ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 16
«Քո եղբայրը հարություն կառնի»
«Հիսուսն ասաց [Մարթային]. «Քո եղբայրը հարություն կառնի»» (ՀՈՎՀ. 11։23)։
ԵՐԳ 151 Նա կկանչի
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ինչպե՞ս մի տղա արտահայտեց իր համոզվածությունը հարության հույսի հանդեպ։
ՄԵԹՅՈՒ անունով մի տղա առողջական լուրջ խնդիր ունի, որի պատճառով պարբերաբար վիրահատություններ է տանում։ Նա յոթ տարեկան էր, երբ իր ընտանիքի հետ նայեց JW հեռարձակման ամսական ծրագրերից մեկը։ Ծրագրի վերջում նրանք դիտեցին երաժշտական տեսահոլովակ այն մասին, թե ինչպես ենք դիմավորելու հարություն առած մեր սիրելիներին։b Այն դիտելուց հետո Մեթյուն մոտեցավ ծնողներին, բռնեց նրանց ձեռքերն ու ասաց. «Մա՛մ, պա՛պ, տեսա՞ք, նույնիսկ եթե ես մահանամ, հարություն կառնեմ։ Դուք պետք է սպասեք ինձ։ Ամեն ինչ լավ կլինի»։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զգացին ծնողները, երբ հասկացան, թե որքան իրական է հարության հույսը իրենց որդու համար։
2-3. Հարության հույսի մասին խորհելը ինչո՞ւ է օգտակար։
2 Լավ կլինի, որ ժամանակ առ ժամանակ բոլորս էլ մտածենք հարության վերաբերյալ աստվածաշնչյան խոստման շուրջ (Հովհ. 5։28, 29)։ Ինչո՞ւ է այդպես վարվելը կարևոր։ Քանի որ յուրաքանչյուրս կարող է մի օր ծանր հիվանդանալ կամ կորցնել իր հարազատներից մեկին (Ժող. 9։11; Հակ. 4։13, 14)։ Հարության հույսը կօգնի, որ դիմանանք այդպիսի դժվարություններին (1 Թեսաղ. 4։13)։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ մեր երկնային Հայրը մեզ լավ է ճանաչում և անչափ սիրում է (Ղուկ. 12։7)։ Խորհիր այն մասին, թե որքան լավ պետք է Եհովան ճանաչի մեզ, որ նորից ստեղծի՝ պահպանելով մեր անհատականությունն ու հիշողությունները։ Նա մեզ այնքան շատ է սիրում, որ հավիտյան ապրելու հնարավորություն է տվել։ Նույնիսկ եթե մահանանք էլ, Եհովան հարություն կտա մեզ։
3 Այս հոդվածում նախ կքննենք, թե ինչ հիմքեր ունենք հավատալու հարության հույսին։ Այնուհետև ուշադրություն կդարձնենք հավատ զորացնող աստվածաշնչյան մի պատմության, որտեղից վերցված է հոդվածի բնաբանը՝ «Քո եղբայրը հարություն կառնի» (Հովհ. 11։23)։ Իսկ վերջում կիմանանք, թե ինչպես կարող ենք հարության հույսը ավելի իրական դարձնել մեզ համար։
ՀԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐ
4. Որևէ խոստման հավատալու համար ինչո՞ւմ պետք է համոզված լինենք։ Բեր օրինակ։
