Բոլոր կրոններն առաջնորդում են դեպի նո՞ւյն Աստծուն
«Ես իմ հավատն ունեմ և չեմ պատրաստվում փոխել այն։ Ամեն դեպքում, նշանակություն չունի, թե որ կրոնին ես պատկանում, քանի որ բոլոր կրոններն էլ առաջնորդում են դեպի նույն Աստծուն»։
ԵՐԲԵՎԷ լսե՞լ ես նման խոսքեր։ Շատերն այն կարծիքին են, թե ցանկացած կրոն կարող է օգնել մարդուն ճանաչելու Աստծուն և գտնելու կյանքի իմաստը։ Տարածված է նաև այն կարծիքը, որ բոլոր կրոններն էլ ունեն և՛ լավ, և՛ վատ կողմեր, ու ոչ ոք չի կարող միանշանակ պնդել, թե միայն իր կրոնն է ճշմարիտը։
Այս գաղափարները տարածում են գտել այսօրվա հանդուրժող հասարակության մեջ, քանի որ, շատերի կարծիքով, պետք է լինեն տարբեր կրոններ։ Իսկ նրանք, ովքեր այլ կարծիքի են, համարվում են սահմանափակ մտածելակերպ ունեցող մարդիկ, նույնիսկ մոլեռանդներ։ Իսկ որն է ձե՞ր տեսակետը։ Բոլոր կրոններն առաջնորդում են դեպի նո՞ւյն Աստծուն։ Նշանակություն ունի՞, թե անհատը որ կրոնին է պատկանում։
Տարբերություններ կա՞ն կրոնների միջև
Մի հանրագիտարանի համաձայն՝ աշխարհում կան 9 900 կրոններ, որոնցից շատերը տարածված են աշխարհի տարբեր մասերում, և դրանց անդամների թիվը հասնում է միլիոնների։ Մարդկության 70 տոկոսը պատկանում է աշխարհի հինգ կրոններին. դրանք են՝ բուդդայականությունը, հնդուականությունը, հուդայականությունը, մահմեդականությունը և քրիստոնեությունը։ Եթե բոլոր կրոններն էլ առաջնորդում են դեպի նույն Աստծուն, ուրեմն այս հինգ կրոններն էլ նույն ձևով պիտի ներկայացնեն Աստծուն և բացատրեն նրա նպատակները։ Ինչի՞ մասին են վկայում փաստերը։
Կաթոլիկ աստվածաբան Հանս Կյունգը ասում է, որ իրականում մարդկային փոխհարաբերությունների հարցում կրոնների մեծամասնությունն ընդհանրություններ ունի։ Օրինակ՝ դատապարտվում է սպանությունը, սուտը, գողությունը, արյունապղծությունը։ Բացի դրանից, քաջալերվում է հարգել ծնողներին և սիրել երեխաներին։ Սակայն մյուս հարցերում, հատկապես Աստծուն վերաբերող հարցերում այդ կրոնների ուսմունքները խիստ տարբերվում են։
Օրինակ՝ հնդուականները երկրպագում են բազմաթիվ աստվածների, մինչդեռ բուդդայականները Աստծու էության վերաբերյալ կասկածներ ունեն։ Մահմեդականները սովորեցնում են, որ մի Աստված կա։ Դա են սովորեցնում նաև քրիստոնյա կոչվող եկեղեցիները, սակայն դրանցից շատերը պնդում են, որ Աստված Երրորդություն է։ Կարելի է ասել, որ եկեղեցիները տարբեր հավատալիքներ ունեն։ Կաթոլիկները պաշտում են Հիսուսի մայր Մարիամին, իսկ բողոքականները՝ ոչ։ Կաթոլիկները նաև դատապարտում են հղիության կանխարգելումը, իսկ բողոքականներից շատերը այլ կարծիք ունեն։ Վերջիններս նաև ընդհանուր հայտարարի չեն գալիս միասեռականության հարցում։
Տրամաբանակա՞ն է ենթադրել, որ իրարից այսքան տարբերվող կրոնները երկրպագեն նույն Աստծուն։ Դժվար թե։ Ընդհակառակը՝ դրանք մարդկանց շփոթեցնում են։ Անհատը չի կարողանում հասկանալ, թե ով է Աստվածը, և ինչ է նա պահանջում իր երկրպագուներից։
Կրոնները միավորո՞ւմ են, թե՞ բաժանում
Եթե բոլոր կրոններն առաջնորդեին դեպի նույն Աստծուն, ապա վստահաբար մենք կտեսնեինք, որ նրանցից յուրաքանչյուրը ձգտում է միավորել մարդկանց և խաղաղություն հաստատել։ Իսկ փաստերն ի՞նչ են ապացուցում։ Պատմությունը ցույց է տալիս, որ կրոնները մարդկանց միավորելու փոխարեն՝ բաժանումների ու պատերազմների պատճառ են դարձել։ Եկեք քննենք մի քանի օրինակ։
