Գլուխ իններորդ
Մեծ ուսուցիչն ավելի պարզ պատկերացում է տալիս Ստեղծիչի մասին
Առաջին դարում ապրող Պաղեստինի «ժողովուրդը սպասման մէջ էր»։ Ո՞ւմ կամ ինչի՞ էր սպասում այդ ժողովուրդը. դարեր առաջ Աստծո մարգարեների կողմից նախագուշակված «Քրիստոսին»՝ «Մեսիային»։ Մարդիկ համոզված էին, որ Աստվածաշունչը գրվել է Աստծո առաջնորդությամբ, և որ ապագայի վերաբերյալ տեղեկություններ է պարունակում։ Դրանցից մեկում՝ «Դանիէլի» գրքում, խոսվում էր Մեսիայի գալստյան մասին, որը պետք է տեղի ունենար հենց առաջին դարաշրջանի սկզբին (Ղուկաս 3։15; Դանիէլ 9։24–26)։
Այնուհանդերձ, ժողովուրդը պետք է զգույշ լիներ, քանի որ ինքնակոչ մեսիաներ էին հայտնվում (Մատթէոս 24։5)։ Հրեա պատմիչ Հովսեպոսը հիշատակում է նրանցից մի քանիսին՝ ոմն Թևդասին, որն իր հետևորդներին հավաքել էր Հորդանան գետի ափին և հայտարարել, թե նրա ջրերը պիտի բաժանվեն. Եգիպտոսից ինչ–որ մեկին, որը մարդկանց ժողովել էր Ձիթենյաց լեռան մոտ ու հայտարարել, թե իր հրամանով Երուսաղեմի պարիսպները պիտի ընկնեն. կուսակալ Փեստոսի օրոք ինչ–որ խաբեբայի, որը չարքաշ կյանքից ազատութուն էր խոստացել (համեմատեք Գործք 5։36; 21։38)։
Մի խումբ մարդիկ, որոնք հետագայում հայտնի դարձան «քրիստոնեաներ» անունով, բոլորովին նման չէին այդ մոլորված հետևորդներին. նրանք ականատես եղան այն բանին, որ Նազովրեցի Հիսուսն է իրոք մեծ ուսուցիչը և ճշմարիտ Մեսիան (Գործք 11։26; Մարկոս 10։47)։ Հիսուսն ինքնակոչ չէր. նա ծանրակշիռ ապացույցներ ուներ, որոնք հաստատված են Աստվածաշնչի «Ավետարաններ» կոչվող չորս պատմական գրքերում։a Հրեաները, օրինակ, գիտեին, որ Մեսիան պետք է ծնվեր Բեթլեհեմում, լիներ Դավիթի ազգատոհմից և զարմանահրաշ գործեր կատարեր։ Հիսուսն այս ամենում իրեն արդարացրել էր, ինչը հաստատել են նույնիսկ նրա հակառակորդները։ Իրոք, Հիսուսը միանգամայն համապատասխանում էր Մեսիային բնորոշ Աստվածաշնչի տված նկարագրությանը (Մատթէոս 2։3–6; 22։41–45; Յովհաննէս 7։31, 42)։
Հիսուսի հետ հանդիպած մարդիկ տեսել էին նրա բացառիկ գործերը, ունկնդրել նրա իմաստուն խոսքերը, զգացել նրա հեռատեսությամբ օժտված լինելը. այս ամենից նրանք համոզվել էին, որ Հիսուսն է Մեսիան։ Հիսուսի ծառայության ընթացքում (մ.թ. 29–33 թթ.) իր Մեսիա լինելն ապացուցող փաստերն ավելի շատացան։ Ըստ էության, նա ապացուցեց, որ ինքը միայն Մեսիան չէ։ Փաստերին քաջածանոթ նրա աշակերտներից մեկը եզրակացրեց, որ նա «Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին»b (Յովհաննէս 20։31)։
Քանի որ Հիսուսը սերտ փոխհարաբերության մեջ էր Աստծո հետ, նա կարող էր բացատրել, թե ով է Ստեղծիչը և ինչպիսին է նա (Ղուկաս 10։22; Յովհաննէս 1։18)։ Հիսուսը պատմեց, որ Հոր հետ ունեցած իր սերտ համագործակցությունը սկսվել էր դեռ երկնքում, որտեղ նա Աստծո հետ միասին ստեղծել էր եղած բոլոր շնչավոր և անշունչ բաները (Յովհաննէս 3։13; 6։38; 8։23, 42; 13։3; Կողոսացիս 1։15, 16)։
Աստվածաշունչը տեղեկացնում է, որ այդ Որդին հոգևոր ոլորտից տեղափոխվել էր ֆիզիկական ոլորտ և «մարդկանց նման» դարձել (Փիլիպպեցիս 2։5–8)։ Նման դեպքն, ինչ խոսք, արտասովոր է, սակայն հնարավո՞ր է արդյոք։ Գիտնականները հաստատում են, որ ուրանի նման բնական քիմիական տարրը կարող է վերածվել մեկ այլ տարրի. նրանք նույնիսկ հաշվել են զանգվածն էներգիայի վերածվելու արդյունքները (E=mc2)։ Ուստի, ինչո՞ւ պիտի զարմանանք Աստվածաշնչի այն հաղորդագրության վրա, որ ոգեղեն արարածը փոխակերպվել է և կարողացել որպես մարդ ապրել։
Եկեք դա մեկ ուրիշ օրինակով պատկերացնենք։ Մտածենք այն մասին, թե ինչ կարող են անել բժիշկները արհեստական բեղմնավորման միջոցով։ Փորձանոթում սկսված կյանքը տեղադրվում է կնոջ արգանդի մեջ, իսկ հետագայում ծնվում է երեխան։ Հիսուսի առնչությամբ Աստվածաշնչում ասվում է, որ ‘Բարձրյալի զորությամբ’ նրա կյանքը տեղափոխվել էր Մարիամ անունով կույսի արգանդը։ Քանի որ Հիսուսը Դավիթի ազգատոհմից էր, հետևաբար նա կարող էր Դավիթին խոստացված Մեսիական Թագավորության անփոփոխ ժառանգը լինել (Ղուկաս 1։26–38; 3։23–38; Մատթէոս 1։23)։
Ելնելով Ստեղծիչի հետ ունեցած իր սերտ փոխհարաբերությունից և նրան նման լինելու իրողությունից՝ Հիսուսն ասաց. «Ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը» (Յովհաննէս 14։9)։ Բացի այդ, նաև ավելացրեց. «Ոչ ոք չգիտէ, թէ՝ ո՛վ է.... Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել» (Ղուկաս 10։22)։ Այսպիսով՝ ծանոթանալով երկրի վրա Հիսուսի սովորեցրածին և կատարած գործերին՝ կարող ենք ավելի պարզ պատկերացում կազմել Ստեղծիչի մասին։ Եկեք դա տեսնենք այն մարդկանց փորձառություններից, որոնք շփվել են Հիսուսի հետ։
Սամարուհին
«Արդեօք նա՞ է Քրիստոսը»,— հարցրեց ոմն սամարուհի մի քանի րոպե Հիսուսի հետ զրուցելուց հետո (Յովհաննէս 4։29)։ Այդ սամարուհին նույնիսկ համոզեց մոտակա Սյուքար քաղաքի բնակիչներից շատերին, որպեսզի նրանք էլ գան և Հիսուսին տեսնեն։ Ի՞նչը ստիպեց նրան Հիսուսին որպես Մեսիա ընդունել։