4 Որևէ խոստման հավատալու համար մենք պետք է համոզված լինենք, որ այն տվողը ունի թե՛ ցանկություն, թե՛ զորություն, կամ՝ կարողություն, իրագործելու այն։ Պարզաբանենք օրինակով։ Պատկերացրու՝ փոթորիկը ավերել է քո տունը։ Իմանալով այդ մասին՝ ընկերդ խոստանում է, որ կօգնի քեզ վերակառուցել այն։ Քանի որ նա անկեղծ է, դու համոզված ես, որ նա ցանկություն ունի օգնելու։ Իսկ եթե նա հմուտ շինարար է և ունի բոլոր անհրաժեշտ գործիքները, ուրեմն կարող է նաև օգնել քեզ։ Ուստի դու վստահում ես նրա խոստմանը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հարության վերաբերյալ Աստծու խոստման մասին։ Արդյո՞ք նա իսկապես ցանկություն և զորություն ունի իրագործելու իր խոստումը։
5-6. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան մահացածներին հարություն տալու ցանկություն ունի։
5 Ի՞նչ եք կարծում, Եհովան ցանկություն ունի՞ հարություն տալու մահացածներին։ Վստահ ենք, որ ունի։ Նա մի շարք մարդկանց ներշնչել է, որ Աստվածաշնչում գրեն հարության վերաբերյալ իր խոստումը (Ես. 26։19; Օս. 13։14; Հայտն. 20։11-13)։ Իսկ երբ Եհովան որևէ բան է խոստանում, անպայման իրագործում է այն (Հեսու 23։14)։ Իրականում նա փափագում է կյանքի վերադարձնել մահացածներին։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
6 Ուշադրություն դարձնենք, թե ինչում էր համոզված Հոբ նահապետը։ Նա վստահ էր, որ անգամ եթե մահանա, Եհովան կարոտով կսպասի, որ նորից տեսնի նրան (Հոբ 14։14, 15)։ Եհովան կարոտում է նաև իր մյուս ծառաներին, ովքեր մահացել են։ Նա փափագում է կյանքի վերադարձնել նրանց, որ ապրեն առողջ ու երջանիկ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն միլիարդավոր մարդկանց մասին, ովքեր մահացել են՝ այդպես էլ հնարավորություն չունենալով իմանալ Եհովայի մասին ճշմարտությունը։ Մեր սիրառատ Աստված նրանց էլ է ուզում հարություն տալ (Գործ. 24։15)։ Նա ցանկանում է, որ այդ մարդիկ հնարավորություն ունենան դառնալու իր ընկերները և հավիտյան ապրեն երկրի վրա (Հովհ. 3։16)։ Հստակ է, որ Եհովան ուզում է հարություն տալ մահացածներին։
7-8. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան մահացածներին հարություն տալու զորություն ունի։
7 Իսկ Աստված մահացածներին հարություն տալու զորություն ունի՞։ Իհարկե՛ ունի. չէ՞ որ նա «Ամենակարողն» է (Հայտն. 1։8)։ Նա այնքան զորեղ է, որ կարող է հաղթել ցանկացած թշնամու՝ անգամ մահվանը (1 Կորնթ. 15։26)։ Այս միտքը զորացնում և մխիթարում է մեզ։ Քննենք Էմմա Արնոլդի օրինակը։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նա և իր ընտանիքը դաժան փորձությունների միջով են անցել։ Նրանց հարազատներից ոմանք մահացել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Իր աղջկան մխիթարելու համար Էմման նրան հետևյալն էր ասում. «Եթե մահը մարդկանց հավիտյան պահի իր կապանքներում, կստացվի, որ այն ավելի զորեղ է, քան Աստված։ Բայց դա անհնար է»։ Կասկած չունենք, որ Եհովայից զորեղ ոչինչ չկա։ Ամենակարող Աստված, ով ստեղծել է կյանքը, ի զորու է նորից կյանքի բերել նրանց, ովքեր մահացել են։
