կարո՞ղ ես բացատրել
• Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը «վերաստեղծում» ասելով։
• Ինչի՞ մասին խոսեց Քրիստոսը Նիկոդեմոսի հետ։
• Ի՞նչ խոստացավ Հիսուսը իր կողքին գամված չարագործին։
• Ինչպե՞ս են «Եբրայեցիներ» և «2 Պետրոս» նամակները հաստատում, որ մարդիկ կարող են երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունենալ։
[նկար 8–րդ էջի վրա]
Հեզ ու խոնարհ մարդիկ կստանան հավիտենական կյանք երկրի վրա
[նկար 10–րդ էջի վրա]
Հիսուսը խոսում էր հավիտենական կյանքի մասին