Ովքե՞ր են ճշմարիտ քրիստոնյաները
«ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքները գոյություն ունեն ոչ միայն որպես տեսություն, այլ նաև կիրառվում են գործնականում» («On Being a Christian»)։ Այս խոսքերով շվեյցարացի աստվածաբան Հանս Կունգը հաստատում է մի անհերքելի ճշմարտություն. ճշմարիտ քրիստոնեությունը գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ անկեղծ սրտով անհատները գործնականում կիրառում են Հիսուսի ուսմունքները։
Իսկ ի՞նչ կարելի է ասել, եթե որոշ անհատներ կամ կազմակերպություններ պնդում են, թե Քրիստոսի հետևորդներն են, սակայն իրականում չեն կիրառում այն, ինչ Հիսուսն է սովորեցրել։ Հիսուսն ինքն ասաց, որ շատերը կասեն, թե քրիստոնյա են։ Նրանք կմատնանշեն իրենց տարբեր գործերը՝ ապացուցելու համար, որ ծառայում են Հիսուսին՝ ասելով. «Չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք»։ Սակայն ինչպե՞ս կարձագանքի Հիսուսը։ Նա կպատասխանի ազդեցիկ խոսքերով. «Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ» (Մատթէոս 7։22, 23)։
Ինչպիսի՜ ցնցող նախազգուշացում «անօրէնութիւն գործողներ[ի]» համար, որոնք պնդում են, թե հետևում են Հիսուսին։ Քննարկենք երկու կարևոր պահանջներ, որով Հիսուսը ճանաչում է մարդկանց որպես ճշմարիտ քրիստոնյաների և չի մերժում նրանց որպես անօրենություն գործողների։
«Եթէ իրար վերայ սէր ունենաք»
Առաջին պահանջը, որ Հիսուսը նշեց, հետևյալն է. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։ Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։34, 35)։
Հիսուսը իր հետևորդներից պահանջում է անկեղծ սեր ունենալ թե՛ միմյանց, թե՛ ողջ մարդկության հանդեպ։ Շատ քրիստոնյաներ կատարել են այդ պահանջը դարերի ընթացքում՝ սկսած Հիսուսի ժամանակներից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն կրոնական կազմակերպությունների մասին, որոնք պնդել են, թե Քրիստոսին են ներկայացնում։ Արդյո՞ք նրանց նույնպես բնորոշ է եղել սերը։ Իհարկե ոչ։ Ընդհակառակը՝ նրանք առաջատար տեղ են զբաղեցրել այն բազմաթիվ պատերազմներում ու ընդհարումներում, որտեղ անմեղ արյուն է թափվել (Յայտնութիւն 18։24)։
Դա ճշմարիտ է նույնիսկ մեր ժամանակներում։ Ազգերը, որոնք իրենց քրիստոնյա են համարում, առաջնորդություն են վերցրել արյունահեղություններում, ինչպես օրինակ՝ 20–րդ դարի երկու համաշխարհային պատերազմներում։ Իսկ 1994 թ.–ին այսպես կոչված քրիստոնեական եկեղեցիները Ռուանդայում գլխավորել են տեղի ունեցած գազանաբարո ջարդերն ու ցեղասպանության փորձերը։ Անգլիկան եկեղեցու նախկին արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն գրում է. «Այս արյունահեղության մեջ միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված մարդիկ նույն հավատն էին դավանում։ Նրանց մեծ մասը քրիստոնյա էր»։
«Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք»
Հիսուսը նշեց, թե որն է երկրորդ կարևոր պահանջը՝ ասելով. «Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։ Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ» (Յովհաննէս 8։31, 32)։
Հիսուսն ակնկալում է, որ իր հետևորդները մնան իր խոսքի մեջ, այսինքն՝ հավատարիմ մնան իր ուսմունքներին։ Դրա փոխարեն՝ այն կրոնական ուսուցիչները, որոնք պնդում էին, թե հետևում են Քրիստոսին «ավելի ու ավելի շատ որդեգրեցին հունական գաղափարները»,— գրում է աստվածաբան Կունգը։ Նրանք Հիսուսի ուսմունքները փոխարինեցին այնպիսի ուսմունքներով, ինչպիսիք են՝ ոգու անմահության, քավարանի, Մարիամին երկրպագելու ուսմունքները. գաղափարներ, որ ծագում են հեթանոսական կրոններից և փիլիսոփաներից։ Նրանք նաև հոգևորականության դաս առաջ բերեցին (Ա Կորնթացիս 1։19–21; 3։18–20)։