8 Աստծու անսահման հիշողությունը ևս մի հիմք է հավատալու, որ նա հարություն տալու զորություն ունի։ Նա բոլոր աստղերին իրենց անուններով է կանչում (Ես. 40։26)։ Նա նաև հիշում է բոլոր նրանց, ում պատրաստվում է հարություն տալ (Հոբ 14։13; Ղուկ. 20։37, 38)։ Եհովան հիշում է նրանց հետ կապված ամեն մանրամասնություն, այդ թվում՝ նրանց գենետիկական կոդը, կյանքում տեղի ունեցած իրադարձություններն ու հիշողությունները։
9. Ինչո՞ւ ես հավատում հարության վերաբերյալ Եհովայի տված խոստմանը։
9 Ինչպես տեսանք, մենք կարող ենք վստահել հարության վերաբերյալ Եհովայի տված խոստմանը, քանի որ այն իրագործելու համար նա ունի թե՛ ցանկություն, թե՛ զորություն։ Այդ խոստմանը վստահելու հիմքերից մեկն էլ այն է, որ նա արդեն իսկ հարություն է տվել որոշ մարդկանց։ Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան որոշ հավատարիմ տղամարդկանց օժտել էր հարություն տալու զորությամբ։ Նրանց թվում էր նաև Հիսուսը։ Այժմ քննենք Հովհաննես 11-րդ գլխում արձանագրված մի պատմություն, որում Հիսուսը հարություն է տալիս մի մարդու։
ՀԻՍՈՒՍԻ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐԸ ՄԱՀԱՆՈՒՄ Է
10. Ի՞նչ տեղի ունեցավ, մինչ Հիսուսը քարոզում էր Հորդանանի մյուս կողմում, և նա ի՞նչ արեց (Հովհաննես 11։1-3)։
10 Կարդա Հովհաննես 11։1-3։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Հիսուսը Բեթանիայում երեք ընկեր ուներ՝ Ղազարոսը և նրա երկու քույրերը՝ Մարիամն ու Մարթան (Ղուկ. 10։38-42)։ 32 թ. վերջերին Ղազարոսը հիվանդացավ։ Անհանգստանալով՝ նրա քույրերը լուր ուղարկեցին Հիսուսին, ով այդ պահին Հորդանանի մյուս կողմում էր։ Այդ վայրից Բեթանիա հասնելու համար երկու օր էր պետք (Հովհ. 10։40)։ Ցավոք, նախքան պատգամաբերը կտեղեկացներ Հիսուսին, Ղազարոսը մահացավ։ Թեև Հիսուսն իմացավ, որ իր ընկերը քիչ առաջ մահացել է, բայց երկու օր հետո միայն ճանապարհ ընկավ դեպի Բեթանիա։ Ուստի երբ նա տեղ հասավ, Ղազարոսն արդեն չորս օր էր, ինչ մահացել էր։ Այժմ Հիսուսը պատրաստվում էր անել մի բան, ինչը կմխիթարեր իր ընկերներին և կփառավորեր Աստծուն (Հովհ. 11։4, 6, 11, 17)։
11. Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում ընկերության մասին։
11 Այս պատմությունից ընկերության մասին կարևոր դաս ենք սովորում։ Հատկանշական է, որ երբ Մարիամն ու Մարթան լուր ուղարկեցին Հիսուսին, չխնդրեցին նրան գալ Բեթանիա։ Նրանք պարզապես տեղեկացրին, որ նրա սիրելի ընկերը հիվանդ է (Հովհ. 11։3)։ Ինչ խոսք, Հիսուսը Հորդանանի մյուս կողմից էլ կարող էր հարություն տալ Ղազարոսին, բայց նախընտրեց վերադառնալ Բեթանիա և լինել իր ընկերների կողքին։ Դու է՞լ ունես այնպիսի ընկեր, որը օգնության կհասնի քեզ, անգամ եթե նրան չես խնդրել այդ մասին։ Նման ընկերոջ վրա դժվար պահերին միշտ կարող ես հույս դնել (Առակ. 17։17)։ Հիսուսին ընդօրինակելով՝ թող որ մենք էլ լավ ընկեր լինենք ուրիշների համար։ Այժմ անդրադառնանք վերոնշյալ պատմությանը և տեսնենք, թե ինչ եղավ հետո։