Ողջ առավոտ Հիսուսը քայլել էր բլրաշատ Սամարիայի հողոտ ու փոշոտ ճանապարհներով, իսկ երբ նստեց փոքր–ինչ հանգիստ առնելու, նկատեց այդ կնոջը։ Մի կողմ դնելով հոգնածությունը՝ Հիսուսը սկսեց զրուցել այդ կնոջ հետ և, նկատելով, որ նա խիստ հետաքրքրություն է ցուցաբերում հոգևոր բաների նկատմամբ, պատմեց նրան խորիմաստ ճշմարտությունների մասին՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով «Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ» երկրպագելու անհրաժեշտության վրա։ Ապա ներկայացավ նրան որպես Մեսիա, ինչը մինչ այդ երբեք բացահայտորեն չէր արել (Յովհաննէս 4։3–26)։
Սամարուհին հասկացավ, որ Հիսուսի հետ ունեցած այդ հանդիպումը իր համար մեծ նշանակություն ուներ։ Մինչ այդ նրա կրոնական կյանքը սահմանափակվում էր Գարիզին լեռան վրա կատարվող պաշտամունքով և հիմնված էր Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի վրա միայն։ Հրեաները հեռու էին մնում սամարացիներից, որոնցից շատերը սերվել էին Իսրայելի տասը ցեղերի և այլ ազգությունների պատկանող տղամարդկանց ու կանանց խառն ամուսնություններից։ Սակայն Հիսուսը չէր խուսափում այդ ժողովրդի հետ շփվելուց։ Նա սիրով ուսուցանեց այդ սամարուհուն, թեպետև ուղարկվել էր «Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ» (Մատթէոս 15։24)։ Դրանով Հիսուսն արտացոլեց բոլոր ժողովուրդների միջից անկեղծ մարդկանց ընդունելու Եհովայի պատրաստակամությունը (Գ Թագաւորաց 8։41–43)։ Ե՛վ Հիսուսը, և՛ Եհովան բարձր են կանգնած կրոնական մոլեռանդությունից, որով աշխարհն այսօր ողողված է։ Այս իրողությունը մեզ ավելի է մոտեցնում Արարչին և իր Որդուն։
Սամարուհուն ուսուցանելու Հիսուսի պատրաստակամությունից կարող ենք ուրիշ դաս ևս քաղել։ Այդ կինն ապրում էր մի տղամարդու հետ, որն իր ամուսինը չէր (Յովհաննէս 4։16–19)։ Սակայն այդ հանգամանքը Հիսուսին ետ չպահեց նրա հետ խոսելուց։ Անկասկած, սամարուհին երախտապարտ էր իր հանդեպ ցուցաբերած այդ հարգալից վերաբերմունքի համար։ Այս դեպքը միակը չէր։ Երբ հրեա առաջնորդներից (փարիսեցիներից) ոմանք քննադատեցին Հիսուսին ապաշխարած մեղավորների հետ ճաշելու համար, Հիսուսը պատասխանեց նրանց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին։ Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին» (Մատթէոս 9։10–13)։ Հիսուսն օգնության ձեռք մեկնեց իրենց սեփական մեղքերի ծանրության տակ հառաչող մարդկանց, ինչը Աստծո օրենքներն ու չափանիշները խախտելու հետևանքն էր։ Որքա՜ն սրտապնդիչ է իմանալ, որ Աստված և իր Որդին օգնության ձեռք են մեկնելու նրանց, ովքեր դժվարություններ են կրում իրենց անցած մեղքերի պատճառով (Մատթէոս 11։28–30)։c
Եկեք չանտեսենք նաև Սամարիայում պատահած այդ միջադեպի ժամանակ այն հանգամանքը, որ Հիսուսը կնոջ հետ զրուցում էր սիրալիր և մեղմորեն։ Ինչո՞վ է սա նշանակալի։ Այդ ժամանակներում հրեա տղամարդկանց սովորեցնում էին, որ մարդաշատ վայրերում չպետք է խոսել կանանց հետ, նույնիսկ իրենց կողակիցների։ Հրեա ռաբբիները գտնում էին, որ կանայք ի վիճակի չեն հոգևոր ուսուցման մեջ խորանալու և նրանց սահմանափակ դատողության տեր էին համարում։ Ահա թե ինչ էին ասում ոմանք. «Լավ է օրենքի խոսքերն այրվեն, քան թե արտասանվեն կանանց համար»։ Նման մթնոլորտում էին մեծացել և Հիսուսի աշակերտները, ուստի, վերադառնալով, նրանք զարմացան, երբ տեսան, «որ նա խօսում էր այդ կնոջ հետ» (Յովհաննէս 4։27)։ Այս արձանագրությունը, ինչպես և շատ ուրիշները, ցույց է տալիս, որ Հիսուսն իր Հոր պատկերն էր արտացոլում, որը, ստեղծելով և՛ տղամարդուն, և՛ կնոջը, երկուսին էլ համարում է հարգանքի արժանի (Ծննդոց 2։18)։
Այդ հանդիպումից հետո սամարուհին համոզեց իր քաղաքի բնակիչներին, որպեսզի գնան և լսեն Հիսուսին։ Նրանցից շատերը քննեցին փաստերը և հավատացին՝ ասելով. «Գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս փրկիչն աշխարհի» (Յովհաննէս 4։39–42)։ Քանի որ մենք էլ «աշխարհի» մի մասն ենք կազմում, Հիսուսը կարևոր դեր է խաղում նաև մեր ապագայի հարցում։
Ձկնորսի կարծիքը
Այժմ եկեք Հիսուսին նայենք նրա երկու մտերիմ ընկերների՝ Պետրոսի և Հովհաննեսի աչքերով։ Այս հասարակ ձկնորսները նրա առաջին հետևորդներից էին (Մատթէոս 4։13–22; Յովհաննէս 1։35–42)։ Փարիսեցիները նրանց վերևից էին նայում, «պարզ և անուս մարդիկ», «հողի մարդկանց» («ամհաա՛րեց») ներկայացուցիչներ համարում, որովհետև նրանք ռաբբիների պես ուսում չէին ստացել (Գործք 4։13, ԱՆԹ; Յովհաննէս 7։49)։ Նրանց նման շատերը կրոնական ավանդույթները պահողների լծի տակ ‘հոգնած էին ու բեռնավորված’ և հոգևոր առումով լուսավորվելու կարոտ էին։ Այդ մասին ակնարկեց Սորբոնի (Փարիզի համալսարան) պրոֆեսոր Շառլ Գինյըբերը, նշելով, որ «նրանց սրտերը ամբողջովին պատկանում էին Յահվեին [Եհովային]»։ Հիսուսը չմերժեց այդ խոնարհ անհատներին, որպեսզի շահի հարուստ և ազդեցիկ մարդկանց հաճությունը։ Ընդհակառակն՝ իր ուսմունքներով և կատարած գործերով օգնեց նրանց հստակ պատկերացում կազմել իր Հոր մասին (Մատթէոս 11։25–28)։