11–13-րդ դարերի ընթացքում իրենց քրիստոնյա համարող ազգերը պատերազմ հայտարարեցին մուսուլմանական երկրներին, արդյունքում սկսվեցին խաչակրաց արշավանքները։ Իսկ 17–րդ դարում Եվրոպայում կաթոլիկների և բողոքականների միջև ընթացող հակամարտությունը տևեց 30 տարի։ 1947 թ.–ին, երբ Հնդկաստանն անկախացավ Մեծ Բրիտանիայից, հնդուականներն ու մուսուլմանները սկսեցին պատերազմել իրար դեմ։ Իսկ բոլորովին վերջերս կաթոլիկներն ու բողոքականները իրար դեմ դուրս եկան Հյուսիսային Իռլանդիայում։ Մերձավոր Արևելքում հրեաներն ու մուսուլմանները դեռևս հաշտության եզրեր չեն գտնում։ Իսկ ամենազավեշտալին այն է, որ Երկրորդ աշխարհամարտը ներգրավվեց բոլոր հինգ հայտնի կրոնները։ Իրար դեմ էին դուրս եկել անգամ նույն կրոնին պատկանող մարդիկ։
Եզրահանգումն ակնհայտ է. աշխարհի կրոնները չեն բերել խաղաղություն և չեն միավորել ազգերը, ոչ էլ առաջնորդել են նրանց դեպի նույն Աստծուն։ Դեռ ավելին, նրանք աղավաղել են Աստծու մասին ճշմարտությունը և չեն սովորեցրել, թե ինչպես պետք է երկրպագել նրան։ Այդ պատճառով նա, ով ուզում է ճանաչել ճշմարիտ Աստծուն, պետք է ստուգի, թե արդյոք ճիշտ ուղղու վրա է։ Սա է քաջալերում Աստվածաշունչը՝ մարդկությանը հայտնի ամենահին կրոնական գիրքը։
Ո՞ւմ պետք է երկրպագել
Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ դեպի ճշմարիտ Աստծուն տանող ուղին գտնելու համար պետք է լավ մտածել և նոր միայն որոշում կայացնել։ Հեսուն՝ Եհովա Աստծու ծառաներից մեկը, իսրայելացիներին ասաց. «Ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու. Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստուածնե՞րը, թէ Ամօրհացիների աստուածները, որոնց երկրի մէջ դուք բնակվում էք, բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու»։ Տարիներ անց Եղիա մարգարեն հորդորեց ժողովրդին՝ ասելով. «Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ. եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է [քանանացիների աստվածը], նորա ետեւից գնացէք» (Յեսու 24։15, 16; Գ Թագաւորաց 18։21)։
Այս և ուրիշ աստվածաշնչային համարներ ընդգծում են այն, որ նրանք, ովքեր ցանկանում էին երկրպագել ճշմարիտ Աստծուն, պետք է գիտակցաբար կատարեին իրենց ընտրությունը։ Նույնն է պարագան այսօր։ Եթե ցանկանում ենք երկրպագել և ծառայել ճշմարիտ Աստծուն, պետք է ճիշտ ընտրություն կատարենք։ Սակայն ի՞նչը կարող է օգնել մեզ։ Ինչպե՞ս կարելի է իմանալ, թե որն է ճշմարիտ կրոնը։
Ճշմարիտ երկրպագուները ճանաչվում են իրենց գործերից
Կեղծ երկրպագությունը ճշմարիտ երկրպագությունից տարբերելու համար Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Մի՞թե փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։ Նմանապես, ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս։ Լավ ծառը չի կարող անպետք պտուղ տալ, ոչ էլ փտած ծառը կարող է լավ պտուղ տալ.... Ուստի իրենց պտուղների՛ց կճանաչեք նրանց»։ Փաստորեն, ճշմարիտ երկրպագուներին կարելի է ճանաչել իրենց պտուղներից՝ գործերից։ Իսկ որո՞նք են դրանք (Մատթեոս 7։ 16–20)։
Ճշմարիտ երկրպագուներն աչքի են ընկնում սիրով։ Հիսուսը պատվիրեց իր առաքյալներին. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրե՛ք իրար։ Ինչպես որ ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք»։ Քրիստոսի ճշմարիտ հետևորդները պիտի սիրեն միմյանց այնպես, որ դա ակնհայտ լինի բոլորին (Հովհաննես 13։34, 35)։
