Ընդօրինակեք նրանց հավատը
«Հավատում եմ»
ՄԱՐԹԱՅԻ մտքից դուրս չէր գալիս իր եղբոր գերեզմանը՝ քարայրը, որի մուտքը փակել էին քարով։ Նա չէր կարողանում հավատալ, որ իր սիրելի եղբայրն այլևս չկա։ Խորը վիշտը ծանր ու մեծ քարի նման կախվել էր նրա սրտից։ Չորս օր շարունակ սգավորներին մխիթարել ցանկացող մարդիկ գալիս էին նրանց տուն։ Այս ամենը իսկական մղձավանջի մեջ էր գցել Մարթային ու կեղեքում էր նրա հոգին։
Այժմ Մարթայի առաջ կանգնած էր Հիսուսը, մի մարդ, որը շատ մեծ դեր էր խաղացել Ղազարոսի կյանքում։ Նրան տեսնելը կրկին փոթորկեց Մարթայի ներաշխարհը, քանի որ Հիսուսը միակն էր, որը կարող էր փրկել իր եղբորը։ Այդուհանդերձ, սարալանջին գտնվող Բեթանիա գյուղից դուրս Հիսուսի հետ անցկացրած այդ մի քանի րոպեները հանդարտեցրին Մարթայի խռովված հոգին։ Ուսուցչի գորովալից հայացքը, նրա խորը կարեկցանքը, որը միշտ էլ հույս էր ներշնչում, նորից ջերմացրին նրան։ Հիսուսը այնպիսի հարցեր ուղղեց Մարթային, որ վերջինս իր ուշադրությունը կենտրոնացնի հավատի և հարության հույսի վրա։ Ի վերջո, Մարթան ասաց ամենակարևոր արտահայտությունը, որ երբևէ դուրս էր եկել նրա բերանից. «Հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, նա, որ աշխարհ պետք է գար» (Հովհաննես 11։27)։
Մարթան մեծ հավատ ուներ։ Այն սակավ տեղեկությունները, որ Աստվածաշունչը հայտնում է նրա մասին, ուսանելի են և կարող են օգնել մեզ՝ ամրացնելու մեր հավատը։ Դրանում համոզվելու համար եկեք քննենք աստվածաշնչյան մի դրվագ, որում առաջին անգամ հիշատակվում է Մարթայի մասին։
«Մտահոգվում է ու անհանգստանում»
Ամիսներ առաջ, երբ Ղազարոսը ողջ էր ու առողջ, Բեթանիայում գտնվող իրենց տուն պետք է այցելեր ամենակարևոր հյուրը՝ Հիսուս Քրիստոսը։ Ղազարոսը, Մարթան և Մարիամը հարազատ քույր ու եղբայր էին։ Նրանց ընտանիքը նման չէր սովորական ընտանիքներին։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ Մարթան ամենամեծն էր, ակներևաբար այն պատճառով, որ զբաղվում էր տան տնտեսությամբ և ժամանակ առ ժամանակ հիշատակվում է առաջինը (Հովհաննես 11։5)։ Հաստատ չենք կարող ասել՝ նրանցից որևէ մեկը երբևէ ամուսնացած եղել է, թե ոչ։ Ամեն դեպքում, նրանք Հիսուսի մտերիմ ընկերները դարձան։ Հրեաստանում, որտեղ նա ծառայության ընթացքում հաճախ էր բախվում մեծ հակառակության ու թշնամանքի, հիմնականում գիշերում էր Ղազարոսենց տանը, այն խաղաղ ու ապահով հանգրվանում, որն անչափ թանկ էր իր համար։
Մարթան հյուրընկալության պատրաստություններ էր տեսնում, ուստի շատ գործեր ուներ անելու։ Այս գործունյա ու ջանասեր անձնավորությունը հաճախ էր վազվզոցի մեջ լինում, և այս անգամ առիթը Հիսուսի այցելությունն էր։ Մարթան ծրագրել էր հատուկ ընթրիք կազմակերպել՝ զանազան կերակրատեսակներ պատրաստել իր առանձնահատուկ հյուրի և թերևս նրա մի քանի ընկերակիցների համար։ Այդ ժամանակներում հյուրասիրությունը շատ կարևոր էր համարվում։ Հյուրին ողջունում էին համբույրով, հանում էին նրա սանդալները, լվանում ոտքերը, իսկ գլուխը օծում անուշահոտ յուղով (Ղուկաս 7։44–47)։ Նրան նաև տրամադրում էին ամենահարմար տեղը և հրամցնում ամենահամեղ պատառը։