Պետրոսն անձամբ ականատես էր եղել Հիսուսի ցուցաբերած հոգատարությանը։ Հիսուսին ծառայության մեջ միանալուց կարճ ժամանակ հետո նրա զոքանչը հիվանդանում է տենդով։ Գալով Պետրոսի տուն՝ Հիսուսը բռնում է այդ կնոջ ձեռքը, և տենդն անմիջապես թողնում է։ Մենք չենք կարող ստույգ իմանալ, թե ինչպես է կատարվել այդ բուժումը, ինչպես և այսօր բժիշկները միշտ չէ, որ կարողանում են բացատրել, թե ինչպես են մարդիկ ապաքինվում որոշ հիվանդություններից, սակայն փաստն այն էր, որ այդ կինն առողջացավ։ Հիսուսի բուժման մեթոդներին տեղեկանալուց շատ ավելի կարևոր է գիտակցել, որ, բուժելով հիվանդներին և վշտահարներին, Հիսուսը ցույց էր տալիս նրանց նկատմամբ իր կարեկցանքը։ Նա իսկապես ցանկանում էր օգնել մարդկանց. այդպիսին է և նրա Հայրը (Մարկոս 1։29–31, 40–43; 6։34)։ Տեսնելով Հիսուսի գործերը՝ Պետրոսը կարող էր հասկանալ, որ Ստեղծիչը արժան է համարում հոգատարություն ցուցաբերել յուրաքանչյուր անհատի հանդեպ (Ա Պետրոս 5։7)։
Ավելի ուշ Հիսուսը Երուսաղեմի տաճարի կանանց գավիթում էր։ Նա հետևում էր, թե ինչպես էին մարդիկ գանձանակների մեջ նվիրատվություններ նետում։ Հարուստները շատ մետաղադրամներ են գցում։ Ուշադիր նայելով՝ Հիսուսը նկատում է մի աղքատ այրու, որը գանձանակի մեջ երկու մանր մետաղադրամ է նետում։ Պետրոսին, Հովհաննեսին և մնացածներին դիմելով՝ Հիսուսն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր» (Մարկոս 12։41–44)։
Ինչպես տեսնում ենք, Հիսուսը մարդկանց մեջ բարի հատկություններ էր փնտրում և գնահատում յուրաքանչյուրի ջանքերը։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ տպավորություն է դա թողնում Պետրոսի ու մնացած առաքյալների վրա։ Հիսուսի հետ կապված այդ օրինակից հասկանալով, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան՝ ավելի ուշ Պետրոսը մի երկտող է հիշատակում սաղմոսներից. «Տիրոջ աչքը արդարների վրայ է, եւ նրա ականջները բաց՝ նրանց աղօթքին» (Ա Պետրոս 3։12; Սաղմոս 34։15, 16)։ Մի՞թե մեզ չի ձգում դեպի Ստեղծիչն ու նրա Որդին, որոնք կամենում են մեր մեջ տեսնել լավը և պատրաստ են լսել մեր աղերսանքները։
Հիսուսի հետ մոտ երկու տարի շփվելուց հետո Պետրոսը վստահ էր, որ նա է Մեսիան։ Մի առիթով Հիսուսն իր աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Հարցին տարբեր պատասխաններ հետևեցին։ Ապա ավելացրեց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը վստահորեն արձագանքեց. «Դու Քրիստոսն ես»։ Գուցե ձեզ տարօրինակ թվա այն, թե ինչ արեց Հիսուսը. «Նա խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն» (Մարկոս 8։27–30; 9։29; Մատթէոս 12։16)։ Ինչո՞ւ այդպես վարվեց։ Հիսուսը նրանց մեջ էր գտնվում և չէր ցանկանում, որ մարդիկ իր մասին սոսկ լուրերի վրա հիմնված եզրակացություններ անեին։ Մի՞թե դա խելամիտ քայլ չէր (Յովհաննէս 10։24–26)։ Բանն այն է, որ մեր Ստեղծիչը նույնպես ցանկանում է, որ հետաքրքրվենք իր ով լինելով՝ անձամբ քննելով հիմնավոր ապացույցները։ Նա ուզում է, որ մեր համոզմունքները հիմնված լինեն փաստերի վրա (Գործք 17։27)։
Երևի կռահում եք, որ Հիսուսի հայրենակիցներից ոմանք չընդունեցին իրեն՝ չնայած այն բանին, որ նա Ստեղծիչի աջակցությունն ունենալու բավականաչափ ապացույցներ ուներ։ Այդ ազնիվ ու խոնարհ Մեսիայի կերպարը ոչ մի ձևով չէր համընկնում հասարակության մեջ իրենց դիրքի և քաղաքական նպատակակետերի մասին մտածող մարդկանց պատկերացման հետ։ Իր ծառայության ավարտին Հիսուսն ասաց. «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին.... բայց չկամեցաք։ Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ» (Մատթէոս 23։37, 38)։ Այդ ազգի իրավիճակի փոխվելը նշանակալից քայլ էր բոլոր ժողովուրդներն օրհնելու Աստծո նպատակի կատարման մեջ։
Կարճ ժամանակ անց Պետրոսն ու երեք ուրիշ առաքյալներ լսեցին իրերի համակարգի վախճանի մասին Հիսուսի մանրամասնորեն տրված մարգարեությունը։d Հիսուսի նախագուշակածն առաջին անգամ իր կատարումն ունեցավ, երբ մ.թ. 66–70-ին Հռոմը հարձակվեց Երուսաղեմի վրա և քաղաքն ավերակների վերածեց։ Ինչպես հաստատում է պատմությունը, Հիսուսի մարգարեացածն իսկապես տեղի ունեցավ։ Պետրոսը Հիսուսի մարգարեացած մանրամասնությունների կատարումներից շատերի վկան էր, և դա երևում է նրա գրած առաջին և երկրորդ թղթերում («Ա Պետրոս» և «Բ Պետրոս») (Ա Պետրոս 1։13; 4։7; 5։7, 8; Բ Պետրոս 3։1–3, 11, 12)։
Իր ծառայության ընթացքում Հիսուսը համբերատար էր ու բարեգութ իրեն շրջապատող հրեաների նկատմամբ։ Միևնույն ժամանակ չարությունը քննադատելուց նա չէր վախենում։ Այն օրերին դա օգնեց Պետրոսին և այժմ էլ պետք է մեզ օգնի, որպեսզի ավելի լավ հասկանանք Ստեղծիչին։ Տեսնելով Հիսուսի մարգարեությունների մնացած կատարումները՝ Պետրոսը գրեց, որ քրիստոնյաները պետք է մտքում պահեն «Տիրոջ օրուայ գալուստը [«ներկայությունը», ՆԱ]», նաև այն, որ «Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն»։ Ապա նա խրախուսիչ խոսքեր արձանագրեց «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին, «որոնցում արդարութիւնն [կբնակվի]» (Բ Պետրոս 3։3–13)։ Պետրոսի նման գնահատո՞ւմ ենք Հիսուսի մեջ արտացոլված Աստծո հատկությունները և արդյոք հավատ ընծայո՞ւմ ենք նրա խոստումներին։
Ինչո՞ւ Հիսուսը մահացավ
