Հռչակենք ճշմարտությունը Հիսուսի մասին
1 Օծյալ քրիստոնյաները իրենց ուղեկիցների՝ «այլ ոչխարների» օգնությամբ ‘վկայություն են տալիս Հիսուսի մասին’ (Յայտն. 12։17)։ Սա շատ կարևոր հանձնարարություն է, քանի որ փրկվել հնարավոր է միայն նրա միջոցով (Յովհ. 17։3; Գործք 4։12)։
2 ‘Ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը’։ «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը, — ասաց Հիսուսը։ — Ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով» (Յովհ. 14։6)։ Միայն Հիսուսի՝ ‘ճանապարհի’ միջոցով կարող ենք մոտենալ Աստծուն, այսինքն՝ աղոթել Աստծուն ու լավ հարաբերություններ ունենալ նրա հետ (Յովհ. 15։16)։ Հիսուսը ‘ճշմարտությունն’ է այն իմաստով, որ Եբրայերեն Գրություններում գրված մարգարեություններն ու մարգարեական պատկերները նրանով իրականություն դարձան (Յովհ. 1։17; Կող. 2։16, 17 ԱՆԹ)։ Իսկապես, ճշմարիտ մարգարեությունների գլխավոր նպատակը լույս սփռելն է այն կենտրոնական դերի վրա, որ կատարում է Հիսուսը Աստծո նպատակներում (Յայտն. 19։10, ԱՆԹ)։ Հիսուսը նաև ‘կյանքն’ է։ Հավիտենական կյանքի պարգևը ստանալու համար մարդիկ պետք է հավատ ընծայեն նրա քավիչ զոհաբերությանը (Յովհ. 3։16, 36; Եբր. 2։9)։
3 Ժողովի Գլուխ և իշխող Թագավոր։ Մարդիկ պետք է նաև ընդունեն, որ Հիսուսը խիստ մեծ իշխանություն է ստացել իր Հորից՝ Եհովայից։ Հիսուսն արդեն նշանակվել է որպես Աստծո Թագավորության Թագավոր. «նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը» (Ծննդ. 49։10)։ Բացի այդ, Եհովան նրան նշանակել որպես ժողովի Գլուխ (Եփես. 1։22, 23)։ Մենք պետք է օգնենք մեր ուսումնասիրողներին ըմբռնելու, թե ինչպես է Հիսուսը ղեկավարում ժողովը և «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով հոգևոր ‘կերակուր տալիս ժամանակին’ (Մատթ. 24։45–47)։
4 Գթառատ քահանայապետ։ Քանի որ Հիսուսն ինքը որպես մարդ կրել է փորձություններ ու դժվարություններ, նա «կարող է օգնութիւն տալ փորձուողներին» (Եբր. 2։17, 18)։ Որքա՜ն է ջերմանում անկատար մարդու սիրտը, երբ նա իմանում է, որ Հիսուսը կարեկցում է իրեն և ‘բարեխոսում’ է իր համար (Հռովմ. 8։34)։ Հիսուսի քավիչ զոհաբերության ու նրա՝ որպես քահանայապետի, կատարած ծառայությունների հիման վրա մենք կարող ենք «համարձակութիւնով» մոտենալ Եհովային, որպեսզի ժամանակահարմար օգնություն ստանանք (Եբր. 4։15, 16 ՆԱ)։
5 Թող որ մեր ջանքերը՝ ուղղված ծանոթացնելու մարդկանց Հիսուսի վերաբերյալ ճշմարտությանը, մղեն նրանց հնազանդվելու ու մեզ հետ միասին ծառայելու նրան (Յովհ. 14։15, 21)։