Մարթան և Մարիամը շատ գործեր ունեին անելու իրենց թանկագին հյուրին պատշաճորեն ընդունելու համար։ Մարիամը, որին երբեմն համարում են ավելի զգայուն ու մտածող անձնավորություն, քան իր քրոջը, սկզբում, անկասկած, օգնում էր Մարթային։ Սակայն երբ Հիսուսը եկավ, ամեն ինչ փոխվեց։ Ուսուցչի համար սա շատ լավ առիթ էր, որ սովորեցնի ներկաներին։ Ի տարբերություն իր օրերում ապրող կրոնական առաջնորդների՝ Հիսուսը հարգում էր կանանց և պատրաստ էր նրանց սովորեցնելու Աստծու Թագավորության՝ իր ծառայության գլխավոր թեմայի մասին։ Մարիամը այնքան էր ոգևորվել ստեղծված հնարավորությունից, որ նստել էր Հիսուսի ոտքերի մոտ և անհագորեն կլանում էր նրա յուրաքանչյուր բառը։
Մի պահ պատկերացրու, թե ինչպես էր Մարթայի սրտում լարվածությունը գնալով սաստկանում։ Տարատեսակ կերակուրները, որ պետք է պատրաստեր, և հյուրընկալության հետ կապված գործերը, որ պետք է հասցներ անել, ավելի էին մտահոգում ու անհանգստացնում նրան։ Այդ ընթացքում թերևս նա մի քիչ կարմրեց, մռայլվեց ու հոգոց հանեց, երբ տեսավ, թե ինչպես է քույրը անհոգ նստած, մինչդեռ ինքը շարունակ վազվզոցի մեջ է։ Եվ սա զարմանալի չէ, քանի որ նա չէր կարող այդ ամենը առանց օգնականի անել։
Այլևս չկարողանալով զսպել իր վրդովմունքը՝ Մարթան ընդհատեց Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ։ Ասա նրան, որ օգնի ինձ» (Ղուկաս 10։40)։ Այս խոսքերը կտրուկ էին։ Օրինակ՝ մի շարք թարգմանություններում այս հարցը հնչում է հետևյալ կերպ. «Տե՛ր, քեզ համար միևնո՞ւյնն է....»։ Ինչևէ, նա խնդրեց Հիսուսին միջամտել և շտկել Մարիամի սխալ մտածելակերպը։
Հիսուսի պատասխանը թերևս զարմացրեց Մարթային ու մինչ օրս զարմացնում է Աստվածաշնչի բազմաթիվ ընթերցողների։ «Մա՛րթա, Մա՛րթա,— մեղմորեն ասաց Ուսուցիչը,— դու շատ բաների մասին ես մտահոգվում և անհանգստանում, մինչդեռ քիչ բան է պետք, կամ ընդամենը՝ մեկ բան։ Իսկ Մարիամը լավ բաժինն ընտրեց, և այն չի վերցվի նրանից» (Ղուկաս 10։41, 42)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։ Մի՞թե նա ուզում էր ասել, որ Մարթան նյութապաշտ է։ Մի՞թե նա չէր գնահատում նրա անխոնջ ջանքերը, որ թափում էր ճոխ կերակուրներ պատրաստելու համար։
Իհա՛րկե ոչ։ Հիսուսը պարզ տեսնում էր Մարթայի անկեղծ ու մաքուր մղումները։ Ավելին, նա չէր կարծում, որ ճոխ հյուրասիրություն ցույց տալը սխալ է։ Օրինակ՝ նա սրտանց ընդունեց Մատթեոսի՝ «մեծ ճաշկերույթի» մասնակցելու հրավերը, որ որոշ ժամանակ առաջ կազմակերպվել էր իր պատվին (Ղուկաս 5։29)։ Հարցը ոչ թե Մարթայի պատրաստած ճաշն էր, այլ այն, թե ինչ առաջնահերթություններ էր նա դնում։ Մարթան այնքան էր կենտրոնացել ընտիր կերակուրներ պատրաստելու վրա, որ իր տեսադաշտից կորցրել էր ամենակարևորը։
Հիսուսը՝ Եհովա Աստծու միածին Որդին, իրենց տանն էր, որպեսզի սովորեցներ ճշմարտությունը։ Ինչ խոսք, նրա՝ սիրով պատրաստած կերակուրները և մյուս գործերը շատ կարևոր էին։ Սակայն Հիսուսը տրտմեց այն պատճառով, որ Մարթան բաց է թողնում իր հավատը ամրացնելու այս եզակի հնարավորությունը, բայցևայնպես թույլ տվեց, որ նա ինքը կատարի իր ընտրությունը։ Մինչդեռ Մարթան իրավունք չուներ Մարիամի փոխարեն որոշելու, թե ինչ առաջնահերթություններ պետք է դնի նա։