Իր առաքյալների հետ անցկացրած վերջին օրը՝ երեկոյան, Հիսուսը հատուկ ընթրիք ունեցավ նրանց հետ։ Այսպիսի ընթրիքի ժամանակ սովորաբար հրեա տանտիրոջ հյուրասիրության մեջ մտնում էր նաև հյուրերի ոտքերը լվանալը, քանի որ հնարավոր էր, որ նրանք բաց ոտնամաններով փոշոտ ճանապարհ էին կտրել–անցել։ Բայց Հիսուսին ոչ ոք նման ծառայություն չմատուցեց։ Ուստի նա, խոնարհաբար տեղից վեր կենալով, վերցրեց ջրի կոնքն ու սրբիչը և սկսեց լվանալ առաքյալների ոտքերը։ Երբ հասավ Պետրոսի հերթը, վերջինս անհարմար զգաց Հիսուսից այդպիսի ծառայություն ընդունել։ «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»,— ասաց նա։ «Եթէ քեզ չլուանամ,— պատասխանեց Հիսուսը,— ինձ հետ մաս չունես»։ Գիտենալով, որ շուտով մահանալու է, նա ավելացրեց. «Եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ» (Յովհաննէս 13։5–17)։
Այս դեպքից տասնյակ տարիներ անց Պետրոսը հորդորեց քրիստոնյաներին ընդօրինակել Հիսուսին ոչ թե «ոտնալվայի» արարողությամբ, այլ, ուրիշների վրա ‘տիրելու’ փոխարեն, խոնարհաբար նրանց ծառայելով։ Պետրոսին նաև պարզ դարձավ, որ սեփական օրինակով Հիսուսն ուզեց ապացուցել, թե՝ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»։ Ինչ խոսք, որ դա Ստեղծիչի մասին անմոռանալի դաս էր (Ա Պետրոս 5։1–5; Սաղմոս 18։35)։ Սակայն Պետրոսը դեռ ուրիշ բաներ էլ ուներ սովորելու։
Վերջին ընթրիքից հետո առաքյալներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որը դարձել էր գող, մի խումբ զինված մարդկանց Հիսուսին ձերբակալելու առաջնորդեց։ Նրանց հայտնվելուն պես Պետրոսը կտրուկ գործողությունների անցավ։ Նա դուրս քաշեց սուրը և վիրավորեց ամբոխի մեջ գտնվողներից մեկին։ Հիսուսը սաստեց Պետրոսին. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ’ընկնեն»։ Ապա Պետրոսի աչքի առաջ Հիսուսը, թեթևակի դիպչելով վիրավորին, բժշկեց նրան (Մատթէոս 26։47–52; Ղուկաս 22։49–51)։ Բնականաբար, Հիսուսն ապրում էր իր իսկ՝ «սիրեցէ՛ք ձեր թշնամիներին» ուսմունքի համաձայն և ընդօրինակում էր իր Հորը, որն «իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ» (Մատթէոս 5։44, 45)։
Այն լարված գիշերվա ընթացքում Հրեական գերագույն ատյանը հապճեպորեն լսեց Հիսուսի գործը։ Նրա դեմ Աստծուն հայհոյելու սուտ մեղադրանք ներկայացրին, ապա տարան հռոմեացի կուսակալի մոտ, որից հետո անարդարացիորեն մահվան դատապարտեցին։ Հիսուսը ծաղր ու ծանակի ենթարկվեց թե՛ հրեաների, և թե՛ հռոմեացիների կողմից։ Նրա հետ դաժանաբար վարվեցին, իսկ վերջում ցցի վրա գամեցին։ Նրա հանդեպ այդ բիրտ վերաբերմունքի մանրամասնություններից շատերը կատարեցին դեպքերից դարեր առաջ գրի առնված մի շարք մարգարեություններ։ Նույնիսկ զինվորները, որոնք կանգնած նայում էին ցցի վրա գամված Հիսուսին, բացականչեցին. «Արդարեւ, Աստծու Որդի էր սա» (Մատթէոս 26։57–27։54; Յովհաննէս 18։12–19։37)։
Տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները դառնալով՝ Պետրոսի, ինչպես նաև մնացածների մեջ գուցե հարց ծագած լինի. «Իսկ ինչո՞ւ Քրիստոսը պիտի մահանար»։ Միայն ավելի ուշ նրանք գտան այդ հարցի պատասխանը։ Նախ և առաջ՝ այդ իրադարձություններով ամբողջացվեց Եսայիա 53–րդ գլխում արձանագրված մարգարեությունը, որը ցույց էր տալիս, որ Քրիստոսի մահը ազատագրություն էր բերելու ոչ միայն հրեաներին, այլև ողջ մարդկությանը։ Պետրոսը գրեց, թե նա «մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկուեցիք դուք» (Ա Պետրոս 2։21–25)։ Պետրոսն ըմբռնել էր Հիսուսի ասած ճշմարիտ խոսքերի բուն իմաստը, թե՝ «մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն» (Մատթէոս 20։28)։ Ուստի՝ Հիսուսն իր կատարյալ մարդկային կյանքի իրավունքը պետք է տար, որպեսզի մարդկությանը վերագներ Ադամից ժառանգած մեղավոր վիճակից։ Փրկանքի ուսմունքն Աստվածաշնչի հիմնական ուսմունքներից է։
Ի՞նչ է իրենից ներկայացնում փրկանքը։ Դա կարելի է պատկերել հետևյալ օրինակով. ենթադրենք՝ դուք համակարգիչ ունեք, սակայն դրա էլեկտրական ֆայլերից (արկղիկներից) մեկը վնասվել է սխալից (կամ վիրուսից), որն ինչ–որ մեկը մտցրել է մնացած բաներում անթերի ծրագրի մեջ։ Այս օրինակը ներկայացնում է Ադամի գործածը, երբ նա գիտակցաբար մերժեց հնազանդվել Աստծուն կամ մեղանչեց։ Անդրադառնանք մեր օրինակին։ Այդ խոտան ֆայլով որքան պատճեններ էլ որ անենք, բոլորն էլ վնասված դուրս կգան։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Հատուկ ծրագրի օգնությամբ կարելի է հայտնաբերել սխալը և վերացնել սկզբում ֆայլերի միջից, ապա՝ համակարգչից։ Եթե համեմատենք, մարդկությունը «վիրուս», այսինքն՝ մեղք է ժառանգել Ադամից ու Եվայից, և դրանից ազատվելու համար մենք կողմնակի օգնության կարիքն ունենք (Հռովմայեցիս 5։12)։ Աստվածաշնչի համաձայն՝ Աստված Հիսուսի մահվան միջոցով մարդկանց մաքրվելու այդպիսի հնարավորություն է տվել։ Այդ սիրով մատուցված օգնությունը մեծ օգուտներ է մեզ խոստանում (Ա Կորնթացիս 15։22)։
