ԳԼՈՒԽ 68
Աստծու Որդին «աշխարհի լույսն» է
ՀԻՍՈՒՍԸ ԲԱՑԱՏՐՈՒՄ Է, ԹԵ ՈՎ Է ՈՐԴԻՆ
ՀՐԵԱՆԵՐԸ Ի՞ՆՉ ԱՌՈՒՄՈՎ ԵՆ ԾԱՌԱՆԵՐ
Տաղավարների տոնի վերջին՝ յոթերորդ օրը Հիսուսն ուսուցանում է տաճարի այն մասում, որը կոչվում է գանձատուն (Հովհաննես 8։20; Ղուկաս 21։1)։ Ակներևաբար, այն գտնվում է կանանց գավիթում, որտեղ մարդիկ նվիրաբերություններ են անում։
Տոնի ժամանակ տաճարի այս հատվածը երեկոյան ժամերին առանձնահատուկ կերպով է լուսավորված լինում։ Այնտեղ կան չորս հսկայական ճրագակալներ, որոնցից յուրաքանչյուրն ունի չորս մեծ բաժակ՝ լցված յուղով։ Այս ճրագների լույսն այնքան ուժեղ է, որ լուսավորում է բավականին մեծ տարածություն։ Այժմ այն, ինչ ասում է Հիսուսը, թերևս մարդկանց այս տեսարանն է հիշեցնում. «Ես եմ աշխարհի լույսը։ Ով իմ հետևից է գալիս, այլևս երբեք խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կունենա» (Հովհաննես 8։12)։
Փարիսեցիներն առարկում են՝ ասելով. «Դու ես քո մասին վկայում, քո վկայությունը ճշմարիտ չէ»։ Հիսուսն էլ պատասխանում է նրանց. «Նույնիսկ եթե ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև ես գիտեմ, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում։ Բայց դուք չգիտեք, թե ես որտեղից եմ եկել և ուր եմ գնում»։ Ապա ավելացնում է. «Ձեր Օրենքում էլ գրված է. «Երկու մարդու վկայությունը ճշմարիտ է»։ Ես եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, որն ուղարկեց ինձ» (Հովհաննես 8։13–18)։
Փարիսեցիները չեն ընդունում նրա բերած փաստարկը և հարցնում են. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսն էլ անկեղծորեն պատասխանում է. «Դուք ո՛չ ինձ եք ճանաչում, ո՛չ էլ իմ Հորը։ Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք» (Հովհաննես 8։19)։ Ու թեև փարիսեցիները դեռ մտադիր են ձերբակալել նրան, ոչ ոք նրան ձեռք չի տալիս։
Այդ ժամանակ Հիսուսն ասում է մի բան, ինչի մասին արդեն խոսել էր. «Ես հեռանում եմ։ Դուք կփնտրեք ինձ, սակայն կմեռնեք ձեր մեղքի մեջ։ Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»։ Հրեաները, սխալ հասկանալով Հիսուսի խոսքերը, ասում են. «Մի՞թե ինքն իրեն սպանելու է, որովհետև ասում է, թե՝ «ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»»։ Նրանք չեն հասկանում Հիսուսի խոսքերի իմաստը, քանի որ չգիտեն, թե որտեղից է եկել նա։ Ուստի Հիսուսը բացատրում է. «Դուք ներքևից եք, ես վերևից եմ։ Դուք այս աշխարհից եք, ես այս աշխարհից չեմ» (Հովհաննես 8։21–23)։
Հիսուսը խոսում է երկնքում ունեցած իր մինչմարդկային կյանքի մասին և այն մասին, որ ինքն է խոստացված Մեսիան, կամ՝ Քրիստոսը, որի գալուն կրոնական առաջնորդները պետք է սպասեին։ Մինչդեռ նրանք արհամարհանքով հարցնում են. «Դու ո՞վ ես» (Հովհաննես 8։25)։
Տեսնելով, որ նրանք մերժում են իրեն ու հակառակվում՝ Հիսուսն ասում է. «Ինչո՞ւ եմ ես ընդհանրապես խոսում ձեզ հետ»։ Բայցևայնպես, նա հրեաների ուշադրությունը հրավիրում է իր Հոր վրա, նաև բացատրում է, թե ինչու նրանք պետք է լսեն իրեն՝ Որդուն։ Հիսուսն ասում է. «Բայց ինձ ուղարկողը ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խոսում աշխարհում» (Հովհաննես 8։25, 26)։
Այնուհետև Հիսուսը ցույց է տալիս, թե ինչ մեծ վստահություն ունի իր հոր հանդեպ, ինչը չունեին այդ հրեաները։ Նա ասում է. «Երբ մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ կիմանաք, որ ես նա եմ, որ պիտի գար, և որ ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։ Ինձ ուղարկողը ինձ հետ է. նա ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8։28, 29)։
Հրեաներից ոմանք հավատում են Հիսուսին, ուստի նա ասում է նրանց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։31, 32)։
Ազատելու մասին այդ միտքը տարօրինակ է թվում որոշ մարդկանց, և նրանք առարկում են. «Մենք Աբրահամի սերունդն ենք և ոչ մեկի ծառաները երբեք չենք եղել։ Ինչպե՞ս ես ասում, թե՝ «ազատ կլինեք»։ Հրեաները ժամանակ առ ժամանակ եղել են օտարների տիրապետության տակ, ինչպեսև հիմա են, սակայն երբեք իրենց ծառա չեն համարել։ Բայց Հիսուսը ցույց է տալիս, որ նրանք, այնուամենայնիվ, ծառաներ են։ Նա ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով մեղք է գործում, մեղքի ծառա է» (Հովհաննես 8։33, 34)։
Չընդունելով այն, որ իրենք մեղքի ծառա են՝ հրեաները վտանգավոր դրության մեջ են գցում իրենց։ Հիսուսը բացատրում է. «Ծառան հավիտյան չի մնում տան մեջ»։ Ապա ավելացնում է. «Որդին է հավիտյան մնում» (Հովհաննես 8։35)։ Ծառան ժառանգություն ստանալու իրավունք չունի, և նրան ցանկացած պահի կարող են դուրս հանել տնից։ Իսկ հարազատ կամ որդեգրված որդին կարող է մնալ տանը «հավիտյան», այսինքն՝ իր ողջ կյանքի ընթացքում։
Հետևաբար, ճշմարտությունը, որը մարդկանց մեկընդմիշտ ազատում է մահվան տանող մեղքից, Որդու մասին ճշմարտությունն է։ Հիսուսն ասում է. «Եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք» (Հովհաննես 8։36)։