Կրոնական ուսուցիչները նաև ներմուծեցին Երրորդության անհասկանալի ուսմունքը՝ Հիսուսին բարձրացնելով մի աստիճանի, որին անձամբ նա երբեք չի ձգտել։ Արդյունքում նրանք շեղեցին մարդկանց այն անձնավորությանը երկրպագելուց, որի մասին միշտ ընդգծել է Հիսուսը, այսինքն՝ նրա Հորը՝ Եհովա Աստծուն երկրպագելուց (Մատթէոս 5։16; 6։9; Յովհաննէս 14։28; 20։17)։ Հանս Կունգը գրում է. «Երբ Հիսուսը խոսում է Աստծու մասին, նա ի նկատի ունի նահապետ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծուն՝ Յահվեին.... [Հիսուսի] համար նա է միակ Աստվածը»։ Քանի՞սն այսօր գիտեն, որ Հիսուսի Աստվածը և Հայրը Յահվեն է, կամ՝ Եհովան, ինչպես որ նրա անունը հայտնի է հայերեն լեզվում։
Կրոնական առաջնորդները ամբողջովին շեղվել են Հիսուսի տված պատվերից, որի համաձայն՝ նրանք պետք է չեզոքություն պահպանեին քաղաքական գործերում։ Գրող Թրեվոր Մորոուն հաստատում է, որ Հիսուսի օրերում Գալիլեան «էթնիկական ազգայնամոլության կենտրոն էր»։ Հրեա շատ ազգայնամոլներ քաղաքական և կրոնական ազատություն ձեռք բերելու համար դիմել են զենքի։ Արդյո՞ք Հիսուսն ասաց իր աշակերտներին, որ նրանք մասնակցեն նման ընդհարումների։ Ո՛չ։ Ընդհակառակը՝ նա ասաց. «[Դուք] աշխարհքիցը չէք» (Յովհաննէս 15։19; 17։14)։ Սակայն չեզոքություն պահպանելու փոխարեն՝ եկեղեցու առաջնորդները զարգացնում են այն, ինչ իռլանդացի գրող Հուբերտ Բաթլերն անվանում է «պատերազմական և քաղաքական եկեղեցականություն»։ Նա գրում է. «Քաղաքականությամբ զբաղվող քրիստոնեությունը գրեթե միշտ թիկունք է կանգնում ռազմական գործունեությանը, և երբ քաղաքական գործիչներն ու հոգևորականները ինչ–որ համաձայնության են գալիս, որոշ առանձնաշնորհումներ ստանալու համար եկեղեցին իր օրհնությունն է տալիս երկրի ռազմական ուժերին»։
Կեղծ ուսուցիչները ուրանում են Հիսուսին
Պողոս առաքյալը նախազգուշացրեց, որ մարդիկ կշեղվեն ճշմարիտ քրիստոնեությունից։ Նա ասաց, որ իր մահից հետո քրիստոնյաների միջից «յափշտակող գայլեր» առաջ կգան, «որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրանց ետեւից քաշեն» (Գործք 20։29, 30)։ Նրանք հայտնապես կասեն, «թէ Աստուծուն գիտեն», սակայն իրականում «իրանց գործերովն [կ]ուրան[ան] նորան» (Տիտոս 1։16)։ Պետրոս առաքյալը նույնպես նախազգուշացրեց, որ կեղծ ուսուցիչները «ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. եւ [կուրանան] այն Տիրոջը որ իրանց գնեց»։ Նրանց վատ վարքի պատճառով մարդիկ ‘հայհոյելու էին ճշմարտության ճանապարհը’ (Բ Պետրոս 2։1, 2)։ Հույն աստվածաբան Վայնը գրում է, որ նման ձևով Քրիստոսին ուրանալը նշանակում է «մերժել Հորը և Որդուն՝ հավատն ուրանալով և կործանարար ուսմունքներ տարածելով»։
Ինչպե՞ս կարձագանքեր Հիսուսը, եթե իրենց քրիստոնյա համարող աշակերտները միտումնավոր կերպով ‘չմնային իր խոսքի մեջ’ և չկատարեին այն պահանջները, որ նա հաստատել էր։ Հիսուսը նախազգուշացրեց. «Ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է» (Մատթէոս 10։33)։ Իհարկե, Հիսուսը չի ուրանում այն անձնավորությանը, որը, չնայած հավատարիմ մնալու իր ջանքերին, սխալ է գործում։ Օրինակ՝ թեև Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին, նա զղջաց և ներում ստացավ (Մատթէոս 26։69–75)։ Սակայն Հիսուսը ուրանում է այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք իրականում գայլեր են ոչխարների հանդերձներով. նրանք ձևանում են, թե Քրիստոսի հետևորդներն են, սակայն գիտակցաբար և համառորեն մերժում են նրա ուսմունքները։ Այդպիսի կեղծ ուսուցիչների մասին Հիսուսն ասաց. «Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք» (Մատթէոս 7։15–20)։
Առաքյալների մահից հետո առաջ է գալիս հավատուրացությունը