Հիսուսի կատարած քայլի հանդեպ ունեցած գնահատանքը մղեց Պետրոսին, «որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի»։ Պետրոսի համար դա նշանակում էր հեռու մնալ վատ սովորություններից և անբարո ապրելակերպից. նույնը նաև մեզ է վերաբերում։ Ուրիշները, գուցե, փորձեն խանգարել նրանց, ովքեր ձգտում են «Աստծու կամքը» կատարել։ Այնուհանդերձ, նման անհատները կհամոզվեն, որ իրենց կյանքն ավելի արժեքավոր ու ավելի իմաստալից է դառնում (Ա Պետրոս 4։1–3, 7–10, 15, 16)։ Այդպես է պատահել Պետրոսի հետ, այդպես կարող է պատահել մեզ հետ, եթե ‘բարեգործություն անելով մեր հոգիները հանձնենք հավատարիմ Ստեղծողին’ (Ա Պետրոս 4։19)։
Աշակերտ, որը ճանաչել է սերը
Մյուս աշակերտը, որը մոտիկից ճանաչում էր Հիսուսին և որը կարող է օգնել մեզ ավելի պարզ պատկերացում կազմելու Ստեղծիչի մասին, Հովհաննես առաքյալն է։ Հովհաննեսի կողմից են գրվել Ավետարաններից մեկը, ինչպես նաև երեք թղթեր («Ա Յովհաննէս», «Բ Յովհաննէս» և «Գ Յովհաննէս»)։ Թղթերից մեկում Հովհաննեսը հետևյալ միտքն է արտահայտել. «Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և բացեց մեր մտքերը, որպեսզի ճանաչենք ճշմարիտ Աստծուն։ Մենք միացած ենք ճշմարիտ Աստծուն և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը» (Ա Յովհաննէս 5։20, ԱՆԹ)։
«Ճշմարիտ Աստծուն» ճանաչելու համար Հովհաննեսին հարկավոր էր իր միտքը բանեցնել։ Ստեղծիչի հատկությունների մասին ի՞նչ իմացավ նա։ «Աստուած սէր է,— գրեց նա,— եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծու մէջ»։ Հովհաննեսն ինչո՞ւ էր դրանում վստահ։ «Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար» (Ա Յովհաննէս 4։10, 16)։ Ինչպես Պետրոսը, Հովհաննեսը ևս ազդվել էր Աստծո այն սիրուց, որը նա ցուցաբերեց՝ ուղարկելով իր Որդուն մեզ համար մեռնելու։
Հովհաննեսն անչափ մտերիմ էր Հիսուսի հետ և հասկանում էր նրա զգացմունքները։ Երուսաղեմի մերձակայքում գտնվող Բեթանիա գյուղում տեղի ունեցած միջադեպը մեծ տպավորություն էր գործել Հովհաննեսի վրա։ Իր բարեկամ Ղազարոսի ծանր հիվանդության լուրը ստանալով՝ Հիսուսը ճանապարհվեց Բեթանիա։ Երբ իր աշակերտների հետ տեղ հասավ, Ղազարոսն արդեն չորս օր էր, ինչ մահացել էր։ Հովհաննեսը գիտեր, որ Ստեղծիչը՝ մարդու կյանքի Աղբյուրը, Հիսուսին զորությամբ էր օժտում։ Կարո՞ղ էր Հիսուսը հարություն տալ Ղազարոսին (Ղուկաս 7։11–17; 8։41, 42, 49–56)։ «Քո եղբայրը յարութիւն կ’առնի»,— Ղազարոսի քրոջը դիմելով՝ ասաց նա (Յովհաննէս 11։1–23)։
Այնուհետև Հովհաննեսը տեսնում է Ղազարոսի մյուս քրոջը՝ Մարիամին՝ Հիսուսին ընդառաջ գալիս։ Ի՞նչ էր զգում Հիսուսը։ Նա «իր հոգովը խռովեց եւ յուզուեց»։ Հիսուսի զգացումները նկարագրելու համար Հովհաննեսի գործածած հունարեն բառը (հայերեն «խռովեց» թարգմանված) սրտից բխող խորը հույզերի իմաստն է կրում։ Հովհաննեսը հասկացավ, որ Հիսուսը «յուզուել» է՝ այսինքն, ներքին հուզմունք, խոր վիշտ է ապրում։ Հիսուսն իրավիճակին անտարբեր կամ անմասն չէր մնացել։ Նա «արտասուեց» (Յովհաննէս 11։30–37, ԱԹ)։ Ակնհայտ է, որ Հիսուսը խորը ու ջերմ զգացումների տեր անձնավորություն էր, ինչը օգնեց Հովհաննեսին հասկանալ Ստեղծիչի զգացումները, և ինչը պետք է որ մեզ օգնի։
Հովհաննեսը նաև համոզվեց, որ Հիսուսի զգացումները կապված էին բարի գործերի հետ, քանի որ լսեց Հիսուսի բացականչությունը. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Եվ հրաշք տեղի ունեցավ... Ղազարոսը կենդանացավ ու դուրս եկավ գերեզմանից։ Ի՜նչ մեծ ուրախություն դա պատճառեց իր քույրերին և մնացած ներկաներին։ Այդ դեպքից հետո շատերը հավատացին Հիսուսին։ Թշնամիները չէին կարող ժխտել նրա կողմից կատարված հարության փաստը, սակայն երբ հարության մասին լուրը տարածվեց, նրանք «խորհուրդ արեցին, որ Հիսուսի հետ միասին Ղազարոսին էլ սպանեն» (Յովհաննէս 11։43; 12։9–11)։
Աստվածաշունչը Հիսուսին ներկայացնում է որպես ‘Ստեղծիչի էության բուն պատկերը’ (Եբրայեցիս 1։3)։ Հիսուսի ծառայությունն ինքնըստինքյան ապացուցում է հիվանդություններն ու մահը արմատախիլ անելու իր և իր Հոր ցանկությունը։ Դա չի սահմանափակվում այն մի քանի հարության դեպքերով, որոնց մասին կարդում ենք Աստվածաշնչում։ Հովհաննեսն իր ականջով լսեց Հիսուսի խոսքերը. «Կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում [«հիշատակի դամբարաններում», ՆԱ] են, կը լսեն [Որդու] ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 5։28, 29)։ Նշենք, որ գերեզման նշանակող ընդհանուր բառի փոխարեն Հովհաննեսն այստեղ գործածել է «հիշատակի դամբարան» բառը։ Ինչո՞ւ։
Որովհետև հարությունը կախված է Աստծո հիշողությունից։ Իհարկե, լայնարձակ Տիեզերքի Արարիչը կարող է հիշել ամեն մի մանրուք մեր կորցրած սիրելիների մասին, անգամ նրանց խառնվածքին հատուկ գծերը՝ լինեն դրանք բնածին, թե ձեռքբերովի (համեմատեք Եսայիա 40։26)։ Սակայն հարցը միայն այն չէ, որ նա կարող է հիշել։ Ե՛վ Նա, և՛ իր Որդին կամենում են հիշել։ Հարության հրաշալի հույսի մասին հավատարիմ Հոբն ասաց. «Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ.... Դու [Եհովա] մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կ’հաճէիր քո ձեռքի գործին [«դու կկարոտես ձեռքիդ գործերը», ՆԱ]» (Յոբ 14։14, 15; Մարկոս 1։40–42)։ Ի՜նչ հրաշալի Ստեղծիչ ունենք, իրո՛ք արժանի երկրպագության...