Ուստի Հիսուսը նրբանկատորեն ուղղեց Մարթային՝ մեղմ ձայնով կրկնելով նրա անունը, որպեսզի հանգստացնի նրա լարված նյարդերը, և վստահեցրեց, որ կարիք չկա «շատ բաների մասին մտահոգվելու և անհանգստանալու»։ Մեկ կամ երկու կերակրատեսակը բավարար էր ընթրիքի համար, մանավանդ որ հոգևոր խնջույք էր սպասվում։ Եթե Մարթան այդպես մտածեր, խոսք անգամ չէր լինի Մարիամից «լավ բաժինը» վերցնելու մասին։ Այդ «բաժինը» Հիսուսից սովորելն էր։
Այս փոքրիկ դրվագը, որը ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել Մարթայենց տանը, հարուստ դասեր է ընդգրկում ներկայիս քրիստոնյաների համար։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ բան խանգարի մեզ բավարարելու մեր «հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Ընդօրինակելով Մարթայի առատաձեռն ու աշխատասեր ոգին՝ երբեք չպետք է այնքան «մտահոգվենք ու անհանգստանանք» պակաս կարևոր բաների համար, որ տեսադաշտից կորցնենք ամենակարևոր բաները։ Հավատակիցների հետ շփվելու հիմնական նպատակը ոչ թե ճոխ կերակրատեսակներ հյուրասիրելը կամ ուտելն է, այլ փոխադարձ քաջալերություն ստանալն ու հոգևոր պարգևներ փոխանցելն է (Հռոմեացիներ 1։11, 12)։ Նման կերտիչ առիթների ժամանակ թերևս ամենապարզ կերակուրը բավարար լինի։
Սիրելի եղբայրը մահացած էր, բայց կենդանացավ
Արդյոք Մարթան ընդունե՞ց Հիսուսի մեղմ խորհուրդը։ Անշո՛ւշտ։ Ներկայացնելով Մարթայի եղբոր հետ կապված հուզիչ դեպքը՝ Հովհաննես առաքյալը հիշեցրեց. «Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին» (Հովհաննես 11։5)։ Ինչպես վերը նշվեց, Հիսուսի՝ Բեթանիա այցելելուց հետո ամիսներ էին անցել։ Պարզ է, որ Մարթան չէր դառնացել. նա չէր վիրավորվել Հիսուսից, ընդհակառակը՝ լրջորեն էր վերաբերվել նրա՝ սիրով տրված խորհրդին։ Այս հարցում նույնպես Մարթան հավատի հրաշալի օրինակ է մեզ համար։ Չէ՞ որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ շտկումների կարիք ենք ունենում։
Երբ Ղազարոսը հիվանդացավ, Մարթան սկսեց հոգ տանել նրա մասին։ Նա անում էր իր ուժերից եկած ամեն բան, որ թեթևացնի եղբոր ցավը և օգնի նրան ապաքինվելու։ Սակայն Ղազարոսի վիճակը գնալով ավելի ու ավելի էր վատանում։ Օրեր շարունակ քույրերը ժամերով խնամում էին իրենց եղբորը՝ չհեռանալով նրա անկողնուց։ Որքա՜ն հաճախ էր Մարթան իր սևեռուն հայացքը հառում եղբոր տանջված դեմքին, հիշում միասին անցկացրած տարիները, իրար հետ ապրած ուրախ ու տխուր օրերը։
Հասկանալով, որ Ղազարոսին այլևս չեն կարող օգնել՝ Մարթան ու Մարիամը որոշեցին լուր ուղարկել Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր, նա, որին սիրում ես, հիվանդ է» (Հովհաննես 11։1, 3)։ Վերջինս քարոզում էր մի վայրում, որը երկու օրվա ճանապարհի չափ հեռու էր իրենց տնից։ Նրանք գիտեին, որ Հիսուսը սիրում է իրենց եղբորը, և վստահ էին, որ ամեն բան կանի իր ընկերոջը փրկելու համար։ Քույրերը հույս ունեին, որ նա ժամանակին կհասնի։ Բայց, ավա՜ղ, Ղազարոսը մահացավ։
