ԳԼՈՒԽ 55
Հիսուսի խոսքերը վրդովեցնում են շատերին
ՀԻՍՈՒՍԸ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՊԵՏՔ Է «ՈՒՏԵՆ ԻՐ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ԽՄԵՆ ԻՐ ԱՐՅՈՒՆԸ»
ՇԱՏԵՐԸ ԳԱՅԹԱԿՂՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՀԵՏԵՎՈՒՄ ՆՐԱՆ
Կափառնայումի ժողովարանում Հիսուսը մարդկանց ասում է, որ ինքն է երկնքից իջած ճշմարիտ հացը։ Նա, ակներևաբար, շարունակում է խոսել այն թեմայի շուրջ, որի մասին սկսել էր խոսել Գալիլեայի ծովի արևելյան կողմից եկած մարդկանց հետ, որոնց նա կերակրել էր հացով ու ձկով։
Հիսուսն ասում է. «Ձեր նախահայրերը անապատում կերան մանանան, բայց մահացան»։ Ապա ավելացնում է. «Ես եմ այն կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկը ուտի այս հացից, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես տալու եմ, իմ մարմինն է. ես այն տալու եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհաննես 6։48–51)։
Մ.թ. 30թ. գարնանը Հիսուսը Նիկոդեմոսին ասել էր, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր Որդուն տվեց՝ որպես Փրկիչ։ Այժմ Հիսուսն ասում է, որ մարդիկ պետք է ուտեն իր մարմինը, այսինքն՝ հավատ դրսևորեն այն զոհագործության հանդեպ, որ ինքը պատրաստվում է անել։ Միայն այդպես նրանք կարող են հավիտենական կյանք ստանալ։
Սակայն մարդիկ սկսում են առարկել՝ ասելով. «Ինչպե՞ս կարող է այս մարդը իր մարմինը մեզ տալ ուտելու համար» (Հովհաննես 6։52)։ Հիսուսն ուզում է, որ իր ունկնդիրները հասկանան, որ իր խոսքերը փոխաբերական իմաստ ունեն, և դրանք պետք չէ բառացի հասկանալ։ Դա երևում է նրա հաջորդ խոսքերից։
Նա ասում է. «Մինչև չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ունենա ձեզանում։ Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի.... որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, միության մեջ է մնում ինձ հետ» (Հովհաննես 6։53–56)։
Կարելի է պատկերացնել, թե այս խոսքերը որքան են վրդովեցնում հրեաներին։ Նրանք թերևս մտածում են, թե Հիսուսը իրենց դրդում է մարդակերության կամ ուզում է, որ իրենք խախտեն արյունից հեռու մնալու մասին Աստծու օրենքը (Ծննդոց 9։4; Ղևտական 17։10, 11)։ Բայց Հիսուսը նկատի չունի, թե նրանք պետք է բառացիորեն իր մարմինն ուտեն կամ արյունը խմեն։ Նա ուզում է ասել, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հավիտենական կյանք ունենալ, պետք է հավատ դրսևորեն այն զոհի հանդեպ, որ ինքը պատրաստվում է տալ՝ զոհելով իր կատարյալ մարդկային մարմինը և թափելով իր արյունը։ Սակայն նույնիսկ նրա աշակերտներից շատերը չեն հասկանում այդ խոսքերի իմաստը։ Նրանցից ոմանք ասում են. «Այս խոսքերը զարհուրելի են, ո՞վ կարող է լսել դրանք» (Հովհաննես 6։60)։
Տեսնելով, որ իր աշակերտներից ոմանք տրտնջում են՝ Հիսուսն ասում է. «Դա գայթակղեցնո՞ւմ է ձեզ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե տեսնեք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր.... Այն խոսքերը, որ ձեզ ասացի, ոգի են և կյանք։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Սա լսելով՝ աշակերտներից շատերը հեռանում են ու այլևս չեն շրջում նրա հետ (Հովհաննես 6։61–64)։
Այդ ժամանակ Հիսուսը իր 12 առաքյալներին հարցնում է. «Դո՞ւք էլ եք ուզում գնալ»։ Պետրոսը պատասխանում է. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես, և մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը» (Հովհաննես 6։67–69)։ Իսկապես, ինչպիսի՜ հավատարմություն են դրսևորում Պետրոսն ու մյուս առաքյալները, թեև այդ պահին լիովին չեն հասկանում Հիսուսի սովորեցրածը։
Չնայած Պետրոսի պատասխանը դուր է գալիս Հիսուսին, սակայն նա ասում է. «Ես ընտրեցի ձեզ՝ տասներկուսիդ, սակայն ձեզանից մեկը զրպարտիչ է» (Հովհաննես 6։70)։ Նա նկատի ունի Հուդա Իսկարիովտացուն։ Հավանաբար, այդ ժամանակ Հիսուսն արդեն նկատում է, որ Հուդան սխալ ուղի է բռնել։
Սակայն, ինչպես երևում է, Պետրոսը և մյուս առաքյալները մտադիր են շարունակել հետևել Հիսուսին և մասնակցել կյանքեր փրկող այն գործին, որը նա է անում։ Այս փաստն, անկասկած, մեծ ուրախություն է պատճառում Հիսուսին։