12. Հիսուսը ի՞նչ խոստացավ Մարթային, և ինչո՞ւ դա դատարկ խոստում չէր (Հովհաննես 11։23-26)։
12 Կարդա Հովհաննես 11։23-26։ Երբ Մարթան իմացավ, որ Հիսուսը Բեթանիայի մոտակայքում է, անմիջապես գնաց նրան ընդառաջ և ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա» (Հովհ. 11։21)։ Իհարկե, Հիսուսը կարող էր բուժել Ղազարոսի հիվանդությունը, բայց նա պատրաստվում էր ավելի ուշագրավ մի բան անել։ Նա ասաց Մարթային. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Այնուհետև բացատրեց նրան, թե ինչու կարող է հավատալ այդ խոստմանը։ Նա ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը»։ Այո՛, Աստված Հիսուսին հարություն տալու զորությամբ է օժտել։ Այդ դեպքից ավելի վաղ Հիսուսը հարություն էր տվել մի աղջկա նրա մահից կարճ ժամանակ հետո։ Մեկ ուրիշ անգամ նա հարություն էր տվել մի երիտասարդի, ով ակներևաբար, նույն օրն էր մահացել (Ղուկ. 7։11-15; 8։49-55)։ Բայց արդյո՞ք Հիսուսը կկարողանար հարություն տալ մեկին, ով չորս օր առաջ էր մահացել, և ում մարմինը սկսել էր փտել։
«ՂԱԶԱՐՈ՛Ս, ԴՈ՛ՒՐՍ ԱՐԻ»
13. Հովհաննես 11։32-35 համարների համաձայն՝ ի՞նչ արեց Հիսուսը, երբ տեսավ, որ Մարիամն ու մյուսները լաց են լինում (տես նաև նկարը)։
13 Կարդա Հովհաննես 11։32-35։ Նկատի առնենք, թե ինչ տեղի ունեցավ հետո։ Ղազարոսի մյուս քույրը՝ Մարիամը, նույնպես դուրս եկավ դիմավորելու Հիսուսին։ Նա ասաց այն նույն խոսքերը, ինչ իր քույրն էր ասել. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»։ Մարիամը և շատ այլ ներկաներ խոր վշտի մեջ էին։ Տեսնելով ու լսելով այդ ամենը՝ Հիսուսը խորապես տրտմեց։ Իր ընկերների հանդեպ կարեկցանքից մղված՝ նա նույնիսկ արտասվեց։ Հիսուսը հասկանում էր, թե ինչ մեծ ցավ է պատճառում հարազատի մահը։ Վստահաբար, նա ցանկանում էր վերջ դնել նրանց տառապանքին։
14. Ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին Հիսուսի արձագանքից։
14 Այն, թե ինչպես Հիսուսը արձագանքեց, երբ տեսավ Մարիամին արտասվելիս, սովորեցնում է մեզ, որ Եհովան խոր կարեկցանք դրսևորող Աստված է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Ինչպես նախորդ հոդվածից իմացանք, Հիսուսը կատարելապես արտացոլում է իր Հոր մտածելակերպն ու զգացմունքները (Հովհ. 12։45)։ Ուստի երբ կարդում ենք, որ Հիսուսը խոր կարեկցանք դրսևորեց իր սգացող ընկերների հանդեպ, հասկանում ենք, որ Եհովան մեծ ցավ է զգում՝ տեսնելով մեր արցունքները (Սաղ. 56։8)։ Մի՞թե սա չի մղում քեզ ավելի մտերմանալու մեր կարեկից Աստծու հետ։
15. Հովհաննես 11։41-44 համարների համաձայն՝ ի՞նչ տեղի ունեցավ (տես նաև նկարը)։