Մարթան ու Մարիամը սգում էին իրենց եղբոր մահը, թաղման համար պատրաստություններ տեսնում և ընդունում Բեթանիայից ու շրջակա տարածքներից եկած բազմաթիվ մարդկանց։ Սակայն Հիսուսից դեռ ոչ մի լուր չկար։ Ժամանակն անցնում էր, և Մարթայի մտատանջությունները գնալով ավելանում էին։ Վերջապես, Ղազարոսի մահից չորս օր անց Մարթան լսեց, որ Հիսուսը մոտենում է քաղաքին։ Երբեմնի գործունյա կինը նույնիսկ այս ծանր պահին վեր կացավ և առանց Մարիամին ինչ-որ բան ասելու՝ իսկույն դուրս եկավ տնից ու գնաց դիմավորելու Հիսուսին (Հովհաննես 11։20)։
Երբ նա տեսավ իր Ուսուցչին, ասաց այն, ինչը օրեր շարունակ տանջում էր իրեն և իր քույր Մարիամին. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»։ Հույսն ու հավատը դեռ չէին մարել Մարթայի սրտում։ Նա ավելացրեց. «Սակայն հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, Աստված կտա քեզ»։ Հիսուսը նրա հավատը ամրացնելու համար ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի» (Հովհաննես 11։21–23)։
Մարթան կարծում էր, որ Հիսուսը խոսում է ապագայում տեղի ունենալիք հարության մասին, ուստի պատասխանեց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի» (Հովհաննես 11։24)։ Նրա համար հարության հույսն իրական էր։ Որոշ հրեա կրոնական առաջնորդներ, որոնք սադուկեցիներ էին կոչվում, չէին ընդունում հարության գաղափարը, չնայած որ դա աստվածաշնչյան ուսմունք է (Դանիել 12։13; Մարկոս 12։18)։ Մարթան գիտեր, որ Հիսուսը սովորեցնում է հարության հույսի մասին և նույնիսկ հարություն է տվել ոմանց, բայց նրանցից և ոչ մեկը այդքան երկար ժամանակ մահացած չի մնացել, որքան Ղազարոսը։ Ուստի չգիտեր, թե ինչ է սպասվում առջևում։
Հիսուսը մի այնպիսի բան ասաց, որը հնարավոր չէր մոռանալ. «Ես եմ հարությունը և կյանքը»։ Այո՛, Եհովա Աստված իր Որդուն իշխանություն է տվել հարություն տալու, ինչը նա ավելի մեծ մասշտաբով կիրագործի ապագայում։ Հիսուսը հարցրեց Մարթային. «Հավատո՞ւմ ես դրան»։ Մարթան տվեց այն պատասխանը, որի մասին խոսվում էր այս հոդվածի սկզբում։ Նա հավատում էր, որ Հիսուսն է Քրիստոսը, կամ՝ Մեսիան՝ Եհովա Աստծու Որդին, և որ մարգարեները կանխագուշակել էին նրա՝ աշխարհ գալը (Հովհաննես 5։28, 29; 11։25–27)։
Իսկ Եհովա Աստված և իր Որդի Հիսուս Քրիստոսը գնահատո՞ւմ են նման հավատը։ Հետագա դեպքերը օգնում են մեզ ավելի հստակ տեսնելու այս հարցի պատասխանը։ Մարթան գլխակորույս վազեց քրոջը կանչելու։ Որոշ ժամանակ անց նա տեսավ Հիսուսին, որը մինչև հոգու խորքը հուզված խոսում էր Մարիամի ու բազմաթիվ սգացող մարդկանց հետ։ Ապա նկատեց, թե ինչպես Ուսուցչի աչքերից արցունքներ հոսեցին, որոնք արտահայտում էին այն խորը ցավը, որ մահն է պատճառում։ Այնուհետև Մարթան լսեց, թե ինչպես է Հիսուսը պատվիրում քարը մի կողմ տանել եղբոր գերեզմանից (Հովհաննես 11։28–39)։