Այդ պատճառով էլ ճշմարիտ քրիստոնյաները զենք չեն վերցնում և չեն պատերազմում իրար դեմ։ Իսկ եկեղեցու անդամները հետևո՞ւմ են այս սկզբունքին։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ միակ կրոնական խումբը, որը հաստատակամորեն մերժեց որևէ կերպ աջակցել պատերազմին, Եհովայի վկաներն էին։ Հանովերի (Գերմանիա) բողոքական եկեղեցու նախկին եպիսկոպոս Հանս Լիլյենը Վկաների մասին գրել է. «Նրանք կարող են արդարացիորեն պնդել, որ միայն իրենք էին մերժում Երրորդ Ռայխի իշխանությունը»։ Այդ տարիներին Վկաները շատ երկրներում գերադասում էին չարչարանքներ կրել, քան ինչ–որ ձևով աջակցել պատերազմին։
Է՞լ ինչ գործերի մասին խոսեց Հիսուսը։ «Հայր մեր» աղոթքում նա նշեց. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը։ Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։ Հիսուսը սկզբում աղոթեց Աստծու անվան սրբացման մասին։ Այնուհետև նա ասաց, որ Աստծու Թագավորության միջոցով Եհովայի կամքը կկատարվի երկրի վրա։ Ո՞ր կրոնն է հռչակում Եհովայի անունը և հայտնում, որ միայն Աստծու Թագավորությունը խաղաղություն կբերի երկրին։ Եհովայի վկաները քարոզում են Թագավորության բարի լուրը 236 երկրներում ու գրականություն են տարածում ավելի քան 470 լեզուներով (Մատթեոս 6։9, 10)։
Եհովայի վկաները հետևում են Հիսուսի օրինակին և չեն մասնակցում քաղաքական ու հասարակական բանավեճերին։ Իր աշակերտների մասին Աստծու Որդին մի առիթով ասաց. «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ»։ Բացի այդ, Վկաներն ընդունում են, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Նրանք համոզված են, որ «ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (Հովհաննես 17։14, 17; 2 Տիմոթեոս 3։16, 17)։
Ճշմարիտ կրոնը տարբերվում է մյուս կրոններից
Բոլոր այս գործերը՝ անձնազոհ սեր դրսևորելը, Եհովայի անունը սրբացնելը, Աստծու Թագավորության մասին վկայություն տալը, աշխարհի մի մասը չլինելը և Աստվածաշնչին հավատ ընծայելը բնութագրում են ճշմարիտ երկրպագուներին։ Այսպիսի գործերի շնորհիվ նրանք տարբերվում են մյուս կրոնների անդամներից։ Մի կին Եհովայի վկաների հետ ունեցած հաճելի զրույցից հետո ասաց. «Ես ծանոթ եմ շատ կրոնների, և դրանք բոլորն էլ իրար նման են։ Միայն ձեր կրոնն է, որ ամբողջությամբ տարբերվում է մյուսներից»։
Հստակ է, որ բոլոր կրոնները չեն առաջնորդում դեպի նույն Աստծուն։ Բայց կա մի կազմակերպություն, որը տարբերվում է մյուսներից։ Դա Եհովայի վկաներ անունը կրող կազմակերպությունն է։ Այսօր աշխարհում կան յոթ միլիոնից ավելի Վկաներ։ Քարոզելով Աստծու Խոսքը՝ նրանք անում են այն գործը, որը չի կատարում ուրիշ ոչ մի խումբ կամ կազմակերպություն։ Տարբեր ազգերից, լեզուներից, էթնիկական և ռասայական տարբեր ծագում ունեցող մարդիկ միավորվել են՝ երկրպագելու միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Նրանք ուրախությամբ կօգնեն քեզ ճանաչելու ճշմարիտ Աստծուն, իմանալու, թե ինչ է պահանջում նա քեզնից, և ունենալու այն խաղաղությունը, որը գալիս է Աստծուն՝ իրեն ընդունելի ձևով երկրպագելուց։
[նկար 14–րդ էջի վրա]
Ուղղափառ եկեղեցու քահանան օրհնում է զորքին (Ուկրաինա, 2004)
[թույլտվությամբ]
GENIA SAVILOV/AFP/Getty Images
[նկար 15–րդ էջի վրա]
Եհովայի վկաները ամենուրեք օգնում են մարդկանց սովորելու Աստծու և իր Թագավորության մասին
[նկար 12–րդ էջի վրա թույլտվությամբ]
Page 12: Buddhist woman: © Yan Liao/Alamy; Hindu holy man: © imagebroker/Alamy; page 13: Man reading Koran: Mohamed Amin/Camerapix; Jewish man: Todd Bolen/Bible Places.com