Աստվածաշնչի տեսակետը
Ի՞նչ է Դատաստանի օրը
Աստվածաշունչն ասում է, որ Աստված «մեկ օր հաստատեց, որում նպատակ ունի արդարությամբ դատելու բնակեցված երկիրը» (Գործեր 17։31)։ Շատերը չեն ողջունում այն միտքը, որ պիտի դատաստանի արժանանան։ Դո՞ւ էլ նման զգացումներ ունես։
ԵԹԵ այո, ապա կարող ես մխիթարվել՝ իմանալով, որ Դատաստանի օրը Աստծու սիրառատ միջոցառումն է, որը մեծ օրհնություններ է բերելու մարդկությանը, այդ թվում նրանց, ովքեր մահացել են (Մատթեոս 20։28; Հովհաննես 3։16)։ Անհրաժե՞շտ է, որ Դատաստանի օր լինի։ Ի՞նչ է տեղի ունենալու այդ «օրվա» ընթացքում։
Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Դատաստանի օր լինի
Երբ Աստված մարդկանց երկրի վրա բնակեցրեց, նա չէր նպատակադրել, որ այն փորձադաշտ լինի նրանց համար, որից հետո նրանք կշարունակեն ապրել մի այլ ոլորտում։ Նա ստեղծել է մարդկանց հավիտյան ապրելու նպատակով։ Ու թեև առաջին մարդկային զույգը ֆիզիկական ու մտավոր առումով կատարյալ էր, սակայն ըմբոստացավ Աստծու դեմ։ Արդյունքում Ադամն ու Եվան կորցրին հավիտենական կյանքի հեռանկարը և իրենց ժառանգներին փոխանցեցին մեղքն ու մահը (Ծննդոց 2։15–17; Հռոմեացիներ 5։12)։
Դատաստանի օրը տևելու է հազար տարի, որի ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան վերագտնելու այն, ինչ կորցրին Ադամն ու Եվանa։ Ուշադրություն դարձրու, որ Գործեր 17։31 համարում, որը մեջբերվեց հոդվածի սկզբում, ասվում է, որ Դատաստանի օրը դատվելու են նրանք, ովքեր ապրում են «բնակեցված երկրի» վրա։ Նրանք, ովքեր արդար կհայտարարվեն, կվայելեն հավիտենական կյանքը կատարյալ պայմաններում (Հայտնություն 21։3, 4)։ Փաստորեն, Դատաստանի օրը անհրաժեշտ է, որպեսզի իրագործվի մարդկության ու երկրի առնչությամբ Աստծու սկզբնական նպատակը։
Աստծու կողմից Հիսուս Քրիստոսն է նշանակվել որպես դատավոր։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «պետք է դատի ողջերին և մեռածներին» (2 Տիմոթեոս 4։1)։ Իսկ ովքե՞ր են «ողջերը», որոնք պիտի դատվեն։ Ինչպե՞ս կարող են «մեռածները» կյանքի վերադառնալ «բնակեցված երկրի» վրա ապրելու համար։
Հիսուսը դատում է «ողջերին»
Մենք այժմ մոտենում ենք ներկա իրերի համակարգի վերջին, երբ Աստված ոչնչացնելու է մարդկային հասարակության բոլոր ապականված տարրերը և կործանելու է չարերին։ «Ողջերը» այս համակարգի վախճանից վերապրողներն են, որոնք պիտի դատվեն (Հայտնություն 7։9–14; 19։11–16)։
Դատաստանի ընթացքում, որը պիտի տևի 1000 տարի, Հիսուս Քրիստոսը 144 000 տղամարդկանց ու կանանց հետ, որոնք հարություն են առել երկնային կյանքի, պիտի ղեկավարի երկիրը։ Վերջիններս ծառայելու են որպես թագավորներ ու քահանաներ և կիրառելու են Հիսուսի քավիչ զոհաբերության օգուտները հավատարիմ մարդկանց նկատմամբ ու նրանց առաջնորդելու են դեպի կատարելություն (Հայտնություն 5։10; 14։1–4; 20։4–6)։
