ԴԱՍ 18
Ինչպես ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին
Միլիարդավոր մարդիկ իրենց քրիստոնյա են համարում, սակայն նրանց ո՛չ հավատալիքներն են նույնը, ո՛չ էլ չափանիշները։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին։
1. Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա
Քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի հետևորդներն են, կամ՝ աշակերտները (կարդա Գործեր 11։26)։ Ինչո՞վ են նրանք փաստում, որ Հիսուսի աշակերտներն են։ Հիսուսն ասաց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք» (Հովհաննես 8։31)։ Սա նշանակում է, որ ճշմարիտ քրիստոնյաները պետք է հնազանդվեն Հիսուսի պատվիրաններին։ Ճիշտ ինչպես Հիսուսն էր իր ասածները հիմնում Սուրբ Գրքի վրա, այնպես էլ նրանք պետք է իրենց հավատալիքները հիմնեն Աստվածաշնչի վրա (կարդա Ղուկաս 24։27)։
2. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները սեր դրսևորում
Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15։12)։ Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ սիրում է իր աշակերտներին։ Նա ժամանակ էր տրամադրում նրանց, քաջալերում էր և օգնում։ Հիսուսը նույնիսկ իր կյանքը տվեց նրանց համար (1 Հովհաննես 3։16)։ Նմանապես ճշմարիտ քրիստոնյաները ոչ միայն ասում են, որ պետք է սիրել, այլև իրենց ջերմ խոսքերով և գործերով սեր են դրսևորում միմյանց հանդեպ։
3. Ճշմարիտ քրիստոնյաներն ի՞նչ գործով են զբաղված
Հիսուսն իր աշակերտներին գործ է հանձնարարել. «[Նա] ուղարկեց նրանց Աստծու թագավորությունը քարոզելու» (Ղուկաս 9։2)։ Առաջին քրիստոնյաները քարոզում էին ոչ միայն իրենց ժողովարաններում, այլև հասարակական ուրիշ վայրերում և տնից տուն (կարդա Գործեր 5։42; 17։17)։ Նմանապես ճշմարիտ քրիստոնյաներն այսօր քարոզում են Աստվածաշնչի բարի լուրը այն վայրերում, որտեղ մարդիկ կան։ Նրանք սիրում են մարդկանց, այդ պատճառով ուրախությամբ իրենց ժամանակն ու եռանդն են ներդնում, որ Աստվածաշնչի հուսադրող լուրը հայտնեն ու մխիթարեն նրանց (Մարկոս 12։31)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես տարբերել ճշմարիտ քրիստոնյաներին այն մարդկանցից, որոնք չեն հետևում Հիսուսի պատվիրաններին և օրինակին։
4. Նրանք փնտրում են աստվածաշնչյան ճշմարտությունը
Իրենց քրիստոնյա համարող ոչ բոլոր մարդիկ են գնահատում աստվածաշնչյան ճշմարտությունները։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։
Այսպես կոչված քրիստոնեական եկեղեցիներն ինչպե՞ս են շեղվել Հիսուսի ուսմունքներից։
Հիսուսը Աստծու Խոսքից էր սովորեցնում ճշմարտությունը։ Կարդացեք Հովհաննես 18։37 և քննարկեք հետևյալ հարցը։
Հիսուսի խոսքերի համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք ճանաչել այն քրիստոնյաներին, ովքեր «ճշմարտության կողմն» են։
5. Նրանք քարոզում են աստվածաշնչյան ճշմարտությունը
Նախքան երկինք բարձրանալը Հիսուսը իր աշակերտներին մի հանձնարարություն տվեց, որը նրանք շարունակում են կատարել առայսօր։ Կարդացեք Մատթեոս 28։19, 20 և Գործեր 1։8 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ մասշտաբների պետք է հասներ քարոզչական գործը։
6. Նրանք կիրառում են այն, ինչ քարոզում են
Ինչո՞ւ էր Թոմ անունով մի մարդ վստահ, որ գտել է ճշմարիտ կրոնը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։
Ինչո՞ւ էր Թոմը հույսը կտրել կրոնից։
Ինչո՞ւ է նա համոզված, որ գտել է ճշմարտությունը։
Մարդկանց գործերով են ճանաչում, ոչ թե խոսքերով։ Կարդացեք Մատթեոս 7։21 այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչն է Հիսուսի համար ավելի կարևոր. որ պարզապես ասե՞նք՝ հավատում ենք իրեն, թե՞ մեր հավատը գործերով փաստենք։
7. Նրանք սիրում են միմյանց
Քրիստոնյաներն իսկապես վտանգե՞լ են իրենց կյանքը հավատակիցների համար։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։
Ի՞նչը մղեց Լոյդին, որ իր կյանքը վտանգի եղբայր Յոհանսոնի համար։
Քո կարծիքով՝ նա իսկական քրիստոնյայի նմա՞ն վարվեց։
Կարդացեք Հովհաննես 13։34, 35 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Հիսուսի աշակերտները՝ ճշմարիտ քրիստոնյաները, ինչպե՞ս պետք է վերաբերվեն այլ ռասայի կամ ազգության պատկանող մարդկանց։
Նրանք ինչպե՞ս կարող են այդ սկզբունքի համաձայն վարվել պատերազմների ժամանակ։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Տարբերություն չկա, թե որ կրոնի մեջ ենք, կարևորը՝ հավատանք Հիսուս Քրիստոսին»։
Ո՞ր համարով կարող ես ցույց տալ, որ հնարավոր է ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ճշմարիտ քրիստոնյաները հետևում են աստվածաշնչյան սկզբունքներին, անձնազոհ սեր են դրսևորում և քարոզում են աստվածաշնչյան ճշմարտությունները։
Վերհիշենք
Ճշմարիտ քրիստոնյաներն ինչի՞ վրա են հիմնում իրենց հավատալիքները։
Ո՞ր հատկությունն է բնորոշում ճշմարիտ քրիստոնյաներին։
Ի՞նչ գործ են անում ճշմարիտ քրիստոնյաները։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ավելին իմացիր այն մարդկանց մասին, որոնք ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և ուսմունքներին։
Տես, թե նախկին միանձնուհին ինչպես «իսկական հոգևոր ընտանիք» գտավ։
«Նրանք բոլոր հարցերիս պատասխանում էին Աստվածաշնչով» («Դիտարան», 2014 թ. ապրիլի 1)
Իմացիր, թե ճշմարիտ քրիստոնյաներն ինչպես են սեր ցուցաբերում նեղության մեջ գտնվող իրենց հավատակիցների հանդեպ։
«Օգնություն հավատակիցներին, երբ աղետ է հարվածում» (հատված, 3։57)
Հիսուսը նշաններ է տվել, որոնցով կարող ենք բնորոշել ճշմարիտ քրիստոնյաներին։ Տես, թե այսօր ճշմարիտ քրիստոնյաներն ինչպես են առաջին դարի քրիստոնյաների պես համապատասխանում այդ նկարագրությանը։
«Ո՞րն է ճշմարիտ քրիստոնեությունը» («Դիտարան», 2012 թ. մարտի 1)