15 Կարդա Հովհաննես 11։41-44։ Հիսուսը մոտեցավ Ղազարոսի գերեզմանին և խնդրեց, որ մուտքի առջևի քարը մի կողմ գլորեն։ Մարթան առարկեց՝ ասելով, որ Ղազարոսի մարմինը պետք է որ արդեն հոտած լինի։ Սակայն Հիսուսն ասաց. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես» (Հովհ. 11։39, 40)։ Հետո Հիսուսը աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու հանրորեն աղոթեց։ Այդպիսով նա ուզում էր ողջ փառքը ուղղել Եհովային այն բանի համար, ինչ տեղի էր ունենալու հետո։ Այնուհետև Հիսուսը ձայն տվեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։ Եվ Ղազարոսը դուրս եկավ գերեզմանից։ Հիսուսն արեց մի բան, ինչը ոմանք անհնար էին համարում։c
16. Հովհաննես 11-րդ գլխում արձանագրված դեպքը ինչպե՞ս է ամրացնում մեր վստահությունը հարության հույսի հանդեպ։
16 Հովհաննես 11-րդ գլխի արձանագրությունը ամրացնում է հարության հանդեպ մեր հույսը։ Ինչպե՞ս։ Հիշենք, թե Հիսուսն ինչ խոստում տվեց Մարթային. «Քո եղբայրը հարություն կառնի» (Հովհ. 11։23)։ Իր Հոր նման՝ Հիսուսը նույնպես ցանկություն և զորություն ունի իրագործելու իր խոստումը։ Այն, որ նա արտասվեց, ցույց է տալիս, որ սրտանց ցանկանում է վերացնել մահն ու դրա պատճառած տառապանքը։ Իսկ երբ Ղազարոսը դուրս եկավ գերեզմանից, դա ևս մեկ անգամ փաստեց, որ Հիսուսը հարություն տալու զորություն ունի։ Հիշիր նաև, թե Հիսուսն ինչ ասաց Մարթային. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես» (Հովհ. 11։40)։ Մենք ամուր հիմքեր ունենք հավատալու, որ հարության վերաբերյալ Եհովայի տված խոստումը իրականություն կդառնա։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ հարության հույսը մեզ համար ավելի իրական լինի։
ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԱՎԵԼԻ ԻՐԱԿԱՆ ԴԱՐՁՐՈՒ ՔԵԶ ՀԱՄԱՐ
17. Ի՞նչ պետք է ի մտի ունենաս հարության վերաբերյալ աստվածաշնչյան արձանագրությունները կարդալիս։
17 Կարդա անցյալում տեղի ունեցած հարության դեպքերի մասին և խորհրդածիր դրանց շուրջ։ Աստվածաշնչում արձանագրված է ութ դեպք, երբ մարդիկ հարություն են առել երկրի վրա։d Լավ կլինի՝ մանրամասնորեն ուսումնասիրես այդ արձանագրությունները։ Նկատի առ, որ հարություն առնողները իրական անձնավորություններ են եղել՝ տարբեր տարիքի ու սեռի մարդիկ։ Մտածիր այն մասին, թե յուրաքանչյուր հարության դեպք ինչպես է փաստում, որ Աստված մարդկանց հարություն տալու ցանկություն և զորություն ունի։ Բացի այդ՝ խորությամբ մտածիր Հիսուսի հարության մասին։ Դրան հարյուրավոր ականատեսներ են եղել, ինչը հարությանը հավատալու ամուր հիմք է տալիս (1 Կորնթ. 15։3-6, 20-22)։
18. Հարության հույսի մասին մեր երգերը ինչպե՞ս կարող են օգնել քեզ (տես նաև ծանոթագրությունը)։
