Սովորեցրեք ձեր երեխաներին
Ինչո՞ւ Հիսուսը չշտապեց
ՀԻՍՈՒՍԸ լսում է, որ իր մտերիմ ընկեր Ղազարոսը ծանր հիվանդ է։ Մարիամն ու Մարթան՝ Ղազարոսի քույրերը, մի պատգամաբեր էին ուղարկել, որ այդ լուրը հասցնի նրան։ Պատգամաբերը Բեթանիայից էր՝ Ղազարոսի և նրա քույրերի ծննդավայրից։ Քույրերը հավատում են, որ Հիսուսը կբուժի իրենց եղբորը, չնայած որ իրենք ապրում են Հորդանան գետի մյուս կողմում՝ շատ հեռու։ Նրանք գիտեին, որ Հիսուսը անգամ հեռվից բուժել է մարդկանց (Մատթեոս 8։5–13; Հովհաննես 11։1–3)։
Սակայն այդ լուրը լսելով՝ Հիսուսը ոչինչ չի անում։ Աստվածաշունչն ասում է. «Երկու օր ևս մնաց այնտեղ, ուր որ գտնվում էր» (Հովհաննես 11։6)։ Իսկ գիտե՞ս, թե ինչու Հիսուսը չշտապեց ու անմիջապես չգնաց Ղազարոսին օգնելու։ ~ a Եկ խոսենք այդ մասին։
Հիսուսը գիտի, որ Ղազարոսը արդեն մահացել է։ Այդ պատճառով իր առաքյալներին ասում է. «Եկեք նորից գնանք Հրեաստան»։ Իսկ նրանք առարկում են՝ ասելով. «Հրեաները դեռ վերջերս ուզում էին քեզ քարկոծել, և դու նորից այնտե՞ղ ես գնում»։ Հիսուսը բացատրում է. «Մեր ընկեր Ղազարոսը ննջեց, բայց ես գնում եմ, որ նրան քնից արթնացնեմ»։
Առաքյալները պատասխանում են. «Տե՛ր, եթե ննջում է, կլավանա»։ Այդ ժամանակ Հիսուսը պարզ ասում է. «Ղազարոսը մահացավ»։ Հետո նա մի բան է ավելացնում, որը հավանաբար զարմացնում է առաքյալներին. «Ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի.... Բայց եկեք նրա մոտ գնանք»։
Այդ պահին Թովմասը համարձակորեն ասում է. «Եկեք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ Նա գիտեր, որ Հիսուսի թշնամիները ուզում են սպանել նրան, ուստի մտածում էր, որ իրենք էլ կարող էին սպանվել։ Մոտ երկու օրից հասնում են Բեթանիա՝ Ղազարոսի ծննդավայրը։ Այն գտնվում է Երուսաղեմից մոտ երեք կիլոմետր հեռու (Հովհաննես 11։7–18)։
Գիտե՞ս, թե ինչու էր Հիսուսը ուրախ, որ ավելի շուտ չէր եկել։ ~ Թեև Հիսուսը արդեն հարություն էր տվել մի քանիսին, բայց նրանք ընդամենը մի քանի ժամ էին մահացած եղել (Ղուկաս 7։11–17, 22; 8։49–56)։ Իսկ Ղազարոսի մարմինը արդեն չորս օր էր, ինչ գերեզմանում էր։ Ուստի ոչ ոք չէր կարող կասկածի տակ դնել, որ նա իսկապես մահացած է։
Երբ Ղազարոսի քույր Մարթան լսում է, որ Հիսուսը գալիս է, վազում է նրան դիմավորելու և ասում. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»։ Հիսուսն էլ մխիթարում է նրան՝ ասելով. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Հետո Մարթան գնում է ու կանչում իր քրոջը՝ Մարիամին, ու թաքուն ասում. «Ուսուցիչը եկել է և կանչում է քեզ»։
Մարիամը շտապ վեր է կենում ու գնում Հիսուսի մոտ։ Մարդիկ կարծում են, թե նա գերեզման է գնում ու հետևում են նրան։ Երբ Հիսուսը տեսնում է, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, ինքն էլ է արտասվում։ Շատ չանցած՝ բոլորը մոտենում են գերեզմանին, որի դիմաց մի մեծ քար կար դրված։ Հիսուսը պատվիրում է. «Քարը մի կո՛ղմ տարեք»։ Բայց Մարթան ընդդիմանում է՝ ասելով. «Տե՛ր, պետք է որ արդեն հոտած լինի, քանի որ չորրորդ օրն է»։
Մարդիկ հնազանդվում են Հիսուսին և քարը մի կողմ են տանում։ Նա սկսում է աղոթել և շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ իրեն զորություն է տալու Ղազարոսին կենդանացնելու համար։ Հետո բարձր ձայնով կանչում է. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։ Եվ Ղազարոսը դուրս է գալիս՝ «պատանքով կապված»։ Հիսուսն ասում է. «Արձակե՛ք նրան և թողե՛ք, որ գնա» (Հովհաննես 11։19–44)։
Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչու Հիսուսը չէր ուզում շուտ գնալ Բեթանիա։ ~ Նա գիտեր, որ այդպես կարող է ավելի մեծ վկայություն տալ իր Հոր՝ Եհովայի մասին։ Ճիշտ ժամանակին գործի անցնելու շնորհիվ շատերը հավատացյալ դարձան (Հովհաննես 11։45)։ Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից։ ~
Դու էլ կարող ես ճիշտ ժամանակ ընտրել, որ վկայություն տաս այն հրաշալի բաների մասին, որ Աստված արել է ու դեռ անելու է։ Գուցե խոսես այդ մասին քո դասընկերների կամ ուսուցիչների հետ։ Շատ պատանիներ նույնիսկ դասի ժամին ստեղծված առիթն օգտագործում են, որ պատմեն այն մեծամեծ օրհնությունների մասին, որ բերելու է Աստծու Թագավորությունը։ Ճիշտ է, դու չես կարող հարություն տալ մահացածներին, բայց կարող ես օգնել ուրիշներին ճանաչելու Աստծուն, Նրան, ով հարություն կտա ու կյանքի կբերի մեր սիրելի հարազատներին։
[Ծանոթագրություն]
a Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։
ՀԱՐՑԵՐ
▪ Ինչո՞ւ Հիսուսը չշտապեց գնալ Ղազարոսի մոտ։
▪ Ինչո՞ւ Թովմասն ասաց. «Եկեք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։
▪ Ինչպե՞ս Հիսուսը կարողացավ հարություն տալ Ղազարոսին։
▪ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հետևում ես Հիսուսի օրինակին։