Երբեմնի գործունյա Մարթան առարկեց՝ ասելով, որ իր եղբոր մարմինը պետք է որ հոտած լինի, քանի որ մահից չորս օր է անցել։ Հիսուսը հիշեցրեց նրան. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ Նա հավատաց և տեսավ Եհովա Աստծու փառքը։ Հենց այդ ժամանակ Աստված զորություն տվեց իր Որդուն, որպեսզի վերջինս հարություն տա Ղազարոսին։ Մտածիր այս անմոռանալի պահերի մասին, որոնք մեկընդմիշտ դաջվեցին Մարթայի հիշողության մեջ. Հիսուսի կոչը՝ «Ղազարո՛ս, դո՛ւրս արի», թույլ ձայնը, որը լսվեց հավանաբար այն ժամանակ, երբ պատանքով փաթաթված (այդպես պատրաստում էին մահացածի մարմինը) Ղազարոսը դանդաղ վեր կացավ ու մոտեցավ քարայրի դռանը, Հիսուսի հրահանգը՝ «քանդեք պատանքը և թողեք, որ գնա», և վերջապես իր ու Մարիամի ցնծությունը, երբ ջերմորեն գրկեցին իրենց սիրելի եղբորը (Հովհաննես 11։40–44)։ Այն ծանր քարը, որ կախված էր Մարթայի սրտից, ընկավ։
Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարությունը լոկ երազանք չէ. այն սիրտ ջերմացնող աստվածաշնչյան ուսմունք է և պատմական եղելություն։ Եհովան և իր Որդին սիրում են վարձատրել հավատ դրսևորող մարդկանց, ինչպես որ նրանք վարվեցին Մարթայի, Մարիամի ու Ղազարոսի պարագայում։ Նրանք, անշուշտ, կվարձատրեն նաև քեզ, եթե դու էլ Մարթայի պես ամուր հավատ զարգացնեսa։
«Մարթան սպասարկում էր»
Աստվածաշնչում Մարթայի մասին մեկ անգամ էլ է հիշատակվում։ Դա Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում էր։ Իմանալով, թե առջևում ինչ դժվարություններ են սպասում իրեն, Հիսուսը կրկին ընտրեց Բեթանիայի իր հանգրվանը, որտեղից մինչև Երուսաղեմ երեք կիլոմետր էր։ Երուսաղեմում՝ բորոտ Սիմոնենց տանը, ճաշի էին հրավիրված Հիսուսն ու Ղազարոսը, իսկ «Մարթան սպասարկում էր» նրանց։ Հենց այս դրվագում էլ վերջին անգամ հիշատակվում է նրա մասին (Հովհաննես 12։2)։
Որքա՜ն բնորոշ է վերը նշված նկարագրությունը այդ աշխատասեր կնոջը։ Երբ Աստվածաշնչում առաջին անգամ հանդիպում ենք նրան, նա աշխատում է, երբ հրաժեշտ ենք տալիս, նա դեռ աշխատում է՝ իր լավագույնն անելով շրջապատի մարդկանց հոգ տանելու համար։ Այսօր քրիստոնեական ժողովները օրհնված են, քանի որ ունեն Մարթայի նման քույրեր՝ քաջ ու առատաձեռն, ովքեր դրսևորում են իրենց հավատը՝ բարի գործեր անելով ուրիշների համար։ Մարթայի բռնած այս ընթացքը իմաստուն էր, քանի որ առջևում նա բազում դժվարությունների պետք է բախվեր։
Մի քանի օր հետո Մարթան պետք է դիմանար այն ծանր ցավին, որ պատճառելու էր Ուսուցչի՝ Հիսուսի մահը։ Ավելի ուշ, այդ կեղծավոր մարդասպանները, ովքեր սպանեցին Աստծու Որդուն, որոշեցին վերջ դնել նաև Ղազարոսի կյանքին, քանի որ վերջինիս հարության լուրը շատերին մղում էր հավատալու Հիսուսին (Հովհաննես 12։9–11)։ Ինչ խոսք, իրենց մտերիմ Ընկերոջ մահից հետո Մարթայի, Մարիամի և նրանց եղբոր միջև եղած սիրո կապը ավելի ամրացավ, թեև մենք չգիտենք՝ ինչպես և երբ դա տեղի ունեցավ։ Սակայն մի բանում կարող ենք համոզված լինել. Մարթայի ամուր հավատը օգնեց նրան տոկալու մինչև վերջ։ Ահա թե ինչու պետք է քրիստոնյաները ընդօրինակեն նրան։
[ծանոթագրություն]
a Հարության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 11-րդ էջի վրա]
Նույնիսկ վշտի մեջ Մարթան թույլ տվեց, որ Հիսուսը կենտրոնացնի իր ուշադրությունը հավատն ամրացնող թեմաների վրա
[նկար 12-րդ էջի վրա]
Թեև Մարթան «մտահոգված ու անհանգստացած էր», խոնարհաբար ընդունեց խորհուրդը
[նկար 15-րդ էջի վրա]
Հիսուսի հանդեպ ունեցած Մարթայի հավատը վարձատրվեց, երբ նա տեսավ հարություն առած եղբորը