18 Լսիր հարության հույսի մասին «հոգևոր երգերը» (Եփես. 5։19)։e Դրանք հարության հույսը ավելի իրական են դարձնում մեզ համար և օգնում են, որ ամուր հավատ ունենանք այդ թանկ հույսի հանդեպ։ Լսիր այդ երգերը և փորձիր երգել դրանք։ Բացի այդ՝ ընտանեկան երկրպագության ժամանակ ընտանիքով քննարկեք դրանց բառերը։ Այդ երգերը դաջիր քո սրտում և մտքում։ Եթե բախվես այնպիսի փորձության, որը կյանքդ վտանգի տակ կդնի, կամ եթե քո սիրելիներից մեկը մահանա, Եհովայի ոգին կհիշեցնի քեզ դրանց բառերը, և դու մխիթարություն և ուժ կստանաս։
19. Հարության հետ կապված ի՞նչ կարող ենք պատկերացնել (տես «Ի՞նչ կհարցնես նրանց» շրջանակը)։
19 Գործի դիր երևակայությունդ։ Եհովան մեզ այնպես է ստեղծել, որ մենք կարող ենք պատկերացնել մեզ նոր աշխարհում։ Մի քույր ասում է. «Ես այնքան հաճախ եմ ինձ պատկերացնում դրախտում, որ կարծես առնում եմ այնտեղ ծաղկած վարդերի բույրը»։ Պատկերացրու՝ հանդիպում ես աստվածաշնչյան ժամանակներում ապրած հավատարիմ տղամարդկանց և կանանց։ Հատկապես ո՞ւմ կուզեիր տեսնել, ի՞նչ հարցեր կտայիր նրան։ Նաև պատկերացրու՝ դիմավորում ես հարություն առած հարազատներիդ։ Փորձիր ամենայն մանրամասնությամբ պատկերացնել ձեր հանդիպումը՝ առաջին խոսքերը, ջերմ գրկախառնությունները, ուրախության արցունքները։
20. Ի՞նչ նպատակ պետք է դնենք։
20 Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային հարության հույսի համար։ Մենք կարող ենք համոզված լինել, որ նրա խոստումը կիրականանա։ Չէ՞ որ այն իրագործելու համար Եհովան ունի թե՛ ցանկություն և թե՛ զորություն։ Եկեք նպատակ դնենք ամրացնելու մեր հավատը այս անգին հույսի հանդեպ։ Եթե այդպես վարվենք, ավելի կմտերմանանք մեր Աստծու հետ, ով յուրաքանչյուրիս խոստանում է. «Քո սիրելիները հարություն կառնեն»։
ԵՐԳ 147 Խոստացված հավիտենական կյանքը
a Եթե քո սիրելիներից մեկը մահացել է, անկասկած, հարության վերաբերյալ Աստծու տված խոստումը մխիթարում է քեզ։ Բայց ինչպե՞ս կբացատրես ուրիշներին, թե ինչու ես հավատում այդ խոստմանը։ Ինչպե՞ս կարող ես հարության հույսը ավելի իրական դարձնել քեզ համար։ Այս հոդվածի նպատակն է ամրացնել մեր հավատը հարության հույսի հանդեպ։
b Երաժշտական տեսահոլովակի վերնագիրն է՝ «Նոր աշխարհն աչքիս առաջ է»։ Այն ցուցադրվել է 2016 թ. նոյեմբերի թողարկման մեջ։
c Տես «Ինչո՞ւ Հիսուսից չորս օր պահանջվեց Ղազարոսի գերեզման հասնելու համար» հոդվածը «Դիտարանի» 2008 թ. հունվարի 1-ի համարում։
d Տես «Աստվածաշնչում արձանագրված հարության ութ դեպքեր» շրջանակը «Դիտարանի» 2015 թ. օգոստոսի 1-ի համարում (էջ 4)։
e «Ուրախությամբ գովերգենք Եհովային» երգարանում տես հետևյալ երգերը՝ «Տես քեզ նոր աշխարհում» (երգ 139), «Մրցանակն աչքիդ առաջ պահիր» (երգ 144), «Նա կկանչի» (երգ 151), ինչպես նաև jw.org կայքում՝ հետևյալ թեմատիկ երգերը՝ «Նոր աշխարհն աչքիս առաջ է», «Ծնվում է նոր աշխարհ» և «Եկ շրջենք, զմայլվենք»։