Հարություն առած Հիսուսը իմաստալից կյանքի տանող ճանապարհն է
Հիսուսի սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը, մինչև վերջ՝ մինչև Հիսուսի մահը, նրա հետ էր։ Բացի այդ, Հովհաննեսը գրեց ամենափառահեղ հարության մասին՝ իրադարձություն, որով ամուր հիմք դրվեց մեր հարատև և իմաստալից կյանքի համար։
Հիսուսի թշնամիները նրան մահվան դատապարտեցին և որպես հասարակ հանցագործի գամեցին սյունին։ Մինչ նա ժամեր շարունակ տառապում էր, դիտողները, այդ թվում նաև կրոնական առաջնորդները, ծաղրում էին նրան։ Չնայած իր տանջանքներին՝ Հիսուսը նկատեց սյան մոտ կանգնած իր մորը, և, դիմելով նրան, Հովհաննեսի մասին ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Այդ ժամանակ Մարիամն ամենայն հավանականությամբ արդեն այրի էր, և նրա մնացած երեխաները դեռևս աշակերտներ չէին դարձել։e Ուստի Հիսուսը Հովհաննեսին հանձնեց իր մոր խնամքը։ Այս արարքը ևս Արարչի վերաբերմունքի մասին է խոսում. նա հորդորում է հոգ տանել այրիներին ու որբերին (Յովհաննէս 7։5; 19։12–30; Մարկոս 15։16–39; Յակոբոս 1։27)։
Սակայն եթե Հիսուսը մահացել էր, ինչպե՞ս կարող էր կատարել «սերնդի» իր դերը. այն սերնդի, որի միջոցով «երկրի բոլոր ազգերը» պիտի օրհնվեն (Ծննդոց 22։18)։ Մ.թ. 33 թվականի ապրիլյան այդ օրը Հիսուսը սեփական կյանքը որպես հիմք տվեց փրկանքի համար։ Նրա նրբազգաց Հայրը պետք է որ խիստ ցավ ապրած լիներ՝ տեսնելով իր անմեղ Որդու կրած տառապանքները։ Սակայն այս ճանապարհով փրկագնի նախապատրաստությունն արվեց, որն անհրաժեշտ էր մարդկությանը մեղքի ու մահվան կապանքներից ազատելու համար (Յովհաննէս 3։16; Ա Յովհաննէս 1։7)։ Դրանով սկսված գործի փառահեղ ավարտի հիմքը դրվեց։
Հիսուսը պետք է կյանքի վերադառնար, որովհետև Աստծո նպատակների կատարման հարցում խաղում էր գլխավոր դերը։ Դա իսկապես տեղի ունեցավ, և Հովհաննեսը վկայեց այդ մասին։ Հիսուսի մահից և հուղարկավորությունից երեք օր անց՝ վաղ առավոտյան, աշակերտներն այցի գնացին նրա գերեզմանը. սակայն այն դատարկ գտան։ Այդ երևույթից աշակերտները խիստ շփոթվեցին, մինչև որ Հիսուսն ինքն անձամբ հայտնվեց նրանցից շատերին։ Մարիամ Մագդաղենացին հայտնեց, թե՝ «ինքը Տիրոջը տեսել է», բայց աշակերտները չհավատացին նրա խոսքերին։ Ավելի ուշ, երբ նրանք փակվել էին մի սենյակում, Հիսուսը կրկին հայտնվեց և այս անգամ նույնիսկ զրուցեց նրանց հետ։ Ընդամենը մի քանի օրերի ընթացքում ավելի քան հինգ հարյուր հոգի Հիսուսի կենդանության ականատեսները դարձան։ Այն ժամանակվա թերահավատ մարդիկ կարող էին հարցուփորձ անել վկաներին, որոնց վստահում էին, և ստուգել նրանց խոսքերի իսկությունը։ Քրիստոնյաները չէին կասկածում, որ Հիսուսը հարություն է առել ու դարձել Արարչի նման ոգեղեն անձնավորություն։ Դրա ապացույցներն այնքան սպառիչ էին և համոզիչ, որ շատերը պատրաստ էին մեռնել, քան թե ժխտել, որ Հիսուսը հարություն է առել (Յովհաննէս 20։1–29; Ղուկաս 24։46–48; Ա Կորնթացիս 15։3–8)։f
Հիսուսի հարության մասին վկայություն տալու պատճառով հալածանքներ կրեց նաև Հովհաննես առաքյալը, բայց աքսորում գտնված ժամանակ նա մի ոչ սովորական վարձատրություն ստացավ (Յայտնութիւն 1։9)։ Հիսուսը Հովհաննեսին մի շարք տեսիլքներ տվեց, որոնց օգնությամբ մենք ավելի պարզ ենք պատկերացնում Ստեղծիչին, և որոնք ավելի հստակ են ներկայացնում, թե ինչ է բերելու ապագան։ Այս բոլորը կարելի է գտնել «Յայտնութիւն» գրքում, որտեղ շատ դեպքեր այլաբանական իմաստ են կրում։ Հիսուս Քրիստոսն այստեղ ներկայացված է որպես հաղթանակած Թագավոր, որը շուտով վերջնականորեն կջախջախի իր թշնամիներին։ Այդ թշնամիների մեջ են գտնվում մահը (մեր բոլորի թշնամին) և Սատանա կոչվող չար ոգեղեն արարածը (Յայտնութիւն 6։1, 2; 12։7–9; 19։19–20։3, 13, 14)։