Դատաստանի օրվա ընթացքում Սատանան ու իր դևերն այլևս չեն կարողանա ազդեցություն բանեցնել մարդկանց վրա (Հայտնություն 20։1–3)։ Այնուհանդերձ, Դատաստանի օրվա վերջում Սատանային թույլ կտրվի փորձելու յուրաքանչյուր մարդու հավատարմությունը։ Նրանք, ովքեր հավատարիմ կմնան Աստծուն, կանցնեն այն փորձությունը, որից չանցան Ադամն ու Եվան։ Նրանք կդատվեն այն գործերի հիման վրա, որոնք կփաստեն, որ իրենք կարող են արժանանալ հավիտենական կյանքի վերականգնված դրախտ–երկրում։ Իսկ նրանք, ովքեր կըմբոստանան Աստծու դեմ, կոչնչանան։ Նույնը կպատահի Սատանային ու դևերին (Հայտնություն 20։7–9)։
Ինչպե՞ս են դատվելու «մեռածները»
Աստվածաշունչն ասում է, որ Դատաստանի օրվա ընթացքում մահացածները «հարություն կառնեն» (Մատթեոս 12։41)։ Հիսուսն էլ ասաց, որ «գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, նրա ձայնը կլսեն և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության, իսկ ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարության» (Հովհաննես 5։28, 29)։ Այս համարում չի խոսվում մահացածների մարմնից անջատ հոգիների մասին, քանի որ մահացածներն անգիտակից վիճակում են գտնվում և չունեն հոգի, որը շարունակում է ապրել մահից հետո։ Հիսուսը մահվան քնով ննջողներին կյանքի կվերադարձնի՝ երկրի վրա ապրելու համար (Ժողովող 9։5; Հովհաննես 11։11–14, 23, 24)։
Իսկ հարություն առնողները դատվելու են մահից առա՞ջ կատարած գործերի հիման վրա։ Ո՛չ։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ «նա, ով մահանում է, ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6։7)։ Այս համակարգի վախճանից վերապրողների նման՝ հարություն առածները պիտի դատվեն «ըստ իրենց գործերի», որ կանեն Դատաստանի օրվա ընթացքում (Հայտնություն 20։12, 13)։ Իրենց կատարած գործերից ելնելով՝ նրանք հարություն կառնեն կա՛մ հավիտենական կյանքով ապրելու, կա՛մ կործանվելու համար։ Հարություն առածները նախ կսովորեն Եհովա Աստծու և նրա պահանջների մասին։ Նրանց հնարավորություն կտրվի ապրել Աստծու կամքի համաձայն և ստանալ հավիտենական կյանք երկրի վրա։
Դատաստանի օրը վա՞խ ներշնչող օր է
Դատաստանի օրը միայն Աստծուց կրթվելու ժամանակաշրջան չի լինելու։ Այն նաև մի ժամանակ է, երբ մարդիկ պիտի կիրառեն իրենց սովորածը և օրհնություններ ստանան։ Պատկերացրու, թե ինչ ուրախություն կապրես, երբ դիմավորես մահացած հարազատներիդ և նրանց հետ աստիճանաբար դեպի կատարելություն գնաս։
Դատաստանի օրվա վերջում Աստված թույլ կտա Սատանային փորձության ենթարկելու մարդկանց։ Սակայն վախենալու ոչ մի պատճառ չունենք։ Դատաստանի օրվա վերջում բոլորը լիովին պատրաստ կլինեն վերջնական փորձությանը։ Այսպիսով՝ Դատաստանի օրը կիրագործի Աստծու նպատակը և կվերացնի Եդեմի պարտեզում ծագած ըմբոստության բոլոր հետևանքները։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչում «օր» բառը կարող է վերաբերել տարբեր տևողություն ունեցող ժամանակաշրջանի։ Տե՛ս, օրինակ, Ծննդոց 2։4–ը։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
● Ի՞նչ է Դատաստանի օրը (Գործեր 17։31)
● Ովքե՞ր են դատվելու (2 Տիմոթեոս 4։1)
● Որքա՞ն է տևելու Դատաստանի օրը (Հայտնություն 20։4–6)
[մեջբերում 27-րդ էջի վրա]
Պատկերացրու, թե ինչ ուրախություն կապրես, երբ դիմավորես մահացած հարազատներիդ
[նկարներ 26-րդ էջի վրա]
Մահացածները հարություն կառնեն դրախտ–երկրի վրա Քրիստոսի իշխանության ընթացքում