Ե՞րբ սկսվեց հավատուրացությունը։ Հիսուսի մահից կարճ ժամանակ անց։ Հիսուսը նախազգուշացրեց, որ «բարի սերմ[ի]»՝ ճշմարիտ քրիստոնյաների մեջ, որոնց ինքն էր ցանել իր ծառայության ընթացքում, Բանսարկու Սատանան արագորեն կցանի «որոմներ»՝ կեղծ քրիստոնյաներ (Մատթէոս 13։24, 25, 37–39)։ Պողոս առաքյալը հայտնեց, որ մոլորեցնող ուսուցիչներ արդեն իսկ գոյություն ունեին իր օրերում։ Նա նշեց, որ Հիսուս Քրիստոսի ուսմունքներից շեղվելու հիմնական պատճառն այն էր, որ այդ մարդիկ իսկական սեր չունեին ճշմարտության հանդեպ (Բ Թեսաղոնիկեցիս 2։10)։
Քանի դեռ կենդանի էին, Հիսուս Քրիստոսի առաքյալները թույլ չէին տալիս, որ հավատուրացությունը զարգանար։ Սակայն առաքյալների մահից հետո կրոնական առաջնորդները «ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով. եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով» ավելի ու ավելի շատ մարդկանց շեղեցին Հիսուսի և նրա առաքյալների սովորեցրած ճշմարտություններից (Բ Թեսաղոնիկեցիս 2։3, 6–11)։ Անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասելը գրում է, որ ժամանակի ընթացքում ճշմարիտ քրիստոնեական ժողովը փոխարինվեց մի կրոնական կազմակերպությամբ, որը «կապշեցներ Հիսուսին և նույնիսկ Պողոսին»։
Ճշմարիտ քրիստոնեությունը վերականգնված
Հստակ է, որ առաքյալների մահից հետո այն, ինչ տեղի է ունեցել քրիստոնեության անվան տակ, չի համապատասխանել Քրիստոսի ուսմունքներին։ Սակայն դա չի նշանակում, որ Հիսուսը չի կատարել իր խոստումը, որի համաձայն՝ նա իր հետևորդների հետ էր լինելու «ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» (Մատթէոս 28։20)։ Կարող ենք վստահ լինել, որ սկսած այն ժամանակից, երբ նա ասել է այս խոսքերը, գոյություն են ունեցել հավատարիմ անհատներ, որոնք «Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքները ոչ միայն իմացել են տեսականորեն այլ նաև կիրառել են գործնականում»։ Հիսուս Քրիստոսը պահել է իր խոստումը, որի համաձայն՝ նա թիկունք էր կանգնելու այն անհատներին, ովքեր ձգտելու էին ցույց տալ ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող սերը և հավատարիմ էին մնալու նրա սովորեցրած ճշմարտություններին։
Դեռ ավելին, Հիսուսը խոստացավ, որ իրերի այս համակարգի վերջին օրերում նա համախմբելու էր իր հավատարիմ աշակերտներին քրիստոնեական ժողովի մեջ, որը հնարավոր կլիներ հստակորեն բնորոշել, և որը նա օգտագործելու էր իր կամքը կատարելու համար (Մատթէոս 24։14, 45–47)։ Այժմ նա օգտագործում է այդ ժողովը՝ համախմբելու համար «ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից» տղամարդկանց, կանանց և երեխաների «մեծ բազմությունը» և միավորում է նրանց իր գլխավորության ներքո, որ լինեն «մի հօտ եւ մի հովիւ» (Յայտնութիւն 7։9, 14–17; Յովհաննէս 10։16; Եփեսացիս 4։11–16)։
Ուրեմն հեռու մնա այն բոլոր կազմակերպություններից և հաստատություններից, որոնք արդեն երկու հազար տարի է, ինչ արատավորում են Քրիստոսի անունը և բիծ բերում քրիստոնեության վրա։ Հակառակ դեպքում, ինչպես Հիսուս Քրիստոսն ասաց Հովհաննես առաքյալին, գուցե դու էլ «դորա պատուհասիցը [ընդունես]», երբ Աստված մոտ ապագայում դատաստան իրականացնի նրանց վրա (Յայտնութիւն 1։1; 18։4, 5)։ Նպատակ դիր լինել այն մարդկանց թվում, որոնց մասին խոսեց Միքիա մարգարեն։ Նա ասաց, որ «վերջին օրեր[ում]» ճշմարիտ քրիստոնեությանը թիկունք կանգնողները լսելու էին Աստծու հրահանգները և քայլելու էին վերականգնված ճշմարիտ երկրպագության «շաւիղներովը» (Միքիա 4։1–4)։ Այս պարբերագիրը հրատարակողները ուրախ կլինեն օգնել ձեզ բնորոշելու ճշմարիտ երկրպագուներին։
[նկարներ 5-րդ էջի վրա]
Ճշմարիտ քրիստոնյաներն ինչո՞ւ չեն մասնակցում պատերազմների
[թույլտվությամբ]
Soldiers, left: U.S. National Archives photo; flamethrower, right: U.S. Army Photo
[նկարներ 7-րդ էջի վրա]
«Իրար վերայ սէր ունենաք» և «իմ խօսքի մէջ կենաք» խոսքերը այն կարևոր պահանջներն են, որոնք Հիսուսը հաստատեց ճշմարիտ քրիստոնյաների համար