Մարգարեության եզրափակիչ մասում Հովհաննեսը ստացավ մի տեսիլք, որտեղ Երկիրն արդեն դրախտի էր վերածվել։ Երկնքից եկող ձայնը նկարագրում էր այն պայմանները, որոնք պիտի տիրեն ապագայում. «Ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ, եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4, ԱԹ)։ Ի վերջո, կկատարվի Աբրահամին տված Աստծո խոստումը, և նրա նպատակը վերջնականորեն կիրականացվի (Ծննդոց 12։3; 18։18)։
Կյանքն այն ժամանակ «ճշմարիտ կեանք» կլինի, որը կարելի է համեմատել այն կյանքի հետ, որը դրված էր Ադամի առջև (Ա Տիմոթէոս 6։19)։ Մարդկությունն այլևս Ստեղծիչին խարխափելով փնտրելու հարկ չի ունենա, ինչպես նաև հարկ չի ունենա ջանք թափել հասկանալու Աստծուն և նրա հետ գոյություն ունեցող փոխհարաբերությունները։ Միգուցե հարց առաջանա, թե ե՞րբ է լինելու այս բոլորը, և ինչո՞ւ է մեր հոգատար Ստեղծիչը մինչև օրս հանդուրժում չարիքն ու տառապանքը։ Այժմ եկեք քննարկենք նշված հարցերը։
[Ծանոթագրություններ]
a Մատթեոսը, Մարկոսը և Հովհաննեսը Հիսուսի ականատեսներից էին։ Ղուկասն իր հերթին ուսումնասիրել էր փաստաթղթերը և ականատեսների վկայությունները։ Ավետարաններն աչքի են ընկնում ազնիվ, ճշգրիտ և արժանահավատ արձանագրություններով։ (Տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը, էջ 16 և 17, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության)։
b Ղուրանում ասվում է. «Նրա անունը կլինի Հիսուս Մեսիա, Մարիամի որդի, փառավորված այս և հանդերձյալ աշխարհում» (Սուրա 3։45)։ Քանի որ Հիսուսը ծնվել էր որպես մարդ, հետևաբար նա Մարիամի որդին էր համարվում։ Սակայն ո՞վ էր նրա հայրը։ Ղուրանում նշվում է. «Հիսուսն Աստծո առջև նման է Ադամին» (Սուրա 3։59)։ Սուրբ Գրությունները Ադամին ներկայացնում են որպես ‘Աստծո որդի’ (Ղուկաս 3։23, 38)։ Ո՛չ Ադամը, ո՛չ էլ Հիսուսը մարդկային հայրեր չեն ունեցել և կնոջ հետ սեռային հարաբերությունից չեն ծնվել։ Հետևաբար, ինչպես Ադամն էր Աստծո որդի, այնպես էլ՝ Հիսուսը։
c Հիսուսի վերաբերմունքը նմանվում է մարդկանց հանդեպ Եհովայի դրսևորած վերաբերմունքին, ինչպես նկարագրվում է 103–րդ սաղմոսում և Եսայիա 1։18–20 համարներում։
d Այդ մարգարեությունը կարելի է գտնել Մատթէոսի 24–րդ, Մարկոսի 13–րդ և Ղուկասի 21–րդ գլուխներում։
e Մարիամի զավակներից առնվազն երկուսը ավելի ուշ դարձան աշակերտներ. նրանց կողմից են գրվել Աստվածաշնչի երկու քաջալերական՝ «Յակոբոսի» և «Յուդայի» թղթերը։
f Դեպքերին ականատես Պետրոսը հռոմեացի մի զորապետի ասաց. «Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում.... Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց եւ թոյլ տուեց, որ նա երեւայ.... Նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, թէ ի՛նքն է Աստծուց սահմանուած դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին» (Գործք 2։32; 3։15; 10։34–42)։
[152–րդ էջի վրայի շրջանակը]
Բոլոր ժամանակների ամենահռչակավոր քարոզը
Հնդիկ առաջնորդ Մոհանդաս Գանդին ժամանակին ասել է, որ եթե կամենանք հետևել այդ քարոզի ուսմունքներին, ապա լուծած կլինենք ամբողջ աշխարհի խնդիրները։ Նշանավոր մարդաբան Էշլի Մոնտեգյուն այն կարծիքը հայտնեց, որ մարդու հոգեկանի վրա սիրո գործած ազդեցության մասին ժամանակակից տվյալները միայն այս քարոզի «հաստատումն են»։
Այս մարդիկ նկատի ունեին Հիսուսի Լեռան քարոզը։ Գանդին նաև ասել է, որ «Քարոզի ուսմունքները նախատեսված են եղել մեզանից յուրաքանչյուրի համար»։ Իսկ ահա թե վերջերս ինչ նշեց պրոֆեսոր Հանս Դիտեղ Բետցը. «Լեռան քարոզի ազդեցությունը դուրս է գալիս հուդայականության, քրիստոնեության և նույնիսկ Արևմտյան մշակույթի շրջանակներից»։ Նաև ավելացրեց, որ այդ Քարոզն «ուղղված է գրեթե ողջ մարդկությանը»։
Ինչո՞ւ չընթերցեք այս համեմատաբար կարճ, սակայն տպավորիչ ելույթը։ Այն գտնվում է Մատթէոսի 5–7–րդ գլուխներում, ինչպես նաև Ղուկասի 6։20–49 համարներում։ Ահա որոշ հիմնական մտքեր, որոնք կարելի է վերցնել այդ նշանավոր քարոզից.
Ինչպես լինել երջանիկ
(Մատթէոս 5։3–12; Ղուկաս 6։20–23)։
Ինչպես պահպանել ինքնահարգանքի զգացումը
(Մատթէոս 5։14–16, 37; 6։2–4, 16–18; Ղուկաս 6։43–45)։
Ինչպես բարելավել ուրիշների հետ փոխհարաբերությունները
(Մատթէոս 5։22–26, 38–48; 7։1–5, 12; Ղուկաս 6։27–38, 41, 42)։
Ինչպես նվազեցնել ամուսնական խնդիրները
Ինչպես հաղթահարել հոգսերը
Ինչպես ճանաչել կրոնական խաբեությունը
(Մատթէոս 6։5–8, 16–18; 7։15–23)։
Ինչպես գտնել կյանքի իմաստը
(Մատթէոս 6։9–13, 19–24, 33; 7։7–11, 13, 14, 24–27; Ղուկաս 6։46–49)։
[159–րդ էջի վրայի շրջանակը]
Գործի տեր մարդը
Հիսուս Քրիստոսը մենակյաց կյանք վարող, անգործունյա մեկը չէր։ Նա վճռականորեն տրամադրված, գործի տեր անձնավորություն էր։ Հիսուսը «շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում»՝ օգնելով մարդկանց, որոնք «յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն» (Մարկոս 6։6; Մատթէոս 9։36; Ղուկաս 8։1)։ Ի տարբերություն ներկայիս շատ կրոնական առաջնորդների՝ Հիսուսը հարստություն չէր կուտակում. նա ‘մի տեղ չուներ, որ իր գլուխը դներ’ (Մատթէոս 8։20)։
Թեև Հիսուսն իր բոլոր ջանքերը կենտրոնացրել էր մարդկանց հոգևոր ապաքինման և նրանց հոգևորապես կերակրելու վրա, այնուհանդերձ չէր անտեսում նաև նրանց ֆիզիկական կարիքները։ Նա բուժում էր հիվանդներին, հաշմանդամներին և դիվահարներին (Մարկոս 1։32–34)։ Երկու անգամ նա, կարեկցությունից դրդված, կերակրեց իր հազարավոր ունկնդիրներին (Մարկոս 6։35–44; 8։1–8)։ Հիսուսը հրաշքներ էր գործում՝ մարդկանց հանդեպ հոգատարությունից մղված (Մարկոս 1։40–42)։
Հիսուսը վճռական քայլեր ձեռնարկեց՝ մաքրելով տաճարն ագահ առևտրականներից։ Նրան հետևողները մտաբերեցին սաղմոսերգուի խոսքերը. «Քո տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի» (Յովհաննէս 2։14–17)։ Հիսուսն անողոք բառերով մերկացրեց կրոնական կեղծավոր առաջնորդներին (Մատթէոս 23։1–39)։ Նա նաև չենթարկվեց կարևոր քաղաքական դեմքերի ազդեցությանը (Մատթէոս 26։59–64; Յովհաննէս 18։33–37)։
Հիսուսի նպատակասլաց ծառայության մասին ընթերցանությունը ձեզ վրա մեծ տպավորություն կգործի։ Շատերն առաջին անգամ սկսում են ընթերցել Մարկոսի արձանագրությունից, որտեղ այս գործունյա մարդու մասին թեև համառոտ, բայց աշխույժ նկարագրություն է տրվում։
[164–րդ էջի վրայի շրջանակը]
Հիսուսը նրանց քայլեր կատարելու մղեց
Հիսուսի հարության մասին Պետրոսի, Հովհաննեսի և ուրիշների տված վկայությունների պատմական արձանագրությունը ներկայացված է «Գործք Առաքելոց» գրքում։ Գրքի մեծ մասը պատմում է Օրենքը ժրաջանորեն քննող, բայց ժամանակին քրիստոնյաներին կատաղի հալածող Սողոս, հետագայում՝ Պողոս անունով մեկի հետ կապված դեպքերի մասին։ Հարություն առած Հիսուսը հայտնվում է նրան (Գործք 9։1–16)։ Երկնքում Հիսուսի կենդանի լինելու վերաբերյալ անվիճելի ապացույցներ ստանալուց հետո Պողոսը սկսում է եռանդորեն վկայել այդ մասին թե՛ հրեաներին, թե՛ ոչ հրեաներին, այդ թվում նաև փիլիսոփաներին և իշխանավորներին։ Չափազանց տպավորիչ են նման կրթված, հեղինակավոր մարդկանց հետ ունեցած նրա զրույցները (Գործք 17։1–3, 16–34; 26։1–29)։
Մի քանի տասնամյակների ընթացքում Պողոսը շատ գրքեր գրեց, որոնք կազմում են «Նոր Կտակարան» կոչվող կամ Քրիստոնեական Հունարեն Գրությունների մի մասը։ Շատ Աստվածաշնչեր բովանդակության կամ գրքերի վերնագրերի ցանկն ունեն։ Պողոսը գրել է գրքերից տասնչորսը՝ «Հռովմայեցիս»–ից մինչև «Եբրայեցիս»–ը։ Գրքերը խորը ճշմարտությունների մասին էին խոսում և իմաստուն առաջնորդություն տալիս այդ օրերի քրիստոնյաներին։ Այսօր դրանք ավելի արժեքավոր են մեզ համար, քանի որ մենք անմիջական կապ չունենք առաքյալների հետ, ինչպես նաև Հիսուսի ուսմունքների, գործերի և հարության ականատեսների հետ։ Դուք կհամոզվեք, որ Պողոսի գրությունները կարող են օգնել ձեզ ընտանեկան կյանքում, աշխատակիցների ու ընկերների հետ փոխհարաբերություններում և օգնել, որպեսզի իրական իմաստ ունեցող և բավականություն պատճառող կյանք վարեք։
[Նկար 146–րդ էջի վրա]
Գիտնականները արհեստական բեղմնավորում են անցկացնում փորձանոթում։ Ստեղծիչը փոխադրեց իր Որդու կյանքը, որպեսզի նա մարդ ծնվեր։
[Նկար 148–րդ էջի վրա]
Շատերն ավելի մոտիկից ճանաչեցին Հորը՝ լսելով Հիսուսին և տեսնելով նրա վերաբերմունքը մարդկանց հետ
[Նկար 150–րդ էջի վրա]
Հետաքրքրական է համեմատել զուգահեռ հաղորդագրություններն այն մասին, թե Հիսուսն ինչպես բուժեց Պետրոսի զոքանչին (Մատթէոս 8։14–17; Մարկոս 1։29–31; Ղուկաս 4։38–40)։ Բժիշկ Ղուկասն իր արձանագրության մեջ նշել էր մի մասնագիտական մանրուք, թե կինը «բարձր ջերմութեան մէջ էր [տենդ ուներ]»։ Ինչի՞ շնորհիվ Հիսուսը նրան և մյուսներին բժշկեց։ Ղուկասն ընդունեց, որ «Տիրոջ զօրութիւնը նրա [Հիսուսի] հետ էր ու նրա միջոցով բժշկում էր» (Ղուկաս 5։17; 6։19; 9։44)։
[Նկար 154–րդ էջի վրա]
Հիսուսը լվաց առաքյալների ոտքերը՝ դրանով իսկ խոնարհության օրինակ թողնելով, ինչը Ստեղծիչի աչքին անչափ գնահատելի է
[Նկար 157–րդ էջի վրա]
Համակարգիչ թափանցած սխալը (կամ վիրուսը) կարելի է վերացնել. ժառանգած անկատարությունից ազատվելու համար մարդկությունը Հիսուսի ներկայացրած փրկագնի կարիքն ունի
[Նկար 163–րդ էջի վրա]
Որոշ մարդիկ Հիսուսին գերեզման դնելու (այս գերեզմանի նման), և երրորդ օրը նրա կյանքի վերադառնալու ականատեսները դարձան